Հունվարի ընթացքում լրատվամիջոցների ամենաքննարկվող թեմաներից էին դարձյալ ռազմագերիների փոխանակման ու տնտեսական ճանապարհների ապաշրջափակման հարցերը, որոնք այս անգամ հեղինակները հիմնականում կապում էին իրար հետ։ Ընդգծվում էր այն միտքը, որ առանց հայ գերիների վերադարձի չպետք է գնալ ճանապարհների ապաշրջափակման։
Տնտեսական ապաշրջափակում․ հնարավորություններ և ռիսկեր
Հանրային հեռուստատեսությունը թեման լուսաբանել է ներկայացնելով և՛ ռիսկերը, և՛ հնարավորությունները։
«Լուրեր»-ի թողարկումներից մեկում Արտահանողների միության նախագահն ասում է, որ «Հայաստանը կարող է դառնալ բեռնափոխադրումների համար ամենագրավիչ երկիրը տարածաշրջանում»։ «Հիմա տարածաշրջանում տարանցիկ լինելու հնարավորություններից ու արտոնություններից օգտվում է միայն Վրաստանը։ Հայաստանը գտնվում է այնպիսի մի խաչմերուկում, որն անտեսելն անհնար է»,- ասում էր նա՝ կոչ անելով «պատմության գոնե այս փուլում առաջնորդվել խելքով, այլ ոչ թե զգացմունքներով»։
Գործարարներից մեկն էլ մտահոգություն է հայտնում, որ Ադրբեջանով բեռնափոխադրումներն անվտանգ չեն լինի՝ «Ադրբեջանում գոնե մի քանի անգամ կթալանվեն հայկական բեռնատարները, գործ կհարուցվի, բայց մեղավորներին չեն գտնի․․․»։ Նա նաև վտանգավոր է համարում այն, որ Ադրբեջանին հասանելի կլինի Հայաստանից արտահանվող ապրանքների մասին ամբողջ տեղեկությունը։
«Տրանսպորտային ապաշրջափակման հնարավոր տարբերակները» խորագրով մեկ այլ թողարկման ընթացքում հաղորդավարն ասում է. «Հայաստանի դեպքում ապաշրջափակումը նաև անվտանգային ռիսկեր է պարունակում, հարցը ավելի անհանգստացնող է դառնում, երբ սեփական ժողովրդի համար արտադրվող ադրբեջանական քարոզչական թեզերը ինֆորմացիոն միջանցքով հասնում են նաև Հայաստան»։
Այս թողարկման ընթացքում նաև ռեպորտաժ կար՝ Հայաստանը երկաթուղով Ռուսաստանին և Իրանին կապելու և դրա տնտեսական օգուտների ու անվտանգային ռիսկերի մասին, որը պատմական անդրադարձ էր Երևանի և Բաքվի միջև տրանսպորտային կապերի մասին։
5-րդ ալիքի «Հարցազրույց»-ի ժամանակ տնտեսագետ Սուրեն Պարսյանը, խոսելով տնտեսական ապաշրջափակման, Ադրբեջանով դեպի Ռուսաստան երկաթուղու կառուցման մասին, նշել է, որ․ «Ակնհայտ է, որ այս իրավիճակում Ադրբեջանի հիմնական նպատակը ավտոմոբիլային ճանապարհի ապահովումն է՝ Մեղրի-Նախիջևան-Ադրբեջան։ Երկաթուղու կառուցումը գուցե լինի այդ փաթեթի մեջ, բայց այդ փաթեթի իրատեսությունը շատ ցածր է։ Մի փաստ ևս. եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ նշված է, որ Ռուսաստանը ստանձնում է անվտանգությունը Նախիջևան-Ադրբեջան ճանապարհով բեռնափոխադրման համար, ապա որևէ տեղ նշված չէ, թե ով է պատասխանատվություն կրելու Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան բեռնափոխադրման ժամանակ առաջացող վտանգների մասով։ Անվտանգության երաշխիք չկա»։
Արմնյուզի երեկոյան լուրերի ժամանակ Աբրահամ Գասպարյանն ասում է, որ «ոչ ոք դեմ չէ երկաթգիծ կառուցելուն կամ գործարկելուն, բայց դա չպիտի լինի մեր ռազմաքաղաքական անվտանգության հաշվին»։
«Ո՞ւր է երկաթգծի կառուցման իրավապայմանագրային բազան։ Առանց Արցախի տարածքային ամբողջության խնդիրը թեկուզ և դեկլարատիվ լուծում տալու ո՞ւր ենք գնում»,- հարցնում է նա ու շարունակում հարցադրումների շարքը. «Թշնամի պետության տնտեսական ներթափանցման դեմ ռազմավարություն ունե՞նք, թե՞ ոչ», «Հետպատերազմյան ավերված տնտեսությունը ո՞ւմ փողերով ենք վերականգնելու, ո՞ր պետությունն է մեզ վարկ տալու», «Արդյո՞ք միջազգային դոնոր կազմակերպությունները ներդրում կանեն այստեղ՝ իմանալով, որ մեր պետությունը զիջել ենք Ռուսաստանին»։ «Ո՞ր մեկդ է առաջինը գնացքով կամ ավտոբուսով գնալու Բաքու․.․»։
Լրագիրը տարածաշրջանի հաղորդակցությունների բացման, «տնտեսական այս երփներանգ հեռանկարների ներքո» այլ իրականություն է տեսնում:
«Բանն այն է, որ տնտեսական առումով որևէ փոփոխություն այստեղ չի կարող լինել: Այս երկրներն այսպես թե այնպես կապված են միմյանց հետ: Մասնավորապես, Թուրքիան ու Ադրբեջանը կապված են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, որը կառուցվեց վերջին տարիներին: Այդ երկաթուղին Թուրքիայի այլ վայրերին կապելու համար չկառուցված հատվածներն ավելի մեծ չեն, քան հարկ կլինի կառուցել կամ վերանորոգել Երևանից Բաքու հատվածներում: Իսկ Նախիջևանի և Կարսի նահանգի միջև տնտեսական ու հաղորդակցական ինտեգրման թուրքական ծրագիրն ակտիվ ընթացքի մեջ է: Հաղորդակցությունների բացման անվան տակ իրականում իրականացվում են քաղաքական ծրագրեր, մասնավորապես Սյունիքում»:
«Հետքում» էլ տեղ է գտել ռուսական «Коммерсант»-ի անդրադարձը։
Պարբերականը գրում է, որ տեսականորեն Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը պետք է շահեկան լինի բոլոր երեք կողմերի համար. Ադրբեջանին անհրաժեշտ է ճանապարհ դեպի Նախիջևան և Թուրքիա, Ռուսաստանին՝ Թուրքիա և Հայաստան, իսկ Հայաստանին՝ Ռուսաստան և Իրան։
«Էներգետիկ անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության նախագահ Վահե Դավթյանը, «Коммерсант»-ին տված մեկնաբանության ժամանակ, նշել է, որ միջնաժամկետ հեռանկարում Ռուսաստանի կողմից ադրբեջանական ենթակառուցվածքներով բեռնափոխադրումների իրականացումը Հայաստանի համար ավելի թանկ կնստի, քան Վերին Լարսով և Սև ծովի վրացական նավահանգիստներով:
«Թեև Ադրբեջանը հայտարարում է տրանսպորտային ենթակառուցվածքի հավասար հասանելիության մասին, ակնհայտ է, որ այն պրոտեկցիոնիստական մոտեցում է ցուցաբերելու՝ հայ բեռնափոխադրողների համար անբարենպաստ պայմաններ ստեղծելով։ Հիբրիդային պատերազմը շարունակվում է և կունենա առավելապես տնտեսական բովանդակություն»,- նշել է Դավթյանը։
ԵՊՀ կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը նույնպես տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մեջ այլ բան է տեսնում․ 168.am-ի հետ զրույցում նա ասել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ փաստաթղթում, ըստ էության, դժվար է տեսնել որևէ տնտեսական բաղադրիչ, այնտեղ ավելի շատ տարածքային ու տարածաշրջանային խնդիրներ են արծարծված, այն էլ՝ ոչ հստակ, ընդհանուր ձևակերպումներով։
Տնտեսագետի բնորոշմամբ՝ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումն ուղղակի մարտահրավեր է Հայաստանի տնտեսական և ընդհանուր անվտանգությանը։
Կայքը հրապարակել է նաև «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի այն կարծիքը, որ տարածաշրջանում հաղորդակցությունները բացելու և դրանով դրական հեռանկարների մասին խոսելու ՀՀ իշխանությունների քաղաքականությունն այսօր առավել քան ոչ հիմնավոր է:
Աննա Կարապետյանի խոսքով՝ Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունները մեկ նպատակ են հետապնդում՝ արագացնել Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության վերականգնումը. «Այդ ամենը ներկայացվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հաղորդակցությունների վերականգնման համատեքստում, և ՀՀ իշխանությունը փորձում է դրանով հասարակությանը հերթական անգամ կեղծ թեզերով մոլորեցնելով, մանիպուլացնելով՝ ցույց տալ, թե իբր՝ տեսեք, այս գործընթացը մեզ համար նույնպես դրական է: Այնինչ, դա ընդամենը Ադրբեջանի նպատակների կատարում է»:
Նրա դիտարկմամբ՝ գերիների վերադարձ քանի դեռ չկա՝ Ադրբեջանի հետ որևէ բան պայմանավորվել և իրականացնելը նորմալ չէ. «Գերիների վերադարձը ո՛չ քաղաքական հարց է, ո՛չ ցանկությունների, դա հումանիտար կարևորագույն հարց է, որը պետք է օր առաջ լուծվի: Հայաստանի իշխանությունը, բնական կլիներ, որ ոչինչ չբանակցեր, ոչինչ չպայմանավորվեր, քանի դեռ այդ հումանիտար խնդիրը չէր լուծվել»:
Ադրբեջանը գերիների հարցը տեղափոխում է այլ դաշտ
Այս կարծիքը Հանրային հեռուստատեսության եթերում արտահայտել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Խոսելով այն մասին, որ գերիների հարցը քաղաքական ատյաններում քննարկելն անընդունելի է, և գերիները անհապաղ պետք է վերադարձվեն, նա նշել է, որ հրատապությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանում շարունակաբար խորանում է և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է նաև ատելությունը, և չի էլ դադարում, ավելի դատապարտելի ձևեր է ընդունում։
«Նրանք ռազմական ու քաղաքական կոմպոնենտները օգտագործում են խլացնելու համար իրավականը, որը մենք չպիտի թույլ տանք»։
Շանթի «Հեռանկարի» թողարկումներից մեկի ընթացքում հյուրը՝ իրավապաշտպան, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե իրենց մոտ պահվող մարդիկ գերի չեն, այլ կալանավորվել են ահաբեկչության համար, նշել է, որ Ադրբեջանում հատուկ են փորձում այդ որակումները տալ։
«Դա այն քայլերից մեկն է, որով փորձում են մոլորեցնել դատարանին կամ փորձում ներկայացնել նրանց որպես ահաբեկիչներ իբր թե, որը աբսուրդի ժանրից է։ Պարզ է, նրանք դա անում են փորձելով բերել լրացուցիչ պատճառաբանություններ ու ստեղծել արհեստական խոչընդոտ, որ կարողանան որոշակիորեն ձգձգել կամ պատրվակ ստեղծել, որ չվերադարձնեն գերիներին»։
Արմնյուզի հաղորդումներից մեկի ժամանակ էլ հաղորդավար Դավիթ Սարգսյանն իր խոսքում ասում է․ «Մոսկովյան եռակողմ հանդիպումը մեզ համար չարձանագրեց կարևորագույն և սպասված ձեռքբերումը. մեր գերիները չեն վերադառնա Հայաստան և այս հարցով, որևէ առաջընթաց չկա, փոխարենը իբրև առաջընթաց, հաջողություն մեզ ներկայացնում են այն, որ Հայաստանը կկարողանա Ադրբեջանի տարածքով հաղորդակցություն հաստատել ՌԴ-ի հետ»։
Հաղորդման հյուրի՝ Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ գերիներին կարելի էր վերադարձնել, «եթե նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը չմոռանար, կամ գուցե չէր հետաքրքրում, կամ սթափ չէր, այդ փաստաթղթում նշել ժամկետ։ Եվ Ադրբեջանը որևէ պատճառ չէր ունենա այդ ժամկետը նշելու դեմ»։
«Արդյունքում, գերիների հարցով Ադրբեջանը ճնշում է հոգեբանական իմաստով Հայաստանի իշխանությանը»,- ասել է նա։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյան խոսքով՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել նոր լեգենդ ստեղծելուն։ «Այդ լեգենդն այն է, որ, մեծ ուժեր կենտրոնացնելով փոքրաքանակ հայկական զինված միավորման դեմ, իրենց հաջողվեց 62 հոգու գերեվարել արդեն զինված հակամարտությունից հետո, թեև խաղաղության պայմանագիր չկա, և ներկայացնել լեգենդ, որ ահա այս խմբավորումները անօրինական խմբավորումներ են, որովհետև հայկական են, Հայաստանի Հանրապետության բանակի, բայց գտնվում են Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս»։
Արա Ղազարյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից գերիների հարցը ՄԱԿ-ի հարթակ տեղափոխելը բավականին պատասխատու քայլ էր, որից հետնահանջ չկա։
Եվրախորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգը մտահոգ է, որ Ադրբեջանը չի կատարում միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները՝ դեռևս ամբողջությամբ չվերադարձնելով հայ ռազմագերիներին, կարծում է, որ իր երկիրը՝ Գերմանիան, կարող է աջակցել ՄԱԿ-ի ջանքերին՝ ստիպելու Ադրբեջանին կատարել իր միջազգային պարտավորությունները:
«Ցավալի է, որ Ադրբեջանը նախընտրեց չկատարել միջազգային պայմանագրերով ստանձնած իր պարտավորությունները: Իմ տեղեկությամբ՝ այդ խնդիրը ՄԱԿ-ին արդեն ներկայացվել է, և Ադրբեջանը պետք է հրաժարվի համաձայնությունները խախտելուց: Ռազմագերիները պաշտպանված իրավունքներ ունեն, և Ադրբեջանի՝ այդ գերիներին այլ անվանում տալու փորձերը (ներկայացնում են որպես ահաբեկիչ, հանցագործ-խմբ.) պարզապես ցույց են տալիս այդ երկրի չարամտությունը»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը նշում է, որ ադրբեջանական իշխանությունները տարիներ շարունակ էթնիկ ատելության հողի վրա քաղաքական մոտեցումները շարունակում են դրսևորել նաև ռազմագերիների նկատմամբ։ Նրա խոսքով՝ ռազմագերիների, անհետ կորածների, զոհվածների մարմինների որոնողական աշխատանքները ստորադասվում են քաղաքական նպատակներին։
«Դարձնում են որպես գործիք` ճնշում գործադրելու համար հայկական կողմի վրա։ Այդ թվում ոչ միայն որպես ճնշման գործիք արտաքին քաղաքական պահանջների ներկայացման, այլ նաև գործիք են, որ ներքաղաքական դիսկուրսը բավական թեժացնում են և հանձինս ռազմագերիների ու անհայտ կորածների խնդիրների, Ադրբեջանը կարծես թե պատանդի կարգավիճակում է շարունակում պահել նաև ՀՀ-ին»։
Հ.Գ. Լրատվամիջոցների համար հունվարին առավել քննարկելի թեմաների շրջանակում էին նաև Մոսկվայում հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած համատեղ հայտարարությունը, ՀՀ վարչապետի՝ հունվարի սկզբին հեղինակած «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածը և սրան ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահի արձագանքը և այլն։ Պաշտոնական, իրադարձային անդրադարձից բացի՝ մեդիան մեծ ուշադրություն էր դարձրել թեմայի շուրջ քննարկումների ծավալմանը։
Անահիտ Դանիելյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: