2021.04.01,

Քննադատ

Այն, ինչը խանգարեց նախարարին, դեռ չի խանգարել լրագրողին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հակոբ Արշակյանը հրաժարական տվեց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնից: 

«Որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի անընդունելի եմ համարում պաշտոնյայի կողմից որևէ քաղաքացու նկատմամբ բռնության կիրառումը, մենք պարտավոր ենք շարժվել առանց բռնության հասարակություն ունենալու ճանապարհով»,- գրել էր նա ու ավելացրել, որ պարտավոր է իր սեփական փորձով ծառայել հանրությանը որպես օրինակ։

Հրաժարականի պատճառն ու բռնության առիթը նախարարի ու լրագրողի ընդհարումն էր Երևանի սրճարաններից մեկում, երբ նախարարը հարվածել էր լրագրողին, որը մոտեցել էր կնոջ հետ ճաշող նախարարին, հարց տվել նրան ու տեսագրել պատասխանը։

«Հուսամ, որ կատարվածը որպես դաս կծառայի մեր հասարակության համար և մենք մի փոքր ավելի կսիրենք իրար ու կհարգենք յուրաքանչյուրի անձնական, ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը», – նշել էր Արշակյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ։

Հարգանքը անձնական կյանքի հանդեպ ու հանրային նշանակության տեղեկատվություն գտնելու ցանկությունը (ամեն գնով) այն բախումն է, որը ստիպում է վերանայել, թե ինչ է իրականում կարևոր ինֆորմացիան, որը լրագրողը որոնում է՝ անգամ, երբ իրեն հրմշտում, հարվածում, սպառնում կամ հետապնդում են, իսկ նա անսասան կեցվածքով իր գործն է կատարում ու հպարտանում է դրանով։

Համենայնդեպս, Փայլակ Ֆահրադյանը հայտարարել էր, որ գնալու է մինչև վերջ, դատական հայց ներկայացրել Հակոբ Արշակյանի դեմ՝ մեղադրելով իր լրագրողական գործունեությանը խոչընդոտելու համար։ 

Հանրային նշանակության տեղեկատվություն

Լրագրողական գործունեությունը սուրբ գործ է, որը պաշտպանված է օրենքով։ Եվ այս միջադեպը լավ առիթ է փորձելու հասկանալ, թե ինչ է նշանակում լրագրողական աշխատանքը և դրա խոչընդոտումը։  

Մի կողմ թողնենք այն միֆը, որ լրագրողը միշտ լրագրող է և պետք է աշխատի պապարացիի նման՝ ամեն վայրկյան պատրաստ լինելով նետվել առաջ ու հարց տալ, հետո ձայնագրել պատասխանը՝ համարելով այն հանրային ուշադրությանը ոչ միայն արժանի, այլև՝ անհրաժեշտ։ 

Ֆահրադյանը Արշակյանին հարցրեց «Ինչու՞ եք աշխատանքի ժամին ճաշում»։ Եվ այստեղ բոլորովին կարևոր չէ, թե ինչ պատասխանեց նախարարը, ենթադրաբար, փորձեց ասել, որ աշխատում է տարբեր ժամերին ու հիմա եկել է ճաշելու։ 

Այդ հարցը թեև թվում է քաջ, բայց այն լրագրողական հոդվածի կամ հետաքննության հիմք չէր։ Նախարարի ու լրագրողի հանդիպումը պատահական էր  (տեսել էր նախարարին ու որոշել մոտենալ)։

Դա այն հանպատրաստից հարց-մեղադրանք էր, որը փոխարինեց իսկական հարցերը (ասենք, կապի ոլորտում տարբեր մենաշնորհների, կամ վերջերս Հայաստանի տապալված ներկայության մասին Աբու Դաբիի ցուցահանդեսում)։ Լրագրողը նպատակ չուներ գրելու նախարարի աշխատանքային գրաֆիկի մասին։ Պարզապես տեսավ, մոտեցավ, հարցրեց։ 

Այդ հարցը բնորոշում է լրագրողին, և ոչ թե հանրային նշանակության ինֆորմացիա փոխանցում։

Լրագրողը, որը մոտեցել է ճաշող նախարարին, արդյո՞ք իրականացրել է լրատվական գործունեություն ու նախարարն էլ հենց այդ պատճառով է հարվածել նրան՝ ցանկանալով լռեցնել հետագա հրապարակումը, ենթադրաբար, վախենալով բացահայտումից։

Դժվար թե։ Աշխատանքի ժամին ճաշելու բացատրությունը այն հույժ կարևոր հանրային ինֆորմացիան չէր, որը նախարարը կոծկելու նպատակով՝ ամեն գնով ուզեցել է կագնեցնել։

Այս հարցին տվեց պատասխան Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ ՄԻՊ Արման Թաթոյանը օպերատիվ կերպով հայտարարեց, որ բռնություն է իրականացվել իր մասնագիտական աշխատանքը կատարող լրագրողի նկատմամբ։ «Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով», – գրեց նա։

Հանրային նշանակության մասնագիտություն

Երբ մի կաթսայի մեջ են խառնում մասնագիտությունը, պաշտոնը, հանրային վարքագիծը, նաև սեռը (որքան հասկանում ենք, այս միջադեպում սեռը կարևոր է, քանի որ թե՛ լրագրողի, թե՛ նախարարի կողքին եղել են կանայք և երկուսն էլ խոսում են անպարկեշտ արտահայտությունների, հայհոյանքի ու դրանց դիմադրելու իրենց տղամարդու դերի մասին), ապա ցանկալի է առաջին հերթին առանձնացնել մասնագիտությունը։

Լրագրողական աշխատանքը բավականին էժան է գնահատվում առաջին հերթին ֆրագմենատար, մեկ օրվա համար բոցավառվող ու արագ հանգչող լրահոս ստեղծողների պատճառով։ 

Լրագրողները ընկալվում են հասարակության մեջ որպես կպչուն ու ամեն իրավիճակում պատրաստ հարց տալու՝ վստահ, որ իրենց մասնագիտությունը վահանի նման իրենց պաշտպանելու է։ 

«Մասնագիտական աշխատանքի խոչընդոտում»-ը լավ է հնչում, եթե իհարկե, լրագրողի հարց տալու իրավունքը ուղեկցվում է նրա հարցերի որակով ու դրանք իրոք այն հարցերն են, որոնց պատասխանը (կամ դրա բացակայությունը) կարող է փոխել հանրային կյանքը։

Այն փաստը, որ նախարարը չզսպեց իրեն ու բռնություն կիրառեց, բոլորովին կապ չունի, թե ում նկատմամբ է կիրառվել բռնություն՝ լրագրողի, խոհարարի, թե մյուս նախարարի։ Դա խուլիգականական արարք է, որը պաշտոնյայի իմիջի, իրավական մարմինների ու հասարակական պարսավանքի տիրույթում է։ 

Ի վերջո, սրճարանը ոչ նախարարության ընդունարան է, ոչ էլ խմբագրություն, իսկ նախարարի ու լրագրողի հանդիպումը պլանավորված չէր։

Այո, Ֆահրադյանը լրագրող է, և հիմա յուրաքանչյուր լրագրող Հայաստանում թող նույնացնի իրեն Ֆահրադյանի հետ։ Ձեռքը սեղմի սրտին ու ասի՝ ես Փայլակն եմ։ Կանի՞։

Եթե չի անի (տարբեր վերապահումներ ու բայց-եր փնտրելով), ուրեմն հաստատ լրատվական դաշտում շատ բան այն չէ։ Եվ լրագրողների աշխատանքը բավականին հաճախ վերածվում է արագ ու թեժ լուր ստանալու մեխանիկական գործի։

Ավելի ճիշտ՝ դրդելու տարբեր հանրային մարդկանց, որ նրանք ցույց տան այն վարքագիծը, որը ցույց տալ չի կարելի։ Եվ շատերի տեսանկյունից՝ սա հերոսական արարք է լրագրողի կողմից։ Յուրահատուկ տաղանդ՝ լինելու միաժամանակ զոհ ու հերոս։ 

Թերևս լրագրողի նման իմիջից հրաժարվելը ոչ պակաս կարևոր է, քան իրեն զսպել չկարողացող պաշտոնյանիներին ցտեսություն ասելը։

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *