2021.10.13,

Խաչմերուկ

Ղարաբաղյան հակամարտության հետպատերազմյան լուսաբանումը. հուլիս

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հուլիս ամսվա ընթացքում լրատվամիջոցների ակտիվ քննարկման առիթներից էին դարձյալ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը։ Դրանք ավելի հաճախակիացան հուլիսի 14-ից սկսած, երբ Երասխի հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված սադրանքի հետևանքով մահացու հրազենային վիրավորում ստացավ պայմանագրային զինծառայող: 

Դրան հաջորդեցին այլ միջադեպեր ինչպես Երասխի հատվածում, այնպես էլ Գեղարքունիքի մարզում։ Երասխում վիրավորում ստացավ նաև համայնքի ղեկավարը։ 

Երասխի հատվածում լարվածությունը շարունակվեց մինչև հուլիսի վերջ։ Երասխ էին այցելում որոշ լրատվամիջոցների թղթակիցներ, իսկ որոշներն էլ թեմային անդրադառնում էին միայն պաշտոնական լուրերով ու փորձագետների մեկնաբանություններով։ 

Երասխում չեն պատրաստվում հեռանալ

Չնայած սահմանային լարվածությանը Երասխում բնակիչները խուճապի չեն մատնվում ու շարունակում են ապրել իրենց բնականոն կյանքով։ Սա առկա էր լրատվամիջոցների՝ տեղում արված բոլոր ռեպորտաժներում։ 

Ռեպորտաժներից մեկում Երասխի բնակիչ Արմենը պատմում է, որ համագյուղացու թաղում էր, երբ թշնամին սկսեց կրակել։ Նրա խոսքով՝ գյուղում որտեղ էլ կանգնես՝ թշնամու նշանառության տակ ես։ Ամբողջ Երասխը ադրբեջանցիների բռի մեջ է։ Արմենը հրաժեշտ չի տա զենքին, քանի դեռ թշնամին ամեն օր փորձում է առաջ գալ։ 

«Ամբողջ գյուղում ամեն մեկը մի քանի երեխա ունի, հիմա Աստված չանի թուրքը մտավ, ես պիտի սպասե՞մ, ասեմ՝ հրաման չի իջել, գան, կոտորե՞ն։ Ես հրամանի չեմ սպասի՝ ես իմ սահմանը կպահեմ»։ 

Բնակիչներն ասում են, որ մեկ սանտիմետր անգամ չեն զիջելու, թե չէ թշնամու ախորժակը չեն կարող զսպել։ 

«Դրոշը տեսնում են՝ ասում մեր հողն ա, բայց իրենց հողը չի, ամբողջ Նախիջևանը մեր հողն է»,- ասում է արցախյան առաջին պատերազմի մանակից Խաչիկ Վարդանյանը։ 

Ասում է՝ հիմա էլ եթե պետք լինի՝ պատրաստ է զինվորերի կողքին կանգնել. «Խաղաղություն հնարավոր չի. երբեք չի լինի։ Ո՞ւմ տանք, թուրքի՞ն։ Ղարաբաղում էդքան կոտորվան, հիմա էլ Երա՞սխն են ուզում։ Ոչինչ չունենք տալու թուրքին»։ 

«Ամեն րոպե սպասում ես, որ կարող է գյուղի վրա կրակեն։ Թուրքին վստահել չի կարելի։ Հիմա չեն կրակում, մի երկու ժամ հետո կարող ա կրակի»,- պատմում է մյուսը։

Մեսրոպյանների տան ավագը՝ Սոսը, ասում է, որ այդ կրակոցներով հակառակորդը ուզում է նոր դիրք գրավել․ «Իրենց ասելով հաղթել են Հայաստանին, իրենք են հիմա թելադրում, ուզում են իրենց ասածն առաջ տանել, բայց չի անցնի։ Մեր տղաները կանգնած են, ոչ մի թիզ հող Երասխից չեն տալու»։ 

Ադրբեջանի երկակի խաղն ու ճնշումները Հայաստանի վրա

Բոլոր փորձագետները, որոնք լրատվամիջոցների հյուրերն էին, պնդում են, որ նման միջադեպերով Ադրբեջանը փորձում և փորձելու է ճնշումներ գործադրել Հայաստանի վրա։

Բաքուն հոգեբանական ճնշում է բանեցնում, որ Երևանը մոռանա Արցախի մասին ու արագ համաձայնի նոր զիջումների։ Տնտեսագետ, կառավարման փորձագետ Կարեն Սարգսյանն ասում է, որ թատերաբեմը Արցախից տեղափոխել են Հայաստան։ 

Ըստ նրա՝ Ադրբեջանը, Արարատում ճնշում գործադրելով, փորձում է Սյունիքում իր ուզած միջանցքի հարցը լուծել։ 

«Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը ոչ միայն չի թուլանում, այլև հաճախ ուղեկցվում է սահմանային միջադեպերով։ Փորձագետների համոզմամբ՝ Ադրբեջանը նման քայլերով փորձում է հասնել այն իրողությանը, որ Հայաստանը հրաժարվի Արցախից, մինչդեռ հայկական կողմը շարունակում է հայտարարել խաղաղության պայմանագրի մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ Ադրբեջանը չի կատարել իր ստանձնած պարտավորությունները»,- ասում է Հանրայինի հաղորդավարը։ 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի բացառում, որ Երասխի հետ սահմանային լարվածությունը Ադրբեջանի հետ խաղաղության մեծ պայմանագրի ստորագրմանը Հայաստանի հանրությանը նախապատրաստելու համար է։ 

«Կարող է լինել հետևյալը. նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է մի իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը հեշտությամբ մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը, զիջումը։ ․․․Նման փաստաթղթի ստորագրումը ընդունվելու է ոչ թե դավաճանություն, այլ փրկություն»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը։ 

Նույն կարծիքին է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը․ «Այսօր կրկին մեզ վախեցնում են հնարավոր պատերազմով, կարծում եմ՝ որևէ պատերազմ չի էլ լինի, քանի որ այսօր Հայաստանում իշխանության է մի մարդ, որը պատրաստ է տալ ամեն ինչ»։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի կարծիքով՝ շատ կարևոր է, թե ինչպիսի դիրքորոշում կարտահայտեն միջազգային խաղացողները, Մինսկի խումբն ու ՌԴ-ն, որովհետև Ադրբեջանը այդ մի ագրեսիայի ակտով կարող է չսահմանափակվել։ Ադրբեջանի մարտավարությունը ենթադրում է բոլոր ճակատներում, տեղերում ու անընդհատ ագրեսիվ քաղաքականություն, որի միջոցով փորձում են նաև Հայաստանին ճնշել՝ ստիպելով գնալ նոր զիջումների։ 

Ռազմական մեկնաբան Կարեն Հովհաննիսյանը կարծում է, որ միջադեպի հրահրման վայրի ընտրությունը պատահական չէ, պայմանավորված է նրանով, որ սա հայ-ադրբեջանական սահմանի՝ Երևանին ամենամոտ գտնվող հատվածն է: 

Նա վստահ է, որ այսպիսի տեղային գործողությունները վաղ թե ուշ բերելու են լայնամասշտաբ բախման․ «Այս պահին թշնամու նպատակը մեկն է՝ դրվագային որոշակի ռազմական գործողությունների մեկնարկումով Հայաստանի իշխանությանը նեղը գցել հնարավոր բանակցային պրոցեսներում, կարողանալ ինչ-որ բաներ կորզել հօգուտ իրեն»:

«Lragir.am»-ի հեղինակ Նաիրա Հայրումյանը գրում է, որ Բաքվի և Մոսկվայի սադրանքներն ուղղված են ոչ միայն Հայաստանին պայմանագրեր հարկադրելուն։ 

«Ալիևն իրագործում է իր սպառնալիքները. Երասխի հատվածում՝ Երևանից 60 կմ հեռավորության վրա, տեղի ունեցավ զինված միջադեպ, որի ժամանակ սպանվեց հայ զինվոր: Դատելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունից ՝ Բաքվի զորքերը Երասխի ուղղությամբ փորձել են առաջ բերել իրենց դիրքերը: Ըստ որոշ տվյալների՝ դա տեղի է ունեցել Տիգրանաշենի տարածքում, և եթե Բաքվին հաջողվի վերահսկողություն հաստատել ճանապարհի վրա, ապա «Մեղրիի միջանցքի» հարցով կսկսվի «բարտեր»:

Մեկ այլ նյութում հեղինակը գրում է, որ Բաքուն սրում է իրավիճակը, մինչ միջազգային հանրությունը պնդում է ԵԱՀԿ շրջանակներում Մինսկի գործընթացին վերադառնալու անհրաժեշտությունը:

«Երևանն ու Բաքուն, որոնք փորձել են հարմարավետ տեղավորվել ռուս-թուրքական սխեմայի մեջ, ստիպված կլինեն «ցավոտ ընտրություն» կատարել: Տասնյակ հազարավոր զոհերի գնով «հաղթանակից» հետո Ալիևը պետք է որոշի՝ նոր պատերազմ, թե Մինսկի գործընթաց: Իսկ Փաշինյանը պետք է ընտրություն կատարի «ռուսական երաշխիքների» ու լեգիտիմ միջազգային անվտանգության համակարգի միջև»:

«Ինչու է թիրախավորվել Երասխը. Մոսկվան ու Բաքուն նոր հարված են նախապատրաստում Հայաստանի դեմ» վերնագրով հոդվածում հեղինակը նշում է, որ նկատելի է Հայաստանի վրա ճնշման ուժգնացումը թե՛ քարոզչական, թե՛ Մոսկվայի պրոքսի գործիքի՝ Բաքվի ելուզակային հարձակումների տեսքով: 

Մոսկվան գծում է ռուս-թուրքական «նոր սահմանը» Խոզնավար-Սոթք գծով, որը նրա ռազմական ներկայության ճակատային գիծն է և որը պետք է ապահովի Ռուսաստանի համեմատաբար անվտանգ նահանջը տարածաշրջանից: 

«Կրեմլը Հայաստանի դեմ կիրառում է նույն մեթոդոլոգիան, ինչ Ուկրաինայի պարագայում, պարզապես այնտեղ արանքում «ադրբեջան» չկա: Ռուսական պլանների ու «ադրբեջանի» լեգիտիմացման միակ տարբերակը Երևանի ստորագրությունն է: Հայաստանի դեմ նոր հարված է նախապատրաստվում՝ այդ ստորագրությունը կորզելու համար»:

168.am-ի հետ զրույցում Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը նշել է, որ այսօր մենք գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի հետ: Շուշիի հայտարարագրից պարզ է և երևում է, որ երկու երկրները սկսել են գործընթաց, որի նպատակն է՝ ստեղծել դաշնային պետություն: 

«Այնպես որ՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում մեր սահմանին՝ Նախիջևանի հետ, Երասխում, դրանում, ըստ էության, ես համոզված եմ՝ թուրքական շատ ուժեղ մասնակցություն կա»:

Երասխի դեպքերն ու իշխանություններին ուղղված քննադատությունները

«Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարության մեջ նշվում է․ «Երասխի շուրջ ստեղծված իրավիճակը հետընտրական առաջին, ու ցավոք, ոչ վերջին գինն է, որ վճարվում է ամուլ իշխանությունների վերարտադրության համար: Նման դեպքերը կրելու են շարունակական բնույթ և ախտահարելու են ինչպես հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքը, այնպես էլ Արցախի կտրտած բնագծերը»:

168.am-ը փոխանցում է թուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան իր ալիքում գրածը, որ Երասխը պատահական վայր չէ, այն բազմաթիվ առումներով Հայաստանի ամենառազմավարական կետերից է, որին տիրող ուժը կարող է թելադրող լինել ոչ միայն Նախիջևանի ուղղությամբ, այլև ողջ Հարավային Կովկասում։ 

«Այս սպառնալից իրավիճակը չէր լինի, եթե Հայաստանի ղեկավարությունը ժամանակ ու ջանք թափած լիներ միավորելու իր ռեսուրսները Թուրքիայի ծավալապաշտական ծրագրերին ընդդիմացող պետությունների հետ՝ տարածաշրջանի հակաթուրքական դաշինքի անդամ դառնալով։ ․․․Փոխարենը՝ Հայաստանի կապիտուլիանտ ու դե ֆակտո թուրքամետ իշխանությունը սպառնում էր ու սպառնում է սեփական քաղաքացիներին, այլ ոչ թշնամուն»։

«Պրեսսինգ» հաղորդաշարում ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը նշել է․ «Հայաստանի Հանրապետությունը Հարավային Կովկասում դառնալու է պլաստիլին, որից ինչ ուզենան, ինչքան ուզենան՝ կվերափոխեն, կձևափոխեն ու ամբողջությամբ ենթարկելի կդարձնեն: Այսօր Երասխն է, երեկ Կութն էր, դրանից առաջ Գեղարքունիքի մի շարք գյուղերն էին, Տավուշն էր, Սյունիքն էր… անընդհատ այս գործընթացը կշարունակվի, մինչև որ հայ ժողովուրդը կապիտուլյանտին կասի՝ դե լավ, զզվացրեցին արդեն, գնացեք դեմարկացիա-դելիմիտացիա արեք»։ 

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է․ «Ալիև-Նիկոլ տանդեմի «Երասխ-շոու»-ի արդյունքում Բաքվին կանցնեն Տիգրանաշենը և Տավուշի մարզի տարածքները: Նիկոլ Անհողն այդ տարածքները սկուտեղի վրա կնվիրի Իլհամին, իսկ ռուսներն էլ որպես խաղաղապահ իրենց զորքերը կտեղակայեն հայ-ադրբեջանական սահմանի այդ հատվածներում, որով և կազդարարվի Հայաստանի երրորդ հանրապետության դե ֆակտո մահը, որին շատ շուտով կհաջորդի նաև դե յուրե մահը»։ 

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *