2012.10.31,

Քննադատ

Թոքշոու՞, թե՞ շոութոք…

Արդյո՞ք հայաստանյան հեռուստահաղորդումները ընտրողներին տրամադրում են բավարար տեղեկատվություն, որպեսզի նրանք կարողանան ժողովրդավար քաղաքացիների վարքագիծ դրսեւորել:

Շատերը հավանաբար կպատասխանեն «ոչ»՝ նշելով վերջերս եթերը հեղեղած ժամանցային հաղորդումները, որոնք իբրեւ թե պիտի ներկառուցեն «մարսված նորությունների» անհրաժեշտ հատվածը՝ աստիճանաբար աջակցելով հիմնական նորությունների յուրացման կարողությունների զարգացմանը:

Որպես կանոն՝ զուտ նորությունները, որոնք փոխանցում են ամենակարեւոր իրադարձությունները (եթե, իհարկե, այդտեղ էլ աղավաղումներ ու քաղաքական տեխնոլոգիաներ չեն կիրառվում) քաղաքականապես ոչ հասուն մարդկանց համար գրավչություն չունեն:

Հավանաբար սեփական դերը գիտակցող ու հստակ առաքելություն ունեցող հեռուստակայանը իր առջեւ պիտի նպատակ դներ յուրաքանչյուր հեռուստադիտողի հասունացումը` աստիճանաբար մարսված նորություններից առաջնորդելով դեպի բուն իրադարձությունների գրագետ ընկալում ու զանազանում:

Հավանաբար ժամանակն է պահանջել, որպեսզի այս հաստատման հիմքի վրա հեռուստաալիքները ներդնեն որակի կառավարման ամբողջական համակարգեր եւ ծառայեն իրենց նպատակին (ինչպես ասում են, fit-for-purpose):

Եթե կրթական համակարգի նման եւ Չափորոշիչների միջազգային կազմակերպության չափանիշների համաձայն եթերը մոնիթորինիգի ու գնահատման ենթարկվեր, ապա հեռուստառադիոհանձնաժողովի համար էլ շատ ավելի հեշտ կլիներ դատողություն անել այս կամ այն հեռուստաալիքին լիցենզիայից զրկելու մասին:

Ուզենք, թե չուզենք, թոքշոուները դարձել են ժամանակակից կյանքի ու ժամանցի անբաժանելի մասն ու շատերի համար սպասված եթերաժամ: Ի սկզբանե դրանք խնդիր են ունեցել քննարկել ու մանրամասնել օրվա նորությունները, բայց աստիճանաբար սկսեցին փոխակերպվել սենսացիա պարունակող դեմագոգիայի:

Որոշ թոքշոուներ փորձում են պահպանել սեփական առաքելությանը (հանրապետական հասարակարգում գիտակից քաղաքացիների ձեւավորման նպատակով առաջնորդվող) համարժեք բարձր որակ, մյուսներն էլ քննարկում են հասարակական կյանքի համար երկրորդային, որպես կանոն կենցաղային կարեւորություն ունեցող թեմաներ՝ փորձելով դրանք ներկայացնել առավել ժամանցային, բայց անվնաս ձեւաչափում:

Վերջապես, ամենասարսափելին ու վնասակարը տխրահռչակ Ջերի Սփրինգերի ոճով թոքշոուներն են, որոնք հագուրդ են տալիս ամենաստորակարգ ցանկություններին ու ցասումներին (որոնք, ի դեպ, բոլոր դավանաբանական համակարգերում խարազանվել են)` բացասաբար ազդելով հասարակության վրա:

Անգամ հետազոտություններից հղումներ անելու կարիք չկա, այնքան ակնհայտ է այս պնդումը:

Մի քանի օր է, ինչ հետեւում եմ «Կիսաբաց լուսամուտներ», «Կենդանի մատյան» եւ «Ազատ գոտի» հաղորդումներին:

Ի սկզբանե դրանցից ոչ մեկը չբավարարեց թոքշոու կոչվելու դասական առաքելությանը, երբ վերջին կարեւոր նորությունների համատեքստում մանրամասն քննարկման միջոցով համեմատաբար անպատրաստ հեռուստադիտողը կարող էր որոշակի տեղեկացվածության արդյունքում աստիճանաբար պատրաստվել գիտակցված մասնակցության: 

talk_shows

Ավելին՝ դրանցից մեկը նախորդիվ քննարկված չարորակ` Ջերի Սփրինգերյան ոճով եւ մեծ համբավ վայելող հաղորդում էր, որտեղ մարդիկ պատմում էին իրենց ամենաստորաքարշ մտածումների ու ապրումների մասին:

Դրան հետեւում էր փորձագետների ու լսարանի համարժեք` այդ «մշակույթը» վերարտադրող պատասխանը, երբ արժեւորումը համեմվում էր ցածրակարգ մակդիրներով ու անպատվություններով կամ էլ բարձր տոնյանությամբ ընթացող խոսակցությամբ եւ վատագույն դեպքում հաղորդավարի անտանելի բառապաշարով ու բղավոցներով:

Եթե հեռուստաալիքները որակի ամբողջական կառավարման ենթրակվեին ու այդ հիմքով էլ լիցենզավորվեին, ապա նմանատիպ հաղորդումները, որքան էլ պահանջարկված լինեին, եթերում տեղ զբաղեցնել չէին կարողանա:

Բայց մեր իրականությունը դեռեւս այդպիսին չէ: Համացանցում փորձեցի պատահական ընտրանքով այդ երեք շոուների այս տարվա թողարկումների դիտումների միջինացված արժեքները հաշվարկել:

Պարզվեց՝ որքան ցածրորակ ու գռեհիկ է բովանդակությունը, այնքան ավելի մեծ է լսարան: Ակնհայտ է, որ նեոլիբերալ ազատ շուկայական մոտեցումները քաղաքականության ու մշակույթի դեպքում քայքայում են հանրապետության հենարանն ու ժողովրդին, գիտկացված գոյակցության փոխարեն, խեղդամահ անում անճաշակության ու գռեհկության գինարբուքում:

Այս ամենին հավանաբար վերջ է պետք տալ, բայց սահմանադրականության սահմաններում ու ժողովրդավարական ոգուն հավատարիմ:

Հարկ է պահանջել, որպեսզի մի շարք ոլորտներին զուգահեռ լրատվության հատվածն էլ ենթարկվի որակի մշակույթի դիկտատին:

Նվարդ Մանասյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *