2021.04.09,

Քննադատ

Խոսքը և լռությունը Արցախյան I և II պատերազմների մեդիայում-6

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Ո՞վ պետք է… չափ դնի խոսքին և լռությանը։
Մովսես Խորենացի

Բ. «Էս հայերն էլի հույսներն ինձ վրա են դրել»

2-րդ մաս

Արցախյան II պատերազմի մեդիայում իրանագետները, ուրիշ արևելագետներ միանում են քաղաքական գործիչների, քաղաքագետների, լրագրողների հոծ բանակին, որոնց հույսը Ռուսաստանն է։ Ավելին, հրադադարը հազիվ հաստատված, իրանագետ Վարդան Ոսկանյանը (ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ) կանխատեսում է… նոր ռուս-թուրքական պատերազմ, որին անհրաժեշտ են լինելու «հայկական վերակառուցված զինված ուժերը»։

Ռուսաստան – «համապատասխան պատասխան»

Պատերազմի վերջին տասնօրյակում՝ 2020 թ. հոկտեմբերի 30-ին, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը համոզված է. «Ժամանակն է, որ ՌԴ-ն համապատասխան պատասխան տա թուրք ահաբեկչական խմբավորումներին» (ճիշտ իր կրտսեր գործընկեր Արարատ Կոստանյանի նման, որ հայտարարում էր՝ «Ժամանակն է Իրանին դարձնել ռազմական դաշնակից»)։

 

Ամսաթիվը շեշտում եմ, քանի որ ՌԴ-ը արտգործնախարար Լավրովի, նախագահի խոսնակ Պեսկովի և նախագահ Պուտինի մակարդակով արդեն մանրամասնել էր, որ Թուրքիան ու Ադրբեջանը այնքան կարևոր գործընկերներ են, որ Հայաստանի կողմից պատերազմին չի մասնակցի, իսկ Արցախի 7 շրջանի հանձնմանը համաձայն է եղել միշտ։ Ընդ որում, Պուտինը մի ամբողջ հեռուստատեսային հարցազրույց էր նվիրել թեմային։

«Իրավունք», 29.10.20

Ուրեմն, ո՞ւմ էր ուղղում պարոն Սաֆրաստյանն իր կոչը, որը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենն է, ակադեմիկոս՝ նրա քաղաքական անկնալիքները պետք է որևէ հիմք ունենան, ի տարբերություն, ասենք, ՌԴ-ին պատերազմի «հրավիրող» սոցցանցային բազում օգտատերերի։

«Ինչու՞ ՀՀ-ն չի դիմում Ռուսաստանին»։ Սա դաշնակցական գործիչ, ԿԳՆ երբեմնի փոխնախարար Բագրատ Եսայանի հարցն է, 2020-ի հոկտեմբերի 22-ին։ Դարձյալ։ Եթե սովորական քաղաքացին կարող էր նման տարակուսանք հայտնել, պետական բարձր պաշտոն զբաղեցրած անձը պիտի տեղյակ լիներ, որ ծանր պատերազմի 25-րդ օրը Հայաստանը չէր հապաղի դա անել, եթե դիվանագիտական խողովակներով որևէ ակնարկ ստացած լիներ, որ դրական պատասխան կստանա։

Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն էլ հոկտեմբերի վերջին զայրալից մերժում էր սկանդինավ խաղաղապահներին, որոնց ներգրավման տարբերակի մասին թեթև ակնարկ էր արել մի ամերիկյան պաշտոնյա. «Ուրիշ ո՛չ մեկ, ո՛չ մի դեպքում, բացի ՌԴ-ից, իրավունք չունի ռազմական մոդերացիա անի տարածաշրջանում»։ (Ըստ իս, Աժ պատգամավորն էլ իրավունք չունի կրկնելու ուղղախոսական տարածված սխալը և «ոչ մեկ» ասի «ոչ մեկԸ» ձևի փոխարեն)։ Աբովյանը համոզված է, որ «Թուրքիան անպայման ռազմաբազա կտեղակայի բուն Ադրբեջանի տարածքում և այսպիսով կստացվի, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը կամ ՆԱՏՕ-ի սերտ գործընկեր երկիրը պետք է լինի երաշխավոր ուրիշ ՆԱՏՕ-ի անդամ երկրի ոտնձգություններից դեպի Արցախ»։ Ինձ տրամաբանական է թվում, որ հենց ՆԱՏՕ-ի անդամ երկրները կարող են ազդեցություն ունենալ իրենց դաշնակցի վրա, մանավանդ որ բհկական պատգամավորը սեպտեմբերի վերջին արդեն «44-օրյա պատերազմը» կոչել էր հակառուսական նախագիծ, «ինչը մեր ռուս գործընկերները մեզնից լավ են հասկանում», բայց… «գործընկերները» դրան չէին արձագանքել։

Աբովյանի գրառումը հրապարակել է «Իրավունքը», նույնությամբ տարածել «Նորավանք հիմնադրամը», որը ներկայանում է որպես «ռազմավարական հետազոտությունների և նորարարական մշակումների կենտրոն… որն աշխատում է արդի «ուղեղային կենտրոնների» ոճով»:

Ռուսաստանի գերակայությունը պաշտպանող արևելագետ Արարատ Կոստանյանի առաջարկած մեկ այլ լուծում՝ «Հայաստանը մեկ վայրկյան շուտ պետք է մաս կազմի հակաթուրքական ալյանսին», նույնպես հաճախ է շրջանառել Արցախյան II պատերազմի մեդիայում (այդ մասին խոսել է նաև ընդդիմադիր մի խումբ կուսակցությունների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը), թեև ՌԴ-ը հակաթուրքական ալյանսում չէր և չէ, ճիշտ հակառակը՝ ամեն ջանք գործադրում է, որ… Թուրքիայի հետ ալյանս կազմի ընդդեմ Արևմուտքի։

Ահա այստեղ է հետազոտողը կռահում, որ մենք ոչ մի… ռուսաստանագետ, ռուսագետ չունենք… նույնիսկ այդ մասնագետի եզրույթը չունենք։ Պատճա՞ռը։ Երևի կարիքը չի եղել։ Բոլորը միշտ իմացել են, թե որն է ռուսական շահն ու անխոնջ բացատրել… ռուսներին։ Եվ հայերին՝ Ռուսաստանին ի լուր։

«Իրավունք»

Զարմանալի չէ, որ մեր մեդիան ոչ միայն հրավիրում է Ռուսաստանին, այլև նրա դեմ տեղական «դավադրությունները» բացահայտում՝ «Հայաստանում դավադիրները կարող են «հակառուսական ընդվզում» սկսել ՆԱՏՕ-ի շահերից ելնելով», կամ հայրենակիցների արյունը հեղելու կոչ անում հանուն ՌԴ-ի՝ «Հակառուսական ուժերին պետք է մահապատժի ենթարկել. Մարինա Խաչատրյան»։

Արցախյան I պատերազմի մեդիայում Ռուսաստանին ապավինելու կոչերը շատ ավելի փոքրաթիվ են։ 1990-ականների սկզբից երկրում տիրապետող մտայնություններից էր «վճռական մենակի» նժդեհյան գաղափարը, որին դավանում էր նաև Վազգեն Սարգսյանը՝ հայկական զինված ուժերի խորհրդանիշ դարձած գործիչներից մեկը։ Իսկ ռուսամետների դիրքերը սասանել էին Արցախյան շարժման հանդեպ Մոսկվայի գրաքննչական միջամտությունները, սկսած 1988-ի փետրվարից, բացահայտ հակապրոպագանդան, սովետական զորքի, ապա ռուսական հատուկ ջոկատայինների՝ «Օմոնի» համագործակցությունը ադրբեջանցիների հետ, որի արդյունքում, մասնավորապես, հայաթափվեցին Գետաշենն ու Մարտունաշենը, զոհվեցին Գետաշենի ինքնապաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Սիմոն Աչիկգյոզյանը («Կոլցո» օպերացիա)։ «Օմոնը» զենքի ուժով հայերին վտարում էր Արցախի խառը բնակչությամբ շատ գյուղերից՝ ստիպելով ստորագրություն տալ, որ դա անում են կամավոր։

Մեդիամարտը «կենտրոնի» հետ այնքան սուր էր, որ ՀՀ-ում ապագա իշխող կուսակցության՝ ՀՀՇ «Հայք» պաշտոնաթերթը «Մոսկվայի ոճրագործ սադրանք» (02.06.90) կոչեց Երևանում հայկական կամավորական ջոկատի և ռուսական/սովետական զորքի միջև 1990-ի մայիսի 27-ին տեղի ունեցավ բախումը, որի ընթացքում զոհվեց 26, վիրավորվեց 60 հոգի, ճնշող մեծամասնությունը՝ հայեր, այդ թվում՝ դեպքի վայրից հեռու զբոսնող մարդիկ։

«Ռուսները Շուշիից կրակում են Ստեփանակերտի վրա»՝ գրում էր «Ազգը» 1992-ի փետրվարի 22-ին։ Խոսքը «Գրադ» համազարկային կայանքի 300 արկի մասին էր։ Իսկ Ստեփանակերտում, շրջափակման պատճառով, փոխադրամիջոցները վառելանյութ չունեին, որպեսզի ժամանակին հիվանդանոց տեղափոխեին վիրավորներին, գտնեին զոհերին։

1992-ին (ապրիլի 16) ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթն էր տեղեկացնում Շուշիում գտնվող շուրջ 100 ռուս զինվորականների մասին, որոնք բարձր աշխատավարձի դիմաց «ռազմական նորագույն տեխնիկան» օգտագործում էին հայերի դեմ։

«Հայքը» 1992-ի մայիսին «Արցախը՝ ռազմափորձադաշտ» վերնագրով թարգմանաբար արտատպեց ուկրաինական «Օրիենտիր» թերթի հրապարակումները ռուս «օմոնականների» ապօրինությունների, հայամետ օտարազգի լրագրողների հանդեպ բռնությունների, ադրբեջանական քարոզչական կաղապարներով իրենց գործողություններն արդարացնելու մասին։ Հրապարակումների մի մասն ուղեկցվում էր անսթափ ռուս զինվորների լուսանկարներով։

Ճիշտ է, ՌԴ-ի առանձնահատուկ դերի ակնկալիքներ էլ են հանդիպում Արցախյան I պատերազմի մեդիայում, բայց ռուսալեզու մամուլում և ավելի հաճախ՝ 1994-ի հրադադարից հետո։ Իգոր Մուրադյանի «Երրորդ Հռոմի որոնումներում» ծավալուն հոդվածը ավարտվում է կանխագուշակմամբ, թե Ռուսաստանի վերածնության ճանապարհը ազգայնականությունն է, որի հաղթանակից հետո «կայսրությունից կպոկվեն» Ադրբեջանը, սուննիական Միջին Ասիան, Ղազախստանի մի մասը, իսկ գործընկեր կարող է հանդիսանալ, «բացի որոշ արևելյան սլավոններից, միայն Հայաստանը» («Գոլոս Արմենիի», 15.09.94)։

Կարելի է ամփոփել, որ Իրանից ու Ռուսաստանից ռազմա-քաղաքական աջակցության ակնկալիքների առումով Արցախյան II պատերազմի ԶԼՄ-ները զգալիորեն գերազանցում են I-ին, իսկ թե ինչպիսին էր հարաբերակցությունը ուրիշ ենթադրական դաշնակիցների դեպքում, կպատմի հոդվածաշարի այս թեմայի ավարտական գլուխը։

Վահրամ Մարտիրոսյան
շարունակելի

Հոդվածաշարի նախորդ մասը:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *