2021.10.25,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը. օգոստոս

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Օգոստոսին հայաստանյան լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից մեկը դարձյալ սահմանային միջադեպերին էին վերաբերում, ավելի կոնկրետ՝ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհի փակմանը։ 

Հատկապես Գորիս-Կապան ճանապարհի փակման արդյունքում մյուս բնակավայրերից գրեթե ամբողջությամբ կտրվել են որոշ գյուղեր՝ Գորիսի Որոտանը, Շուռնուխը, Բարձրավանը, Կապանի Նոր Առաջաձոր գյուղի մի թաղամասը:

Ճանապարհի փակումն ու քննարկումները 

Օգոստոսի 26-ին արդեն հայտնեցին, որ ադրբեջանցիները փակել են Կապան-Գորիս միջպետական ճանապարհի մոտ 18 կիլոմետրանոց հատվածը և հրաժարվում են այն բացել։ Այս մասին հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ասելով, որ այդ հատվածում են մնացել մոտ 40 մեքենա, որից 25-ը մարդատար, որոնցում կան երեխաներ:

Միջադեպի մասին քիչ ուշ հայտնեց նաև ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ արբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ինքնին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ:

Թաթոյանի հավաստմամբ՝ դա նախապես պլանավորված, բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ:

Արդեն առավոտյան Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրեց, որ նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են: Աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Միջադեպի վերաբերյալ ԱԺ նիստում հարց բարձրացնողները ընդդիմությունից էին։ 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցրեց, որ այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կապան-Ճակատեն ճանապարհը, այս իշխանությունը մեր բոլորիս թիկունքում առանձին հուշագրով ստորագրել է և հանձնել թշնամուն՝ ասելով, որ այդպես են ապահովելու Սյունիքի անվտանգությունը։

«Ի վերջո, կարողացա՞ք ապահովել Սյունիքում անվտանգությունը։ Երկու օր է՝ խոսում եք խաղաղությունից։ Ի վերջո, հասկանո՞ւմ եք, որ այսպես խաղաղություն չեն կառուցում։ Պարտության կուսակցությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, այլ միայն ազգային նվաստացում»,- ասաց Աննա Գրիրգորյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորեց իր եզրափակիչ ելույթում պատասխանել հարցին՝ ի վերջո, ի՞նչ փաստաթղթով է կարգավորվում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի կարգավիճակը։

«Մեր թշնամի երկիրը փակել է միջպետական ճանապարհ։ Եվ մինչև այս պահը մենք տեղյակ չենք՝ արդյոք Սյունիքը կտրված է Հայաստանի Հանրապետության մնացած մարզերից, թե՞ ոչ»։ 

ԱԺ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին։ Ըստ նրա՝ փորձ է արվում ներկայացնել, թե ՀՀ կառավարությունը ժողովրդի թիկունքում որևէ բան է արել։

«Տեղի է ունեցել հետևյալը, էն հատվածներում, որը Խորհրդային միության քարտեզներով Խորհրդային Հայաստանի տարածքից դուրս է եղել, էդ տեղերում եկել են ադրբեջանցիները, փակել են՝ որպես պատճառ բերելով, թե նախորդ գիշեր միջադեպ է տեղի ունեցել, հայկական կողմից մարդիկ են մտել ու դանակահարել են ադրբեջանցի սահմանապահներին։ Մենք պաշտոնապես ասում ենք, որ էդ տեղեկությունը՝ դանակահարության վերաբերյալ, իրականությանը չի համապատասխանում։ …Բայց այն, ինչ տեղի է ունեցել, հակասում է պայմանավորվածությանը, որը ձեռք է բերվել Հայաստանի և Ռուսաստանի միջև, և ամրագրվել է այդ պայմանավորվածությունը։ Էլի եմ ասում՝ եռակողմ հայտարարություն չի ստորագրվել։ Սա է ամբողջ խնդիրը»,- ասաց նա։

Ճանապարհահատվածը ադրբեջանակա՞ն է, թե՞ ոչ

Այս հարցը երևի ծագել է այն քաղաքացիների մոտ, որոնք այդ օրերին հետևել են իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչների, հատկապեսս Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։ Վարչապետը նշել է, որ «Ադրբեջանը Էյվազլիի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը»։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ադրբեջանցիները փակել են ճանապարհի մի հատված «վիճելի տարածքներում», որոնք, ըստ խորհրդային քարտեզների, իրենցն է: 

Նրա կարծիքով՝  միջադեպը չի կարող ազդեցություն ունենալ Սյունիքի անվտանգության վրա: «Եթե մենք 200 մետր տարանցիկ ճանապարհ կառուցենք, խնդիրը կլուծվի: Պետք չէ այդքան բարդացնել այս միջադեպը։ Իհարկե, տհաճ միջադեպ է»,- նկատեց Ղահրամանյանը։  

Հանրային հեռուստաընկերությունը ևս անդրադարձել է թեմային՝ Կարմրաքարում խոսելով Սյունիքի փոխմարզպետի հետ։

«Լրագիր»-ը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին, ենթադրում է, որ ճանապարհի այդ հատվածի վերաբերյալ եռակողմ փաստաթուղթ չկա, կա ՀՀ-ՌԴ պայմանավորվածություն, որը խախտվել է։ 

«Բայց գանք Ռուսաստանին, քանի որ ստացվում է, որ Ռուսաստանն է ՀՀ վարչապետին համոզել ճանապարհի այդ հատվածները հանձնել Բաքվին, և ըստ այդմ՝ ՌԴ-ն Բաքվի հետ էլ է ունեցել պայմանավորվածություն, որ ճանապարհը պետք է գործի։ Դա նշանակում է, որ Բաքուն կամ ՌԴ հրահանգով է փակել ճանապարհը, կամ էլ դուրս է եկել նրա հետ պայմանավորվածությունից, այդպիսով «կասկածի տակ դնելով ՌԴ միջնորդական առաքելության արդյունավետությունը և հարվածելով նրա հեղինակությանը»»,- գրում է կայքը։

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ Գորիս-Կապան ճանապարհը փակելով՝ Ադրբեջանը փորձում է միջանցք ստանալ և աստիճանաբար օտարել Սյունիքը Հայաստանից։ 

Փորձագետի կարծիքով՝ բանակցություններում Հայաստանը կողմ չէ․ «Փաշինյանին ոչ ոք կողմ չի համարում, որի հետ կարելի է ինչ-որ բան բանակցել, նա ունի մի գործառույթ՝ ստորագրել այն, ինչ նրան դեմ են տվել։ Այսինքն, ոչ ոք՝ ո՛չ Ալիևը, ո՛չ Պուտինը, ո՛չ Մինսկի խումբը, ո՛չ առավել ևս Թուրքիան Փաշինյանի հետ բանակցելու թեմա չունեն»։

«5-րդ ալիք»-ի՝ «Կութի կրակոցներ, Սյունիքում բացված ճանապարհ. պատգամավորը կապ է տեսնում» վերնագրով թողարկման ընթացքում Տիգրան Աբրահամյանն ասում է, որ դեռևս պարզ չէ, թե ինչի արդյունքում է ճանապարհը բացվել, հստակ չէ, թե արդյոք երթևեկության կազմակերպման առումով տեղի է ունեցել խաղի կանոնների փոփոխություն։ 

Նույն թողարկման ընթացքում խոսելով միջաադեպի վերաբերյալ հանրության արձագանքի մասին՝ պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ասում է․ «Ադրբեջանում չկա կարծիքների ազատություն, այնտեղ հայը թշնամի է, Հայաստանը իրենցն է և վերջ։ Ալիևը ասում է, որ Հայաստանը անկախ երկիր չէ, մենք չենք հակադարձում։ Գալիս ասում է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհը իմն է, փակում է, ու մենք ասում ենք՝ այո, դրանք խորհրդային չգիտեմ ինչ քարտեզներով ադրբեջանական տարածքներ են»։ 

Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանցիների փակած հատվածները կառավարության նիստում Փաշինյանի կողմից ադրբեջանական տեղանուններով հիշատակելը վերլուծաբանները համարում են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմիլիտացիայի ու դեմարկացիայի պաշտոնական մեկնարկ։ Ճանապարհի փակումը հանրային տրամադրությունը ստուգելու լայն հնարավորություն է իշխանության համար։

«Փաշինյանի կողմից տեղանունները ադրբեջաներենով ասելը պատահական չէր, դա հստակ ուղերձ էր». այս կարծիքն է «Իմպուլս» հաղորդման ժամանակ արտահայտել միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։ 

«Մինչ Ալիևը կոչ է անում Հայաստանի պարագային կիրառել տեղանունների «ադրբեջանական» տարբերակները, որպիսիք չկան էլ, Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է հայկական տեղանուններից, որոնք գալիս են այն ժամանակներից, երբ «Ադրբեջան ու ադրբեջանցի» չկային էլ»,- գրում է «Լրագիր»-ը։

«Վարչապետը դրա «բացատրությունը» տվել է կառավարության ծրագիրը ներկայացնելիս՝ որ «չխանգարենք բանակցային գործընթացին»։ Այսինքն՝ որ Ալիևը չբարկանա։ Բայց ծրագիրն ընդունելու օրն Ալիևը փակեց ճանապարհը»։

Մեկ այլ հոդվածում էլ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը յուրատեսակ «սահմանազատում» է իրականացրել՝ Կարմրաքարն ու Շուռնուխը անվանելով թյուրքական տեղանուններով:

«Հայկական կողմի այս մոտեցումը նշանակում է, որ ցանկացած մեկը կարող է գրավել Հայաստանի տարածքը, և կառավարությունը ոչինչ չի անի, քանի որ, ըստ նրա՝ Հայաստանի սահմանները վիճելի են գրեթե ամբողջ գծով: Սա նշանակում է, որ Հայաստանը, հայտարարելով, որ սահմանազատում չկա, բացում է դռները իր բոլոր հարևանների համար»:

Կայքը, հիշեցնելով Ադրբեջանի՝ Սյունիքով միջանցք ստանալու նկրտումների և դրանում Ռուսաստանի դերի մասին, գրում է նաև, որ Բաքուն ինքնուրույն չի կարող հասնել միջանցքին, և որ թուրքերը հայկական տարածքները միշտ ստացել են Ռուսաստանից։ 

«ՌԴ-ն Հայաստանում Բաքվի ներխուժումների առաջնորդությամբ ձևավորում է իր ռազմական ներկայության գիծը կամ ռուս-թուրքական «նոր սահմանը։ Տվյալ պարագայում, այս պլանի շրջանակում իրականացվում է Սյունիքի մարզը միջանցքներով օտարելու և Հայաստանն Իրանից կտրելու պլանը։ Ռուսաստանի «տարօրինակ» պահվածքի իմաստը հետևյալն է՝ եթե ցանկանում եք՝ ապահովենք ճանապարհի անխափան աշխատանքը, պետք է համաձայնվեք «միջանցքային տրամաբանությանը»՝ ՌԴ ուժային վերահսկողությամբ»։

«Լրագիր»-ում այս ամենից հետո ենթադրում են, որ կառավարությունը սահմանների պաշտպանությունը, անվտանգության ողջ համակարգը, ըստ այդմ՝ սուբյեկտությունը հանձնել է Ռուսաստանին՝ պարբերաբար հավատարմություն հայտնելով ռուս-թուրքական «եռակողմ» փաթեթին։ 

Այսպիսով 2021թ․ օգոստոսի գլխավոր թեմաներն էին Սյունիքում ճանապարհի փակումն ու ՀՀ վարչապետի կողմից ադրբեջանական տեղանունների օգտագործումը։

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *