2021.04.15,

Քննադատ

Խոսքը և լռությունը Արցախյան I և II պատերազմների մեդիայում-8

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Ո՞վ պետք է… չափ դնի խոսքին և լռությանը։
Մովսես Խորենացի

Բ. «Էս հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»

Մաս 4

Արցախյան II պատերազմի մարտական գործողությունները, ի տարբերություն I պատերազմի, թեժ եղան անընդհատ, և դա միգուցե արդարացնում է դաշնակիցների մասին չափազանցված պատկերացումները, որ առկա են որոշակի լրատվամիջոցների վերնագրերում։ Բայց նրանց առնչությունը լրագրողական հիմնադրույթների հետ խնդրահարույց է դառնում, երբ նույն մեդիան ամենայն լրջությամբ իր լսարանին տարաշխարհիկ աջակցության հույս է ներշնչում։

Գերբնական ուժեր

«Էրդողանին անսպասելի մահ է սպասվում. Պարահոգեբան-հիրոմանտի ուշագրավ կանխատեսումը»՝ «Իրավունքի» 2020 թ. հոկտեմբերի 30-ի հարցազրույցն է։ Այն ցույց է տալիս, թե որքան խնդրահարույց է նաև լսարանի ընկալումը՝ հաղորդումը «Յություբում» 86 հազարից ավելի դիտում է ունեցել։ Բարեբախտաբար քիչ չեն սթափ մեկնաբանությունները։

 

«- Պարոն Ափոյան, Շուշին կորցնելու վտանգ ունե՞նք:
– Իրականում ունենք, բայց թե՛ բանակի զինվորներով, թե՛ վերին ուժերի կողմից ամեն ինչ արվում է, որպեսզի չկորցնենք:
– Այսինքն, փորձեր արվելո՞ւ են, բայց չե՞նք կորցնելու:
– Չենք կորցնելու, այո»:

Այս մեջբերումը ևս «Իրավունքից» է, «Թուրքիան մասնատվելու է ներսից» հոդվածից։

Իսկ «Իրատես» անունով կայքը «Թուրքիայի մասնատման մասին սրբերի մարգարեությունները մոտենում են իրականություն դառնալուն» վերնագրով ընդարձակ նյութ է հրապարակել (09.10.20), որից պարզվում է, որ մասնատումը տեղի է ունենալու ռուս-թուրքական պատերազմի արդյունքում։ Մարգարեությունների իրականացման ժամկետների մասին սփոփիչ տեղեկություններ չկան։ Թերթը այս մասին գրել է նաև 2015-ին՝ հույն և ռուս ուղղափառ եկեղեցիների «սուրբ հայրերի կանխատեսումներին» հղում անելով, որոնցից մեկի՝ Պաիսիոս Աթոսացու մարգարեության համաձայն` «ռուսները գրավելու են Թուրքիան»:

Արցախյան I պատերազմի մեդիան առանձնապես տուրք չի տվել մարտական գործողություններին գերբնական ուժերի միջամտությանը։ Թեև գորբաչովյան «վերակառուցման» ժամանակներում գործունեության լայն ասպարեզ ստացան նաև էքստրասենսները, նույնիսկ՝ «կենտրոնական» հեռուստատեսության 2 ալիքներում (Անատոլի Կաշպիրովսկի, Ալան Չումակ), տարածվեցին զանազան առասպելական կամ դավադրապաշտական պատմություններ, բայց մամուլը, առօրյա տեղեկատվությանը զուգահեռ, ավելի շատ կատարում էր լուսավորչական առաքելություն՝ ներկայացնելով փաստեր, թեմաներ, որոնք գրաքննության արգելքի տակ էին 65-70 տարի։ Դա վերաբերում է նույնիսկ ժամանցային կամ կիսաժամանցային շաբաթաթերթերին, որոնք պատերազմի ընթացքը լուսաբանում էին դիպվածաբար։  

Արցախյան I պատերազմի մեդիայում կրոնի, հավատի գործոնը նույնպես չի արտահայտվում։ II պատերազմի ընթացքում կարելի էր հանդիպել «Տերը չի թողնի, որ քրիստոնյան պարտվի» վերնագրով նյութի։ Սա հարցազրույց է Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահի հետ։ Բայց եթե բնական է, որ հոգևորականը հավատա վերին հովանուն՝ պայմանավորված դասապետական հարաբերությամբ, ապա իրավաբանի պարագան այլ է։ «Եթե ադրբեջանը գոռում է, որ իր մեջքին թուրքիան է, ապա Հայի մեջքին, իմ մեջքին Աստվածն է»՝ «Լև Գրուպ փաստաբանական գրասենյակի» անունից Դիմագրքում հայտարարել է Լևոն Բաղդասարյանը (ուղղագրությունը հեղինակինն է)։ Նա մեդիայի ուշադրության կենտրոնում հայտնվեց 2018-ի հեղափոխությունից հետո, երբ ստանձնեց Արցախյան I պատերազմի հակասական դեմքերից մեկի՝ գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանությունը։ Բաղդասարյանի գրառումը տարածել է առնվազն երեք լրատվական կայք։

Արցախյան I և II պատերազմների մեդիայում Հայաստանի ենթադրյալ դաշնակիցների մասին առաջին հոդվածիս սկզբում անեկդոտ էի պատմել։ Պարսիկները եռանդուն պատրաստվում են Ավարայրի ճակատամարտին, իսկ հայերը քեֆ են անում։ Աստված նայում-զարմանում է. «Էս հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»։

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *