2021.03.16,

Ստուգված է

Լուրեր դարձած «ստատուսները»․ լրատվականները կորոնավիրուսը լուսաբանում էին` արտատպելով քաղաքական գրառումներ

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

«Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը» (ՄՆԿ) 2020-ին կատարել է հետազոտություն՝ ուսումնասիրելով նույն տարվա ընթացքում՝ մինչև պատերազմը Հայաստանում օրակարգային գլխավոր 3 թեմաները՝ կորոնավիրուս, Արցախյան հիմնահարց և Լանսարոտեի կոնվենցիա։

Հետազոտությունը պարզել է, որ կորոնավիրուսի համավարակը Հայաստանում ստացել է քաղաքական ֆրեյմավորում, ընդ որում, համավարակը քաղաքական համատեքստում ներկայացնող նյութերի մեծ մասը արտատպված է այլ աղբյուրներից։ 

Հետաքրքիր է, որ ուսումնասիրված հոդվածների 41%-ը հիմնված է եղել երրորդ անձի կարծիքի վրա, իսկ 31%-ը իրենից ամբողջությամբ ներկայացրել է երրորդ անձի խոսք, հիմնականում՝ սոցցանցերից կամ այլ լրատվամիջոցներից արտատպում։ Նյութերի միայն 15%-ն է պարունակել լրագրողի կողմից վերլուծություն։ 

Հաշվի առնելով այս բացահայտումները՝ մենք ավելի մանրամասն ուսումնասիրեցինք ՄՆԿ հետազոտության հավաքած տվյալները՝ պարզելու, թե ինչ աղբյուրներից էին օգտվում լրագրողները կորոնավիրուսի մասին նյութեր պատրաստելիս։ 

Մենք ներբեռնեցինք News.am և 168.am կայքերի ավելի քան 11,000 տեքստ և առանձնացրինք դրանցում պարունակվող հիպերհղումները։ Պարզվեց, որ լրատվամիջոցները հաճախ են հղում անում Ֆեյսբուքի օգտատերերին կամ էջերին։ Այս հոդվածում կպատմենք, թե որ ֆեյսբուքյան օգտատերերն էին կորոնավիրուսի թեմայով անցած ամռան գլխավոր նյուզմեյքերները։ 

Թեև ՄՆԿ հետազոտությունը անդրադառնում էր նաև Tert.am-ին, այս կայքից ամբողջական տվյալները տեխնիկապես ստանալ հնարավոր չեղավ։ Այդ պատճառով մեր հոդվածում Tert.am-ը չի դիտարկվում։

Ի դեպ, մեկ այլ հոդվածում Media.am-ը պատմել է, թե որ լրատվական կայքերն էին ամենից հաճախ տեղեկության աղբյուր դառնում News.am, 168.am և Tert.am կայքերի համար։

Եթե կարդալու ժամանակ չունես․ ի՞նչ ենք մենք պարզել

  • Մեր ուսումնասիրած լրատվամիջոցները կորոնավիրուսային համավարակին անդրադարձող հոդվածներում տեղեկությունը հաճախ են վերցնում Ֆեյսբուքից։ 
  • Պաշտոնական՝ իշխող ուժի հետ կապ ունեցող աղբյուրները ավելի շատ են մեջբերվում, քան ցանկացած այլ տեսակի աղբյուրները։
  • Ընդդիմադիր թևից ամենամեջբերված կուսակցությունը ՀՀԿ-ն է, չնայած որ եթե դատենք խորհիդարանական ընտրությունների արդյունքներով, ապա այն ավելի փոքր հասարակական աջակցություն ունի, քան այլ ընդդիմադիր կուսակցությունները։ Վերջին խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ն ստացել էր ձայների միայն 4.7%-ը՝ զգալիորեն ավելի քիչ, քան Ազգային ժողով անցած «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»։
  • Մեջբերվող փորձագետների մեծ մասը քաղաքագետներ են, իսկ առողջապահության ոլորտի մասնագետները կազմում են միայն 10%-ը։ Սա վկայում է այն մասին, որ լրատվականներում համավարակի թեման լուսաբանվեց ավելի շատ քաղաքական, քան առողջապահական տեսանկյունից։ 
  • Ամենամեջբերվող պաշտոնական աղբյուրները հիմնականում հաղորդում էին չեզոք տեղեկություն համավարակի տարածման և դրա կանխարգելման համար անհրաժեշտ քայլերի մասին։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումներում շատ էին հակասական հորդորները։ Վարչապետը նաև չափազանց շտապում էր հայտնել դրական լուրերը։ Օրինակ՝ ապրիլին 8-ին, երբ Հայաստանում գրանցվել էր 28 դրական դեպք, նա հույս էր հայտնում, որ համավարակի կորը գուցե և արդեն հաղթահարել ենք։ Ինչպես գիտեք՝ հետագա ամիսներին դրական դեպքերի թիվը օրական մի քանի հարյուրից մինչև հազարի էր հասնում։  
  • Ամենամեջբերվող ոչ պաշտոնական աղբյուրները հիմնականում ընդդիմադիր դիրքերից էին հանդես գալիս և համավարակի մասին խոսելիս օգտագործում էին խիստ էմոցիոնալ բառապաշար։ Այս աղբյուրները պնդում էին, որ իշխանությունը ձախողել է թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը, իրավիճակը «սարսափելի է», հետևաբար՝ պետք է գա նոր, ավելի փորձառու կառավարություն։ Հաճախ էր հանդիպում պնդումն այն մասին, որ իշխանությունը ատելությունը է սերմանում և պառակտում հասարակությունը։ 

168.AM․ կորոնավիրուսի թեմայով ամենամեջբերված փորձագետները քաղաքագետներն էին

Մենք ներբեռնել և ուսումնասիրել ենք 168.am կայքի 5,164 հոդված՝ պարզելու, թե որ աղբյուրներից է լրատվամիջոցը տեղեկություն տարածել։ Առանձնացրել ենք հոդվածներում հանդիպող ֆեյսբուքյան հիպերհղումները։ Հաշվի են առնվել նաև ենթակայքի՝ blog.168.am-ի տվյալները։ 

Մենք ուսումնասիրեցինք 950 հոդվածում մեջբերվող ֆեյսբուքյան էջերը և բաժանեցինք դրանք վեց խմբի․

  • Պաշտոնական աղբյուներ, որոնք կապված են օրենսդիր, գործադիր կամ դատական իշխանության հետ (բացառությամբ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների);
  • Ընդդիմադիր․ խորհրդարանային և արտախորհրդարանային ընդդիմադիր քաղաքական գործիչներ, կուսակցություններ, նախկին պաշտոնյաներ;
  • Ոչ քաղաքական կազմակերպություններ՝ բիզնեսներ, թանգարաններ, հիվանդանոցներ և այլն;
  • Փորձագետներ և մեդիա ոլորտի մասնագետներ, այդ թվում՝ լրագրողներ, ակտիվիստներ, քաղհասարակություն, բժիշկներ, փաստաբաններ և այլն։ 
  • Միջազգային աղբյուրներ, այդ թվում՝ դեսպանատներ, օտարերկրացի հայտնի մարդիկ; 
  • Այլ աղբյուրներ, այդ թվում՝ առանձին անհատներ, արվեստագետներ, հոգևորականներ և այլն։ 

168.am-ի ամենամեջբերված աղբյուրները ըստ բաժինների

Ամենից շատ մեջբերվել են պետական պաշտոնական աղբյուրները։ Հղումներից 207-ը տարբեր փորձագետների, ակտիվիստների, լրագրողների ֆեյսբուքյան էջերից են։ Եվս 142 անգամ մեջբերվել են ընդդիմադիր քաղաքական գործիչները։

Ուշագրավ է, որ ամենից հաճախ մեջբերված փորձագետները քաղաքագետներն են․ նրանց գրառումները կազմում են այս բաժնի բոլոր հղումների ավելի քան 25%-ը։ Միաժամանակ, առողջապահության ոլորտի մասնագետները մեջբերվել են դեպքերի միայն 10%-ում։ Այս ցուցանիշները կարող են վկայել այն մասին, որ կորոնավիրուսի թեման Հայաստանում քաղաքականացվել է․ եղել է ավելի շատ քաղաքական, քան առողջապահական դիսկուրսի մաս։  

Ամենից շատ մեջբերված փորձագետների շարքում են նաև լրագրության և մեդիա ոլորտի մասնագետները (23%), ակտիվիստները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները (10%), ինչպես նաև փաստաբաններն ու իրավաբանները (8%): Դեպքերի 4,4%-ում կայքերը հղում են արել ծայրահեղ աջ ակտիվիստների գրառումներին։ 

Ամենամեջբերված փորձագետներն են քաղաքագետներ Անդրանիկ Թևանյանն ու Գագիկ Համբարյանը, հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը, հրապարակախոս Վահան Իշխանյանը և Razminfo կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ Նրանք բոլորը ունեն ընդգծված քաղաքական դիրքորոշում։ 

Ինչ վերաբերվում է ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ապա այս բաժնի բոլոր հղումների գրեթե կեսը՝ 49%-ը, արվել են Հանրապետական կուսակցության կամ նախկինում՝ խմբակցության անդամների ֆեյսբուքյան էջերին։ 7% դեպքերում հղում է արվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներին, իսկ 5% դեպքերում՝ «Լուսավոր Հայաստանին»։ Մնացած կուսակցությունների դեպքում հղումները կազմել են 2% կամ ավելի քիչ։

Եթե հղումներ պարունակող հոդվածները դասերի չբաժանենք, ապա կտեսնենք, որ 168.am-ի 10 ամենամեջբերված ֆեյսբուքյան էջերից 8-ը պաշտոնական են։ Դրանցից երեքը կապ ունեն Առողջապահության նախարարության հետ։ Նախկին նախարար Արսեն Թորոսյանի, նրա խոսնակ Ալինա Նիկողոսյանի և ԱՆ ֆեյսբուքյան էջերը մեջբերվել էն 126 անգամ, դրանք կազմում են բոլոր մեջբերումների շուրջ 13%-ը։  

Ոչ պաշտոնական աղբյուրներից ամենաշատը մեջբերվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջերը։ Անդրանիկ Թևանյանը նախկինում աշխատել է մի շարք լրատվական կազմակերպություններում, նա 7or.am կայքի հիմնադիրն ու տնօրենն է։    

168.am կայքում ամենահաճախ մեջբերված ֆեյսբուքյան էջերը

Թոփ տասնյակում չընդգրկված, բայց հաճախ հանդիպող պաշտոնական աղբյուրներից էին ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի, ինչպես նաև մարզպետներ Անդրեյ Ղուկասյանի և Գարիկ Սարգսյանի էջերը (բոլոր երեքը այժմ այս պաշտոնները չեն զբաղեցնում)։

Ոչ պաշտոնական աղբյուրների ցանկում հաճախ էին հանդիպում Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը և ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

NEWS.AM․ ամենամեջբերված ֆեյսբուքյան էջերի մեծ մասը պաշտոնական են

Մենք ուսումնասիրել ենք News.am կայքի 6,505 հայերեն հոդված և առանձնացրել հիպերհղումներ պարունակող նյութերը։ Դրանց մեծ մասը՝ 772-ը, հղում էին անում Ֆեյսբուքին, ինչը կազմում է ամբողջ ուսումնասիրված տվյալների 12%-ը։

Ֆեյսբուքյան հղումներով տեքստերը արտատպումներ կամ վերաշարադրումներ են։ News.am-ը սովորաբար կայքում տեղադրում է նաև օրիգինալ գրառումը: 

Մենք առանձնացրել ենք այս հոդվածներում հանդիպող ֆեյսբուքյան էջերը և բաժանել դրանք նույն վեց դասի՝ «Պաշտոնական», «Ընդդիմադիր», «Ոչ քաղաքական», «Փորձագետներ», «Միջազգային» և «Այլ»։   

Ամենից շատ մեջբերվել են պաշտոնական աղբյուրները՝ 469 անգամ։ Ընդդիմադիր քաղաքական գործիչները մեջբերվել են 110 անգամ։ 

Գրեթե նույնքան՝ 109 անգամ էլ հղում է արվել փորձագետների գրառումներին։ Հետաքրքիր է, որ ինչպես և 168.am-ում, այստեղ նույնպես առողջապահական ոլորտի մասնագետների գրառումները կազմել են «Փորձագետներ» բաժնի միայն 11%-ը։  

Փոխարենը՝ հղումների ավելի քան 30%-ը քաղաքագետների էջերից էին, ևս  27%-ը՝ լրագրության և մեդիա ոլորտի մասնագետների, իսկ 10%-ը՝ փաստաբանների։ 

«Ընդդիմություն» բաժնում News.am կայքը ամենից շատ հղում էր արել Հանրապետական կուսակցության հետ կապ ունեցող գործիչներին (15%): Գրեթե նույնքան մեջբերվել են «Բարգավաճ Հայաստան» (12%) և «Լուսավոր Հայաստան» (14%) կուսակցության կամ խմբակցության անդամները։  

Ինչպես 168.am-ի, այնպես էլ News.am-ի դեպքում պաշտոնական աղբյուրների զգալի մասը՝ մոտ 24%-ը, կազմում են հղումները Առողջապահության նախարարությանը կամ դրա աշխատակիցներին։ 

News.am-ի ամենամեջբերված աղբյուրները ըստ բաժինների

Ամենամեջբերված 10 աղբյուրների մեջ ութը պաշտոնական են, իսկ երկուսը՝ ոչ պաշտոնական։ Պաշտոնական աղբյուրներից երեքը կապ ունեն Առողջապահության նախարարության հետ, ևս երեքը՝ կառավարության հետ։ Վերջապես, ամենամեջբերված պաշտոնական էջերի ցանկում են Գեղարքունիքի մարզպետի և Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջերը։  

Ամենամեջբերված ոչ պաշտոնական աղբյուրներն են նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի և «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջերը։ 

News.am կայքում ամենահաճախ մեջբերված ֆեյսբուքյան էջերը

Թոփ տասնյակում չընդգրկված, բայց հաճախ մեջբերվող պաշտոնական ֆեյսբուքյան էջերից էին Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի, Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի, ինչպես նաև ՊՆ նախկին խոսնակ Շուշան Ստեփանյանի էջերը։ 

Հաճախ մեջբերվող ոչ պաշտոնական աղբյուրները ներառում էին «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի, հրապարակախոս Վահան Իշխանյանի, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի, քաղաքագետ Գագիկ Համբարյանի և «Covid-19 Հայաստան» փաստահավաք խմբի ֆեյսբուքյան էջերը։ Ի դեպ, Media.am-ը նախկինում անդրադարձել էր «Covid-19 Հայաստան» փաստահավաք խմբին․ դրա մասնակիցները կապ ունեն ծայրահեղ աջ «Վետօ» նախաձեռնության հետ։ 

Ի՞նչ թեզեր էին շրջանառում պաշտոնական աղբյուրները

Պաշտոնական աղբյուրների կողմից շրջանառվող տեղեկությունը հիմնականում չեզոք էր և վերաբերում էր վարակի տարածմանն ու հակահամաճարակային միջոցառումներին։ Վարչապետ Փաշինյանի խոսքը, սակայն, առանձնահատկություններ ուներ։ 

⭕ Արսեն Թորոսյան, Ալինա Նիկողոսյան, Առողջապահության նախարարություն 

ԱՆ ներկայացուցիչները Ֆեյսբուքում գրառումներ էին կատարում հիմնականում կորոնավիրուսային վիճակագրության մասին (նոր հաստատված դեպքեր, մահեր, և այլն), քաղաքացիներին կոչ անում հետևել որոշակի խորհուրդների, տեղեկացնում ձեռնարկվող հակահամաճարակային միջոցառումների մասին։ Հանդիպում էին նաև մամուլում տարածված տեղեկության հերքումներ։  

⭕ Նիկոլ Փաշինյան

Ֆեյսբուքյան գրառումներում և կայքերի կողմից վերաշարադրած «լայվերում» Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր համաճարակային իրավիճակը, քննարկում կառավարության որոշումները, տնտեսական խնդիրները, աջակցության միջոցառումները։ Նա հորդորում էր պահպանել հակահամաճարակային կանոնները և համավարակի սկզբնական շրջանում հաճախ էր անձամբ անդրադառնում վարակվածների թվին, խոսում նրանց ինքնազգացողության մասին։ Փաշինյանը վստահություն էր հայտնում, որ Հայաստանը այս իրավիճակից ուժեղացած է դուրս գալու։ 

Վարչապետը շտապում էր հայտնել դրական լուրեր բացասական թեստավորումների մեծ քանակի մասին, տնտեսական լավ իրավիճակի մասին («ամենացածր գնաճ ունեցող երկրներից ենք աշխարհում») և այլն։ 

Կորոնավիրուսով հիվանդ ամենաառաջին բուժառուին Փաշինյանը որոշել էր պարգևատրել, քանի որ նա «իր բարձր գիտակցությամբ շատ լուրջ ծառայություն մատուցեց և օգնեց, որ վարակը շատ չտարածվի»։  Իսկ, օրինակ, ապրիլի 8-ին Փաշինյանը հայտնել էր 28 դրական թեստավորումների մասին և նշել, որ «պացիենտների մոտ 90 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի», և եթե այսպես շարունակվի՝ «կնշանակի՝ կորոնավիրուսի պիկը հաղթահարել ենք»։ Սա, իհարկե, համաճարակի միայն սկիզբն էր, և հետագայում Հայաստանը ունեցել է օրական մի քանի հարյուրից մինչև հազար դեպք։ 

Երբեմն վարչապետը հակասական  հորդորներ էր անում։ Նա կոչ էր անում կորոնավիրուսին վերաբերել որպես վտանգավոր հիվանդություն, սակայն հիշեցնում, որ «կորոնավիրուսը մեզ չի վախեցնի», իսկ մեկ այլ «լայվի» մեջ՝ որ այսպես թե այնպես բոլորս վարակվելու ենք․ «կա վարկած, որը շրջանառվում է միջազգային մամուլում, որ այսպես թե այնպես կորոնավիրուսով շատ շատերս ենք վարակվելու, եթե ոչ բոլորս»։   

Փաշինյանը նաև քննադատում էր նախորդ իշխանություններին։ Սահմանադրական դատարանը նա անվանել էր «կորոնավիրուսային դատարան», որտեղ «փրկվեցին՝ ժամանակ են շահում կորոնավիրուսի շնորհիվ»։ 

⭕ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն

Կառավարությունը ստեղծեց ՀՄՏԿ-ն 2020-ի մարտին՝ կորոնավիրուսի մասին տեղեկություն տրամադրելու համար։ Կենտրոնի գրառումները հիմնականում տեղեկացնում էին համաճարակաբանական իրավիճակի մասին (նոր դեպքեր, մահեր, բուժված քաղաքացիներ և այլն)։ Հանդիպում էին նաև հայտարարություններ կառավարության որոշումների և ընդունվող սահմանափակումների մասին։ 

⭕ Արցախի տեղեկատվական շտաբ 

Արցախի տեղեկատվական շտաբի գրառումները հիմնականում տեղեկացնում էին համաճարակաբանական իրավիճակի մասին, ինչպես նաև պատմում  կառավարության ձեռնարկած միջոցառումների մասին (սահմանափակումներ, շրջայցեր, ախտահանում և այլն)։ Շտաբը հաճախ կոչ էր անում հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար:

⭕ Գնել Սանոսյան  

Գեղարքունիքի մարզպետի ֆեյսբուքյան էջից արտատպված գրառումները վերաբերվում էին համաճարագային իրավիճակին՝ մարզում գրանցված դրական դեպքերին, մահերին, առողջացածների քանակին։ Սանոսյանը նաև տեղեկացնում էր, թե մարզի որ բնակավայրերում էին հայտնաբերվել վարակման դեպքեր։

Սանոսյանից բացի, կայքերը տարածում էին նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի (այլևս չեն պաշտոնավարում) գրառումները։

⭕ Տիգրան Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանի գրառումները վերաբերում էին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն միտված որոշումներին, սահմանափակումներին, անվտանգության կանոններին և այլն։ 

Ի՞նչ թեզեր էին շրջանառում ոչ պաշտոնական աղբյուրները

Ամենամեջբերված աղբյուրների տասնյակում հանդիպող ոչ պաշտոնական աղբյուրներից երկուսը քաղաքական գործիչներ են, իսկ մեկը՝ փորձագետ, որն ունի արտահայտված քաղաքական դիրքորոշում։  

⭕ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոնտյանը քննադատում էր իշխանություններին, քանի որ, իր կարծիքով, իշխանությունը պոպուլիստ է և ձախողում է կառավարումը։ Նա բերում էր օրինակներ, որոնք իր կարծիքով վկայում էին արտաքին քաղաքականության լուրջ բացթողումների մասին։ 

Աշոտյանը գրում էր, որ երկրում «գժանոց է», կանխատեսում «կոլապս» և կործանարար հետևանքներ։ Նա նաև տարածում էր չճշտված լուրեր («Լուրեր են շրջանառվում, որ պարետը հրաժարական է տվել»)։ 

⭕ Անդրանիկ Թևանյան

Անդրանիկ Թևաանյանը ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության աջակիցներից է։ Նրա քաղաքական դիրքորոշումը ակնհայտ էր նաև կորոնավիրուսի վերաբերյալ նրա գրառումներում։ Թևանյանը համարում էր, որ կառավարությունը ապաշնորհ էր, հատկապես ճգնաժամային պայմաններում, և քննադատում էր իշխանությանը վարակի դեմ բավական խիստ միջոցառումներ չձեռնարկելու համար։

Թևանյանը համարում էր, որ այս իշխանության աղբյուրը ամբոխն է, ոչ թե ժողովուրդը։ Ըստ նրա՝ «իշխանությունը նաև անմեղսունակ է», այն «ինքնամոռաց ատելության քարոզին» է տրվել և համավարակի պայմաններում հասարակության մեջ թշնամանք է հրահրում։ Թևանյանը համոզված էր, որ հարկավոր է նոր, ավելի փորձառու կառավարություն՝ նոր վարչապետով։

Նա կանխատեսում էր, որ տնտեսական լուրջ խնդիրներ են լինելու։ Թևանյանը նաև մեծ վտանգ էր տեսնում ապօրինի գույքի բռնագանձման օրենքում։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի պատճառով տնտեսությունը անկում է ապրելու, իսկ եթե գույքի բռնագանձման օրենսդրական նախագիծը կյանքի կոչվի, ապա տնտեսությունը փլուզվելու է։  

Թևանյանը Վրաստանը համարում էր համավարակի պայքարի լավ օրինակ՝ ընդգծելով, որ Վրաստանի վարչապետը Փաշինյանից ավելի քիչ ժամանակ է անցկացնում Ֆեյսբուքում։  

⭕ Հրանտ Բագրատյան

2020-ի մարտին նախկին վարչապետը պնդում էր, որ կորոնավիրուսային դրությունը երկրում «սարսափելի է» և համեմատում էր իրավիճակը Վրաստանի հետ։ 

Բագրատյանը ներկայացնում էր այն քայլերը, որ իր կարծիքով իշխանությունը պետք է ձեռնարկի, սակայն նա որևէ կերպ չէր հիմնավորում իր խորհուրդները։ Օրինակ՝ Բագրատյանը առաջարկում էր վեց ամսով արգելել բոլոր գործատուներին որևէ աշխատողի աշխատանքից հեռացնել։ Թե ինչպես է հնարավոր նման արգելքը իրագործել՝ Բագրատյանը չէր մանրամասնում։ Մեկ այլ դեպքում նա առաջարկում էր հրապարակել բոլոր վարակված քաղաքացիների լուսանկարներն ու կարճ կենսագրությունը, իսկ եթե քաղաքացիները չհամաձայնվեն՝ «առաջիկա 2-3 օրերին օրենք ընդունել, որ դա պարտադիր է»։  

Նմանատիպ խորդուրդներ Բագրատյանի գրառումներում բազմաթիվ էին։ Դրանք վերաբերվում էին ոչ միայն տնտեսագիտությանը, որը Բագրատյանի մասնագիտական բնագավառն է, այլև զուտ առողջապահական միջոցառումներին։ 

Այսպիսով՝ մեր ուսումնասիրած տվյալները ցույց են տալիս, որ Ֆեյսբուքը եղել է լրատվական կայքերի համար համավարակի մասին տեղեկությունը քաղելու հիմնական հարթակներից մեկը։ 

Կայքերը արտատպել կամ վերաշարադրել են առավելապես պաշտոնական տեղեկությունը։ Սակայն ոչ պաշտոնական տեղեկությունը արտատպելիս կայքերը նախապատվությունը տվել են քաղաքական, այլ ոչ թե առողջապահական բովանդակությանը։ Ավելին՝ ամենամեջբերված ոչ պաշտոնական աղբյուրները չեզոք չեն՝ նրանք ունեն արտահայտված քաղաքական դիրքորոշում։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *