2021.04.19,

Ստուգված է

Ապրիլի 1-15-ի կեղծ ու հերքված լուրերը․ թեստ

author_posts/arshaluys-barseghyan
Արշալույս Բարսեղյան

Լրագրող

Ապրիլի առաջին կեսին հակասական տեղեկություններ էին տարածում իշխանության ներկայացուցիչները՝ տեղ-տեղ հերքելով սեփական մտքերը։ Նորից հին բովանդակություն էր տարածվում՝ որպես նոր։ Պատվաստումների մեկնարկին զուգահեռ էլ հակապատվաստումային արշավը թեժանում է։ 

 

Գերիներին բերող ու չբերած ինքնաթիռը․ իշխանությունն ինքն իրեն հակասում էր

Ապրիլի 8-ի երեկոյան տեղեկություն տարածվեց, որ Բաքվից Հայաստան է վերադառնալու գերիների խումբ։ Լուրը հաստատել էին վարչապետի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակները։ Սակայն ինքնաթիռը վայրէջք կատարեց առանց գերիների։ Սա հարուցեց մեծ զայրույթ ու դարձավ իրար հակասող հայտարարությունների առիթ։

? Գերիների վերադարձի լուրը առաջինը հայտնել էր freenews.am-ը, որի տնօրենը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կինն է։ Իսկ Սիմոնյանը հաջորդ օրը «Ազատություն TV»-ի եթերում ասաց, որ գերիների վերադարձը ոչ թե պայմանավորվածություն էր, այլ «հույս, որ ինքնաթիռի թռիչքը իր հետ լավ լուր կբերի»։ Եւ ներողություն խնդրեց ապատեղեկատվության համար։

? Ի հակառակ Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ Քայլ»-ական Անդրանիկ Քոչարյանը ասաց՝ «գերիների վերադարձի հարցով ինչ-որ բան խախտվել է»։

? Նույն օրը ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը  «Հրապարակի» հետ զրույցում պնդեց հակառակը՝ գերիներին վերադարձնելու պայմանավորվածություն նախօրեին չի եղել և տարածված տեղեկությունը պրովոկացիա է՝ բնակչությանը մոլորեցնելու նպատակով։

? Իսկ ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջանցեց ապրիլի 8-ին գերիների վերադարձի մասին պայմանավորվածության վերաբերյալ ուղիղ հարցը։

?Մինչ այդ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը, «ՍիվիլՆեթ»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էր՝ գրասենյակը «գերիների վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, և որևէ լրատվամիջոց առանձին կարգով այդ մասին կանխավ չի տեղեկացվել»։ Սակայն, «Սպուտնիկ Արմենիա»-ն հենց Ավինյանի խոսնակին էր հղում տալիս։

Բագրատյանն ուղղակի վստահ է․ հիմքը՝ 40 տարվա քաղաքական փորձը

«Հայելի ակումբ»-ում Անժելա Թովմասյանը ասում էր՝ «ասում են, որ չի բացառվում ընտրության պիկի ժամանակ իր [Փաշինյանի] եղբայր Ալիևը աջակցի և գերիներին հանձնի»։ Ի պատասխան, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, իր 40 տարվա քաղաքական փորձը հաշվի առնելով, վստահ պնդել է՝ «Էրդողանն ու Ալիևը նրան ընտրության փող են տալու և նա էդ փողը բաժանելու է»: 

Սա միակ դեպքը չէ, երբ այս կամ այն խողովակով ու նպատակով Ալիևի գումարները «բերվում են» Հայաստան։ Նման պնդումներ պարբերաբար տարածվում են «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի մասով: 

Մանկասպան բուժքրոջ լեգենդը և՛ հայկական է, և՛ ադրբեջանական

Ապրիլին տարածվեց քաղաքային լեգենդ, իբրև 1978֊1979-ին Կապանում ծնված երեխաների «գրեթե 95%֊ը» մահանում էին աղիքային հիվանդությունից։ Սրա մեղավորը ազգությամբ ադրբեջանցի բուժքույրն էր, որը նորածինների գլուխը բոլորից գաղտնի մի քանի րոպե պահում էր սառը ջրի տակ։ 

«Շատ հավաստի աղբյուրից» լսած լուրը հրապարակել էր այդ պահին Կապանում գտնվող Իգոր Ավագյան ֆեյսբուքյան օգտատերը։ Այս գրառումը տարածել էր lurer.com-ը, նորությունների ագրեգատոր mamul.am-ը և սունկ կայքերը՝ facetime247.ru։

Նմանաբովանդակ լեգենդ տարիներ առաջ տարածվել էր ադրբեջանական կայքերում, այս անգամ ադրբեջանցի տղա նորածիններին սպանած հայ կնոջ դերով։

ԱՆ նախարարը սխալվում էր․ Ադրբեջանում 500,000 մարդ պատվաստվել է

Առողջաապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում հերքել է լրագրողի այն պնդումը, որ Ադրբեջանում COVID-19-ի դեմ պատվաստվել է 500,000 մարդ։ Սակայն, ըստ այս երկրի՝ կորոնավիրուսի տվյալները ամփոփող koronavirusinfo.az կայքի տվյալների, հարցազրույցի հրապարակումից մեկ օր առաջ՝ մարտի 31-ին պատվաստել էին կես միլիոնից ավել մարդու։

Պատվաստումները սկսել են, հակաքարոզչությունը՝ թեժացել

? Սոցցանցերում տարածվում էր լուսանկար, որում երևացող կապտուկը և այտուցը ներկայացվում էր AstraZeneca-ով պաստվաստման հետևանք։ Լուսանկարի հեղինակն անհայտ էր, դեպքի մասին որևէ լրացուցիչ տեղեկություն հայտնի չէր։ Media.am խոսեց երեք մասնագետի՝ համաճարակաբանի, վնասվածքաբանի և մաշկաբանի հետ։ Ըստ նրանց՝ նման վնասվածքը կարող է լինել ոչ թե պատվաստման, այլ հարվածի, անոթային խնդրի, վնասվածքի կամ բժշկական կոսմետիկ միջամտության արդյունք։ 

? Առողջապահության նախարարությունը հերքել է Hayeli.am-ի տարածած լուրը, թե Հայաստանում AstraZeneca պատվաստանյութից մարդ է մահացել։ 

Քոչարյանը միակը չէ․ 2018-ից ի վեր Փաշինյանի օրոք ևս 3 տարի միգրացիայի սալտոն դրական է

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում հայտարարել էր, որ միայն իր նախագահության տարիներին է Հայաստանում եղել միգրացիայի դրական ցուցանիշ։ Սակայն Քոչարյանի պնդումը այնքան էլ ճիշտ չէ։ Fip․am-ը պարզել է, որ Հայաստան ժամանողների թիվը երկրից մեկնողների թվին գերազանցել է նաև 2018, 2019 և 2020 թվականներին։

Աղազարյանը հակասում է ինքն իրեն

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը լրագրողների հետ ճեպազրույցում պնդել է, թե ինքը Քարվաճառի հարցին անդրադարձել է տիրող աշխարհաքաղաքական իրողությունների կոնտեքստում և «որևէ մեկը չի կարող իմ խոսքի մեջ գտնել նշույլ անգամ, որը կարող է տանել էն մտքին, թե ես կասկածի տակ եմ դնում Քարվաճառի հայկական պատկանելության հարցը»։

Այդ նշույլը հեշտությամբ կարելի է գտնել․ նա մարտի 30-ին «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել էր՝ «Քելբաջարը մերն էլ չէր»։ Այն 90-ականներին մեր զինվորների կողմից ստեղծվել էր որպես Արցախի պաշտպանության գոտի, որպեսզի հետագայում այդ հողերը հետ վերադարձվեն, և Արցախը ստանար կարգավիճակ։ Նույն հարցազրույցի ընթացքում ավելի ուշ նաև հարց տվել․ «Ասենք դու կամ Հայաստանում կա՞ ինչ-որ ուրիշ մեկը, էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին ասի՝ Քելբաջարը մերն ա եղել։ Ամբողջ աշխարհն ասել ա Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր։ Դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ, թե՝ ուշ»։

Փաշինյանը հերքում էր մինչ այդ չհերքածը 

ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը չի ասել, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար: Այս մասին ԳՇ պետը հայտարարել էր 2020-ի նոյեմբերի 17-ին։

Գասպարյանին հերքելու առիթ Փաշինյանը բաց էր թողել։ Այս թեմայով նա խոսել էր հայտարարությունից մեկ ամիս անց՝ «Ազատություն TV»-ին տված հարցազրույցում ու ասել, որ պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ տարվել են համապատասխան աշխատանքներ։

Հայ զինվորների աճյունների տեսանյութը հին էր

Ցանցում հայտնվել էր տեսանյութ, որում երևում էին բեռնատարի թափքում գտնվող հայկական ԶՈՒ համազգեստով աճյուններ։ «Զոհերի մարմինները փաստացի փտում ու անճանաչելի են դառնում, իսկ պաշտոնապես հայտարարում են, թե որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել», – գրում էին տեսանյութը տարածողները։ «Փաստերի ստուգման հարթակ»-ի հետ զրույցում Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ տեսանյութը հին է, այդ դիերը հայկական կողմին են հանձնվել փետրվարի 16-ին։

Ռիտա Սարգսյանի ողջ լինելու «ապացույցը» հերքվեց

Ցանցում տարածվում էր լուսանկար` Գլենդելի սրճարաններից մեկում նստած են 4 կին, իսկ նրանցից մեկին նմանեցնում են Ռիտա Սարգսյանին: Սարգսյանի ողջ լինելու լուրը շրջանառվում է այս տարվա հունվարից։ ՀՀԿ-ից Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է լուրը, տեղադրել կնոջից այլ լուսանկար ու նրա մասին տեղեկություն։ 

Հերքումներ

❌ ՊՆ-ն հերքել է լուրը, թե ապրիլի 8-ին ադրբեջանաթուրքական պատվիրակություն է ժամանել Երևան։ Այս լուրը տարածվեց գերիներին չբերած ինքնաթիռի լուրի ֆոնին և կապվում էր Սյունիքով անցնող ճանապարհային միջանցքի հետ։

❌ Ոստիկանությունը հերքել է քրեական հեղինակություն Արմեն Ղազարյանի ձերբակալման մասին տեղեկությունը և տեղեկացրել, որ «Mediaport» տելեգրամյան ալիքի տարածած տեսանյութը հին է։

❌ ԱԻՆ-ը հերքել է Newspress.am-ի տարածած լուրը, թե Արտակարգ իրավիճակների նախարարը «հականիկոլական» աշխատակիցներին հրահանգել է ազատման դիմում գրել։

❌ Վիվա-ՄՏՍ-ից հերքել են ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի քաղաքականություն մտնելու լուրը։ Մամուլում լուր էր տարածվել, թե նա մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմից։

❌ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից պնդել են, որ նա ԼՂՀ նախագահի պաշտոնը թողնելուց հետո «երբևէ ոչ մի դրամ Արցախի բյուջեից չի ստացել»։ 

Արշալույս Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *