2021.07.20,

Ստուգված է

Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագիրը Հայաստանում․ ի՞նչ է պետք իմանալ դրա մասին

2021-ի հունիսի 1-ից Հայաստանում գործում է Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը, որն օգնում է հակազդել Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող ապատեղեկատվությանը։

Ծրագիրն իրականացնում է վրացական «Փաստ-մետրը» (FactCheck Georgia)`  Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ծրագրի իրականացման ընթացքում Ֆեյսբուքի օգտատերերի ու լրատվական դաշտին բազմաթիվ անգամներ ներկայացրել ու պարզաբանել է ծրագիրը։ Այս հոդվածը բացատրական լրագրության ժանրի մեր հերթական նյութն է, որտեղ ներկայացնում ենք պատասխաններ ծրագրի մասին կարևոր հարցերին․ ի՞նչպես է այն աշխատում, ի՞նչ են վճիռները, ինչու՞ է Ֆեյսբուքը սահմանափակումներ կիրառում, ինչպե՞ս վերացնել այդ սահմանափակումները։

Ի՞նչ է Ֆեյսբուքի փաստերի ստուգման ծրագիրը

Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը սկսել է գործել 2016-ին։ Ծրագրի նպատակն է հակազդել վիրուսային (լայնորեն տարածվող կամ լայնորեն տարածվելու հավանականություն ունեցող)  ապատեղեկատվությանը՝ ստուգելիորեն սխալ պնդումներին։ Հատկապես այն դեպքերում, երբ ապատեղեկատվությունը կարող է մոլորեցնել կամ վնասել։ 

Այժմ Ֆեյսբուքն աշխատում է աշխարհի տարբեր երկրների ավելի քան 80 փաստեր ստուգող կազմակերպությունների հետ, 60 լեզուներով։ Ծրագրի կարևոր առանձնահատկություններից է այն, որ դրա շրջանակներում չի ստուգվում քաղաքական գործիչների խոսքը՝ անկախ այն բանից, թե ինչ դիրքերում են նրանք՝  իշխանության մաս են, թե ընդդիմության։ 

Ու՞մ է ուղղված այս ծրագիրը

Այս ծրագիրն առաջին հերթին ուղղված է լսարանին: Այն նպատակ ունի ձևավորել ինֆորմացիայի սպառման մշակույթ, երբ առավել խիստ կպահպահնվեն  լրատվական հիգիենայի կանոնները։ Լսարանի շահերից ելնելով էլ՝ Ֆեյսբուքը առաջարկում է իր ստուգման մեխանիզմներն ու պիտակները։

Ո՞վ է ստուգում

Փաստերի ստուգման ծրագրի շրջանակներում Ֆեյսբուքը համագործակցում է այն կազմակերպությունների հետ, որոնք հանդիսանում են Փաստեր ստուգողների միջազգային ցանցի (IFCN) անդամ։ Հայաստանում այդ ցանցի անդամ կազմակերպություններ առայժմ չկան (բայց կան փաստերի ստուգմամաբ զբաղվող մի քանի լրատվամիջոցներ՝ Media.am, Fip.am, Infocheck.am)։ 

IFCN-ի անդամ դառնալու համար կազմակերպությունները անցնում են հավաստագրման գործընթաց և պետք է պահպանեն IFCN-ի աշխատանքային սկզբունքները, որոնք են՝ 

  • անաչառությունն ու արդարությունը,
  • աղբյուրների թափանցիկությունը,
  • ֆինանսավորման և կազմակերպության մասին տեղեկության թափանցիկությունը,
  • փաստերի ստուգման մեթոդաբանության թափանցիկությունը,
  • ուղղումների բաց և ազնիվ քաղաքականությունը։

Ինչու՞ հիմա

Ֆեյսբուքը առաջնահերթ է համարում փաստերի ստուգման ծրագրի իրականացումը այնտեղ, ուր առաջիկայում ընտրություններ են նախատեսված, և ապատեղեկատվությունը կարող է իրական ռիսկեր պարունակել։ Այդ պատճառով էլ 2021-ի ամռանը կարևորվեց փաստերի ստուգման ծրագրի մեկնարկը Հայաստանում, ուր սպասվում էին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Ինչպե՞ս է աշխատում այս ծրագիրը Հայաստանում

Հայաստանում Ֆեյսբուքի բովանդակությունը ստուգելու համար IFCN-ի անդամ հանդիսացող վրացական «Փաստ-մետր» (FactCheck Georgia) կայքը  համագործակցում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի փաստեր ստուգող թիմի հետ։ 

Սա «Փաստ-մետրի» ու Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համատեղ ծրագիր է, որը մեկնարկել է հունիսի 1-ին, նախընտրական և հետընտրական շրջանում Ֆեյսբուքում և Ինստագրամում տարածվող ապատեղեկատվությունը ստուգելու նպատակով։ 

Ֆեյսբուքի ռազմավարական գործընկերության զարգացման մենեջեր Սոֆի Այերսն ասել է, որ Հայաստանում տեղական գործընկեր Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությունն ու նրանց կարևորագույն աշխատանքը կօգնի իրենց կրճատել հայալեզու ապատեղեկատվության տարածումը Ֆեյսբուքում:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքի թիմը՝ վրացի գործընկերների հետ միասին առանձնացնում և ստուգում է Ֆեյսբուքի և Ինստագրամի հայաստանյան հատվածում տարածվող նյութերը։ Յուրաքաչյուր ստուգված տեղեկության վերաբերյալ պատրաստվում է հոդված, որը մանրամասն բացատրում է, թե ինչն է ստուգվել և ինչպես։ Հոդվածները կարելի կարդալ Media.am և Factcheck.ge կայքերում։ 

Ինչպե՞ս են ընտրում ստուգման ենթակա հրապարակումները

Media.am-ը  ունի փաստերի ստուգման փոքր թիմ, որը կազմված է տեղեկատվական հոսքը մոնիթորինգ անող մասնագետներից, փաստեր ստուգող լրագրողներից և խմբագիրներից։ 

Media.am-ի մոնիթորինգի մասնագետները ամենօրյա ռեժիմով հետևում են Ֆեյսբուքում տարածվող բովանդակությանը։ Այստեղ մեր հիմնական գործիքը Crowdtangle-ն է։ Այս գործիքը անվճար է, սակայն տրամադրվում է միայն Ֆեյսբուքի կողմից որոշակի չափանիշներով ընտրված կազմակերպություններին: Դա մշտադիտարկման գործիք է, որն օգնում է տեսնել, հետևել ու վերլուծել սոցիալական մեդիայում լայն տարածում ստացած հրապարակումները թե՛ էջերում, թե՛ խմբերում։

Crowdtangle-ում՝ մոնիթորինգի ենթակա էջերի ցանկում, ընդգրկված են առավել լայն լսարան ունեցող հարթակները (ստուգման նախապատվությունը տրվում է մեծ թվով հետևորդներ ունեցող էջերին), ինչպես նաև այն հարթակները, որոնք նախկինում չեն խորշել տարածել շփոթեցնող կամ կեղծ բովանդակություն։

Ըստ Ֆեյսբուքի՝ ստուգման ենթակա են ֆեյսբուքյան և ինստագրամյան գրառումները, ներառյալ գովազդը, հոդվածները, նկարները, տեսանյութերը և տեքստային գրառումները։  Ստուգման ենթակա ցանկացած հրապարակում ընտրվում է խմբագրական քննարկումների արդյունքում և հաստատվում IFCN անդամ «Փաստ-մետրի»  կողմից։ 

Հրապարակումները ընտրելու համար կարևորագույն սկզբունքը ստուգելիությունն է։ Այսինքն՝ եթե հրապարակումը հնարավոր չէ ստուգել փաստերի ստուգման մեթոդներով, ապա մենք չենք կարող դրան անդրադառնալ՝ նույնիսկ եթե կա ողջամիտ կասկած, որ այն կարող է պարունակել ապատեղեկատվություն։ Օրինակ՝ ԱԺ արտահերթ ընտրությունների օրերին մամուլում պարբերաբար հայտնվում էր տեղեկություն այն մասին, որ այս կամ այն քաղաքական ուժն ընտրակաշառք է բաժանում։ Սակայն այս տեղեկությունը ստուգելու համար պահանջվում է իրավապահ մարմինների հետաքննություն կամ լրագրողական հետաքննություն, որը լրագրության այլ ժանր է և տարբերվում է փաստերի ստուգումից։ 

Ի՞նչ է վճիռը

Հնարավոր ապատեղեկատվություն պարունակող նյութ հայտնաբերելուց հետո Ֆեյսբուքի սահմանված չափանիշների հիման վրա դրան շնորհվվում է վճիռ։ Ֆեյսբուքը ունի վեց վճիռ։ 

Ստուգված տեղեկության վրա դրվում են պիտակներ, որոնցով Ֆեյսբուքը տեղեկացնում է լսարանին, որ տվյալ տեղեկատվությունը կասկածելի բովանդակության է։

Ապատեղեկատվություն տարածած և պիտակ ստացած էջերի կամ օգտատերերի հանդեպ Ֆեյսբուքը կիրառում է սահմանափակումներ, որոնք կարող են հանգեցնել դիտելիության նվազման, գովազդի և մոնետիզացիայի սահմանափակման, նոր էջ ստեղծելու սահմանափակման։ Եթե ֆեյսբուքյան հարթակը չի շարունակում տարածել ապատեղեկատվություն, ապա ժամանակի ընթացքում դրա վրա կիրառված սահմանափակումները կհանվեն Ֆեյսբուքի կողմից։ Ավելի մանրամասն Ֆեյսբուքի սահմանափակումների մասին կարդացեք այստեղ։ 

Ի՞նչ անել, երբ էջը պիտակ է ստացել

Ցանկացած հրապարակման պիտակ հնարավոր է բողոքարկել։ Պիտակը հանելու և ֆեյսբուքի սահմանափակումները վերացնելու համար կարելի է ուղղել ապատեղեկությունը կամ բողոքարկել վճիռը։ Ուղղման կամ բողոքարման պահանջները պետք է ուղարկել [email protected] էլ․հասցեին՝ վճռի մասին ծանուցում ստանալուց հետո 7-օրյա ժամկետում։ 

Ֆեյսբուքը մանրամասն ուղեցույց է պատրաստել այդ հայտերը կազմելու համար։

✅ Կարելի է դիմել վճռի վերանայման, եթե ուղղել եք սխալ պնդումը և ուղղման մասին հստակ նշում կատարել ֆեյսբուքյան գրառման մեջ։ Եթե նյութը պարունակում է URL հղում, ապա ուղղումը պետք է լինի նաև կայքում (ներառյալ վերնագրում)։ Եթե ուղղումը կատարվել է պատշաճ կերպով, ապա Ֆեյսբուքը կհանի հրապարակման պիտակը և կվերացնի սահմանափակումները։

✅ Կարող եք նաև բողոքարկել վճիռը՝ հստակ նշելով, թե ինչու է ձեր կարծիքով վճիռը եղել սխալ։ Յուրաքանչյուր դեպքում բողոք ուղարկողը կտեղեկացվի բողոքը ընդունելու կամ մերժելու մասին։ 

Ուղղման և բողոքարկման հայտերը կազմելիս կարելի է օգտագործել հայտի օրինակելի ձևը։ 

❌Կարևոր է հիշել, որ պետք չէ ջնջել Ֆեյսբուքի կողմից պիտակ ստացած գրառումը, քանի որ այդ դեպքում փաստեր ստուգող կազմակերպությունը չի կարողանա վերանայել վճիռը։

Ինչու՞ են թիրախավորվում Ֆեյսբուքում փաստեր ստուգողները

Փաստեր ստուգող լրագրողների աշխատանքի արդյունքում ապատեղեկատվություն տարածող էջերի հանդեպ Ֆեյսբուքը կիրառում է սահմանափակումներ։ Այդ պատճառով փաստեր ստուգող կազմակերպությունները հաճախ թիրախավորվում են և դառնում սպառնալիքների կամ տեղեկատվական արշավի զոհ։

2021-ի հուլիսին IFCN-ը հայտարարեց, որ ստեղծել է աշխատանքային խումբ փաստեր ստուգող կազմակերպությունների և լրագրողների դեմ թիրախավորված արշավների խնդրին անդրադառնալու նպատակով։ 

Ինչո՞ւ է այս ծրագիրը կարևոր

Ապատեղեկատվությունը Հայաստանի տեղեկատվական դաշտում համատարած է։ Հաճախ այն կարող է լինել վնասակար․ օրինակ՝ վտանգել հանրային առողջությունը, թիրախավորել հասարակության խոցելի խմբերը, մոլորեցնել հանրությանը՝ կարևոր հասարակական կամ քաղաքական իրադարձություններից առաջ և այլն։ 

Ֆեյսբուքի երրորդ կողմի փաստերի ստուգման ծրագիրը լրագրողներին տալիս է գործուն մեխանիզմներ Հայաստանի ամենաօգտագործվող սոցիալական ցանցում (այս ծրագրի շրջանակներում ստուգվում են միայն Ֆեյսբուքում և Ինստագրամում տեղադրված տեղեկությունները) ապատեղեկատվությանը հակազդելու համար։ 

Հունիս ամսվա ընթացքում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Media.am կայքը և վրացական «Փաստ-մետրը» հրապարակել են շուրջ 30 փաստերի ստուգման հոդված, որի արդյունքում Ֆեյսբուքը պիտակավորել է ավելի քան 500 ապատեղեկատվություն պարունակող հրապարակում։ 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի և media.am թիմի ռեսուրսը սահմանափակ է և ոչ բոլոր ապատեղեկատվություններն են գտնվում կամ ստուգվում։ Այդ իսկ պատճառով կարևոր է համագործակցությունը լսարանի հետ։ Փաստերի ստուգման թիմը դիմում է հանրությանը՝ առաջարկելով արձագանք չստացած որևէ կասկածելի տեղեկություն նկատելու դեպքում ուղարկել  media.am կայքի «Կապ մեզ հետ» էջում տեղադրված էլ․ փոստի հասցեով կամ Ֆեյսբուքում մեր էջի օգնությամբ։

Կարինե Ղազարյան
Գեղամ Վարդանյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *