2021.02.25,

Ստուգված է

Երկու հանրահավաքների ժամանակ տարածվող սխալ կամ մանիպուլյատիվ լուրերը

Փետրվարի 25-ին զուգահեռ ընթացող հանրահավաքների ժամանակ հնչեցին մի շարք սխալ և մանիպուլյատիվ պնդումներ։ Ինչպես հանրահավաքները, այնպես էլ մանիպուլյացիաները անում էին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևերը։ 

«Իմ քայլի» և ԳՇ-ի հայտարարությունները  

Միանգամից մի քանի լրատվամիջոցներ գրեցին, որ Գլխավոր շտաբի (ԳՇ)՝ փետրվարի 25-ի հայտարարությունը «Իմ քայլը» խմբակցությունը համարել է «առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարություն»։

«Իմ քայլի» ֆեյսբուքյան էջում ավելի ուշ տեղադրված հայտարարության մեջ «առանձին զինվորականներ» ձևակերպումը չկար։ 

ԳՇ-ի հայտարարությունը ստորագրել է 40 բարձրաստիճան զինվորական։ Սրանով ՀՀ զինված ուժերը պահանջում էին ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Առիթը «անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատումն էր»։

ԳՇ-ն ավելի ուշ վերահաստատել է իր դիրքորոշումը՝ տեղեկացնելով, որ առավոտյան տարածած հայտարարությունը «չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ»։ Ըստ ԳՇ-ի՝ այն գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ «այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը»։

Փաշինյանը ինչո՞ւ չի ծառայել բանակում

Ազատության հրապարակում Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ ԳՇ պետի ազատված տեղակալը Արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 19 տարեկանում, թողել է իր ուսումը և մեկնել պատերազմ։

«Ու՞ր էր այդ ժամանակ Նիկոլը։ Թաքնվելով իր եղբայրների, մնացածների հետևում, ասելով որ ես սովորում եմ ինստիտուտում։ Եթե հայրենասեր էիր, վերցնեիր զենքը։ Եւ նույն բազմաթիվ ուսանողներ, կազմելով ջոկատներ, գնացին պայքարելու», – ամբիոնից ասաց Օհանյանը։ 

Այս թեմային Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 2017 թվականին, բացատրել, թե ինչու չի ծառայել։ Նրա բացատրության մեջ ուսման մասին դրվագ չկա։ «Ես 1991 թվականին, զինապարտության մասին օրենքի համաձայն, քանի որ երկու եղբայրներս ծառայած են եղել, երրորդ եղբայրն ազատվել է բանակից», – ասել է նա։

ՀՅԴ ներկայացուցիչը մեջբերեց «Լուսավոր Հայաստանի»՝ վարչապետի հետ անհամաձայնություն հայտնող հայտարարությունը։ ԼՀ դիրքորոշումը, սակայն, ավելի լայն է։

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Ազատության հրապարակում ասաց, թե «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը «հայտարարեց, որ ո՛չ, Նիկոլ, դու սխալ ես, սա պետական հեղաշրջման փորձ չէ։ Նիկոլը մնացել է մենակ»։

ԼՀ ղեկավար Էդմոն Մարուքյանը իսկապես համարել է, որ ԳՇ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ չէ։ Միաժամանակ, կուսակցության խորհրդի անդամ Գևորգ Գորգիսյանը կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել ոչ վարչապետի հրավիրած, ոչ էլ վարչապետի դեմ կազմակերպվող հանրահավաքներին, «որովհետև այս լարված իրավիճակում դա կարող է բերել բախումների»։ Կուսակցության խորհուրդը նաև հայտարարել է․ «Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։ Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը»։

Մամուլում տարածվեց հին հայտարարություն

Մամուլում տարածվեց առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հին՝ 2020-ի նոյեմբերի 10-ին արած հայտարարությունը։ Տեքստը հրապարակեցին times.am-ը, mamul.am-ը, bavnews.am-ը և այլ կայքեր։ Mediamax.am-ը, irakanum.am-ը տարածեցին, բայց շուտով հեռացրեց հին հայտարարությունը։

Թուրքիան Փաշինյանին աջակցություն չէր հայտնել

Top-news.am կայքի խմբագիր Գեղամ Նազարյանը հայտարարել է, թե «Թուրքիայի արտգործնախարարը իր զորակցությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին»։ «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն էլ գրեց․ «Չավուշօղլուն համաքայլ է «Իմ քայլի» հետ»։

Analitik.am կայքը նույնպես գրեց, թե «Թուրքական իշխանություններն իրենց աջակցությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանին»։ Կայքը հղում էր անում ռուսական РИА Новости-ին, որտեղ, սակայն, նման պնդում չկար։ 

Թուրքիայի ԱԳ նախարարը հայրարարել էր, որ Թուրքիան դեմ է ցանկացած տեսակի հեղարջումներին և դատապարտում է Հայաստանում հեղաշրջման փորձը։ «Մենք դեմ ենք հեղաշրջումներին և հեղաշրջման փորձերին, որտեղ էլ որ լինեն աշխարհում»,- ասել է նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա նշել է` զինվորականների հնչեցրած ընտրված կառավարության հրաժարականի կոչն անընդունելի է։

Ռազմական հեղաշրջման փորձը դատապարտեց նաև Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փալյանը։ 

Թուրքիայում մի քանի անգամ եղել են ռազմական հեղաշրջման փորձեր։ Վերջին ռազմական հեղաշրջման փորձը տեղի է ունեցել 2016-ին և ձախողվել է։ 

ՌԴ և ՀՀ պաշտոնական հայտարարությունները տարբերվում են

Փետրվարի 25-ին վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Զրույցի մասին երկու կողմերի տարածած հայտարարությունները, սակայն, տարբերվում էին։ 

Հայկական կողմը նշում էր, որ «Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։ Ռուսական կողմը, սակայն, հայտնում էր, որ Պուտինը խոսեց «Հայաստանում կարգուկանոնի պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին: ՌԴ ղեկավարը բոլոր կողմերին զսպվածության կոչ արեց»:

Հերքումներ և պարզաբանումներ

? Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական, ծայրահեղ աջ ակտիվիստ Նարեկ Մալյանի հետ կապ ունեցող «Mediaport» Տելեգրամ-ալիքը հայտարարեց, թե օդանավ է պատրաստվել, «Նիկոլ Փաշինյանը պլանավորում է փախչել Հայաստանից»։ Վարչապետը քայլերթի ժամանակ հերքեց այս տեղեկությունը․ «Մենք էստեղ ենք և մեր հայրենիքից որևէ պարագայում, իմ ընտանիքը էստեղ է, էսա նաև որպեսզի ապացույց լինի իրանց էլ կհրավիրենք, որ գան քայլեն»։ Վարչապետի որդին՝ Աշոտը, նրա հետ էր։ Ավելի ուշ նրան միացան նաև կինը և դուստրը։

?  Պաշտպանության նախարարությունից Panarmenian.net-ի հետ զրույցում պարզաբանեցին․ «Երևանի երկնքում ռազմական ինքնաթիռներ կան, քանի որ ընթանում են ուսումնական-պլանային թռիչքներն, դրանք պարբերական բնույթ ունեն ու կապված չեն փետրվարի 25-ի քաղաքական իրադարձությունների հետ»։

Արշալույս Բարսեղյան
Կարինե Ղազարյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *