Վճիռ․ սխալ տեղեկություն
Հունիսի 20-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Գալուստյանը (Ruben Galustyan) գրեց, թե ՀՀ կառավարական օդանավը մտել է Ադրբեջանի տարածք։ Այս հոդվածը հրապարակելու պահին գրառումով կիսվել էին 231 անգամ, այն տարածել էին լրատվականներն և սունկ (քլիքբեյթ) կայքերը։
Տեղեկությունը սխալ է։ Օգտատիրոջ հրապարակած սքրինշոթերում Հայաստանի կառավարական օդանավը չէ։ Ավելին՝ հունիսի 20-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահը հաստատեց, որ այդ պահին կառավարական օդանավը գտնվում էր Զվարթնոց օդանավակայանում։ Ռուբեն Գալուստյանը ավելի ուշ խմբագրեց իր գրառումը՝ հեռացնելով «կառավարական» բառը։ Նոր խմբագրումով նա պնդում էր, թե Ադրբեջան է մտել հայկական ինքնաթիռ։ Որպես ապացույց կցված սքրինշոթը, սակայն, նույնպես ցույց չէր տալիս Ադրբեջանի տարածք մտնող հայկական օդանավ։
Սքրինշոթում Հայաստանի կառավարության օդանավը չէր
Ռուբեն Գալուստյանը հրապարակել էր 3 սքրինշոթեր, որոնց վրա երևում էր Airbus A319-115(CJ) օդանավը, որը Թբիլիսիից ուղևորվում էր դեպի Ադրբեջան։
Սակայն ներկայացված ինքնաթիռը Հայաստանի կառավարությանը չի պատկանում: Կառավարությանը պատկանող միակ օդանավը Airbus A319-132(CJ)-ն է, ոչ թե` Airbus A319-115(CJ)-ը։ Կառավարության օդանավի տվյալներն ու նկարները կարելի է տեսնել այստեղ՝ հղում 1, հղում 2, հղում 3։
Ռուբեն Գալուստյանը գրառումը կատարել էր հունիսի 20-ի երեկոյան` 17:48-ին։ Դրանից շուրջ երեք ժամ անց՝ 21։00-ին, Media.am-ի և Factcheck.ge-ի հետ զրույցում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը հերքեց կառավարական օդանավի՝ Ադրբեջան մեկնելու պնդումը։ Նա նաև մեզ ուղարկեց այդ պահին Զվարթնոցում կայանած կառավարական օդանավի լուսանկարը:
Երևանից Թբիլիսի չվերթը տևում է մոտ կես ժամ, իսկ Թբիլիսիից Բաքու՝ մեկ ժամից մի փոքր ավել։ Ինքնաթիռին հարկավոր կլիներ որոշ ժամանակ այս քաղաքներում վայրէջքների և մեկնումների համար, հետևաբար 17:48-ի և 21։00-ի միջև ընկած ժամանակահատվածում (շուրջ 3 ժամ) այն չէր կարող կատարել Երևանից-Թբիլիսի-Բաքու չվերթը և հետ վերադառնալ։
Մենք տեսագրեցինք Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքով հունիսի 20-ին 12:00-22:00-ն անցած ժամանակահատվածում FlightRadar24 կայքում երևացող չվերթները։ Երևան-Թբիլիսի-Բաքու թռիչք այս տեսագրության մեջ չի երևում։
Այսպիսով՝ Գալուստյանի պնդումն այն մասին, թե ՀՀ կառավարական ինքնաթիռը մտել է Ադրբեջանի տարածք, սխալ է։
Օդանավի համարը այլ է
Ռուբեն Գալուստյանի գրառման մեկնաբանություններում օգտատերերից մեկը նկատել էր, որ կառավարության օդանավի համարը չի համընկնում այն համարի հետ, որը երևում է Գալուստյանի սքրինշոթերում։ Նա նաև հավելել էր, որ կառավարության օդանավի թռիչքների համարը (callsign-ը) բաց տվյալ է և երևում է, իսկ այս գրառման սքրինշոթերի վրա callsign-ը փակ է։
Ռուբեն Գալուստյանը խմբագրեց իր գրառումը՝ «ՀՀ կառավարական օդանավը»՝ փոխարինելով «հայկական օդանավը» բառակապակցությամբ։
Նա հրապարակեց նոր սքրինշոթ, որի վրա երևում էր նաև տվյալ թռիչքի համարը՝ callsign-ը՝ RM727 և ավիաընկերությունը՝ Aircompany Armenia։
Այս սքրինշոթում, սակայն, չի երևում օդանավի թռիչքի ուղղությունը, երևում է միայն նշանը՝ Թբիլիսի քաղաքի մոտ։ Ավելին՝ RM727 callsign-ը տվյալ թռիչքի համարն է, որը չի կարող դրվել ուրիշ թռիչքի վրա։ Սակայն, այս համարով թռիչքը FlightRadar24-ում որոնելիս, կարելի է տեսնել, որ այն եղել է Երևանից Թեհրան, և իրականացրել է Aircompany Armenia ավիաընկերությանը պատկանող Boeing 737-505 օդանավը (այլ ոչ թե Airbus A319-115(CJ) օդանավը, ինչպես երևում էսքրինշոթում)։
Ստորև նկարում ընդգծված տեղեկությունը՝ «ATD 5:18», նշանակում է «actual time of departure 5:18», այսինքն՝ Զվարթնոցից օդանավը մեկնել է Թեհրան 17:18-ին։
Կարևոր է հաշվի առնել, որ FlightRadar24 կայքը պաշտոնական աղբյուր չէ։ Դրանում տեղ գտած տեղեկությունը հիմնականում հիմնված չէ ավիաընկերությունների կամ պետական գերատեսչությունների տրամադրած տեղեկության վրա։ Այս պատճառով մենք կապվեցինք նաև պաշտոնական աղբյուրի՝ ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ, որը նույնպես հաստատեց, որ նկարի վրա ներկայացված տեղեկությունը սխալ է։
Այսպիսով՝ օգտատեր Ռուբեն Գալուստյանի խմբագրված պնդումն այն մասին, թե հայկական օդանավը մտել է Ադրբեջանի տարածք, սխալ է։ Նրա՝ Թբիլիսիում A319-115(CJ) օդանավը պատկերող սքրինշոթը չի համընկնում գրառման մեջ հնչող պնդման հետ, քանի որ, ըստ FlightRadar24-ի տվյալների, հայկական օդանավը ուղևորվել էր Երևանից Իրան, ոչ թե՝ Ադրբեջան։
Քանի որ սքրինշոթի վրա երևացող տեղեկությունը չի համընկնում նույն FlightRadar24 կայքում ներկայացված RM727 չվերթի մասին տեղեկության հետ, ապա սքրինշոթը կարող է կեղծված լինել։
Կարինե Ղազարյան
Օֆելյա Սիմոնյան
Այս հոդվածը պատրաստվել է Փաստ-մետրի հետ համատեղ և հանդիսանում է Facebook- ի Փաստերի ստուգման ծրագրի մի մասը: Ելնելով վճռից` Facebook- ը կարող է տարբեր սահմանափակումներ կիրառել. ամբողջական տեղեկատվությանը ծանոթանալու համար այցելեք այստեղ: Ուղղելու կամ վճիռը բողոքարկելու մասին տեղեկատվությանը ծանոթացեք այստեղ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: