Միջազգային Հանրապետական Ինստիտուտը (IRI, International Republican Institute) իրականացրել է հետազոտություն՝ պարզելու համար, թե հետպատերազմյան Հայաստանում ինչ վարկանիշ ունեն տարբեր կուսակցություններ ու ինստիտուտներ, որքան է մեծ արտահերթ ընտրությունների պահանջը և ինչ առաջնահերթ խնդիրներ են տեսնում հայաստանցիները։
Հարցումն կատարվել է 2021-ի փետրվարի 8-16-ը՝ ընդգրկելով 1 510 չափահասների։
Հիմնական եզրակացությունն այն է, որ հայաստանցիները ցանկանում են տեսնել սոցիալ-տնտեսական ռեֆորմներ և կայուն քաղաքական վիճակ։
Հարցվածների գրեթե կեսը՝ 45%-ը, կարծում է, որ հիմա Հայաստանը լայն իմաստով շարժվում է սխալ ուղղությամբ։
Նման ցուցանիշը իրոք մտահոգիչ է։ Բայց միաժամանակ 41%-ն ասել է, որ մոտակա չորս տարիներին իրենց ընտանիքների ապագան տեսնում է Հայաստանում։
Ներկա իրավիճակի հոգեբանական գնահատման այս գրաֆիկը ցույց է տալիս, թե որքան անկայուն են հանրային տրամադրությունները` լավ ապագային հավատից մինչև վախի զգացում ու համատարած հիասթափություն։
Հարցվածների 97%-ը կարծում է, որ ՀՀ կառավարությունը պետք է կենտրոնանա ներքին խնդիրների վրա (հիմնականում տնտեսական և սոցիալական) և ապահովի քաղաքական կայունություն։
ՀՀ քաղաքացիների 92%-ը կարծում է, որ պետական կառույցները պետք է արցախցիներին անվտնագ վերաինտեգրեն Արցախի տարածքում, որը գտնվում է Ռուսաստանի խաղապահների վերահսկողության տակ։
Հարցման տվյալներով՝ Հայաստանում ամենաբարենպաստ աշխատող կառույցը շարունակում է մնալ բանակը (50%), թեև անցյալ տարի այդ թիվը 91% էր։
Ընդհանրապես, տարբեր կառույցների աշխատանքի գնահատման սանդղակում կտրուկ անկում է գրանցել։ Գրեթե բոլոր ինստիտուտների ու մարմինների (կառավարություն, եկեղեցի, ոստիկանություն, դատարաններ և այլն) աշխատանքը հայաստանցիների կարծիքով՝ բավարար արդյունավետ չէ։
Բարենպաստ աշխատանքի սանդղակի վերջին տողում քաղաքական կուսակցություններն են (4%), անցյալ տարի այդ թիվը 41% էր։
Վարչապետի գրասենյակի աշխատանքը շատ բարենպաստ է համարել հարցվածների 29%-ը, իսկ շատ անբարենպաստ՝ 28%-ը։ Այս ցուցանիշը լավ արտացոլում է բևեռացված մթնոլորտը, որում այժմ ապրում են հայաստանցիները։
Ո՞ր մեդիան եք համարում առավել վստահելի քաղաքական բնույթի ինֆորմացիա ստանալու համար։ Այս հարցը ենթադրում էր երեքական պատասխանի տարբերակ։ Արդյունքը ցույց է տվել, որ 16%-ի համար վստահելիության բարձր շեմ ունի Հանրային հեռուստատեսությունը, 10%-ի՝ Արմենիա-ն 9%-ի՝ Շանթը, 8%-ի՝ Ազատությունը։
Այս տարվա հարցումը չի անդրադարձել խոսքի ազատությանը, լրատվամիջոցների անկախությանը և հաճախ այցելվող կայքերին։ Մեդիայի դերը ստվերել են քաղաքական հարցերն ու արտահերթ ընտրությունների սպասումը։
Հարցվածների 43%-ն ասել է, որ ընտրությունների մասին տեղեկատվություն ստանում է հեռուստատեսային ծրագրերից, իսկ 29%-ը սոցիալական մեդիայից։ Ընդամենը 1%-ն է նշել բանավեճերը։
Հարցումը ցույց է տվել, որ արտահերթ ընտրությունների պահանջը մեծ է։ 57%-ի կարծիքով՝ դրանք պետք է տեղի ունենան 2021-ի գարնանը։
Իսկ եթե այդ ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, ապա հարցվածների մեծ մասը (42%) ոչ մի կուսակցություն չի ընտրի, 33%-ը կընտրի «Քաղաքացիական պայմանագիրը», 3%-ը՝ «Բարգավաճ Հայաստանը», 2%-ը Ռոբերտ Քոչարյանին, իսկ մնացած բոլոր կուսակցություններին, այդ թվում՝ բողոքի հանրահավաքներ անող «17»-ին, ընդամենը 1%-ը։
Ո՞ր քաղաքական ուժին երբեք չեք ընտրի՝ հարցին 25%-ը պատասխանել է՝ ՀՀԿ-ին, 17%-ը՝ ԲՀԿ-ին, 14%-ը «Իմ քայլ»-ին, 10%-ը՝ ՀՅԴ-ին, 8%-ը՝ «Լուսավոր Հայաստան»-ին։
Փաստորեն, արտահերթ ընտրությունների պահանջը մեծ է, բայց ընտրությունը՝ քիչ։
Միաժամանակ 57%-ը պատասխանել է, որ անպայման մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին և ընդամենը 2%-ն է ասել, որ հաստատ չի մասնակցի։
Մեդիայի հանդեպ վստահության հարցը (երբ հարցածները նշում էին երեք տարբերակ) ցույց է տալիս, որ հայաստանցիների 50%-ը ընդհանրապես չի վստահում ոչ մի լրատվականին, 36%-ը որպես վստահելի մեդիա առնվազն նշել է մեկ հեռուստաալիք, 34%-ը՝ սոցիալական մեդիայի մեկ հարթակ։
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: