2021.05.12,

Ստուգված է

Ինչպես զարգացան սահմանային վիճակի մասին լուրերը

Newspress.am-ի ազդարարմամբ հայկական լրատվական դաշտն այսօր լցվեց տեղեկությամբ, որ Սյունիքի մարզում՝ Իշխանասարի ուղղությամբ ընթանում են մարտեր։ Լրատվականը գրել էր, որ հակառակորդը հարձակում է նախաձեռնել, հայկական կողմն ունի վիրավորներ, որոնք տարհանվում են։ Լրատվականները տեղեկությունները ճշտեցին մարզային և համայնքային ներկա և նախկին իշխանություններից։Նրանք տարածեցին նոր ու հին պատկերներ։

Media.am-ն ամփոփել է տեղեկատվական հոսքը։

Ով ինչ խոսեց սահմանային վիճակի մասին

Newspress.am-ի լուրը տարածվեց մի շարք լրատվականների կողմից՝ irakanum.am, Alternativ.am, hayeli.am, henaran.am և այլն։ Այս մասին սոցիալական ցանցի իր էջերում գրել էր մեծ լսարան ունեցող երգչուհի Սոֆի Մխեյանը։ 

Ապա hraparak.am-ը գրեց, որ թշնամուն հաջողվել է Ջերմուկի հատվածում, նաև Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտակայքում մի փոքր առաջ գալ։ Լրատվակայքին հասած տեղեկություններով՝ զինված ուժերը գրեթե ոչինչ չեն արել այդ վայրերում՝ «էլի ամեն ինչ տեղի բնակիչների ու համայնքապետերի ուսերին է մնացել» ։

Mediaport տելեգրամ-ալիքին հղումով՝ լրատվադաշտը սկսեց խոսել Գորիսում, Կապանում և Մեղրիում տղամարդկանց կամավորագրման զգուշացման մասին։ Ալիքի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի զորամասին «տագնապ» հրամանով բարձրացնում են դիրքեր:

Այունհետ Hraparak.am-ը զգուշացրեց, որ Լուսակերտի զորամասից զորք են տանում Սյունիք՝ օգնության։ Հոդվածին կցված լուսանկարը սոցիալական ցանցերում սկսեցին տարածել՝ իբրև ասվածի ապացույց։ Շատերը քննադատեցին Hraparak.am-ին զորքերի տեղաշարժը նկարահանելու համար և դիմեցին ՀՀ ոստիկանությունն ու ԱԱԾ։

Լուսանկարը, որով ուղեկցվում էր լուրը, հին էր․ այս կադրը վերցված է 2020-ի նոյեմբերին AFP-ի կողմից հրապարակած տեսանյութից։ Կայքը լուրը ավելի ուշ թարմացրել է․ հետգրությամբ ավելացվել է, որ օգտագործված նկարը արխիվից է։ Հ․Գ․-ի բացակայությունը երևում է այստեղ։

Զորքերի տեղաշարժից տեսանյութ հրապարակեց tert.am-ը։

Armlur.am-ը զրուցեց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ, որն իր հերթին նշել էր՝ իր տեղեկություններով հայկական կողմը  ունի մեկ վիրավոր և որ «հենակետը ընկել է շրջափակման մեջ»։ 

Analitik.am-ը կապ հաստատեց Վայոց ձորի մարզպետարանի հետ, որտեղից հայտնել էին՝ որևէ միջադեպ չի եղել, տեղեկությունները կեղծ են: Նաև պարզաբանել են, որ Իշխանասարի մոտ հայկական ուժերն ուսումնավարժանք են անցկացրել և հավանաբար այդ կրակոցներն են դարձել խոսակցության թեմա:

Իսկ ահա Գորիսի փոխքաղաքախպետ Մենուա Հովսեփյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հաստատեց, որ ադրբեջանցիները Սև լճի տարածքում առաջ են եկել և տեղակայվելու փորձ են կատարել։ Սև լիճը գտնվում է Հայաստան-Ադրբեջան սահմանին, այն Վերիշեն գյուղից 18 կմ հեռավորության վրա է գտնվում։ 

Ըստ Հովսեփյանի, խոսակցության պահին 1–ին բանակային կորպուսը բանակցություններ է վարում, որպեսզի ադրբեջանական ուժերը հետ գնան դեպի քարտեզով նախատեսված դիրքերը։

Իշխանասար համայնքի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը Media.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մարտեր չեն ընթանում, հակառակորդը շատ հեռու է՝ 40-50կմ։ Նա նաև հերքեց մեր ունեցած և ավելի ուշ հաստատված լուրը, որ Ադրբեջանցիները առաջացել են դեպի լիճը։

Սրան զուգահեռ անանուն սպան hraparak.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ «ադրբեջանցիները վերահսկում են բոլոր արոտավայրերը, դաշտերը, ճանապարհը: Ցանկացած պահի կարող են խփել»:

Ավելի ուշ, 44-օրյա պատերազմից կադր օգտագործելով,  Ipress.am-ը գրեց, թե իրենց տեղեկություններով՝ ադրբեջանցիների կողմից հարձակում է եղել Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի ուղղությամբ. գրավվել է մեկ դիրք։ 

Blognews.am-ն էլ, ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառմանը հղումով, գրել էր, թե այս գործընթացները ձեռնտու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. լավ հնարավորություն է ստեղծված մտցնելու ռազմական դրություն և չեղարկելու ընտրությունները։ 

Իշխանասարում կրակոցներ և մարտեր չեն ընթացել

Այս ընթացքում Պաշտպանության նախարարությունն անպատասխան էր թողնում լրատվամիջացների, այդ թվում media.am-ի զանգերը, ինչի հետևանքով վիրուսային արագությամբ տարածվում էին անանուն աղբյուրների կամ ՏԻՄ մարմինների՝ երբեմն իրար հակասող տեղեկությունները։ 

Միայն ավելի ուշ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն տարածեց։ Գերատեսչությունը հաստատեց լուրը, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Սակայն հավելեց, որ  հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները, և ընթանում են բանակցություններ։ ՊՆ-ն հերքեց լուրը, թե Իշխանասարի հատվածում ընթանում են մարտեր։ 

Զգուշացնող կոչով հանդես եկավ նաև ԱԱԾ-ն՝ պահանջելով լրատվամիջոցներից չտարածել կեղծ տեղեկություն, թե սահմանին ընթանում են մարտական գործողություններ։ 

Ընթացող մարտերի և վիրավորների մասին լուրը հերքեց նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ճեպազրույցի ընթացքում։ Իշխանասարի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը ևս հերքել էր լուրը, թե կրակոցներ են եղել։

Իրավիճակը Լուսակերտում և այլ զորամասերում

ԳՇ վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը tert.am-ի հետ զրույցում նշել էր, որ 3-րդ բանակային կորպուսը, համաձայն 2021 թ․ տարվա պլանի, իրականացնում է զորավարժություն: Լուսակերտի և այլ զորամասերում Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայությունը մարտական պատրաստության ստուգումներ է իրականացնում:

Իրավիճակը Ջերմուկ և Տեղ համայնքներում

Infocom-ի հետ զրույցում Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանն ասել էր, որ Ջերմուկում հակառակորդը որևէ առաջխաղացում չի ունեցել։ «…. Ջերմուկի հետ կապված կարող եմ ասել, որ որևիցե խնդիր չի եղել, առողջարանները գործում են, ժողովուրդը խաղաղ․․․ Ես որևէ ահազանգ չեմ ստացել, որ նման խնդիր կա։ Պն-ի հաղորդագրությունից, լուրերից տեղեկացանք, որ կարծես Սյունիքի կողմում են ինչ-որ զարգացումներ եղել, բայց ոչ Ջերմուկում»։ 

Hraparak.am-ն նաև հայտնել էր, որ թշնամուն հաջողվել է Տեղ համայնքի Խնածախ գյուղի մոտ մի փոքր առաջ գալ: Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցն Infocom-ի հետ զրույցում հերքեց այդ լուրը ևս․ «Տեղեկությունները ճիշտ չեն, մենք մեր գործը նորմալ անում ենք, չանհանգստանաք»։

Իրավիճակը Գեղարքունիքում

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն իր հերթին մանրամասներ էր ներկայացրել մարզում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Մարզպետն Արմենպրեսին ասել էր՝ «Այս պահին նրանք իրականացնում են դիրքավորման աշխատանքներ: Որոշ կասկածելի հատվածներում ճշգրտումները համաձայնեցվում են հայ դիրքապահների հետ: Իրավիճակը գտնվում է հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո»։ Ըստ Սանոսյանի՝ խոսքը եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքների մասին է, որտեղ հակառակորդը պետք է դիրքավորվեր, սակայն չի կարողացել դա անել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով:

Կամավորագրման մասին լուրը ևս հերքվում է

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը Infocom-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը, թե Կապանում տղամարդկանց հրահանգվել է պատրաստ լինել կամավորագրման։

Օֆելյա Սիմոնյան
Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *