2021.09.13,

Ստուգված է

Հակապատվաստումային շարժման առաջնորդները նոր միֆեր են տարածում

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Հայաստանում կորոնավիրուսային վարակի դեմ պայքարը կարծես նոր փուլ է թևակոխում։ Կառավարությունը քննարկման է դրել օրենսդրական նախագիծ, որով հանրային ծառայողները և մի շարք ոլորտների աշխատակիցներ պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID19-ի բացասական պատասխան, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ։ Հակառակ պարագայում՝ գործատուն իրավունք կունենա աշխատակցին գործից ազատելու։

Կորոնավիրուսը խաբեություն համարող և հակապատվաստումային քարոզ իրականացնող անձանց համար սա լրացուցիչ առիթ էր՝ իրենց պայքարին նոր թափ հաղորդելու։ Սեպտեմբերի 8-ից, օրինակ, «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ն` Կարեն Արայանի առաջնորդությամբ, ամենօրյա հանրահավաքներ է իրականացնում՝ ընդդեմ «պարտադիր պատվաստման և թեստավորման»։ 

Live News-ը հանրահավաքից առաջ հյուրընկալել էր շարժման անդամներ Կարեն Արայանին և Էմիլ Մարկոսյանին։ Չնայած նրանք նշում են, որ դեմ են ոչ թե պատվաստումներին, այլ դրանց պարտադիր բաղադրիչին, այնուամենայնիվ առաջ են տանում հակապատվաստումային մի շարք թեզեր։

Էմիլ Մարկոսյանը հարցազրույցում ասում է, որ չի պատվաստվի ցանկացած պարագայում, անգամ եթե հաստատվի պատվաստանյութի անվտանգ լինելը, իսկ Կարեն Արայանը հավելում է՝ «մեր պայքարը պատվաստման դեմ չէ, չնայած մեծ հաճույքով դրա դեմ էլ կլիներ»։ Նրանք հարցազրույցում վարակի և պատվաստանյութերի մասին մի շարք կեղծ հայտարարություններ արեցին։ Դրանց առատության պատճառով՝ կանդրադառնանք առավել տարածվածներին։

Պատվաստանյութը լիարժեք փորձաշրջան չի՞ անցել

Կարեն Արայանն ու Էմիլ Մարկոսյանը մի քանի անգամ կասկածի տակ դրեցին պատվաստանյութերի՝ լիարժեք փորձաշրջան անցնելու փաստը։

«Ո՞նց կարելի է պատվաստվել պատվաստանյութով, որը լիարժեք փորձաշրջանը չի անցել։ Քանի մենք ՀՀ-ում քովիդի դեմ չունենք այնպիսի պատվաստանյութ, որը անցած լինի լիարժեք փորձաշրջան, բոլոր այն անձինք, որոնք հրաժարվում են պատվաստանյութից, նրանց մտավախությունն արդարացված է»,- ասաց Էմիլ Մարկոսյանը։ 

Media.am-ն արդեն գրել է, որ փորձարկման թերի լինելու մասին պնդումներն անհիմն են։ Ճիշտ է, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը ռեկորդային արագությամբ են ստեղծվել։ Պատմության մեջ ամենաարագ հաստատված պատվաստանյութի համար անգամ պահանջվել էր 4 տարի։ Սակայն COVID19-ի պատվաստանյութի արագ ստեղծման հիմնավոր պատճառներ կան.

1) Ուսումնասիրությունները զրոյից չեն սկսել. օգտագործվել են նախորդող տարիների հետազոտությունները։ Կորոնավիրուսային վարակները նոր չեն, գիտականները դրանք ուսումնասիրում են ավելի քան 50 տարի։ Սա նշանակում է, որ մի շարք կարևոր տվյալներ վիրուսի կառուցվածքի, գենոմի և այլնի մասին արդեն առկա էին։

2) Հեղինակավոր մի շարք կազմակերպություններ և տարբեր երկրների կառավարություններ ներդրեցին մարդկային և ֆինանսական հսկայական ռեսուրսներ՝ միաժամանակ տարբեր փորձարկումներ անելու համար։ Արդյունքում կրճատվեց փորձարկումների ժամանակը:

3) Վերահսկող մարմինները շատ ավելի արագ էին աշխատում՝ թույլ տալով ավելի քիչ ժամանակ ծախսել բյուրոկրատական քաշքշուկների վրա։

Ինչո՞ւ է պատվաստանյութի վրա նշված «էքսպերիմենտալ»

Շարժման անդամները հարցազրույցում մի քանի անգամ նշում են, որ պատվաստանյութերի վրա նշված է «էքսպերիմենտալ»՝ փորձնական։ Հստակեցնելու համար, թե ո՞ր պատվաստանյութի մասին է խոսքը և կոնկրետ ո՞ր հատվածում են նրանք նկատել «էքսպերիմենտալ» մակագրումը, կապ հաստատեցինք Էմիլ Մարկոսյանի հետ։ Վերջինս հրաժարվեց մեզ որևէ տեղեկություն տրամադրել և կոչ արեց հարցն ուղղել Առողջապահության նախարարությանը։

Խոսեցինք նախարարության հետ։ Լրատվական բաժնից մեզ տեղեկացրին, որ նման բան պատվաստանյութերից որևէ մեկի վրա նշված չէ։ 

Հակապատվաստումային ակտիվիստները, ամենայն հավանականությամբ, շփոթել են «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի վրա նշված EXP գրությունը experimental-ի հետ։

EXP նշանակում է ոչ թե էքսպերիմենտալ, այլ EXPIRYDATE (պահպանման ժամկետի ավարտ)։

ՊՇՌ թեստավորումը զբոսաշրջիկների համար անվճա՞ր է

Էմիլ Մարկոսյանը հարցադրում է անում՝ «Ես չեմ կարողանում ընկալել մոտեցումը՝ ինչպե՞ս է պետությունը տուրիստների համար անվճար ՊՇՌ թեստ ապահովում, բայց իր քաղաքացիներին՝ վճարովի»։

Առողջապահության նախարարությունից media.am-ին ասացին, որ զբոսաշրջիկները Հայաստանում անվճար ՊՌՇ թեստ չեն հանձնում։ ՊՌՇ թեստերն իրականացնում են մասնավոր լաբորատորիաները։ Պետությունն անվճար թեստավորում է այն դեպքում, երբ կորոնավիրուսի ախտանշաններով, դրական թեստավորման պատասխան չունեցող անձը անհապաղ հոսպիտալացման կարիք ունի։ Այդ ժամանակ պետությունն իր վրա է վերցնում արագ բուժօգնություն տրամադրելու պարտավորությունը և անվճար թեստավորում՝ լինի ՀՀ, թե այլ երկրի քաղաքացի։

Նախարարությունը կողմնակի ազդեցությունների մասին չի՞ զգուշացնում

Էմիլ Մարկոսյանը պնդում է՝ «Առողջապահության նախարարությունը և ցանկացած քաղաքացուն պատվաստող բժիշկ պարտավոր են տվյալ քաղաքացուն իրազեկել տվյալ պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների մասին։ Սակայն առողջապահության նախարարության պաշտոնական էջում դեռևս չկա այնպիսի հաղորդագրություն կամ հայտարարություն, որ տվյալ պատվաստանյութերից որևէ մեկն ունի կողմնակի ազդեցություններ»։

Այս հայտարարությունը ճիշտ չէ։ Առողջապահության նախարարության կայքում առկա է COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները։ Նշված է՝ պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը: Նախազգուշական միջոցառումները ևս ներառված են։

Պատվաստանյութերի գովազդը՝ օրենքով արգելվա՞ծ

Հաղորդավար Թագուհի Ասլանյանն իր հերթին ասում է, որ օրենքը թույլ չի տալիս պատվաստանյութերի և դեղորայքի գովազդ, ըստ նրա՝ դա արգելված է գովազդի մասին օրենքով։ Էմիլ Մարկոսյանն էլ հավելում է, որ հեռուստատեսությամբ դա շարունակ գովազդվում է։

Ճիշտ է, որ Գովազդի մասին ՀՀ օրենքով արգելվում է դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդը, սակայն բացառություն են այն դեպքերը, երբ դրանք հաստատված են Հայաստանի առողջապահության նախարարության կողմից և ունեն գովազդման՝ գերատեսչության թույլտվությունը։ Իսկ պատվաստանյութերի մասին գովազդվող հոլովակները ոչ միայն ունեն Առողջապահության թույլտվությունը, այլև պատրաստված են հենց իրենց կողմից և կատարում են սոցիալական իրազեկման դեր։

Հայաստանում թեստավորումը 30.000 դրա՞մ է

Էմիլ Մարկոսյանը հերթական հարցապնդման մեջ ասում է՝ «Որտեղի՞ց տեղեկություն, որ 30.000 արժողությամբ թեստավորումը երկու ամսից չի լինելու 50 հազար, հետագայում՝ 70 հազար»։

Նշենք, որ Հայաստանում COVID19-ի ՊՌՇ թեստավորումները իսկզբանե տատանվում էին 15-20 հազար դրամի սահմաններում, սակայն հիմա արժեքը զգալիորեն իջել է։ Այժմ թեստավորվել կարելի է՝ սկսած 9500 դրամից։

Ինչու՞ պատվաստվել, եթե կարող ես նորից վարակվել

«Եթե ես պատվաստվելուց հետո պետք է նորից վարակվեմ, դիմակ կրեմ, ինչի՞ս է պետք պատվաստվելը»,- հարցնում է Էմիլ Մարկոսյանը։ 

Ճիշտ է, որ պատվաստվելուց հետո էլ մարդիկ կարող են վարակվել և տարածել վիրուսը, սակայն Արտակարգ օգտագործման համար ԱՀԿ-ի կողմից թույլատրված բոլոր պատվաստանյութերը պաշտպանում են կորոնավիրուսի, հատկապես Դելտա շտամի հնարավոր ծանր հետևանքներից՝ հոսպիտալացումից և մահվանից։ Ծանր հետևանքների կանխարգելման տեսանկյունից՝ բոլոր պատվաստանյութերն ունեն գրեթ 90% արդյունավետություն։ Որքան ավելի բարդ է բուժառուի վիճակը, պատվաստանյութն այդքան ավելի լավ է պաշտպանում։ Media.am-ը արդեն իսկ անդրադարձել է այս հարցին։

Լեոնիդ Ռոշալն ասե՞լ է, թե կորոնավիրուսը սովորական բան է

Կարեն Արայանը, որպես ապացույց, թե կորոնավիրուսը վտանգավոր հիվանդություն չէ, մեջբերում է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալի խոսքերը․

«Լեոնիդ Ռոշալը դուրս եկավ, ասաց, որ կորոնավիրուսը սովորական բան է, ոչ մի բանից մի վախեցեք»։

Լեոնիդ Ռոշալը, ինչպես մի շարք այլ հեղինակավոր մասնագետներ և կառույցներ, կորոնավիրուսի տարածման սկզբնական փուլում լուրջ չէր վերաբերում վիրուսին։ Սակայն արդեն 2020-ի հուլիսին, նույն Ռոշալն իր թվիթերյան էջում կոչ արեց չլինել հիմար և շարունակել կրել դիմակներ, քանի որ վիրուսը չի ավարտվել։ Ավելին, վերջերս նա նաև խոսեց պատվաստվելու անխուսափելիության մասին և հայտարարեց, որ չի հասկանում պատվաստվել չցանկացող մարդկանց։

Ո՞վ է Կարեն Արայանը

Դեռևս 2020-ի գարնանից, երբ ակտիվացել էին կորոնավիրուսի մասին խոսակցությունները, Կարեն Արայանն իր յություբյան ալիքում տարածում էր կեղծ տեղեկություններ վարակի մասին և թվարկում վիրուսից ազատվելու սխալ մեթոդներ։ Վերջին շրջանում նա ակտիվորեն մասնակցում է հակապատվաստումային արշավներին։

Կարեն Արայանը «Լույսի բանակ» ռազմահայրենասիրական բարեգործական ՀԿ-ի նախագահն է։ Այն ներկայանում է՝ որպես «մոդեռն աշխարհին համահունչ, վիրտուալ և ռեալ իրականությունների սինխրոն համագործակցության արդյունքում գործող կազմակերպություն»:

Կարեն Արայանի անունը հանրությանը հայտնի դարձավ 2012-ին՝ դերասանուհի Անժելա Սարգսյանի մերկ լուսանկարների հրապարակումից հետո։ Արայանը դատապարտվել էր ազատազրկման՝ Անժելա Սարգսյանի անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, ինչպես նաև պոռնկագրական նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելու համար։

Դատավարության մասին տեղեկությունը DataLex-ում սահմանափակված է, սակայն մամուլն ակտիվորեն լուսաբանում էր սկանդալային միջադեպը, գործի մանրամասներին ծանոթանում ենք լրատվամիջոցների հրապարակումներից։

Ամփոփելով, Կարեն Արայաննն ու Էմիլ Մարկոսյանը, «պարտադիր պատվաստման և թեստավորման» դեմ երթերից բացի, հրապարակային խոսքում վերարտադրում և տարածում են պատվաստումների մասին մի շարք միֆեր և կեղծ տեղեկություններ։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *