2021.09.24,

Նյուսրում

ԼոգոՊատում՝ հայաստանյան մեդիայի տարբերանշանները․ մաս 1

author_posts/christian-ginosyan
Քրիստիան Գինոսյան

Մուլտիմեդիա լրագրող

Լոգո, լոգոտիպ, տարբերանշան, պատկերանիշ, ապրանքանիշ․․․ Սրանք այն բառերն են, որոնցով անվանում ենք յուրաքանչյուր բրենդը ճանաչելի ու հիշվող դարձնող գրաֆիկական պատկերները։ Մեդիա ընկերություններն էլ ժամանակ առ ժամանակ թարմացնում են իրենց վիզուալ ոճն ու լեզուն՝ հաճախ պահպանելով այն տարրերը, որոնցով արդեն հայտնի են դարձել հանրությանը։  

Լոգոտիպերն ունեն հաղորդագրություններ, նախապատմություններ, նպատակ և տրամադրություն, որոնց մասին զրուցել ենք Հայաստանում մի քանի մեդիա ընկերությունների հետ։ 

Նյութը Հայաստանում լրատվամիջոցների տարբերանշանների մասին պատմող շարքի առաջին մասն է։ 

 Հանրային հեռուստաընկերություն 

65-ամյա պատմություն ունեցող Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, որը երկրում հեռարձակվող առաջին տեսալսողական մեդիան է, սկզբում լոգոտիպ չի ունեցել։ Մինչ օրս առօրյայում «Հ-մեկ» անվանումով հայտնի ալիքը ունեցել է 8 տարբերանշան՝ չհաշված նրանք, որոնք չափազանց կարճ կյանքով են ապրել: Անգամ եղել է շրջան, երբ ամեն հաղորդման ժամանակ փոխվել է նաև ալիքի լոգոն։

Առաջին ալիքի հանրային կապերի և թվային հաղորդակցության ղեկավար Աննա Օհանյանն ասում է, որ ներկային տարբերանշանը  վերաբրենդավորման կարիք ունի․ թարմացված վիզուալները շուտով պատրաստ կլինեն՝ հեռուստաալիքի 65-ամյակի առթիվ։

 Հետք 

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության 2001-ին հիմնած «Հետք» ինտերնետային թերթի նպատակն ի սկզբանե եղել է հետաքննական բովանդակություն ստեղծելը։ Բովանդակության փնտրտուքներն իրենցից ենթադրում են, որ հետաքննող լրագրողը պիտի վերցնի թիրախ, գնա դրա ետևից ու, վերջում, հարվածի դրան։ 

Հենց այդ թիրախի պատկերով էլ ստեղծման օրվանից ի վեր հանդես է գալիս կայքը։ «Հետքի» գործադիր տնօրեն Քրիստինե Բարսեղյանի խոսքով՝ տարբերանշանի գույնն ընտրելիս որևէ հետազոտություն կամ հոգեբանական ասպեկտ հաշվի չեն առել։ Այն 20 տարի առաջ ուղղակի աչքի ընկնող էր ու քիչ տարածված։

Շարժապատկերում ցուցադրվող երրորդ լոգոտիպը «Հետքի» տպագիր տարբերակի՝ շաբաթաթերթի համար էր նախատեսված, որի առաջին համարը լույս է տեսել 2007 թվականի հունվարի 10-ին։

 Մեդիամաքս 

Արա Թադևոսյանն ու Դավիթ Ալավերդյանը 1990-ականների կեսերին «Մաքսիմում» անունով երիտասարդական թերթ ունեին, որի դիզայները Սամվել Փարթամյանն էր։ Թերթում «session» խորագրով երաժշտական բաժին կար, որտեղ «session» բառում շուռ տված «i» տառը համադրված էր կիթառահարի հետ։ Այդ մարդուկից ցանկացան ունենալ նաև «Մեդիամաքսում», որը հիմնեցին 1999 թվականին։ 

«Նետ ու աղեղով մարդուկին ընտրեցինք որպես լուր տարածող, քանի որ սկզբում սկսել էինք որպես դասական լրատվական գործակալություն»,- պատմում է Արա Թադևոսյանը։ 

Նետահարի նախատիպը վերցրել են կենդանիների մասին ժայռապատկերներով նկարազարդված չեխոսլովական գրքից։

Մոտ 7-8 տարի առաջ «Մեդիամաքս» կայքը վերագործարկելուց հետո Վահան Բալասանյանը, ով զբաղվում էր ամբողջ կայքի դիզայնով, առաջարկել էր թարմացնել նաև տարբերանշանը՝ փոխելով տառատեսակն ու անվանումը՝ գրելով երկու տողով, բայց, իհարկե, առանց մարդուկին դիպչելու։ 

 Արմենպրես

1918-ին ծնունդ առած լրատվական գործակալությունն իր լոգոն փոխելու լավ առիթ է համարել հոբելյանական 100-ամյակը։ Այսքան տարիների ընթացքում «Արմենպրեսն» իր տարբերանշանը փոխել է երեք անգամ, առաջինը խորհրդային շրջանի կռունկով պատկերն էր, մյուսը, մինչև 2018-ը, գլոբուսով ու եռագույն թևերովը, որը դեռ փակցված է գործակալության ասուլիսների դահլիճում, իսկ արդեն նոր լոգոն լույս է տեսել «Armenpress history» նախագիծն իրականացնելիս։ 

Նոր տարբերակում պահպանվել է գլոբուսի կլոր պատկերը՝ մեջտեղ բերելով սեպագիր ոճով գրված «ա» տառը։ Գաղափարը հետևյալն է՝ փորձել ծածկել աշխարհի մասին տեղեկատվությունը, միաժամանակ աշխարհին տալով նաև Հայաստանի մասին նորությունները, իսկ սեպագիր «ա»-ի հիմքում ընկած է ինքնության պահպանությունը։ 

«Սեպագիրը քարի վրա էր գրվում, ինչը խորհրդանշում է մեր տրամադրած տեղեկատվության ճշմարտացիությունը․ այն ինչ գրում ենք, քարի վրա է ու հնարավոր չէ ջնջել»,- ասում է գործակալության տնօրեն Արմեն Անանյանը։ 

Նոր լոգոյի հեղինակը հավաքական «Արմենպրեսն» է․ գաղափարի մշակմանը մասնակցել են գործակալության մի շարք աշխատակիցներ, իսկ թվայնացրել է Սամվել Չախալյանը։ 

 Հանրային ռադիո 

Հանրային Ռադիոյի տարբերանշանի հեղինակ Աշոտ Համբարձումյանը դրա ստեղծման պատմությունը շատ լավ է հիշում։ Աշխատում էր նորաստեղծ «Արմենակոբ» հեռուստաալիքում, որի հիմնադիր Արմեն Ամիրյանն այդ ժամանակ Ռադիոտան գործադիր տնօրենն էր։ Հանրայինի լոգոն հայերեն «ռ» և «հ» փոքրատառերի համադրությունն է, որոնք միասին կազմում են «R» տառը։

«Ռադիոյում ԱՄՆ-ից մեդիա ոլորտի մասնագետներ էին հյուր եկել, ովքեր հայերեն «ռ» տառը տեսան որպես լատինատառ «n», մեկնաբանելով` «national radio»,- պատմում է տարբերանշանի հեղինակը: 

Ի դեպ, Համբարձումյանին լոգոյի թարմացված տարբերակը, որն ավելի քառակուսի անկյուններ ունի, դուր չի գալիս, ասում է՝ այդպես սխալ է։

 Արմենակոբ – Ա Թի Վի

Ինչպես նախորդ օրինակում նշեցինք, Աշոտ Համբարձումյանը հեղինակել է նաև «Արմենակոբ» հեռուստաալիքի տարբերանշանը։ Վերջինիս 2010-ին փոխարինել է «Ա թիվին», որի լոգոտիպն ի սկզբանե պետք է արտահայտեր իր հավակնությունները, իր առջև դրվող խնդիրները, հեռուստատեսային ներկապնակում իր ուրույն տեղը: «Ա թիվին» եթեր է մտել վերելքի խորհրդանիշով՝ կապույտ եռանկյունիով, իսկ հետագայում վերափոխվել է սլաքի կողմորոշիչի կամ ինչպես ավելի ընդունված է ասել «play»-ի նշանի: 

«Ինչպես ասում է հին ասույթը. «Ինչպես անվանես նավը, այնպես էլ նա կլողա»: Մի փոքր ձևափոխելով այս արտահայտությունը կստանանք մեր տարբերանշանի ընտրության հիմնական տրամաբանությունը»,- պատմում է ալիքի տնօրեն Հրաչ Քեշիշյանը։ 

Տնօրենը կարծում է, որ իրենց հեռուստաալիքը արագ զարգացող է, համարձակ փորձարկումների գնացող, դինամիկ ու ժամանակակից, և իրենց տարբերանշանը լավագույն արտահայտում է բոլոր այդ միտումները։

Քրիստիան Գինոսյան
շարունակելի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *