Լրատվամիջոցները նախընտրական քարոզչությունն ակտիվորեն լուսաբանում էին դեռևս պաշտոնական քարոզարշավի մեկնարկից շատ առաջ և մասնավորապես՝ դրան նախորդող շաբաթվա ընթացքում, ինչը պայմանավորված է քաղաքական պայքարի սրությամբ և ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի աննախադեպ քանակով։
Այս մասին նշվում է Երևանի մամուլի ակումբի կողմից ընտրությունների շրջանում ավանդաբար անցկացվող Հայաստանյան մեդիայի մշտադիտարկման առաջին փուլի՝ մայիսի 31- հունիսի 6-ի հաշվետվությունում։
Այս անգամ ուսումնասիրվել են հայկական համազգային բոլոր 6 հեռուստաալիքների (Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին ալիք, Ա-ԹԻՎԻ, «Արմենիա», «Երկիր Մեդիա», «Կենտրոն», «Շանթ») և Հայաստանի հանրային ռադիոյի աշխատանքը։
Այս ալիքներում հետազոտվել են երեկոյան պրայմ-թայմին (18.00-00.00) հեռարձակվող լրատվական ծրագրի հիմնական թողարկումը, լրատվական-վերլուծական հաղորդումները և հասարակական-քաղաքական/բանավիճային հաղորդումները:
Հետազոտությունից պարզ է դառնում, որ նոր ստեղծված կամ ոչ այնքան հայտնի կուսակցություններն ու դաշիքները մեդիայի ուշադրությունից դուրս են մնացել։
Հանրային ուշադրության կենտրոնացումը երկու քաղաքական ուժերի՝ «Հայաստան» դաշինքի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, անդրադարձել է նաև նրանց լուսաբանման վրա։
Եթե օրինակ «Հայաստան» դաշինիքին նշված լրատվամիջոցների կողմից հատկացվել է մոտ 11 ժամ, իսկ Քաղաքացիական պայմանագրին՝ վեց, ապա «Ազատական», «Ազատություն», «Ազգային օրակարգ»,«Համահայկական ազգային պետականություն» ,«Հայաստանի դեմոկրատական», «Հայաստանի եվրոպական» կուսակցություններին անդրադարձել են մասնակի և նրանց նվիրված եթերաժամանակը կազմել է ընդամենն ութական վայրկյան։
Եթերաժամանակի հանրագումարային ծավալով առաջատարը «Հայաստան» դաշինքն է, իսկ անդրադարձների հաճախությամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առաջատար է նաև իր մասին լրատվամիջոցներում բացասական հիշատակումների թվով՝ 66, որի գերակշիռ մասը՝ 40-ը Երկիր մեդիայի կողմից է արձանագրվել։
Իսկ դրական հիշատակումների արժանացել են ընդամենը երկու անգամ՝ Հանրային հեռուստաընկերության և Շանթի կողմից։
«Երկիր Մեդիան» երեկոյան պրայմ թայմի ժամանակ ընտրությունների թեմային հատկացված եթերաժամանակով գերազանցել է մյուս բոլոր հետազոտված հեռարձակողներին՝ միասին վերցրած։
«Հայաստան» դաշինիքի մասին մշտադիտարկվող լրատվամիջոցներում դրական և բացասական հիշատակումների քանակը գրեթե հավասար է՝ ութ դրական և ինը բացասական։ Մյուս կուսակցությունների ու դաշինքների մասին խոսվել է հիմնականում չեզոք դիրքերից։
Հենց այս երկու առաջատարների և ընտրապայքարի մասնակից մյուս 24-ի միջև խզումը հետազոտության հեղինակներին թույլ չի տալիս տալիս խոսել պաշտոնական քարոզչությանը նախորդող շրջանում քարոզարշավի հավասարակշռված լուսաբանման մասին։
Ինչպես լուսաբանեցին հունիսի 7-18-ի նախընտրական քարոզարշավը նշված լրատվամիջոցները պարզ կդառնա Երևանի Մամուլի ակումբի կողմից իրականացվող մշտադիտարկման հաջորդ փուլի ամփոփման արդյունքում։
Մանե Գրիգորյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: