2012.10.29,

Քննադատ

Բառեր, որոնք իրենց տեղում չեն

Լրատվական կայքերից մեկը հոկտեմբերի 24-ին տեղեկացնում է՝ Ստեփանակերտում հանդիպել են ՀՀ եւ Արցախի նախագահները: Սա Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկությունն է: Այս լուրի անլրջությունը իրականության եւ փաստի հակասությունն է, հոկտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանն արդեն 3-րդ օրն է Արցախում էր, եւ ինքն ու Բակո Սահակյանն այդ օրերին եղել են գրեթե անբաժան, միասին մասնակցել են զորավարժությունների, միասին մեկնել դիրքեր, նույնիսկ եկեղեցի են բացել, բայց, փաստորեն, հանդիպել են միայն երրորդ օրը:

Ի դեպ, մի ուրիշ կայք էլ հոկտեմբերի 27-ին տեղեկացնում է, որ Վանում թռչող ափսե են տեսել: «Հոկտեմբերի 25-ի երեկոյան, 20:00-ին, Վանի Սելիմբեյ թաղամասում ապրող Ֆերհաթ Ֆըրաթը ծ*ելու համար դուրս է եկել պատշգամբ եւ երկնքում կարմրավուն թռչող օբյեկտ է տեսել» (տես սքրինշոթը): Ժամը 10:21-ի դրությամբ (լուրը կայքում դրվել է 09:09 ժամին) Ֆերհաթ Ֆըրաթը դեռ ծ*ելու համար էր դուրս եկել պատշգամբ: 10:48-ին հստակեցվեց, որ պատշգամբ է դուրս եկել ծխելու համար:

News.am

Հեռուստաեթերում գրավոր խոսքն այս աստիճանի անպատասխանատու չէ: Այնտեղ անպատասխանատվությունը ասելիքինն է: Սակայն հոկտեմբերի 25-ին Առաջին լրատվականը տեքստային անպատասխանատվության մի օրինակ ցուցադրեց: Անվանենք այն «տիտրային անպատասխանատվություն»: ԱԺ ճեպազրույցների մասին ռեպորտաժում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը տիտրերում ներկայացվեց Լյովիկ Զուրաբյան: Սա ճաշակի խնդիր չէ՝ Լյովի՞կ, թե Լեւոն: Սա ներկայացման հարց է՝ ինչպե՞ս է տվյալ մարդը ներկայանում հասարակությանը:

Երկրորդ, ու՞մ է լիազորել ինքը՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը, որ իրեն Լյովիկ ներկայացնեն: Ծայրահեղ դեպքում կարող ենք գործ ունենալ մեկ առանձին հեռուստալրատվական ծրագրին լիազորելու հետ, որովհետեւ հայտնի չէ գոնե կես փաստ, որ մյուս հեռուստաընկերություններին Լեւոն Զուրաբյանը լիազորել է իրեն ներկայացնել որպես Լյովիկ Զուրաբյան:

Դիտեք 04:15 րոպեից սկսած

Անդրադառնանք տեքստային անպատասխանատվության օրինակներին: Սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրությունների օրը «Արմնյուզի» լրագրողը ընտրական տեղամասում մոտենում է մոտ 85-ամյա կորամեջք, միայն տեղամասի հատակը տեսնող ծեր կնոջը եւ հարցնում է. «Նորմա՞լ են անցնում ընտրությունները»: Անկասկած, ցանկացածն ունի խոսքի իրավունք, բայց ի՞նչու այդ կինը պետք է լիներ ընտրությունների միակ վկան:

Ուղղակի «մահացու» էր սեպտեմբերի 29-ին հ2 հեռուստաընկերության ֆուտբոլային մեկնաբանի միտքը «Մանչեսթեր Յունայթեդ» – «Տոտենհեմ» խաղի 78-րդ րոպեին, երբ հաշիվը 2:3 էր հոգուտ Տոտենհեմի: Մեկնաբանը բառացիորեն ասում է հետեւյալը. ««Տոտենհեմն» առայժմ կարողանում է խոսափել բաց թողած երրորդ գնդակից»:

Հոկտեմբերի 15-ին Հ1-ի «Առավոտ լուսո»-ի մեկնաբանը՝ Արփինեն, հաղորդման տաղավար է հրավիրել Հրազդանի քաղաքապետին եւ հարցնում է՝ 14 տարի քաղաքապետ եք, ի՞նչ գործունեություն եք ծավալել: Կողքից հաղորդման մյուս մեկնաբանն ավելացնում է. «Հնարավորություն ենք տալիս, որ դուք ձեզ գովեք»: Ինքնին պարզ է, որ առավոտ լուսո երկու գեղեցիկ աղջկա տղամարդ հյուրը չպետք է «լալկանորեն» բողոքի քաղաքի խնդիրներից, բայց ո՞վ ասաց, որ ձեր խնդիրը մարդուն տաղավար կանչելն ու ոչ մի բանի մասին հարցեր տալն է: Եթե դուք Հրազդանի մասին ոչինչ չգիտեք, ինչու՞ եք մարդուն կանչել եւ խնդրում կես ժամում պատմել այն ամենը, ինչ նա արել է 14 տարում:

«Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյունը» հոկտեմբերի 21-ի եթերի համար ռեպորտաժ է պատրաստել «Ամոթ ձեզ» խորագրով: Լրագրողը թվարկում է Վանաձոր քաղաքի բյուջեին պարտք ունեցող քաղաքային չինովնիկների անուն ազգանունները եւ շարունակում. «Ցուցակում կան դատախազներ եւ պատգամավորներ»: Այս նախադասությունն, ընդհանրապես, որեւէ ժուռնալիստիկայի դեմ է՝ նախ լրագրողը պետք է թվարկեր պատգամավորների անունը, հետո՝ քաղաքային չինովնիկների։ Պատգամավորին գիտեն բոլորը, քաղաքային չինովնիկին, հնարավոր է, տվյալ քաղաքի բնակիչն էլ չգիտի։ Պատգամավորին ընտրել են, չինովնիկին՝ նշանակել։

Եզրափակենք շարքը «Շանթի» սերիալներից մեկով: Հերոսը քրոջ կամ ընկերուհու հետ (չկարողացա գուշակել) ննջասենյակում կռիվ անելուց հետո հաշտության «ձեռք» է մեկնում հետեւյալ բառերով. «Քյաստըմ, քուրո»։

Սրանք բառապաշարային քաոսի փոքրիկ դրվագներ են։ Անզեն աչքով կամ ականջով էլ հասկանում ես, որ բառերն իրենց տեղում չեն: Տիտրային, բանավոր խոսքի, տեքստային անպատասխանատվության բոլոր այս դրսեւորումները քեզ  կոնֆլիկտի մեջ են ներքաշում:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *