2013.01.18,

Քննադատ

10 խորհուրդ նախընտրական քարոզարշավը լուսաբանելու համար

Նախագահական ընտրություններ են: Լրագրողների համար սկսվում են թեժ օրեր` վազվզոց, լարված աշխատանք, երբեմն անգամ անքուն գիշերներ: Հատկապես աշխատանքով ամենահագեցված ժամանակաշրջանն է նախագահի թեկնածուների քարոզարշավը, որը, մեկնարկում է հունվարի 21-ին եւ ավարտվում փետրվարի 16-ին:

Ունենալով խորհրդարանական (չորս անգամ Հայաստանի) եւ նախագահական ընտրությունների (երեք անգամ Հայաստանի եւ մեկ անգամ Իրանի) լուսաբանման փորձ` կարող եմ նշել, որ լրագրողի համար շատ ճիշտ կլինի այդ աշխատանքը նախապես պլանավորել` կազմելով գործողությունների յուրօրինակ ծրագիր:

Փորձեմ ներկայացնել  նախագահական ընտրությունների քարոզարշավը լուսաբանելու մի քանի խորհուրդ:

1) Լավ ուսումնասիրեք մամուլի աշխատանքի հետ կապված օրենսդրությունը (ընտրական օրենսգրքի համապատասխան գլուխը, ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածը եւ այլն), որպեսզի հետագայում լուսաբանելիս խնդիրներ չունենա օրենքի հետ: Օրինակ` այս տարվա մայիսի 6-ին խորհրդարանական ընտրությունների ժամանակ թիվ 34/20 ընտրատեղամասում «Կենտրոն» հեռուստաընկերության ներկայացուցիչ Հ. Սարգսյանը փորձել է քվեախցիկի մոտ տեսախցիկ տեղադրել եւ խախտել է օրենքը` քվեարկության գաղտնիությունը: Այդ փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ Ոստիկանության քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր:

2) Ծանոթացեք նախագահի բոլոր թեկնածուների կենսագրության, ծրագրերի, ելույթների հետ, քանի որ դա անհրաժեշտ կլինի նյութ պատրաստելիս:

3) Նախապես պատրաստեք background-ներ, որոնք հետագայում կկցվեն ապագա նյութին: Դա շատ օգտակար է հատկապես, երբ հարկ է լինում շտապ հաղորդել որեւէ իրադարձության հետ կապված լուրը: Ասենք` հայտնել, թե ով է փաստացի ընտրվել նախագահ։ Այդ դեպքում բավական է նշել հաղթած թեկնածուի անուն ազգանունը, մեջբերել նրա հավաքած ձայների տոկոսը, շեշտել թե որքանով է նա առաջ անցել իր մրցակիցներից եւ կցել դա նախորոք պատրաստած տեղեկատվությունը, որտեղ նշված են նորընտրիր նախագահի կենսագրությունը, նախընտրական ծրագրի հիմնական դրույթները:

4) Կարողացեք տարբերակել թեկնածուի ելույթներում մրցակցին «սեւացնելու» փորձերը եւ չօգտագործի դրանք իր նյութում: Կամ էլ մեղադրանքներ հնչեցնելու դեպքում փորձի ավելի հավասարակշռված եւ օբյեկտիվ նյութ պատրաստել՝ ներկայացնելով նաեւ մյուս կողմի տեսակետը։

5)  Մի խախտեք էթիկայի կանոնները եւ գործեք մասնագիտական վարքականոնների համաձայն: Այստեղ օրինակներ շատ են: Մասնավորապես, էթիկայի կանոններին հարիր չէ, երբ փորձում են հարցազրույց վերցնել ռեստորանում կամ կաֆեում ճաշող թեկնածուից, կամ էլ տեսնելով, որ մի լրագրող վերցնում է էքսկլուզիվ հարցազրույց, մոտենում եւ առանց թույլտվության միացնում են ձայնագրիչը:

6) Կեղծ կամ պատվերով տեղեկատվություն մի հրապարակեք: Դժբախտաբար մեզանում քիչ չեն այն դեպքերը, երբ լրագրողը որեւէ քաղաքական գործչի դեմ պատվիրված հոդված է գրում կամ էլ որոշակի շահեր ունեցող խմբագրի հաձնարարությունն է կատարում։

7) Մի խեղաթյուրեք եւ համատեքստից մի կտրեք թեկնածուի կամ նրա կողմնակիցների  խոսքը: Ուղիղ խոսքը (հատկապես չակերտներով մեջբերված) չպետք է ենթարկվի փոփոխության, առավել եւս խեղաթյուրվի: Բոլորովին վերջերս այդպիսի բան տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: Բրիֆինգի ժամանակ նա հայտարարեց, որ իր կարծիքով լավ կլինի, որ ԲՀԿ-ն հանդես գա սեփական թեկնածուով եւ դա լինի Գագիկ Ծառուկյանը, այնինչ որոշ լրատվամիջոցներ շտապել էին գրել, որ նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն հանդես է գալու առանձին թեկնածուով:

8) Թեկնածուների կամ սոցիոլոգիական հարցումներով զբաղվող ծառայությունների կողմից ներկայացված սոցհարցման արդյունքները զգույշ օգտագործեք նյութում` ներկայացնելով նաեւ հավաստիություն ներշնչող այլ հարցման տվյալներ, քանի որ կարող է միտումնավոր թվերի մանիպուլյացիա կատարվել: Այդպիսի դեպք, օրինակ, գրանցվեց այս տարվա հոկտեմբերին Ուկրաինայում անցկացվող խոհրդարանական ընտրությունների ժամանակ, երբ քիչ հայտնի «Ժողովրդի իրավունք» հիմնադրամը ներկայացրեց սոցհարցման արդյունքները, համաձայն որոնց՝ «Կանաչ երկրագունդ» անվանումը կրող մի անհայտ կուսակցություն ուներ բարձր վարկանիշ, որը բավարար էր խորհրդարան անցնելու համար: Սակայն ընտրությունների ավարտին պարզ դարձավ, որ կուսակցությունը չի հաղթահարել Գերագույն Ռադա մուտք գործելու անհրաժեշտ տոկոսային շեմը։ Ավելին՝ այդ հիմնադրամին մեղադրեցին պատվիրատուից կլորիկ գումար վերցնելու մեջ: 

9)  Մի խախտեք օրենքով սահմանված քարոզարշավի ժամկետները եւ միայն վերոնշյալ օրերին հրապարակեք ընտրությանը վերաբերող նյութեր: Օրինակ` Ֆրանսիայում AFP առաջատար լրատվական գործակալությանը դատի են տվել, այն բանի համար, որ մինչ օրենքով սահմանված ժամկետը հրապարակել է Օլլանդի հաղթանակը արձանագրող ընտրության նախնական արդյունքները:

10) Ուշադրություն դարձրեք ընտրախախտումներին, որոնց մասին կարելի է իմանալ մշտապես կապի մեջ լինելով թեկնածուների ընտրական շտաբերի հետ, ինչպես նաեւ հետեւելով iditord.org կամ այլ կայքերի հրապարակումներին:

Հուսամ այս խորհուրդները կօգնեն լրագրողներին ավելի արդյունավետ դարձնել իրենց աշխատանքը քարոզարշավի ժամանակ:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *