2021.02.23,

Նյուսրում

2020-ի հեռուստատեսային տասնյակները

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանում հեռուստացույց դիտում են ավելի շատ կանայք, քան տղամարդիկ: Օրական հեռուստադիտումները կազմում են 227 րոպե (կանայք) և 206 րոպե (տղամարդիկ): Եվ դա բնական է, քանի որ հեռուստալսարանի 55%-ը կանայք են:

Նման եզրակացության է հանգել Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (ՀՌՀ), որը հրապարակել է տվյալներ լսարանի, եթերի կառուցվածի ու 2020-ին ամենաբարձր վարկանիշներ ունեցող հաղորդաշարերի մասին։

Հեռուստաեթերի կառուցվածքը՝ ըստ թեմատիկ ուղղվածության 2020-ին եղել է այսիսին։ Հեռուստատեսային բովանդակության ծանրակշիռ տոկոսը կազմում են ժամանցային հաղորդումները (23%) ու սերիալները (19%)։

Լրատվական ծրագրերի առաջատարը «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամ»-ն է, որին հաջորդում են «Շանթի» «Հորիզոնը» և Հանրայինի «Լուրերը»։ Այս եռյակը զգալիորեն ավելի մեծ լսարան ունի, քան մնացած հանրապետական և մայրաքաղաքային սփռում ունեցող ալիքների լրատվական թողարկումները։

Սոցիալական և քաղաքական խնդիրներին արագ արձագանքով հարցազրուցային և բանավիճային ժանրում ամենից շատ դիտում ունի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդումը Հանրայինում։ Եվ քանի որ Պետրոս Ղազարյանը իր վրա է վերցրել խոսակցական ժանրի ողջ բեռը, նրա վարած մյուս հաղորդումը՝ «Հանրային քննարկումը» ևս զգալի լսարան ունի։ Եռյակում է նաև «Շանթի» «Հեռանկար. Հատուկ թողարկում»-ը։

«Արմենիա» հեռուստաալիքը, որը շատ մեծ լսարան ունի և որի տարբեր ժանրերի արտադրանքը սովորաբար ամենադիտելին է, այս ժանրում թերևս չի ձգտում լինել առաջատար։ Համենայնդեպս, այս ցանկում այն չկա։ Փոխարենը կա «Արմնյուզը», որը թեև չունի լուրերի գլխավոր թողարկում, բայց օրվա թեմաներին արձագանքում է բուռն ու արագ հարցազրույցներով ու քննարկումներով։

2020-ին ամենամեծ պահանջարկ ունեցող գեղարվեստական ֆիլմերի ցանկը առաջարկել է «Արմենիա»-ն։ Եվ միայն այդ ալիքը։ 

Իսկ վավերագրական ֆիլմերի մեծ լսարան ունեն Հանրայինը և «Շանթը», թեև հեռուստադիտողների մեծամասնությունը ամենից շատ դիտել է «Արմենիա»-ի առաջարկած «Անպարտելի բանակ» վավերագրական ֆիլմը։

Երբ ասում ենք՝ սպորտային հաղորդումներ, միշտ պատկերացնում ենք ֆուտբոլը, չնչին բացառությամբ։ Եվ եթե ալիքը ձեռք է բերում ֆուտբոլային հանդիպումներ հեռարձակելու իրավունք, ունենում է կայուն լսարան։ Անցյալ տարի ևս հայաստանյան լսարանը ֆուտբոլ է դիտել՝ տարբեր ալիքներով։

Հումորային ու ժամանցային հաղորդումներ, նաև սերիալներ արտադրող ալիքներից է «Արմենիա»-ն, որն ավանդապես մրցակցության մեջ է «Շանթի» և Հանրային հետ։ 2020-ին «Արմենիա»-ի սերիալներն ու ժամանցային հաղորդումները առաջատար են։ «Շանթ»-ն ավելի քիչ բան է առաջարկում, իսկ Հանրայինը գրեթե չի առաջարկում։ Թերևս այս տարի Հանրայինը փորձելու է լրացնել այդ բացը՝ եթեր վերադարձնելով որոշ հին ձևաչափեր ու մեդիա դեմքերին, որոնք ապահովում էին ժամանցի հատվածը։

Ընդհանրապես, հետաքրքիր է, որ սոցիալական սուր հարցերն ու ժամանցը հայկական եթերում հազվադեպ են իրար հանդիպում են, այլ սովորաբար ընկալվում են որպես հակադրություն։ Եվ ասելով «ժամանց» մենք պատկերացնում ենք զրո քաղաքականություն կամ զրո սրություն, մինչդեռ երբեմն սուրն ու ժամանցայինը ձեռք ձեռքի են գալիս եթեր։ Նաև մտնում սերիալներ։

Առաջատարներն են «Արմենիա»-ի «Անհասցե ծնվածներ»-ն ու «Շիրազի վարդ»-ը, ATV-ի «Սիրուն Սոնա»-ն։

2020-ին հեռուստաեթերի կառուցվածքն, իհարկե, կրեց լուրջ փոփոխություններ համավարակի և պատերազմի պատճառով։ Կառավարությունը պարտադրեց ինֆորմացիայի սահմանափակումներ, և ժամանացի ժանրը մի փուլում ցանկալի, իսկ մյուս փուլում՝ անտեղի էր թվում։

Բայց բոլոր դեպքերում որակյալ ֆիլմերն ու մուլտֆիլմերը ցանկալի բովանդակություն էին։ Եվ առաջատար էին այն ալիքները, որոնք կարողանում էին հայերեն լավ թարգմանությամբ ներկայացնել միջազգային կինոարտադրանքը։ 

Անցյալ տարի մուլտֆիլմեր շատ են դիտել Հանրայինով, որն ապահովում էր հայերեն դուբյաժ, իսկ «Արմենիա»-ն ցուցադրում էր հիմնականում հայկական արտադրության ֆիլմեր։

Երաժշտական ժանրի հաղորդումների ցանկում գլախվոր դերում արխիվ էր։ Ամանորի նախօրեին ցուցադրում էին անցյալ տարիների (անգամ 2015-16-ի) երաժշտական հաղորդումները, որոնք էլ մեծ լսարան ունեին։ Այս տարվա ամանորն, իհարկե, տխուր էր։

ՀՌՀ-ն կազմել է այս գրաֆիկները, հիմնվելով հեռուսատավարկանիշներ չափող «Ադմոսֆեր» (Admosphere – Armenia) ընկերության տվյալների վրա։

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *