2012.12.19,

Քննադատ

Տպագիր մամու՞լ, թե՞ թռուցիկ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Զրուցում էի մի լրագրողի հետ, խոսք գնաց հայաստանյան ցանցային մամուլի յուրահատուկ դրսեւորումներից, տպագիր մամուլի տեսությունից։ Այսօր ցանցային լրատվականներից շատերը ակտիվորեն օգտագործում են տվայլ օրվա թերթերի տեսությունը։

Առավոտից, եթե արտառոց որեւիցե իրադարձություն չի արձանագրվում, լրահոսը հիմնականում լցված է լինում նյութերով, որոնք մեջբերում են հայաստանյան տպագիր մամուլը։

Օրինակի համար վերցնենք մի քանի ազդեցիկ ցանցային լրատվական։ Դեկտեմբերի 15-ին news.am-ը «մամուլի տեսություն» բաժնում հրապարակել էր 10 նյութ, 1in.am-ը՝ 27, tert.am-ը՝ 13, lurer.com-ը՝ 19, panorama.am-ը՝ 8։ Այս լրատվականներն ունեն առանձին բաժիններ, որտեղ ներկայացվում է հենց տպագիր մամուլի տեսությունը։

Տպագիր մամուլի տեսությունը փաստացիորեն կազմում է հայաստանյան օնլայն լրահոսի բավական մեծ տոկոսը։ Իսկ առավոտյան ժամերին ցանցային լրահոսի գրեթե հիմնական նյութն է։

Իհարկե, ուրիշ երկրներում նույնպես կա տեղական մամուլի տեսություն։ Եթե վերցնենք արեւմտյան երկրները, ապա հիմնականում դա արվում է մեկ-երկու նյութի միջոցով, ու պարզապես համառոտ ներկայացվում են տեղական մամուլում տեղ գտնած հետաքրքիր նյութերը։

Նույնիսկ հետխորհրդային տարածքում, որտեղ ավելի շատ են սիրում մեջբերել օրվա մամուլը, թերթերի նկատմամբ այնպիսի հետաքրքրություն, ինչպիսին Հայաստանում է, չի նկատվում։ Սա ավելի զարմանալի է, երբ հաշվի ես առնում այն փաստը, որ տպագիր մամուլը մեզ մոտ գնալով պարզապես ոչնչանում է, որ տպաքանակները անկում են ապրում, եւ փետրվարից հետո, միգուցե, մենք ականատես կդառնանք անկման մի նոր փուլի։

Հետաքրքիր իրավիճակ է ստացվում։ Թերթերը գնալով կորցնում են իրենց ընթերցողին։ Պատճառներն, իհարկե, մի քանիսն են՝ համացանցը, օպերատիվության խնդիրը, թերթերի մեծ մասի կուսակցականացումը, երիտասարդների կողմից հետաքրքրության բացակայությունը։

Սակայն մյուս կողմից՝ շարունակում են լինել տեղեկատվական դաշտում յուրահատուկ մի գործոն։ Ընթերցողներին ցանցի միջոցով ամեն թերթից մեկ-երկու հրապարակում է հասնում, ընդ որում՝ ոչ թե հրապարակումն ամբողջությամբ, այլ դրա կարճ նկարագրությունը։ Անկասկած կարելի է հակադրվել, թե թերթերը անցել են ցանցային մոդելի, բոլորն ունեն իրենց կայքերը, եւ մարդիկ այնտեղ էլ այդ ամենը ընթերցում են։

Սակայն այսօրվա ընթերցողը հիմնականում երկար-բարակ հոդվածներ չի կարդում։ Եվ ստացվում է, որ հոդվածները գրվում են, հետո ենթարկվում են դիստիլյացիայի, եւ մեկ-երկու կարեւոր ազդակ դուրս է բերվում ցանցային դաշտ։ Փաստացիորեն թերթում տպագրված նյութը լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ է կարդում, իսկ ցանցային լրատվականները կարեւորագույն ազդակները հասցնում են հազարավոր ընթերցողների։

Նույն բանն անում է նաեւ հեռուստատեսությունը, ինչի հետեւանքով տպագիր մամուլի ընթերցողների թիվն է՛լ ավելի է նվազում։ (Ինչ իմաստ ունի գնել եւ կարդալ մի քանի թերթ, եթե հինգ րոպեում կարելի է իմանալ ամենակարեւորը:) Պարադոքսն այն է, որ այս ամենին զուգահեռ աճում է թերթերի ազդեցությունը։

Այդ դեպքում գուցե պետք չէ չարչարվել, այլ պետք է մի երկու թռուցիկ տպել, որոնց հնարավոր կլինի հղում անել։ Մնացածը ցանցն ու հեռուստատեսությունը կանեն։ Կարեւորը՝ թերթի բրենդային անունը մնա։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *