2020.12.29,

vox populi

Վազք՝ աղբյուրների հետևից․ Ինֆոքոմը՝ պատերազմի օրերին

19 սեպտեմբեր, 2020թ․

«Մյուս շաբաթվա ընթացքում խմբագրություն չեմ գալու, օնլայն էլ քիչ կլինեմ, բայց հեռախոսս հասանելի կլինի։ Խնդրում եմ հրատապ դեպքերում զանգել։ Օրինակ՝ պատերազմական կամ նման լուրջ իրավիճակներում զանգեք անմիջապես»։

27 սեպտեմբեր, 2020 թ․

Առավոտյան ժամը 09։55 արթնանում եմ՝ լսելով «Պատերազմ է սկսվել» նախադասությունը։ 2 վայրկյանից նայում եմ հեռախոսի էկրանին․ բաց թողնված 8 զանգ կա։ 30 վայրկյան անց միացված է համակարգիչը։ «Իսրայելյան 39»-ում (Ինֆոքոմի աշխատանքային չաթերից մեկի անունն է) չկարդացված նամակները շատ են։

Թիմին խնդրում եմ երկու նախադասությամբ ծանոթացնել իրավիճակին։ Այնուհետև փորձում եմ հասկանալ, թե ինչը չի արվել դեռ, որ պետք է անեինք։ Ապարդյուն․ Ինֆոքոմի «մարտական հաշվարկը» ճշգրտորեն իրականացված է։

Աշխատանքի վերակազմակերպումը

Առաջին շաբաթվա ընթացքում խմբագրության աշխատանքը քաոտիկ էր՝ աշխատում էին բոլորը և բոլոր ժամերին՝ 14-18-ժամյա գրաֆիկով։ Իրադարձությունների խտությունն ու կարճատև պատերազմի սպասումը թույլ չէին տալիս մտածել հերթափոխերի կազմակերպման մասին։ Սակայն երկրորդ շաբաթվանից ակնհայտ էր, որ աշխատանքն այդ գրաֆիկով շարունակելու դեպքում մեր ոչ մեծ խմբագրությունը օրերի ընթացքում կարող է սպառվել։ 

Ձևավորվեց երկու համահավասար հերթափոխ, որի արդյունքում աշխատանքային օրը տևում էր 19-20 ժամ՝ առավոտյան 8-ից մինչև գիշերվա 4-ը։ 

Համալրումը՝ կամավորներով

Տեղեկատվության և հատկապես դրա արտասահմանյան աղբյուրների էական աճի, աշխատանքային օրվա տևողության մեծացման արդյունքում ակնհայտ դարձավ, որ թիմը նոր մոնիտորներով, թարգմանիչներով, լրագրողներով համալրման կարիք ունի, ինչն իրականացվեց կամավորների ներգրավմամբ։ Ձևավորվեց թարգմանիչների 7 հոգանոց կամավոր աջակցող խումբ, որի անդամներն օրվա ընթացքում իրենց հարմար ժամերին միանում էին աշխատանքներին։ Կամավորական հիմունքներով աշխատանքներում ներգրավվեց նաև երկու լրագրող։

Նշեմ նաև, որ թիմին աջակցող կամավորներից երկուսը, հաջողությամբ անցնելով չսահմանված «ճգնաժամային փորձաշրջանը», պատերազմից հետո մեզ մոտ ընդունվեցին աշխատանքի։

Վազք՝ աղբյուրների հետևից

Եթե ոչ պատերազմական իրավիճակում կարող էինք մեզ թույլ տալ արևմտյան կամ ռուսական հեղինակավոր լրատվամիջոցներին երբեմն առանց լրացուցիչ ստուգման ընդունել որպես սկզբնական աղբյուր, ապա պատերազմի սկսվելուց 1-2 օր անց հասկացանք, որ այդ նույն ձևով շարունակել չենք կարող, քանի որ այստեղ ևս գործ ունենք իրադարձությունների, հայտարարությունների մանիպուլյատիվ, հաճախ միակողմանի լուսաբանման հետ։ Հետևաբար հայկական լրատվամիջոցում հրապարակված մեկ նյութի վերահրապարակման համար ստուգվում էր հղումների ամբողջ շղթան՝ հայկական լրատվամիջոց – ռուսական լրատվամիջոց – արևմտյան կամ ադրբեջանական լրատվամիջոց – ելույթ կամ պաշտոնական հայտարարություն և այլն։ Ստուգվում էր ամեն ինչ և հնարավոր բոլոր լեզուներով։

Փաստերի ստուգման թիմը պատերազմի առաջին օրերին չէր անդրադառնում ադրբեջանական կամ ադրբեջանական ազդեցության աղբյուրների կողմից հայկական մեդիատիրույթ տեղեկություններ փոխանցելու փորձերին, քանի որ դրանց ազդեցությունը դեռևս փոքր էր, և հրապարակումները կարող էին հակառակ ազդեցությունն ունենալ։ Սակայն ազդեցության մեծացմանը զուգահեռ՝ ավելացան նաև դրանց վերաբերյալ հրապարակումները։ Անգամ անհրաժեշտություն առաջացավ պատերազմական իրավիճակում տեղեկատվական հիգիենայի պահպանման վերաբերյալ տեսանյութ պատրաստել։

Թիմն ակտիվորեն հետևում էր նաև դեպի Ադրբեջան կատարվող բեռնափոխադրումների, օգտագործվող զինատեսակների և դրանցում կիրառվող սարքավորումների մատակարարումների աշխարհագրությանը։

#Հաղթելուենք 

Ռազմական գործողությունների ընթացքում պետական մարմինների աշխատանքի տրամաբանությանն Ինֆոքոմի խմբագրությունը ծանոթ էր դեռևս տավուշյան դեպքերից, երբ, օրինակ, քննադատության էին արժանանում լրատվամիջոցները՝ բնակավայրերի հրետակոծության վերաբերյալ հրապարակումների համար՝ այն հիմնավորմամբ, որ դա կարող է խուճապ առաջացնել կամ հետախուզական տվյալներ տրամադրել։ Եվ սա այն պայմաններում, երբ ակնհայտ էին թե՛ ադրբեջանական կողմի հետախուզական հնարավորությունները, թե՛ տեղեկատվական վակուումի հետևանքով գործարկվող «փչացած հեռախոս»-ի՝ խուճապային տրամադրություններ գեներացնելու պոտենցիալը։

Այս դեպքում փոխվեցին ռազմական գործողությունների մասշտաբները, բայց տրամաբանությունը մնաց նույնը։ Առաջին իսկ րոպեներից դաշտ նետվեց ակնհայտորեն նախօրոք մշակված #Հաղթելուենք հեշթեգը, ինչը, սակայն, կանխորոշեց ոչ թե պատերազմի ելքը, այլ այդ ընթացքում տեղեկատվական հոսքերի բովանդակությունը։ #Հաղթելուենք-ը անհաջողությունների մասին բաց խոսելու որևէ հնարավորություն չթողեց․ հեշթեգը ճնշեց ճշմարտությանը։

Կայքը՝ տելեգրամի ստվերում

Ինֆոքոմի սոցիալական մեդիայի էջերը, ալիքները՝ բացառությամբ Ֆեյսբուքի, ոչ թե կայքին սպասարկող, այլ կայքին հավասարազոր ինքնավար հարթակներ են, իսկ Տելեգրամի ալիքը տարբեր ժամանակահատվածներում ունեցել է ավելի լայն լսարան, քան կայքը։ Նախապատերազմյան շրջանում կայքն աստիճանաբար ամրապնդում էր իր դիրքերը, սակայն Տելեգրամի ալիքի թռիչքաձև աճի արդյունքում նորից մնաց Տելեգրամի «ստվերում»։

Տելեգրամում լրահոսը թարմացվում է 3 լեզուներով, սակայն պատերազմի ընթացքում բացվեց նաև 4-րդ՝ արաբերեն ալիքը։

44 օրերի ընթացքում հայերեն ալիքի հետևորդների թիվն ավելացել է 3,6 անգամ՝ 9230-ից հասնելով 33 370-ի, ռուսերեն ալիքինը՝ 5,9 անգամ՝ 1430-ից հասնելով 8400-ի, անգլերեն ալիքինը՝ 9,7 անգամ՝ 202-ից հասնելով 1970-ի։

Ինֆոքոմի տելեգրամյան ալիքների բաժանորդների թվի աճը

44 օրերի ընթացքում հայերեն ալիքն ունեցել է 41 մլն․ դիտում, ռուսերենը՝ 13,5 մլն․ դիտում, անգլերենը՝ 1,5 մլն․ դիտում։

Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Infocom.am-ն ունեցել է ավելի քան 500 հազար դիտում։

Infocom.am կայքի այցելությունները՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ դրան նախորդող ժամանակաշրջանի համեմատությամբ՝ ըստ Google Analytics-ի: 

Ֆեյսբուքի հետևորդների քանակն ավելացել է 4,7%-ով՝ հասնելով 40,1 հազարի։

Թվիթերի հետևորդների քանակն ավելացել է 150%-ով՝ հասնելով 1930-ի։

Ապագայի համար

Չվնասելու սկզբունքին անխտիր բոլոր դեպքերում հետևելուց առաջ միշտ կարևոր է հարց տալ՝ արդյոք այդ սկզբունքի կիրառման արդյունքն էլ ավելի չի՞ վնասի։

Սևակ Մամյան
Ինֆոքոմի խմբագիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *