2021.01.20,

Ստուգված է

Ինչպես են ձևափոխում Covid-19-ի դեմ պատվաստանյութերի մասին փաստերը

author_posts/ophelia-simonyan
Օֆելյա Սիմոնյան

Լրագրող, փաստեր ստուգող

Աշխարհում COVID-19-ի դեմ զանգվածային պատվաստումները շարունակում են։ Մասնագետները փորձարկել են 68 պատվաստանյութ, որոնցից թեստավորման վերջնական փուլ են հասել 20-ը։

Առաջատարները երեքն են՝
Pfizer-BioNTech 95% արդյունավետություն (ԱՄՆ և Գերմանիա),
Moderna  94,1% արդյունավետություն (ԱՄՆ),
Sputnik V  94,1% արդյունավետություն (Ռուսաստան)։

Վերջին շրջանում ակտիվորեն քննարկվում է ամերիկյան Pfizer-ի էֆեկտիվության հարցը։ Բանն այն է, որ պատվաստանյութի՝ կողմնակի ազդեցությունների բազմաթիվ միջադեպեր գրանցվեցին։ Մանավորապես, հունվարի 14-ին Նորվեգիայի դեղամիջոցների գործակալությունը ահազանգեց․ Pfizer-ով պատվաստվելուց հետո գրանցվել է 23 մահ։ 

Այս փաստնն արդարացի մտահոգություն առաջացրեց։ Օգտվելով առիթից՝ մրցակից երկրների մեդիա դաշտում սկսեցին կանխատեսումներ անել, որ մահերը Pfizer-ի հետևանք են։ Ռուսական լրատվականները մեջբերեցին չինացի էքսպերտների կոչերը՝ դադարեցնելու Pfizer-ի կիրառումը։ 

Հայկական մեդիայում ինֆորմացիան ևս ձևափոխված մատուցվեց։ 

Հունվարի 15-ին 5-րդ ալիքի լուրերի թողարկման ժամանակ Pfizer-ը որակվեց մարդկության համար նոր պատուհաս և մահաբեր պատվաստանյութ։

Pfizer-ով պատվաստումը Նորվեգիայում սկսվել է դեկտեմբերի 27-ին։ Հունվարի 14-ի դրությամբ Նորվեգիայում պատվաստվել է 25,000 մարդ։ Նորվեգիայի դեղամիջոցների գործակալության տվյալներով՝ մահվան ելքով բոլոր դեպքերը գրանցվել են թուլացած իմունիտետով 80-անց տարեց քաղաքացիների մոտ։

Հունվարի 18-ին արդեն Նորվեգիայի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ չի արձանագրել որևէ կապ Pfizer-BioNTech-ի և պատվաստումից հետո գրանցված մահերի միջև։ Նախարարությունը կոչ արեց բժիշկներին՝ հաշվի առնել առողջական վատ վիճակով անձանց  կարգավիճակը՝ ներարկումներ անելուց առաջ։ Պատճառն այն է, որ պատվաստման հետևանքով մեծամասամբ առաջանում է սրտխառնոց ու տենդ, ինչը կարող է նպաստել վատառողջ անձանց վիճակի էլ ավելի վատթարացմանը։

Նորվեգիայի Հանրային առողջության ինստիտուտի տնօրեն Կամիլա Ստոնտելբերգը ասում է, որ հետազոտության արդյունքներով՝ մահացած անձանցից 13-ն ունեցել են թույլ իմունիտետ և առողջական լուրջ խնդիրներ։ Նրա խոսքով՝ կարևոր է հիշել, որ Նորվեգիայի ծերանոցներում օրական մահանում է միջինում 45 անձ։ Նա չի բացառել, որ պատվաստվածներից ոմանք այնքան թույլ են եղել, որ չեն դիմացել պատվաստանյութի՝ սովորոբար ուղեկցող կողմնակի ազդեցություններին։ 

Պատվաստանյութի ընդունումից հետո եղան մահվան ահազանգեր նաև այլ երկրներից՝ Գերմանիայից, Իսլանդիայից, Պորտուգալիայից, սակայն չի արձանագրվել պատճառահետևանքային կապ պատվաստման և մահվան միջև։

Pfizer-BioNTech-ի միլիոնավոր չափաբաժիններ կիրառվել են ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում՝ առանց մահվան ելքերի։ Կողմնակի ազդեցությունները, սակայն, քիչ չեն եղել։ 

ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) զեկույցի համաձայն՝ 2020-ի դեկտեմբերի 23-ի դրությամբ Pfizer-BioNTech-ով պատվաստվածների շրջանում գրանցվել է անաֆիլաքսիայի (ծանր ալերգիկ ռեակցիայի) 21 դեպք։ Ըստ CDC-ի՝ դեկտեմբերի 19-ի դրությամբ նմանատիպ կողմնակի ազդեցության երկու դեպք է գրանցվել նաև Մեծ Բրիտանիայում։ The Jerusalem Post-ի փոխանցմամբ՝ նման դեպք էր արձանագրվել նաև Իսրայելում. պատվաստվելուց մեկ ժամ անց տղամարդը անաֆիլաքսիկ շոկ էր ունեցել։ 

Անաֆիլաքսիան կապ ունի՞ պատվաստման հետ

Այո։ Այսպիսի ազդեցությունները հանդիպում են գրիպի դեմ պատվաստման մեկ միլիոն դեպքերից 1,3-ում։ ԱՄՆ պաշտոնական տվյալներով՝ Pfizer-BioNTech-ով պատվաստված 1 միլիոն մարդկանցից 11,1-ի մոտ անաֆիլաքսիկ շոկ է գրանցվել։ Վաշինգտոնի համալսարանի փորձագետ Մայքլ Կինչը նշում է, որ անաֆիլաքսային ռեակցիան ծագում է պատվաստումից մի քանի րոպե կամ ժամ անց։ Միջին տևողությունը 15 րոպե է։ 

Կողմնակի ազդեցություններ գրանցվել են նաև այլ պատվաստանյութերի դեպքում, սակայն ամերիկա-գերմանական արտադրության պատվաստանյութը բավականին լայն տարածում գտավ։ Այն կիրառվում է ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Արգենտինայում, Չիլիում, Մեքսիկայում, ԵՄ-ում և այլուր։ Սա կողմնակի ազդեցությունների առատության պատճառներից մեկն է․ եթե կան անխուսափելի կողմնակի էֆեկտներ, ապա դրանք ավելի տեսանելի կլինեն առավել շատ օգտագործվող պատվաստանյութի դեպքում։

Moderna-ի և Sputnik V-ի կողմնակի ազդեցությունները

Moderna-ն երկրորդ ընկերությունն էր, որի պատվաստանյութը կիրառման թույլտվություն ստացավ ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունից (FDA)։ Կազմությամբ շատ նման է BioNTech-ին և Pfizer-ին։ Կլինիկական փորձարկումների ժամանակ պատվաստանյութն ստացած անձանց 9,7%-ի մոտ նկատվել է թուլություն, ոչ մեծ խմբի մոտ եղել են ալերգիկ ռեակցիաներ, հատուկենտ դեպքերում արձանագրվել է նաև Բելլի կաթված (Bell’s palsy, դիմային մկանները կարգավորելու անկարողություն)։ Նյարդերի պարալիզացիայի դեպքեր եղել են նաև հետկլինիկական փուլում։

Իսրայելում 13 անձի մոտ պատվաստվելուց հետո ի հայտ են եկել կաթվածի նշաններ։ Անձանցից քանիսն են պատվաստվել Moderna-ով, քանիսը՝ Pfizer-BioNTech-ով, դեռ չի նշվում։ Բելլի կաթվածի և պատվաստանյութի անուղղակի կապի մասին հստակ տեղեկատվության մասնագետները այս պահին չեն տիրապետում, սակայն Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ գրանցված միջադեպերը կարճատև են եղել և դրանց հետևանքով պատվաստման երկրորդ փուլը բաց թողնելու կարիք չկա։ 

Ռուսական Sputnik V-ն կիրառման թույլտվություն է ստացել Բելառուսում, ԱՄԷ-ում, Բրազիլիայում, Արգենտինայում, Հնդկաստանում։ 2020թ․ օգոստոսի 11-ին Ռուսաստանը հայտարարեց պատվաստանյութը գրանցելու մասին՝ առանց 3-րդ փուլն անցնելու, ինչը քննադատվեց մի շարք փորձագետների կողմից։ Սեպտեմբերի 4-ին, սակայն, մեկնարկեց փորձարկումների 3-րդ փուլը ևս։ Ռուսաստանի առողջապահության նախարարությունը առանձնացրել է հետպատվաստումային մի քանի կողմնակի էֆեկտ՝ տենդ, գլխավաց, թուլություն, որոնք անցել են մի քանի օրերի ընթացքում։ Ըստ նախարարության՝  պատվաստվածների 85%-ի մոտ կողմնակի ազդեցություններ առհասարակ չեն եղել։

Չնայած լուրջ ահազանգերի բացակայությանը՝ Sputnik V-ն շարունակում է կասկածելի թվալ շատերի համար։ Ըստ Reuters-ի հարցումների, որն արվել է առողջապահության ոլորտում աշխատող 3040 անձանց շրջանում, հարցվածների 52%-ը չէր ցանկանա պատվաստվել ռուսական պատվաստանյութով։ Պատճառը՝ փորձարկումների մասին ինֆորմացիայի պակասն է։

Օֆելյա Սիմոնյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *