2021.01.12,

Քննադատ

Թրամփից մինչև Չարբախցի Հրեշտակ․ ապրելով սոցցանցերի բռնապետական ժամանակներում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Ինտերնետային մեծ հարթակները դառնում են ինքնավար տիրույթներ։ Ինքնավար բոլոր իմաստներով՝ ներառյալ ամենամտահոգիչ իմաստները։ Անցնենք վերջին ժամանակների իրադարձություններով, որ հասկանանք, թե ինչպես արագ ու աննկատ է ամեն ինչ փոխվում ու կանխատեսում լուրջ հետևանքներ։ 

Սոցցանցերն արգելափակել են ԱՄՆ դեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփին, որն աշխարհի ամենաակտիվ և ամենաազդեցիկ սոցցանցային դեմքերից էր, եթե նույնիսկ հաշվի չառնենք նրա այլ, օֆլայն ազդեցության լծակները։ Եվ հանկարծ, ժամերի ընթացքում Թրամփին արգելափակում են Թվիթերը, Ֆեյսբուքը, Ինստագրամը, Թվիչը, Դիսքորդը։ 

Ընդ որում, արգելափակվում են ոչ միայն հենց Թրամփի հաշիվները, այլև նրա ազդեցիկ հետևորդների, նրա թիմի ներկայացուցիչների և այլն։ Թրամփի աջակիցների ստեղծած հեշթեգերը արգելափակվում են կամ դիտումները պեսիմիզացվում նաև Փինթերեստում, ԹիքԹոքում։ Նույնը կատարվում է Յություբում։ 

Դրանից հետո Թրամփի ֆանատներն անցան Parler չմոդերացվող սոցցանց, բայց այն շատ արագ հայտնվեց Գուգլի ու Էփլի պատժամիջոցների տակ։ Փաստացի, այս պահին, երբ գրում եմ այս տողերը, Թրամփի հետքերը կարելի է գտնել Տելեգրամում, քանի որ այստեղ դեռ գրաքննությունը չի հասել (Տելեգրամի ստեղծող Դուրովը հիմա փորձում է շահարկել այս պահը՝ մեծացնելով իր լսարանը այլ սոցցանցերից արտագաղթողների միջոցով)։ 

Մեկ այլ, ավելի քիչ աղմուկ հանած պատմություն կատարվեց Թրամփի վիրտուալ ոդիսականից մի քանի շաբաթ ավելի վաղ։ Գոյություն ունեն սոցցանցերը վարելու տասնյակ նույնանման հարթակներ, որոնցից մեկը կոչվում է Ամփլիֆըր։ Դրանից օգտվում են բազմաթիվ փոքր, մեծ ու շատ մեծ կազմակերպություններ։ Եվ այդ կազմակերպությունների SMM թիմերն այդ ծրագրի միջոցով էին տեղադրում գրառումներ, տեսանյութեր և այլ բովանդակություն իրենց սոցցանցերում։ 

Ու մեկ էլ հանկարծ դեկտեմբերի 23-ին, կաթոլիկ աշխարհի համար Ծննդյան տոների նախօրեին, աշխատանքային ամենաթեժ պահին, մեկ շաբաթով սառեցվեց դրա ինտեգրացումը Ֆեյսբուքի հետ։ Մարդիկ ոչ միայն չեն կարողանում աշխատել ծրագրի հետ, այև տեղի ունեցավ ավելի հետաքրքիր բան. բոլոր գրառումները, որոնք արվել էին մինչ այդ Ամփլիֆըրի միջոցով, անհետացան Ֆեյսբուքից։ 

Ես չգիտեմ, արգելափակումներից ավելի շատ տխրեց Թրամփը՞, թե՞ բազմաթիվ բիզնեսմեններ, որոնց ֆեյսբուքյան բովանդակությունն անհետացավ նախատոնական օրերին։ Ամեն դեպքում՝ մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ սոցցանցը կարող է կայացնել քաղաքական որոշում։ Ինչպես դա եղավ Թրամփի հետ։ (Եթե իմ սիրելի ընթերցողն արդեն հասավ այստեղ, կուզենայի անպայման նշել, որ ինքս Թրամփի ֆանատ չեմ։ Եթե մեղմ ասեմ։ Բայց փաստը մնում է փաստ, այս ամենը սիրուն չէ։ Եթե մեղմ ընդունենք)։ 

Հնարավոր է, որ պարզապես ինչ-որ թյուրիմացություն է եղել Ամփլիֆըրի դեպքում։ Բայց նույնիսկ եթե տեղի է ունենում թյուրիմացություն, հետագայում կապվելը Ֆեյսբուքի կամ այլ սոցցանցի ադմինիստրացիայի հետ դառնում է մի առանձին ոդիսականի թեմա։ Ու դա դեռ մեծ կազմակերպությունների դեպքում։ 

Իսկ ինչ ասեն փոքրերը, որոնց ընդհանրապես հաճախ անտեսում են։ Հատկապես հիմա, քովիդային կարանտինի ժամանակ, երբ դուռը թակելը դարձել է ընդհանրապես անհնարին, քանի որ աշխատողները սոցցանցերում հյուծված են, իսկ հիմնականում բացակայում են։ 

Դեպքերի մեծ մասի համար դիմողները նույնիսկ պատասխան էլ չեն ստանում։ Խնդիրը մնում է օդում կախված։ 

Օրինակ, մի հայաստանյան լրատվամիջոց օրերից մի օր ընկել էր այսպես կոչված ստվերային արգելափակման (shadow ban) տակ։ Այսինքն, ոչ մի ծանուցում կամ տեսանելի արգելափակում տեղի չէր ունեցել, բայց ֆեյսբուքյան էջում գրառումները պարզապես չէին հայտնվում մարդկանց պատերին։ Ալգորիթմն ուղղակի մարդկանց ցույց չէր տալիս գրառումները, չնայած, որ դրանք բաց դրված էին։ 

Ենթադրաբար, խնդիրը կրկին միջնորդավորված մի ծրագիրն էր, որով լրատվականի ադմիններն աշխատում էին Ֆեյսբուքում։ Դրա անջատելուց հետո օրերի ընթացքում իրավիճակը կարգավորվեց։ Սակայն, այդպես էլ հասկանալի չդարձավ, թե ինչու, ինչպես, ինչը, ինչքան և այլն, և այլն։ 

Իսկ ի՞նչ ասեն հազարավոր հայաստանցիներն ու սփյուռքահայերը, որոնց հաշիվները պատերազմի օրերին արգելափակվեցին Թվիթերում կամ Ֆեյսբուքում։ Մեծամասնությունը ոչ մի բացատրություն չստացավ։ Պարզապես համակարգը ինչ-որ բան համարեց կասկածելի ու արգելափակեց։ Մեկին՝ մեկ ամսով, մյուսին՝ հավերժ։ 

Մեկը գոնե հասկացավ, որ օգտագործել է արգելված բառ (նման բառերի ցանկ այլևս գոյություն չունի, ամեն մեկը պետք է մոտավորապես պատկերացնի բարոյականության սահմանները, որոնք ֆեյսբուքյան մոդերատորների համար գրում են ռիփորթ-ցուցմունք անողները)։ 

Մի մասը բան չի էլ հասցրել գրել, հենց գրանցման պահից ընկել է արգելանքի տակ։ Եվ բոլոր դեպքերում ոչ մի պատասխան, ոչ մի հնարավորություն բողոքարկելու, բացատրելու կամ բացատրություն ստանալու։ Ու՞մ դիմի Չարբախցի Հրեշտակը կամ Գագո247898-ը, երբ իրեն արգելափակում են ու չեն բացատորւմ, թե ինչու։ 

Կարճ ասած, սոցցանցերը ինչ ուզում, անում են։ Եվ գնալով այս վիճակը դառնում է ավելի ու ավելի անվերահսկելի։ Ու՞մ բողոքես, եթե Թրամփին են ջնջում։ 

Դեռ կարելի է Տելեգրամում պատսպարվել։ Մինչև հասկանանք, թե այնտեղ ինչ վատ բան է գլխներիս գալիս։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *