Իսրայելցի կինոռեժիսոր Նադավ Լապիդի ֆիլմերում ցասումն ու ինքնության որոնումները այն թեմատիկ շերտերն են, որոնցով նա գրավել է կինոաշխարհի ուշադրությունը։
2019-ի Բերլինալեի Ոսկե արջ մրցանակից հետո («Հոմանիշներ» ֆիլմի համար) նա դարձավ հայտնի ու ցանկալի հյուր՝ տարբեր փառատոններում։ Նրա նոր ֆիլմերին սպասում են անհամբերությամբ, քանի որ նրա հերոսների նյարդային որոնումները թանկ նյութն են, որին հետևելը բարդ ու միաժամանակ՝ շնորհակալ գործ է:
Այս տարի Նադավ Լապիդը «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուր էր։ Նրա «Ահեդի ծունկը» ֆիլմով բացվեց երևանյան փառատոնը՝ դառնալով առիթ խորհելու, թե ինչպես են պատերազմներն ու դրանց հետևանքով առաջացող պրոպագանդան ու գրաքննությունը ազդում ազատ ստեղծագործողի վրա։
«Կան պահեր, որ չես կարող քեզ զսպել, թեև զգում ես, որ պետք է չասես այն, ինչ ուզում ես։ Բայց ասում ես… «Ահեդի ծունկը» նման վիճակում եմ նկարահանել ու մարմնով զգացել այն: Սա շատ անձնական ֆիլմ է, ասես մերկացած լինեի ու խոսում էի իմ ներսի հրեշների հետ»,- այդպես իր ֆիլմի մասին խոսեց Նադավ Լապիդն, որն այս տարվա Կաննի կինոփառատոնում արժանացավ հատուկ մրցանակի։
Ֆիլմի հիմքում իրական պատմություն է պաղեստինուհի Ահեդ Թամիմիի մասին, որի տան վրա հարձակվում են իսրայելցի զինվորները, իսկ Ահեդը ապտակում է զինվորներից մեկին։ Ու այդ կադրերը հայտնվում են ինտերնետում։ Արդյունքում Ահեդին կալանավորում են, իսկ մեդիայում սկսվում է իսկական հիսթերիա, քանի որ Քնեսեթի պատգամավորը գրում է Թվիթերում, որ հարկավոր է աղջկան ոչ միայն բանտ նետել, այլևս կրակել նրա ծնկին, որ այլևս երբեք չկարողանա քայլել։
Ահեդն ու նրա ծունկը դառնում են այն մեկնատետը, որը ալեկոծում է Իսրայելի հասարակությունը։
Այդ թվում նաև Նադավ Լապիդին, որի համար ծնկին կրակելու կոչը առիթ է կառուցելու պատմություն այն մասին, թե ինչ է նշանակում լինել քաղաքացի մի երկրում, որի վարած քաղաքականությունից ուզում ես բարձրանալ սարեր կամ գնալ անապատ և գոռալ անզորությունից։ Բայց գիտես, որ այն քո երկիրն է, քո մաշկի մեջ ու մտքերում բուն դրած, անգամ եթե ֆիզիկապես այդ երկրում չես։ Նադավ Լապիդն ինքն էլ տեղափոխվել է ֆրանսիա (իսրայելական բանակում ծառայելուց հետո), բայց իր խոսքով ասած՝ հեռու լինելով ավելի մեծ կապ է զգում Իսրայելի հետ։
Ու «Հոմանիշների» հերոսի պես գիտի, որ ուր էլ գնա, դատապարտված է որոնելու հոմանիշներ՝ բառերի, իմաստների, միջավայրի, ինքնության, հայրենիքի։
Հետաքրքիր է, որ «Ահեդի ծունկը» հայրենիքի գաղափարը չի կապում հողի գաղափարի հետ։ ֆիլմում անվերջ, անհրապույր, էներգիա կորզող անապատ է, կիզիչ շոգ ու դիմակայելու ճիգեր։ Ռեժիսորը հատուկ վերացնում է հողի ռոմանտիկ ընկալումը, չի փորձում այն գեղեցկացնել ու պոետիկացնել։ Նա նայում է մարդուն՝ անապատում։
Հանդիպելով հայ հանդիսատեսի հետ Նադավ Լապիդը պատմեց, որ միշտ փորձում է իր ֆիլմերը սկսել երկնքի տեսարանով։ Եվ ավելի լավ է, որ երկինքը լինի առավելագույնս դատարկ ու մաքուր՝ առանց ամպերի ու անգամ առանց համատեքստի, որը հետո է գալու։
«Այդպես գալիս ես ամենասկզբին։ Երբ նայում ենք ֆիլմերը կինոթատրոնում, կարծես պաշտպանված լինենք կյանքի քաոսից, ցավից ու սարսափից, քանի որ կա դիստանցիա մեր և էկրանի միջև։ Իսկ ես փորձում եմ չպաշտպանել դիտողին, վերադառնալ սկզբին՝ Լյումիյեր եղբայրներին»,- ասաց նա։
«Ահեդի ծունկը» ֆիլմի հերոսը ռեժիսոր է, որն իր հաջորդ ֆիլմի համար գումար գտնելու նպատակով՝ ենթարկվում է նախարարության որոշումներին։ Իսկ պետությունն նրան է դեմ տալիս տաբուացված թեմաների ու անցանկալի բառերի մի քանի էջանոց ցուցակ։ Փաստաթղթի է վերածում արգելքներն ու դրդում հերոսին ստորագրել այն։ Իհարկե, դա համարելով նորմալ զիջում՝ հանուն պետության անվտանգության ու հասարակական անդորրի (ցենզուրան միշտ սկսվում է բարի կամքով տաբու թեմաների հետ համակերպվելու որոշումից)։
Ակամայից ծագում են նմանություններ բոլոր այն պետությունների հետ, որտեղ ազատ և անվտանգ կյանքը հակադրվում են իրար՝ դառնալով բարդ բարոյական երկընտրանք յուրաքանչյուրի համար։
«Միշտ կա ընտրություն՝ լինել լավ մարդ ու համագործակցել համակարգի հետ, կամ լինել վատ մարդ ու անընդհատ դիմադրել։ Այդ երկընտրանքն է, որը մեզ դարձնում է բարկության գերին»,- Նադավ Լապիդի այս միտքը շատ արդիական է։
«Ահեդի ծունկը» կտրուկ ու կոշտ ֆիլմ է՝ անհույս ֆինալով։ ֆիլմի ջղայն ու նաև մեծամիտ հերոսը կարծես վարակված լինի պայքարելու վիրուսով, բայց գիտի, որ միևնույն է տապալվելու է։ Դատապարտված է պարտվելու։ Ի վերջո, ինքն էլ գիտե, որ գոռալու է ու պարտվելու։ Բայց չգոռալ չի կարող։
Ինչպես ասվում է ֆիլմում՝ պատերազմում երեք դեր ունես՝ զոհի, խոշտանգողի կամ կողքից դիտողի։ Եվ երեք դերերն էլ ծուղակ են։
«Ահեդի ծնկում» կա մի արտահայտություն, որը շատերն են մեջբերում և որը սիմվոլիկ է հնչում. «Ի վերջո, աշխարահագրությունը հաղթում է»։ Իսկ կարելի՞ է ասել, որ եթե երկիրը պատերազմական իրավիճակում է, ապա հաղթում է պատերազմը։ Եվ նշանակություն չունի պատերազմի արդյունքը։
Որքան էլ պայքարես, մերժես, դիմադրես ու գոռաս, միևնույն է աշխարհագրությունը հաղթելու է։ Դա մայրս էր միշտ ասում։ Նա մահացել է ու այդ բառերի իմաստը տարել իր հետ։ Բայց կարծում եմ, նա նկատի ուներ, որ հարկավոր է փրկվել, քանի դեռ աշխարահագրությունը քեզ չի հաղթել։ Քանի դեռ չես դարձել աշխարհագրության տարրը, բնապատկերի մի մասնիկը։
Միշտ հայտնվում են մարդիկ, որոնք դիմադրում են, մերժում են շրջապատը՝ ուրիշների մեջ տեսնելով վտանգ։ Եվ ուզում են պայքարել՝ անգամ սարերի, ավազի դեմ։ Կամ հեռանալ երկրից։ Թվում է, որ պայքարում ենք քաղաքականության կամ վատ սովորույթների դեմ, բայց, իրականում, ինչ էլ անես, աշխարահագրությունը հաղթելու է։
Համաձայն եմ, որ պատերազմը հաղթում է։ Դրա վկայությունն եմ նաև ես, որպես պատերազմի վկա։ Եվ ճշմարտություն է, որ պատերազմը դեֆորմացնում է թե՛ հաղթողին, թե՛ պարտվողին, քանի որ փոխում է մարդկանց, տձևացնում նրանց ոգիները։
Եվ անպայման փոխում է նաև պետության ԴՆԹ-ն, անկախ այն բանից, այն հաղթել է թե՝ պարտվել։
Պատերազմ տեսած երկները նմանվում են իրար։ Եվ մարդիկ հանկարծ պարզում են, որ նույն զգացմունքներով են ապրում՝ անկախ պատերազմի արդյունքից։
Պատերազմի հետքն իր մեջ կրում է նաև «Ահեդի ծունկը» ֆիլմի հերոսը։ Ինչպե՞ս է այդ թեման ներկառուցվում ֆիլմերի մեջ։
Կարծում եմ, որ աղետներն ու ճգնաժամերը որոշ իմաստով ոսկու հանքեր են ստեղծագործությունների համար։ Թեև երբեմն իրոք թվում է, որ կանգնած ես սարի գագաթին ու պոեմներ ես գրում, մինչդեռ շուրջ բոլորդ հրդեհ է։
Բայց կարծում եմ՝ նրանք, ովքեր տառապել և խոշտանգվել են, կարող են իրենց ապրածը կարևոր արվեստի վերծացել։
Դուք նաև լրագրող էիք…
Օ դա, շատ վաղուց էր, անցյալ կյանքում։
Որքանո՞վ է կարևոր դիմադրելը պետական պրոպագանդային։
Պետական պրոպագանդան վտանգավոր է, բայց ստեղծագործողը կարող է աշխատել պետական սահմանափակումների պայմաններում, առանց զգալու իրեն զոհ։ Հետաքրքիր է, որ ազատության երկու հոմանիշ բառեր կան անգլերենում՝ freedom և liberty։
Արվեստը միշտ կարիք ունի ազատության՝ արտահայտված այդ երկու բառերով։
Ի վերջո, շատ կինոռեժիսորներ, որոնք ծնվել են ազատության բարձր մակարդակ ունեցող երկրներում, իրականում լիովին ազատ չեն․ Նրանք էլ պայմանականությունների բանտարկլյալներ են։
Մի բան հաստատ է, որ եթե սահմանափակումները հստակ են, ստեղծագործելն ավելի հեշտ է։ Պարզապես պահանջվում է մեծացնել ազատության տարածքը։
Լինել հրեա և լինել իսրայելցի (ինչպեսև հայ և հայաստանցի)։ Այստեղ իրականում կա՞ ներքին բախում։ Մենք այդ մասին շատ ենք խոսում։
Իմ բոլոր ֆիլմերը Իսրայելի մասին են ու Իսրայելում են նկարահանված։ Բայց, այո, ես բարդ հարաբերություններ ունեմ պետության հետ։ Երբ սկսեցի կինոյով զբաղվել, Իսրայելում գրաքննության գագաթնակետն էր։ Եվ շատերն իրոք կարծում էին, որ պետք է լինեն գեղարվեստական խորհուրդներ, որոնք կգրաքննեն արվեստը։
Ես չէի վախենում, որ ինձ կձերբակալեն (Իսյրայելն, ի վերջո, Ռուսաստան չէ), բայց խոչընդոտներ ստեղծելու տարբեր ձևեր կան։
Գիտեի, որ, օրինակ, եթե այս վերջին ֆիլմի սցենարը հայտնի դառնա մեդիային, մեզ թույլ չեն տա այն նկարահանել։ Բայց հիմա Իսրայելում նոր կառավարություն է և ավելի հանգիստ իրավիճակ։ Արդյունքում մեզ փող տվեցին մի քանի տարբեր կազմակերպություններ։ Ենթադրում եմ, որ իսրայելական բանակը առանձնապես երջանիկ չէ իմ ֆիլմով, բայց, եթե նման արձագանք չլիներ, ես ավելի կհիասթափվեի։ Բոլոր դեպքերում դա իրենց խնդիրն է։
Ես ինձ համարում եմ կինեմատոգրաֆի քաղաքացի։ Եվ իմ ֆիլմերում ցուցադրում եմ այն, ինչն ինձ տանջում է։
Իմ ֆիլմերում շատ է բարկությունը և գնալով այն այնքան է աճել, որ այլևս ինձ հետաքրքիր չէ։ Ի՞նչ կարիք կա յոթերորդ անգամ գոռալ նույն բանի մասին։ Ընդհանրապես ռեժիսորները հեշտությամբ են դառնում համակարգի մաս։ Հիմա ուզում եմ այլ ճանապարհով գնալ։
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: