Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին Մասիս այցելության ժամանակ խոստովանել էր, որ պատերազմի սկսելուց հետո է իմացել, որ բանակում զրահաբաճկոնի և սաղավարտի պրոբլեմ կա։ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, անուղղակի մեղադրել էր Փաշինյանին ռազմական միջոցներ արտադրող հայ-լեհակա համատեղ ընկերության հետ գործունեությունը դադարեցնելու համար։
«Երբ ես ՊՆ նախարար էի, մենք հայ-լեհական համատեղ ընկերություն էինք ստեղծել, որը բազմաթիվ ռազմական միջոցներ է արտադրել՝ այդ թվում զրահաբաճկոն, սաղավարտ: Ինձանից հետո այդ կազմակերպությունը փակվել է, հիմա իրենց հարցրեք՝ ինչու՞ է փակել»,- «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել էր Սեյրան Օհանյանը:
Մենք փորձեցինք հասկանալ՝ ո՞ր ընկերության մասին է խոսքը, ի՞նչ գործունեություն է այն ծավալել և ո՞րն է գործունեության դադարեցման պատճառը։
Խոսքը «Լյուբավա-Արմենիայի» մասին է
Զրահաբաճկոններ արտադրող հայ-լեհական առաջին ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, որը գործել է Օհանյանի ժամանակ, «Լյուբավա-Արմենիան» է։ Կազմակերպության բացումը 2014-ի հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ։ Արարողությանը ներկա էր նաև այդ օրերին ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը։
Հաղորդագրության մեջ ասվում էր, որ ձեռնարկությունը ստեղծվել է Չարենցավանի հաստոցաշինական գործարանի հենքի վրա և զբաղվելու է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, բազմաֆունկցիոնալ քողարկման արդի տեխնոլոգիաների արտադրությամբ՝ կեղծ թիրախների, տեխնիկական և այլ վրանների, սաղավարտների, զրահաբաճկոնների և այլնի թողարկմամբ։
2015-ին Մեդիամաքսի հետ զրույցում ընկերության տնօրեն Յարոսլավ Ռուխն ասել էր, որ արտադրանքի հիմնական պատվիրատուն և սպառողը ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Նաև հավելել, որ արտադրանքից ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը ևս օգտվում է։
Aysor.am-ի հետ զրույցում էլ Յարոսլավ Ռուխն ասել էր, որ ձեռնարկության արտադրանքի 20%- ն է միայն ռազմական նպատակներին ծառայում, մյուս 80%-ը՝ քաղաքացիական արտադրանք է: Զրահաբաճկոնները, նրա խոսքով, արտադրվում են երկու տեսակի ներդիրներով՝ կերամիկական (կշռում է մոտ 3 կգ ու կարող է դիմակայել Դրագունովի դիպուկահար հրացանի կրակոցին) և կեվլարային (կշռում է մոտ 1.5 կգ և կարող է դիմակայել Կալաշնիկով ավտոմատի 6 խոցման):
ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, գնդապետ Մուրադ Իսախանյանն ասել էր, որ կազմակերպությունը հիմնվել է 51%-49% համամասնությամբ, որից 51%-ը պատկանում է լեհական «Լյուբավային», 49%-ը՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը։ Սա ամրագրված է նաև կառավարության որոշմամաբ։ Որոշման մեջ նշվում է, որ «Լյուբավա-Արմենիայի» պետական բաժնեմասի կառավարման իրավունքը վերապահված է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը:
2016-ին «Լյուբավա-Արմենիա» ընկերությունը ArmHiTec-2016 ցուցահանդեսին ներկայացրել էր նաև զրահաբաճկոններ, որոնք, ըստ ընկերության ներկայացուցչի, հնարավոր էր ընդգրկվեին ՀՀ ԶՈւ սպառազինության մեջ: Իսկ ընկերության՝ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը արդեն իսկ զորային փորձարկումներ էին անցնում հայկական զինված ուժերում:
2013-14թթ ընթացքում ընկերությունը կատարել էր 2 մլն դոլարի ներդրում։ Zbiam.pl մասնագիտացված հարթակը, «Լյուբավա-Արմենիաին» հղումով, 2017-ին գրեց, որ ՀՀ ՊՆ-ն հատուկ հանդերձանքի/սարքավորման ձեռքբերման պայմանագիր է կնքել «Լյուբավա Գրուփի» հետ։ Պայմանագրով նախատեսված աշխատանքները գնահատավում էին 1,7 մլն դոլար։
ArmHiTec-2018-ին «Լյուբավա Արմենիան» ներկայացրեց զրահաբաճկոնի նոր մոդել, որը, ընկերության տնօրենի խոսքով, բանակի կողմից այդ պահին կիրառվող մոդելի համեմատ ավելի թեթև է։
2019-ի փետրվարին վարչապետ Փաշինյանը ընդունել էր ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին և «Լյուբավա» ռազմաարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչներին:
Ե՞րբ և ինչո՞ւ հեռացավ «Լյուբավա-Արմենիան»
Չնայած հայաստանյան շուկա հանդիսավոր մուտքին և ակտիվ գործունեությանը՝ Հայաստանում Լեհաստանի նախկին դեսպան Յեժի Մարեկ Նովակովսկին 2019-ին հայտարարել էր, որ իր տեղեկություններով Հայաստանում 2014 թվականից գործող «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական առաջին համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը, չի բացառվում, լքի Հայաստանը:
2019-ի մայիսին ՊՆ-ից eadaily.com-ին փոխացել էին, որ այդ պահին կազմակերպությունը աշխատում է։ Այժմ էլ ՊԵԿ-ի Հարկ վճարողների փնտրման համակարգում ընկերության կարգավիճակը նշվում է «գործող»: Սակայն պաշտոնական կայքը՝ www.lubawa.am-ը, չի գործում։
Ի դեպ, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը 2019-ին անվանափոխվել է՝ դառնալով «ՉՏԳ ԳՐՈՒՓ»։ Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ ընկերությունը տարիներ շարունակ գործել է վնասով․
Օրինակ 2015-ի հաշվետու տարվա արդյունքներով 1մլն և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկատուների ցանկում «Լյուբավան» 121-րդն է՝ 191 մլն դրամ բացասական ցուցանիշով:
2016 թվականին ընկերության վնասը կազմել է 265 մլն դրամ։
2017 և 2018 թվականներին վնաս կրած ընկերույթունների ցանկում «Լյուբավան» ևս ընդգրկված է, սակայն վնասի չափն այս դեպքում չի նշվում։ Սա այն դեպքում, երբ տարիներ շարունակ ընկերությունը 10մլն դրամ և ավել հարկ վճարողների ցուցակում է եղել։ Azdarar.am-ից էլ տեղեկանում ենք, որ ՓԲԸ-ի տնօրեն Յարոսլավ Պավել Ռուխին 2020-ին վարչական պատասխանատվության է ենթարկեվել՝ սահմանված ժամկետում ընկերության հարկերը չվճարելու համար։
Չարենցավանի համայանքապետարանից մեզ հետ զրույցում նշեցին, որ «Լյուբավա Արմենիան» դադարեցրել է աշխատանքը 2019-ից, վերջինիս փոխարեն այժմ հաստոցաշինական գործարանի այդ հատվածում այլ կազմակերպություն է գործունեություն ծավալում։ Բուն «Լյուբավա Արմենիայի» ներկայացուցիչների հետ մեզ չհաջողվեց կապ հաստատել։
Ստացվում է, որ հիմնադրման պահից (2014թ․) «Լյուբավա Արմենիան» կատարել է մեծ ներդրումներ, սակայն տարիներ շարունակ գործել է վնասով։ Նշենք, որ 2019 թվականին 168.am-ի հարցմանն ի պատասխան Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նշել էր, որ ընկերության գործունեությունը Հայաստանում դադարեցվել է տնտեսական հանգամանքներով։
Օֆելյա Սիմոնյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: