2021.03.12,

Ստուգված է

HALO Trust․ մեկ մարդու խոսքի վրա հիմնված մեղադրանքները տարածվեցին մամուլում

author_posts/karine-ghazaryan
Կարինե Ղազարյան
facebook

Լրագրող

Մարտի 11-ին 24news.am կայքը գրեց, թե «Բրիտանական «HALO Trust» ընկերությունը […] թուրքական հատուկ ծառայություններին է փոխանցել Արցախում առկա ականապատված տարածքների քարտեզը»:

Այս լուրը հիմնված էր Արցախի նախագահի` հասարակական հիմունքներով աշխատող հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի խոսքերի վրա, որը պնդում էր, թե տեղեկությունը ստացել է «հավաստի աղբյուրներից»։ Սակայն արդեն մի քանի ժամ անց Ավագյանն ասաց, որ տեղեկությունը դեռ ստուգված չէ։

HALO Trust-ը Արցախում աշխատում է ավելի քան 20 տարի և բարձր հեղինակություն է վայելում։ Չնայած դրան՝ Բորիս Ավագյանի խոսքերի վրա հիմնված լուրը լայնորեն տարածվեց մամուլում, իսկ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շտապեց կազմակերպությանը մեղադրել լրտեսության մեջ։ 

Լրտեսների փնտրտուքը

24news.am-ի հոդվածը հիմնված էր մեկ մարդու՝ ԱՀ նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանի խոսքերի վրա։ Ավագյանն իր հերթին անանուն «հավաստի» աղբյուրների էր հղում անում։

Այս լուրը արտատպեցին lragir.am-ը, verelq.am-ը, panorama.am-ը, lurer.com-ը, shabat.am-ը և մի շարք այլ լրատվականներ։ Մի քանի ժամ անց news.am-ի հետ զրույցում Ավագյանն ասաց, որ տեղեկության հավաստիությունը դեռ պարզ չէ։ «Այդ բոլոր տեղեկությունները պետք է ստուգենք», – ասաց նա։ Նա ավելացրեց, որ տեղեկությունը ստուգելու համար դիմելու է Արցախի ԱԱԾ։ 

HALO Trust-ը հերքեց Ավագյանի պնդումը՝ այն անվանելով «բացարձակապես սուտ»։   

ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը Media.am-ին ասաց, որ Բորիս Ավագյանը նախագահի աշխատակազմում աշխատում է հասարակական հիմունքներով, և նրա կարծիքը չի կարող դիտվել որպես պաշտոնական և չի արտահայտում նախագահի կարծիքը։ 

Ավանեսյանը նաև ավելացրեց, որ HALO Trust-ը շարունակում է աշխատել, և իրենց տրամադրության տակ գտնվող տեղեկությունը հիմք չի տալիս մտածելու, որ մեղադրանքները ճիշտ են։ 

Այնուամենայնիվ՝ մարտի 12-ին ԱՀ դատախազությունը հայտնեց, որ տեղեկությունն ուղարկվել է հանրապետության ԱԱԾ՝ «ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննարկելու համար»։ 

Բորիս Ավագյանի դեմ Ռուսաստանում քրեական գործ է հարուցված

Բորիս Ավագյանը «շինծու» է անվանում ՌԴ-ում իր դեմ հարուցված քրեական գործը։ Նրա խոսքով՝ նա ապօրինի գործունեությամբ զբաղվող թուրքական մի կազմակերպության մասին տեղեկություն է հանձնել ՌԴ իրավապահ մարմիններին, ինչից հետո պարզվել է, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Նա մեկնել է Հայաստան, սակայն այստեղ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նրան ստիպել է վերադառնալ Ռուսաստան, որտեղ էլ իր դեմ քրեական գործ է հարուցվել։

Բորիս Ավագյանը։ Նկարը՝ Բորիս Ավագյանի ֆեյսբուքյան էջից

Ավագյանը չի բացատրում, թե ինչու է իր դեմ քրեական գործ հարուցվել։ Ռուսական Kommersant.ru-ն նշում է, որ Ավագյանը մաքսանենգությամբ է զբաղվել։ Fontanka.ru կայքը գրում է, որ Ավագյանին մեղադրել են մաքսատուրքերը չվճարելու մեջ։ Լրատվականը նաև նշում է, որ մինչև քրեական գործի հարուցումը նա ինչ-որ ժամանակ համագործակցել է ուժային կառույցների հետ և նույնիսկ օգնել է Անվտանգության դաշնային ծառայությանը ձերբակալել կասկածյալի։ 

Ավագյանը նաև պետական պաշտոնյա է եղել։ Երկու պարբերականն էլ նշում են, որ Ավագյանը վարել է շքեղ կյանք և պետական պաշտոնից դուրս է եղել ծեծկռտուքի միջադեպից հետո։ Լրատվականները գրում են, որ Ավագյանը հաճախ էր հանդիպում լրագրողների հետ, որպեսզի տեղեկություններ փոխանցի նրանց։ 

HALO Trust-ը 2000 թվականից ի վեր Արցախում վնասազերծել է շուրջ 500 ականադաշտ

HALO Trust-ը հիմնադրվել է 1988-ին՝ Աֆղանստանում պատերազմի ժամանակ ականապատված տարածքները մաքրելու համար։ Ընկերությունը նշում է, որ պատերազմներից հետո մնացած ականները վտանգավոր են տեղի խաղաղ բնակչության համար, իսկ ականապատված հողերը չեն կարող օգտագործվել հողագործության և այլ կարիքների համար։ 

HALO Trust կազմակերպության աշխատանքը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ

HALO Trust-ը աշխատում է 25 երկրներում։ Արցախում կազմակերպությունը աշխատում է 2000-ից և արդեն մաքրել է շուրջ 500 ականադաշտ։ Նախագահ Արայիկ Հարությունյանը այս կազմակերպության աշխատանքը համարում էր Արցախի համար «կենսական նշանակություն ունեցող»։ HALO Trust-ի աշխատանքը բարձր էր գնահատել նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։  

Այս ընթացքում կազմակերպությունում եղել են նաև ողբերգական պատահարներ․ 2018-ին ականի վրա պայթեց HALO Trust-ի մեքենան, զոհվեցին երեք ականազերծողներ։ 

Կազմակերպությունը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանից (USAID) և մասնավոր դոնորներից։ HALO Trust-ի ֆինանսավորման միջոցով ԱՄՆ-ն դարձել էր Հայաստանից բացի միակ պետությունը, որը ուղիղ ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին։ 

2019-2020-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը դադարեցրեց ԱՄՆ կողմից HALO Trust-ի աշխատանքների ֆինանսավորումը։ Այդ ժամանակ Արցախի կառավարությունն իր աջակցությունը հայտնեց կազմակերպությանը և դրա աշխատակիցներին սոցիալական երաշխիքներ առաջարկեց։ Այնուամենայնիվ՝ Կոնգրեսն, ի վերջո, որոշեց HALO Trust-ին հատկացնել ֆինանսավորում։ 

Արցախում աշխատանքները ֆինանսավորելուն մասնակցել են նաև մի քանի մասնավոր հիմնադրամներ, այդ թվում՝ հայազգի բարերար Դիկրան Իզմիրլյանի հիմնած Իզմիրլյան հիմնադրամը։ Կազմակերպության աշխատանքներին աջակցել է նաև հայկական «Ավրորա» մարդասիրական մրցանակը։

Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *