2021.06.28,

Խաչմերուկ

Հետպատերազմյան տեղեկատվական քաղաքականության մասին. կեղծիքի ու անվստահության մեջտեղում

Մայիսի 12-ին, ինչպես «ընդունված է» մեր կառավարության դեպքում, սահմանային լարվածության կամ ադրբեջանական կողմից նոր սադրանքի մասին սկսեցին առաջինը գրել տելեգրամյան էջեր ու տարբեր կայքեր՝ համեմելով որոշ կեղծ տեղեկությամբ։ Լուրեր տարածվեցին, որ Սյունիքի Մեծ Իշխանասար լեռնագագաթի մոտակայքում մարտեր են։ Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հերքեց այդ տեղեկությունը, այսինքն՝ հերքեց մարտերի մասին լուրերը, ապա հաստատեց, որ ադրբեջանական զինուժը ներխուժել է Հայաստանի տարածք։

ՍիվիլՆեթի թիմը որոշեց ինձ գործուղել Սյունիք։ Քանի որ այդ ժամանակ տեղեկություն կար, որ Մեծ Իշխանասարի մոտ գտնվող համանուն գյուղում լարված է, ես առաջինը գնացի հենց այդ գյուղ և զրուցեցի մարդկանց հետ, որոնք, դեպքի օրը զինվորականներին չհաշված,օրը ամենամոտ էին գտնվել Իշխանասարին, այդ հատվածներում են գտնվում նրանց դաշտերը, արոտավայրերը։ Մարդիկ ասացին, որ որևէ լարվածություն չկա գյուղում, ինչպես նաև չեն լսել կրակոցների կամ պայթունների ձայներ դաշտերում։ Ես այդ մասին գրեցի ու հայտնվեցի որոշ խմբերի թիրախում։

Հիմնական մեղադրանքն այն էր, որ ես գնացել եմ, ոչ թե Մեծ Իշխանասար, այլ Իշխանասար գյուղ։ Ես ընտրել էի հավանական լարված տեղանքի ամենամոտ կետը։ Մեծ Իշխանասար, բնականաբար, չէի կարող բարձրանալ, երկու պարզ պատճառով՝ նախ այդ լեռնագագաթը կիսվում է հայկական-ադրբեջանական սահմանի միջև և երկրորդ՝ դրա համար պետք էր հատուկ լեռնագնացի հմտություններ, ինքնուրույն բարձրանալ հնարավոր չէր, առավել ևս, որ այդ տարածքներում զինված ուժերի տեղաշարժ էր ընթանում։ Հետագայում, սակայն, պարզվեց, որ խնդիրը Մեծ Իշխանասար լեռան հարավարևելյան լանջին գտնվող Սև լճի հետ էր կապված։ 

Այս պատմության վերջում՝ ՍիվիլՆեթն անգամ ստիպված եղավ պարզաբանմամբ հանդես գալ, որպեսզի ընթերցողին իրավիճակն ավելի հասկանալի լինի։ Ամենացավալին այն էր, որ ՍիվիլՆեթը, որը որևէ թերացում թույլ չէր տվել, սկսեց արդարանալ։ Ես կողմ եմ դրան, քանի որ ընթերցողի հետ պետք է պարզ խոսել, իսկ այն լրատվամիջոցները, որոնք պնդում էին, թե այդ հատվածում մարտեր են ընթանում, կան վիրավորներ, ինչպես նաև նրանց հղում կատարած մյուս ԶԼՄ-ները, այդպես էլ իրենց լսարանից ներողություն չխնդրեցին թյուր տեղեկություն փոխանցելու համար։ Որևէ կերպ չխոսեցին ընթերցողի հետ։

Պատերազմից հետո հասարակությունը սկսել է գրեթե չվստահել պաշտոնական աղբյուներին ու լցվել է վատատեսությամբ, ինչը բնական է։ Այս ամենի արդյունքում, հասարակությունը թերհավատ է նաև լրատվամիջոցների նկատմամբ, որոնք ամենուրեք տիրող տեղեկատվական քաոսում փորձում են հավաստի ինֆորմացիա տալ։ Զավեշտալի մի իրավիճակ՝ եթե մայիսի 12-ին ես Երևանում մնայի ու հղում տալով սեփական աղբյուրներին, գրեի, որ Մեծ Իշխանասարի մոտակայքում արձանագրված պայթունների ձայնը լսել են Իշխանասար գյուղում, ինձ այդաստիճան չէին թիրախավորի, որքան Իշխանասար գյուղ այցելելուց հետո հայտնած լուրի համար։

Այս ամենն, իմ կարծիքով, արդյունք է իշխանական սխալ տեղեկատվական քաղաքականության։ Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ ադրբեջանական զինուժը Հայաստանի տարածքում է։ Վերջերս, թերևս պայմանավորված նախընտրական քարոզչությամբ, գլխավոր շտաբը կազմակերպեց լրագրողական այցեր առաջնագիծ։ Ընդ որում, լրագրողներին տանում էին ոչ թե ադրբեջանական զինուժի առաջխաղացման կետեր, այլ առավել բարենպաստ պայմաններ ստեղծված դիրքեր։ 

Ինչ չի արվում. առ այսօր չեմ հասկացել, թե ինչո՞ւ իշխանությունը լրագրողներին չի տեղափոխում ադրբեջանական կողմից Հայաստանի տարածքը խախտած դիրքեր, ինչո՞ւ ամենշաբաթյա ռեժիմով քարտեզների միջոցով չի ներկայացնում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխանության խախտման փաստերը։ 

Մայիսի 26-ին այցելեցինք Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղ, այցը նախատեսված ու համաձայնեցված չէր պաշտպանական գերատեսչության հետ։ Համայնքի ղեկավարի ջանքերով հասանք գյուղ, որն առ այսօր փակ է լրագրողների համար։ Գյուղում մեզ միանգամից մոտեցան զինվորականներն ու արգելեցին նկարահանումները, պատճառը արդարացի էր՝ առաջնագիծ է, տեղի են ունենում զինված ուժերի շարք ու դա չպետք է հայտնվի կադրում։ Վերին Շորժայի գյուղապետը ուներ նաև իր փաստարկը, ասում էր, որ անընդհատ տեղեկություն է տարածվում, որ համայնքում խուճապ է, մարդիկ փախչում են ու հարկավոր է հանգստացնել։ Ի վերջո, նկարահանեցինք նրան, սակայն այնպես, որ որևէ զինտեխնիկա կամ զինվորականների տեղակայման վայր չերևա։

Այս իրավիճակին բախվում ենք գրեթե ամենուր, քանի որ չկա կենտրոնացված տեղեկատվական քաղաքականություն, համայնքապետերն սկսում են ինքնուրույն լուծել տեղեկատվական վակուումի խնդիրը։

Այսպիսով, պետական գերատեսչությունների տեղեկատվական քաղաքականության բարեփոխման նպատակով հետևյալն առաջարկն այսօր արդիական է.

  • Պարբերաբար կազմակերպել այցեր այն վայրեր, որտեղ ադրբեջանական զինուժը խախտել է Հայաստանի սահմանը, իհարկե, ապահովելով լրագրողների անվտանգությունը, 
  • Քարտեզներով ներկայացնել ստեղծված իրավիճակը,
  • Վարել կենտրոնացված տեղեկատվական քաղաքականություն։ 

Գևորգ Թոսունյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *