Ապրիլին հայկական լրատվամիջոցներում ամենաքննարկվող թեմաները Բաքվում՝ արցախյան երկրորդ պատերազմին նվիրված ռազմական պուրակի բացումն ու ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ապրիլի 24-ի ելույթում ցեղասպանություն եզրույթի օգտագործումն էին։
Պուրակի բացման արձագանքները
Ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ Բաքվում բացվեց արցախյան պատերազմին նվիրված պուրակ, որտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ ցուցադրված են հայ զինվորների կերպարներ, զինվորների անձնական իրեր և այլն։
Պաշտոնական Երևանը դատապարտել է կատարվածը՝ ընդգծելով, որ Բաքվում Ադրբեջանն ի ցույց է դնում, որ այդ գործողությունն ուղղված է հրապարակայնորեն նսեմացնելու պատերազմում զոհվածների հիշատակը, անհետ կորածներին ու գերիներին, ոտնահարելու իրենց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը։
Հանրայինն իր լուրերի թողարկումներից մեկում ներկայացրել է Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամների կարծիքները։ Քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ’Ֆարելի կարծիքով՝ Բաքվի պուրակը հիշեցնում է նացիստական Գերմանիան՝ «դա գարշելի է և վտանգավոր»։
«Կարծում եմ՝ նրանք կանգ չեն առնի Արցախով, որտեղ արյունահեղությունն ավարտվեց հայերի նախնիների հողերի գրավմամբ և բազմաթիվ մահերով։ Մենք պետք է բարձրաձայնենք սա միաձայն»,-նշում է նա։
ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանի կարծիքով՝ «այլ կերպ, քան հոգեկան շեղում, ադեկվատության ի սպառ կորուստ նկարագրելը այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում, դժվար է բնորոշել»։
«Աշխարհը ու պատմությունը տեսել են բազմաթիվ խելագար դիկտատորների, որոնք պատուհաս են դարձել ոչ միայն իրենց ժողովուրդների, այլև այս պարագայում տարածաշրջանի ու հարևան պետությունների համար»,- նշել է Կոնջորյանն ու շարունակել, որ հայ ժողովուրդը պիտի օգտագործի իր բոլոր հնարավոր ռեսուրսները՝ պատշաճ պատասխան տալու և չեզոքացնելու այն։
Իսկ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն էլ այն կարծիքին է, որ «այս պուրակով Ալիևը սկսեց մի գործընթաց, որի արդյունքում ինքն իր հաղթանակները արագ կմսխի և մեզ հնարավորություն տվեց, որպեսզի մենք հոգեբանորեն պատրաստվենք մեր հետագա հաղթանակներին»։
5-րդ ալիքը «Բաքվի արյունոտ թանգարանը. Ալիևը աշխարհի ամենադաժան երազում» խորագրով լուրերի թողարկմանն անդրադարձել է պուրակի մասին միջազգային արձագանքներին․ «Ատելության դիսնեյլենդ, բարբարոսության հուշարձան։ Միջազգային մամուլը, քաղաքական էլիտան, առհասարակ միջազգային հանրությունը ամենակոշտ բառերով են քննադատում Բաքվում Ալիևի բացած զբոսայգին»։
Թողարկման ընթացքում, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ «ինչքան մենք ենք թշնամի համարում, այնքան էլ մեզ են համարում թշնամի», հաղորդավարը նշում է, որ ո՛չ Երևանում, ո՛չ Ստեփանակերտում այդպիսի պուրակ չկա․ «․․․Հայ հանրությունը ապշած էր ադրբեջանցիների անմարդկայնությունից։ Մարդիկ, որոնց գլխին ֆոսֆորային ռումբեր են նետել, գլուխ կտրել, կացինով սպանել, տեսախցիկների առաջ գերիներ տանջամահ արել, կարող են դեռ զարմանալ թուրքի գազանությունից»։
Պուրակի բացումը լուսաբանելիս որոշ լրատվամիջոցներում տեղ են գտել քննադատություններ ոչ միայն Ալիևի, այլև Փաշինյանի հասցեին։
«Ամեն ինչի ու ոչնչի մասին Նիկոլ Փաշինյանի նոր պեֆորմանսը յուրայինների կրքոտ ծափերին արժանացավ այն պահին, երբ Ալիևը թշնամանքի էքսպո բացեց Բաքվում՝ իրեն հատուկ լկտիությամբ աղ լցնելով մեր բաց վերքի վրա։ Բաց վերք, որ պատերազմից հետո չեն թողնում փակվի նաև տեղական խաղաղասերները, թշնամու հետ հապճեպ բարեկամանալու իրենց կոչերով։ Ալիևը ատելության հուշարձան բացեց այն պահին, երբ Հայաստանում դեռ չէին լռել իշխանականների հայտարարությունները հաղթող կողմի հետ հարաբերություններ հաստատելու, թշնամանքին վերջ տալու եզակի շանսի մասին»։
«Բաքվում բացված պուրակը իրականում 2018 թվականի հեղափոխության թանգարանն է»,- ասել է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։
«Դա Արարատ Միրզոյանի թանգարանն է, Տիգրան Ավինյանի թանգարանը, Լիլիթ Մակունցի թանգարանը, Նիկոլ Փաշինյանի և իր ողջ ընտանիքի թանգարանն է։ Հուսով եմ, որ որպես կենդանի մուլյաժ մի օր այնտեղ կտեղադրվեն»։
Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանի խոսքով էլ՝ այսպես շարունակվելու դեպքում այդ պուրակը Երևանում է լինելու։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը «իր ոհմակով դատվելու դեպքում կարելի է խոսել վերածննդի մասին»։
«Երկրում մի դավաճան կա, այն էլ Փաշինյանն է»,- ասում է նա։
«Սեփական բռնապետի «օրինակին» հետևելով, Բաքվում մայր ու մանուկ հերթի տակ այցելում են տխրահռչակ «Ռազմական ավարի զբոսայգին» և ծաղրում մեզ, բայց նաև իրենց»,- գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Ինչո՞ւ նաև իրենց։ Որովհետև Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը չունի «Հաղթանակի զբոսայգի», չունի հաղթական հորջորջվող պատերազմի հերոսներ, չունի նույն պատերազմում փայլուն իրականացված որևէ ռազմական գործողություն, այլ ունի հիվանդ իշխանություն և հասարակություն, որոնք իրենց մայրերին և երեխաներին թունավորում են մեր զինվորի խրտվիլակներով և գանգերի «խորհրդանիշ» սաղավարտներով»:
Ըստ նրա՝ այդ հիվանդ կազմավորման հետ հարատև հաշտություն կամ խաղաղ հարևանություն քարոզողը հիվանդ է ինքը, հիվանդ է մեզ այս ամոթալի վիճակին հասցրած՝ Հայաստանում դեռևս իրեն իշխանություն համարող և չհեռացող վարչախումբը։
Երգչուհի Աննա Մայիլյանը կարծում է, որ «աբսուրդ է այսօր խաղաղասիրության մասին խոսելը։ ․․․Քաղաքակիրթ մարդկանց համար Բաքվում բացված պուրակը ծիծաղելի է, եթե աշխարհն աջակցի այդ երկու ֆաշիստական պետություններին, կանգնելու է շատ ավելի մեծ խնդրի առջև»:
Թեման արծարծվել է նաև Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի՝ ապրիլի 19-ի նիստում։
Էդմոն Մարուքյանն իր ելույթում նշել է․ «Այս գործողությամբ Ալիևը միացավ այնպիսի բռնապետերի ցուցակին, ինչպիսիք են Հիտլերը և Սադամ Հուսեյնը։ ․․․Այս ամենը տեղի է ունեցել ոչ թե անհայտ մի պետությունում, այլ Եվրոպայի խորհրդի անդամ պետություններից մեկում` Ադրբեջանում: Լուսանկարներից մեկում ադրբեջանցի երեխան խաղում է հայ զինվորի ռասիստական մուլյաժի հետ, ով, հավանաբար, խոշտանգվել է Ադրբեջանի բանտում: Այս նկարներն ի ցույց են դնում այն, որ Ադրբեջանում հայերի և Հայաստանի հանդեպ համակարգային ռասայական ատելություն է տիրում»։
Պուրակի ստեղծումը դատապարտել է նաև Եվրախորհրդարանի հույն պատգամավոր Նիկոս Անդրուլակիսը՝ այն անվանելով հայ զինվորների հիշատակն անարգող բարբարոսություն:
Ամերիկյան «National Interest» ամսագրի հոդվածագիր Մայքլ Ռուբինը Իլհամ Ալիևին համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ, իսկ Բաքվում բացված «պուրակ-թանգարանը»՝ Բաղդադի «Կադիսիայի թրեր» հաղթակամարի հետ:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը Ադրբեջանի նախագահին ուղղված նամակում կոչ է անում ցուցաբերել ծայրահեղ զգուշություն, որպեսզի չարմատավորվեն ու չբազմապատկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով տուժած համայնքների միջև եղած խոր դժգոհությունները:
«Բաքվում բացված «ավարի պուրակը» հաստատում է թերարժեքության անբուժելի բարդույթը, որով տառապում են բարբարոսները։ Դիակների վրա քայլող Ալիևը՝ իր նախնիների արժանի զավակը, սովոր է ոչնչացնել։ «Քաղաքակիրթ աշխարհը» չի արձագանքել այդ բարբարոսության շքերթին և միայն խոժոռվել է զզվանքից»։
Միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանի կարծիքով՝ «դա անհանդուրժողականության դրսևորում է և թշնամության խրախուսում: Խնդիրը ինքնին նման ցուցահանդեսը չէ, այլ այն, թե ինչպես է այն ներկայացվում: ․․ Իրավական գործընթացներում Ադրբեջանը պարտվողական է գնալու ռասիզմի համատեքստում, որովհետև բոլոր կարմիր գծերը հատել են»:
Գերմանական «Bild» թերթը հոդված է հրապարակել «պուրակի» բացման մասին՝ խիստ քննադատության ենթարկելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
«Այժմ բռնապետ Իլհամ Ալիևը, որն Ադրբեջանի նախագահն է 2003 թվականից, բացում է «Ռազմավարի պուրակ» ցուցահանդես` իր հաղթանակով պարծենալու համար: Իրականում այս «այգին» միայն մեկ անճաշակ նպատակ ունի՝ ծաղրուծանակի ենթարկել պատերազմի հայ զոհերին»:
«Բաքվում ռազմավարի «պուրակի» առկայությունը, որտեղ հայերը ծաղրվում ու նվաստացվում են պարզունակ կերպով, մեծ վտանգ է հենց Ադրբեջանի համար»,- ասում է գերմանացի պատմաբան, փիլիսոփայության դոկտոր պրոֆեսոր Տեսսա Հոֆմանը։
Ցեղասպանության ճանաչում․ ինչ հեռանկարներ կան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլքսանչորսյան իր ելույթում օգտագործեց ցեղասպանություն եզրույթը, որը որակվեց որպես ցեղասպանության ճանաչում։ Հայաստանից շնորհակալության խոսքերին զուգահեռ Անկարայից հնչում էին մեղադրանքներ ու վիրավորանքներ՝ Բայդենի հասցեին։
ԱՄՆ կոնգրեսակաների կարծիքները ներկայացվեց Հայաստանի լրատվամիջոցներով առ այն, որ ճանաչումը եղավ շատ կարևոր պահի, երբ Ադրբեջանն ու Թուրքիան կրկին պատերազմ սկսեցին հայ ժողովրդի դեմ. «Նախագահի կամքը խոսել ճշմարտության մասին հաստատում է, որ Միացյալ Նահանգները սատարում է իր դաշնակիցներին և չի կանգնում ավտոկրատ բռնապետների կողքին, որոնք սպանում են իրենց հարևաններին»։
«Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա ցույց տվեց, որ դեռ կան մարդիկ, որոնք ցանկանում են արմատախիլ անել հայ ժողովրդին։ Մենք պետք է սատարենք հայերի ինքնորոշման իրավունքի պայքարը։ Ցավոք, չենք կարող չեղարկել անցյալը, բայց կարող ենք ազնիվ լինել՝ ճանաչելով ցեղասպանությունը և ապահովագրել նրանց, որ կրկին ոչինչ չպատահի»։
Միջազգային մամուլը նույնպես անդրադարձել է Բայդենի հայտարարությանը ու դրա հետևանքներին։ «Lragir.am»-ը գրում է, որ «Թուրքիայի և Հայաստանի հարաբերություններին հետապնդում է ինչպես անցյալը, այնպես էլ ներկան: Այս խոսքերով է բրիտանական «Economist» պարբերականի խմբագրականն անդրադարձել երկու երկրների միջև հարաբերություններին՝ փաստելով, որ Թուրքիան և Հայաստանը հաշտեցման նշաններ ցույց չեն տալիս»:
«The Guardian»-ն էլ գրում է, որ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ի անդամի և տարածաշրջանային դաշնակցի կարգավիճակը երկար ժամանակ ԱՄՆ նախագահներին հետ է պահել ճանաչումից: Բայց Վաշինգտոնի և Անկարայի հարաբերությունները վերջին տարիներին զգալիորեն վատթարացել են:
«The New York Times»-ն էլ շարունակում է, որ նախագահ Բայդենը հայերի զանգվածային սպանությունները ճանաչել է ցեղասպանություն՝ պատրաստակամություն հայտնելով փորձության ենթարկել Թուրքիայի հետ վատթարացող հարաբերությունները, որը ՆԱՏՕ-ի երկարամյա դաշնակից է տարածաշրջանում: Ցեղասպանության ճանաչումը Բայդենի վարչակազմի հավատարմությունն է մարդու իրավունքներին՝ նրա արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկին:
«Deutsche Welle»-ն գրում է, որ Բայդենի հայտարարությունը նախընտրական խոստման իրականացում է, բայց դա կարող է խնդիրներ առաջացնել ամերիկա-թուրքական հարաբերություններում:
«Ալ Ջազիրայի» փոխանցմամբ՝ Բայդենի հայտարարությունը տեղի ունեցավ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև լարված հարաբերությունների ժամանակ, որն ավելի վաղ հայտարարել էր, որ 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները ցեղասպանություն ճանաչելու դեպքում ավելի կտուժեն երկկողմ հարաբերությունները:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ձեռնպահ է մնում ԱՄՆ-ի հետ լարվածության հետագա սրումից, ինչը նշանակում է, որ Թուրքիայի ղեկավարը վախենում է խաթարել իր երկրի փխրուն ֆինանսները»,- գրում է «Bloomberg»-ը:
«Հայոց ցեղասպանությունը վերջնականապես ճանաչելու ԱՄՆ որոշումը կայացավ Վաշինգտոնում թուրքական լոբբիստների կողմից տասնամյակների սպառնալիքներից հետո»- գրում է Սեթ Ֆրանցմանը «Jerusalem Post»-ի իր հոդվածում:
«Բայդենի վարչակազմը բացահայտեց Թուրքիայի բլեֆը: Այն գաղափարը, որ 106 տարի առաջվա ցեղասպանության ճանաչումը Թուրքիային ինչ-որ կերպ կդրդի փակել ամերիկյան բազաները և Ռուսաստանի, Իրանի ու Չինաստանի հետ արագ համագործակցություն սկսել, տարօրինակ է թվում, հաշվի առնելով, որ Անկարան նույնպես պետք է մտածի «աշխարհաքաղաքականորեն»: Փաստարկը միշտ եղել է այն, որ Արևմուտքը Թուրքիայի կարիքը ավելի շատ ունի, քան Թուրքիան ունի ԱՄՆ-ի և Արևմուտքի կարիքը։
Կարծես թե սա գլխիվայր շուռ տվեց «աշխարհաքաղաքականությունը»: Եթե «աշխարհաքաղաքականությունը» հանդարտեցում է պահանջում և միշտ խնդրում է երկրից մուրալ, այլ ոչ թե երկկողմանի երթևեկությամբ փողոց է հանդիսանում, որը հիմնված է հարգանքի և ուժի վրա, ապա անհասկանալի է, թե ինչի է հասել ԱՄՆ-ը վերջին տասնամյակների ընթացքում՝ Թուրքիային հաճոյանալով»:
Շատ էին նաև պնդումներն առ այն, որ Բայդենի հայտարարությունը կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին։
«Բայդենը «փակեց» Պուտինին Արցախում» վերնագրով նյութում հեղինակը նշում է, որ Բայդենի հայտարարությունից հետո ստեղծվում է բոլորովին այլ իրավիճակ թե քաղաքական, թե քարոզչական առումով:
«Բայդենի ճանաչումից հետո Կրեմլի ողորմելի արձագանքը մատնում է Մոսկվայի շփոթվածությունը: Բայդենի որոշումը Մոսկվային զրկում է կարևոր մի «փաստարկից»՝ կապված Արևմուտքի «դավադրության» հետ: Իսկ Թուրքիային «Արևմուտքից» հանելու ռուսական քաղաքական մարմաջն այս պարագային կրկնակի զավեշտալի է դառնում. ստացվում է, որ Ռուսաստանը կարող էր ուղիղ համագործակցել Արևմուտքի հետ, համենայնդեպս Մինսկի խումբը միջազգային միակ հարթակն էր, որտեղ Մոսկվան ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ հավասար դիրքերում էր, սակայն գերադասել է թուրքահպատակությունը»:
Ըստ հեղինակի՝ Բայդենի որոշումը Պուտինին «փակում է» Արցախում, ողջ պատասխանատվությունը թողնելով Հարավային Կովկասում հակահայ քաղաքականության արդյունքում տապալված Մոսկվայի վրա:
«Ինչ է սպասվում Արցախում. Ջո Բայդենի առաջին ուղերձը Կոնգրեսին» վերնագրով նյութում հեղինակ Հակոբ Բադալյանը նշում է, որ առայժմ, դժբախտաբար, մենք դարձել ենք հակառակի՝ ամերիկա-ռուսական դիմակայության հետևանքի ականատես, ու դժբախտաբար ոչ միայն ականատես՝ մենք այդ հետևանքը զգացել ենք մեր մաշկի վրա, հազարավոր մեր հայրենակիցների կորստի, տարածքների կորստի բերած պատերազմի տեսքով:
«Եթե նշմարվի Արցախի, Կովկասի հարցում ամերիկա-ռուսական համատեղ աշխատանքի տրամադրվածություն, դա կարող է բարվոք ռեժիմ լինել Հայաստանի համար: ․․․Ինչպես կարող է Հայաստանը դուրս գալ այդ փակուղուց, գտնելով Արցախի հարցում ամերիկա-ռուսական շահի համադրման ուղղությամբ իր անելիքը: Այստեղ կարող է միջանկյալ կարևոր օղակ լինել Ֆրանսիան, որի ուղղությամբ թերևս պետք է նկատելիորեն աշխուժացնել դիվանագիտական-քաղաքական աշխատանքը»:
«Ինչ են պատրաստում Ֆրանսիան ու Ռուսաստանն Արցախի հարցում. նոր իրավիճակ Բայդենի որոշումից հետո» նյութում հեղինակն անդրադառնում է ապրիլի 26-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցին։
«Ոչ պաշտոնական տեղեկատվական հոսքերում շրջանառվեց տեղեկություն, որ Մակրոնն ու Պուտինը պայմանավորվել են առաջիկայում հանդես գալ Արցախի հարցի վերաբերյալ համատեղ նախաձեռնության մասին հայտարարությամբ»:
«Արդյո՞ք Ֆրանսիան հավակնում է ստանձնել Արցախի միջազգային ճանաչման գործընթացի առաջնորդողի դերը»:
«Լեգալ Պրոգրես» իրավական ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ, փաստաբան Գուրգեն Գրիգորյանի կարծիքով՝ «եթե մենք պահանջատեր չեղանք՝ Բայդենը ճանաչի ցեղասպանությունը, թե Մերկելը կամ չգիտեմ՝ ով, մեզ ոչ մի բան չի տալու»:
«Արցախյան վերջին պատերազմն էլ ցույց տվեց, որ այդ ամենը սուտ է՝ հայը միայն հույսը պետք է դնի իր վրա և իր զենքով պաշտպանի իր հողը: Թուրքի հետ հաշտ ապրել միայն հնարավոր է զենքը ձեռքին, որովհետև ցեղասպանը միշտ շարունակելու են նույն կերպ»:
Բացի վերոնշյալ առանցքային թեմաներից լրատվամիջոցները միաժամանակ անդրադարձել էին նաև սահմանային միջադեպերին, ադրբեջանցիների կողմից հայկական պատմամշակութային արժեքների շարունակական ոչնչացմանն ու գերիների վերադարձի խնդրին։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: