2013.02.11,

Նյուսրում

Սյունիքի տեղական հեռուստաալիքների եթերում նախընտրական գովազդներ չկան

Սյունիքի մարզում գործող տեղական հեռուստաընկերությունները նախագահական ընտրություններին գրեթե չեն անդրադառնում:

Սյունիքի մարզ այցելած նախագահի թեկնածուների նախընտրական հանդիպումները լուսաբանվում են միայն Կապանի «Սոսի» հեռուստաընկերության եթերում: Մարզում գործող եւ ոչ մի հեռուստաընկերության եթերում քաղաքական գովազդ չի հեռարձակվում:

Սիսիանում գործող «Սիսակն» հեռուստախմբագրության «Դիտակ» լրատվական ծրագիրը եթեր է հեռարձակվում շաբաթը մեկ անգամ` ուրբաթ օրերին: Եթերում միայն տեղական նորություններ են: Նախընտրական քարոզարշավի մասին լուրեր չկան:

Գորիսում գործող «Լաստ TV» հեռուստաընկերությունը քաղաքում քարոզչություն իրականացնող նախագահի թեկնածուների այցերը չի լուսաբանում: Հեռուստաընկերության տնօրեն Ալվարդ Մեսրոպյանն ասում է, որ իրենք նախապես հեռուստադիտողներին տեղեկացրել են, որ ընտրական գործընթացներին իրենց եթերում չեն անդրադառնալու:

Նախագահական ընտրություններին չի անդրադառնում նաեւ Կապանի «Խուստուփ TV» մալուխային հեռուստատընկերությունը: Հեռուստաընկերության տնօրեն եւ գլխավոր խմբագիր Սասուն Մանուկյանն ասում է, որ քաղաքական գովազդի գին նախապես չեն սահմանել՝ ենթադրելով, որ պահանջարկ չի լինի:

«ՀՀ նախագահի ընտրությունը իրականացվում է հանրապետության ողջ տարածքում, հետեւաբար՝ ամբողջ հանրապետությունը մեկ ընտրատեղամաս է: Մենք ընդամենը մի քաղաքում ենք գործում: Թեկնածուները գերադասում են համապետական լրատվամիջոցները»,- ասում է Սասուն Մանուկյանը:

«Խուստուփ»-ի եթերից բացակայում են նաեւ նախագահի թեկնածուների այցերի մասին վճարովի հայտարարությունները, լրատվական ռեպորտաժները:

«Հստակ որոշել ենք, որ այս գործընթացին չենք մասնակցում: Մասնակցությունը եւ պատասխանատվությունը սիրով վերապահել ենք համապետական լրատվամիջոցների մեր գործընկերներին»,- ասում է «Խուստուփ»-ի տնօրենը:

Սյունիքի մարզում միայն մարզային հեռարձակում ունեցող «Սոսի»  հեռուստաընկերությունն է, որ լուսաբանում է նախագահական ընտրությունները: Հեռուստաընկերության լրատվական ծրագրում լուսաբանվում են Սյունիքի մարզ այցելած նախագահի թեկնածուների նախընտրական հանդիպումները:

Կան նաեւ ռեպորտաժներ Սյունիք չայցելած  մյուս թեկնածուների հետ կապված իրադարձությունների եւ նրանց շուրջ շարունակվող զարգացումների մասին: 

«Սոսի»-ի եթերում նույնպես քաղաքական գովազդներ չեն հեռարձակվում: Հեռուստաընկերության տնօրեն Վահե Սարգսյանը նշում է, որ քաղաքական գովազդի սակագնի մասին ի սկզբանե հայտարարություն չեն տվել, քանի որ իրենց եթերով գովազդ հեռարձակելու համար նախապես ցանկություն հայտնողներ չեն եղել:

Ինչ վերաբերում է ընտրողներին՝ Սյունիքի բնակիչներին, ապա նրանք նախընտրական պրոցեսներին, թեկնածուների քաղաքական գովազդներին հիմնականում հետեւում են հանրապետական հեռարձակում ունեցող հեռուստաընկերությունների եթերով:

Մերի Սողոմոնյան, Կապան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *