Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի դատական նիստի ժամանակ օրաթերթի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Քոչարյանների ներկայացուցչին առաջարկել է հաշտության գալ եւ հերքման տեքստ պատրաստել, եթե Քոչարյանների պաշտպանական կողմի նպատակը լրատվամիջոցին նյութական վնաս հասցնելը չէ:
Քոչարյանների ընտանիքը 6 միլիոն դրամի փոխհատուցում է պահանջում «Ժամանակ» օրաթերթից՝ վիրավորանքի եւ զրպարտության միջոցով հասցված վնասի համար: Օրաթերթն անցյալ տարվա սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած 3 հրապարակումով հայտնել էր, որ Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերությունները:
Բացի այդ` Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում: Թերթը նաեւ գրել էր, թե իրականում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը:
Քոչարյանների ներկայացուցիչը նամակ էր գրել «Ժամանակի» խմբագրությանը` նշելով, թե հիշյալ հրապարակումներում տեղ են գտել «ոչ ստույգ տեղեկություններ», եւ խնդրել էր հերքել «փաստացի անճշտությունները»: Թերթը տպագրել էր հերքումը` կրկին վերաշարադրելով հրապարակման բովանդակությունը: Քոչարյանները դա համարելով իրենց բարի համբավին հասցված կրկնակի վնաս՝ դիմել էին Կենտրոնի դատարան:
Դատավորը Քոչարյանների ընտանիքին 12 օր է տվել՝ առաջարկը քննարկելու համար:
Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 14-ին:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: