2021.08.13,

Խաչմերուկ

Ինչ նկարել պատերազմի ժամանակ

Միջազգային լրատվական խմբերից մեկի հետ գիշերն աշխատեցինք ռումբերի տակ. առաջին աղմկահարույց միջազգային լուսաբանումն էր, որ ցույց տվեց խաղաղ Ստեփանակերտի ռմբակոծությունը։ Հաջորդ օրը քաղաքի կենտրոնում գործընկերներս քաղաքացիների մեծ կուտակում տեսան, որոշեցին մոտենալ։ Մյուս կողմերից ևս նկարահանող խմբեր մոտեցան։ Պարզվեց՝ քաղաքացիները Երևան տեղափոխող ավտոբուսին էին սպասում. հարազատները հրաժեշտ էին տալիս մեկնողներին։

Բոլորս գիտեինք, որ մարդկային կուտակումներն այս պատերազմի ամենահավանական թիրախներն էին, սակայն արի ու տես, որ տեղում կանգնած զինվորականը ոչ թե հավաքվածներին էր հորդորում պատսպարվել, այլ բղավում էր լրագրողների վրա, որպեսզի չնկարահանեն, քանի որ «նկարում են, դրոնը տեսնում, կրակում ա»։ Զինվորականի բերած հիմնավորումը անհասկանալի էր լրագրողների համար, առավել ևս, որ դրոնի ձայնն արդեն լսվում էր գլխավերևում։

Ավտոբուսը մոտեցավ․ հրաժեշտի զգացմունքային պահ էր, կանայք և աղջիկները գրկում էին ամուսիններին ու հայրերին, բարձրանում ավտոբուս։ Տարածքում չկար որևէ ռազմական օբյեկտ, որն արգելված լիներ նկարահանել։ Ըստ էության՝ դա միակ ցուցումն էր, որ ստանում էին լրագրողները. չնկարահանե՛լ ռազմական օբյեկտները։ Ստեփանակերտի հենց կենտրոնում էինք, զինվորականը շարունակում էր խոչընդոտել օպերատորների աշխատանքը, բղավել, որ իրենց պատճառով թիրախավորվում են հավաքվածները, մյուս կողմից լրագրողները ֆիքսերներին խնդրում էին բացատրել զինվորականին, որ դա հումանիտար իրավիճակը ներկայացնող տեսարան է, որն արգելված չէ նկարահանել, միգուցե ավելի ճիշտ կլիներ ի սկզբանե թույլ չտալ մարդկանց կուտակումը․․․

Երկու կողմից լարվածությունը աճում էր մի քանի րոպե, ֆիքսերները համոզում էին իրենց լրագրողներին՝ լսել զինվորականին, թեև պահանջն անհասկանալի էր, միևնույն ժամանակ՝ բոլորս հասկանում էինք, որ այդ հատվածն արդեն իսկ դիտարկվում էր երկնքից։ Պայթյունները չուշացան։ Բարեբախտաբար, մի քիչ հեռվում։ Հավաքվածների մի մասը պատսպարվեց հարևան շինության ներքևում, մյուսը՝ հասցրեց զբաղեցնել իր տեղը ավտոբուսում, որն անմիջապես հեռացավ․․․ 

Սեդա Գրիգորյան, պատկերը՝ Անժելա Ֆրանգյանի

Որպես ֆիքսեր՝ այս դրվագը շատ բարդ ու կոնֆլիկտային էր ինձ համար։ Արցախ մեկնող լրագրողների համար աշխատանքի մի քանի ցուցում էր ներկայացվում Երևանում և Ստեփանակերտի մեդիա կենտրոնում՝ չնկարահանել ռազմական տեխնիկայի տեղաշարժը, չնկարահանել ռազմական օբյեկտները, առանց ուղեկցության չգնալ առաջնագիծ, ցույց չտալ ապաստարանների տեղադիրքը, մնացած կետերը հիմնականում թիմի անվտանգությանն էին վերաբերում։ Այս կանոններին հետևում էինք հնարավորինս զգոնությամբ, ճանապարհներին միշտ ուշադիր էինք լինում, որ մեր թիմերի օպերատորները չֆիքսեն զինտեխնիկայի տեղաշարժը։ Ըստ էության՝ պաշտոնական հարցազրույցներից զատ, լրագրողներին մնում էր մարդկային պատմությունների, հումանիտար խնդրի լուսաբանումը։ Եվ ահա՝ քաղաքացիական անձանց կուտակման պահին զինվորականը ոչ թե կուտակումն է կառավարում, ոչ թե քաղաքացիների անվտանգությունն է կազմակերպում, այլ մեղադրում է լրագրողներին, որոնք լուսաբանում են հումանիտար խնդիրը և, փաստորեն, քաղաքացիների թիրախավորումը ադրբջանական ուժերի կողմից։ 

Նման՝ «երկու քարի արանքում» իրավիճակները պատերազմի օրերին շատ էին պատահում, ավելի շատ՝ երկրորդ կեսին․ տեղեկատվության հակասականության, աճող լարվածության ու որոշ լրագրողների անպատասխանատու գործելաոճի պատճառով մարդկանց վերաբերմունքն աստիճանաբար փոխվեց, սկսեցին պակաս վստահել, ավելի դժվարությամբ խոսել տեսախցիկների առաջ։ «Մի՞թե այս մարդիկ չեն ուզում, որ իրենց խնդիրների մասին իմանան աշխարհում,- հարցնում էր բրիտանացի լրագրողը,- Մենք այսքան ճանապարհ ենք անցել, որ ձեր պատմությունները լուսաբանենք, իսկ դուք հրաժարվում եք»։ Իհարկե, վախի ու ցավի մեջ հայտնված մարդկանց հետ անհրաժեշտ էր լինում զրուցել որոշ ժամանակ, լսել նրանց, ժամանակ տալ, որ վստահեն, հետո նոր սկսել նկարահանումը։ Սակայն, պատահում էին նաև տիկին Ռիտայի պես մարդիկ՝ լուսաբանումից հետո համացանցում շատ սիրված անգլերենի ուսուցչուհին, ով ինքը մոտեցավ իր ռմբակոծված տան մոտ աշխատող լրագրողներին ու խոսեց այդ պահի համար անհավանական թվացող ոսկեղենիկ անգլերենով՝ «I was at home when it happened»։ 

Իհարկե, շատ լրագրողներ պատերազմ լուսաբանելիս ձգտում են լինել առաջնագծում, վավերագրել բուն ռազմական գործողությունները, պայթյուններն ու հրետակոծությունը, սակայն այս պատերազմում դա գրեթե անհնար էր, իսկ խաղաղ բնակավայրերն այնպիսի ինտենսիվությամբ էին թիրախավորվում, որ քաղաքներում աշխատելով էլ՝ հնարավոր էր թե՛ հրետակոծությունն ու դրա հետևանքները ֆիքսել, թե՛ զրուցել մարդկանց հետ ու ցույց տալ կյանքը՝ պատերազմի օրերին․․․  Հուզական, համարձակ, ցավոտ, հերոսական, լուսավոր․․․ պատերազմի օրերի մարդկային պատմությունները բազմաշերտ են ու շատ նուրբ, և ֆիքսերներից մեծ ուշադրություն ու կենտրոնացում է պահանջվում՝ գտնելուց, համակարգելուց ու թարգմանելուց զատ՝ նաև բացելու և ներկայացնելու այդ շերտերը։ 

Սեդա Գրիգորյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *