Մինչ մենք փորձում էինք ցույց տալով գնահատել հետխորհրդային շրջանի հայ լրագրության ու լրագրողների ձեռքբերումներն ու առաջընթացը, հընթացս ու մեր կամքից անկախ այլ հարցերի առնչվելով ու այլ հարցերի մեջ խճճվելով` հեռացանք մեր բուն նյութից ու բուն նպատակից։
Եվ հիմա, մեր բուն նյութին ու բուն նպատակին վերադառնալով եւ մեր բուն նյութի ու բուն նպատակի շուրջ խորհրդածելով, սկսում եմ հասկանալ, որ հետխորհրդային ժամանակաշրջանի հայ լրագրության առաջընթացն ու ձեռքբերումները ցուցանելու համար անհրաժեշտ է հիշողությունը լարել եւ փորձել էդ առաջընթացը նկարագրել առաջին իսկ օրերից, երբ Սովետը դեռեւս չէր փլուզվել, բայց Ղարաբաղյան շարժումն արդեն սկսվել ու բավական առաջացել էր, եւ Շարժման շորշոփներն արդեն խորհրդային մամուլ էին սպրդել (լուսահոգի Կամո Վարդանյանի ջանքերով` «Երեկոյան Երեւան», եւ լուսահոգի Այդին Մորիկյանի ջանքերով` «Ավանգարդ»), եւ լուսահոգի Մովսես Գորգիսյանի ջանքերով «Հայրենիք» ամսագիրն էլ կար, եւ «Հայք» շաբաթաթերթն էլ կար, որը մինչեւ ՀՀՇ-ի իշխանության գալը բավական հետաքրքիր ու առաջադիմական էր, եւ «Լուսավորիչն» ու մի քանի այլ թերթեր էլ արդեն կային։
Սովետի փլուզումից հետո «Երկիրը», «Ազատամարտը», «Ազգը», «Մունետիկը», «Լրագիրը», «Առավոտը», «Չորրորդ իշխանությունն» ու «Հայկական ժամանակն» էլ բացվեցին ու առաջացան, այնուհետեւ շատ ուրիշներ, եւ սրանց առաջացումը նախեւառաջ լրագրողների համար աշխատատեղեր էին ապահովում, եւ փաստորեն, անկախության առաջին տասնամյակում արդեն առաջացել ու գոյություն ուներ լրագրողական խավը, եւ հատկապես էդ տարիներին լրագրողներն ընդհանուր առմամբ լավ էին վարձատրվում եւ, ընդհանուր առմամբ, ապահովված էին, մանավանդ` «Ազատություն» ռադիոկայանի լրագրողները։
Հատկապես էդ տարիներին լրագրությունը ցանկալի աշխատանք էր, եւ էդ տարիներից սկսած ու առ այսօր էլ ջահելներն իրենց ուժերն են փորձում էդ ասպարեզում, ընդ որում՝ նրանց մեջ քչություն են անում հատկապես լրագրության ֆակուլտետների շրջանավարտները, որովհետեւ հետխորհրդային լրագրության ասպարեզում քերականական գիտելիքները ցանկալի են, ճիշտ է, բայց ուրիշ այլեւայլ հատկանիշներ էլ կան, որոնք ոչ միայն ցանկալի են, այլեւ պարտադիր։
Եվ էդ հատկանիշները մանավանդ հետխորհրդային առաջին տարիներին ժուռնալիստիկայի ֆակուլտետն ուսանողներին չէր տալիս, եւ էնպես էր ստացվել, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտները, որպես կանոն, լրագրող չէին դառնում, չնչին բացառությունները չհաշված, իհարկե, եւ դրա հիմնական բացատրությունն այն է, որ հետխորհրդային առաջին տարիներին ժուռնալիստիկայի ֆակուլտետը ղեկավարում ու էդ ֆակուլտետում դասավանդում էին էնպիսի մարդիկ, որոնք իրենք անգամ պատկերացում չունեին` ինչպիսին պիտի լինի լրագրությունը մամուլի ազատության եւ ցենզուրայի բացակայության պայմաններում։
Եվ անկախության առաջին տարիներին հատկապես համապատասխան ֆակուլտետում պատկերացում չունեին լրագրության հետագա ընթացքից, բայց էս ասածս չի նշանակում, թե հիմա էլ է էդպես. հիմա լրագրության ֆակուլտետներում վիճակը կարծես թե փոխվել է, եւ գործող լրագրողներից մի քանիսն արդեն համալսարաններում լրագրություն են դասավանդում՝ չհաշված, որ գործող լրագրողներից ոմանք արդեն լրագրության դասագրքերի հեղինակ են դարձել, ինչպես նաեւ ժամանակակից լրագրությանը վերաբերող մի շարք դասագրքեր են հայերեն թարգմանվել եւ հրատարակվել։
Եվ չնայած էս ամենն արդեն կա, այդուհանդերձ, վերջին մեկ տարում լրագրությունը Հայաստանում առանձնակի աշխուժություն է ստանձնել` առաջին հերթին լրատվական կայքերի շնորհիվ, միգուցե նաեւ պատճառով, որովհետեւ լրատվական կայքերի առաջացումը, զարգացումն ու տարածումը միանգամայն լուրջ խոչընդոտ են տպագիր մամուլի զարգացման եւ նույնիսկ գոյության համար. էլ չեմ խոսում այն մասին, որ շատ հաճախ նույն թերթի կայքն է հրատապության իմաստով հաղթում նույն թերթին:
Մնում է հուսալ, որ տպագիր մամուլի լրագրողներն ու պատասխանատուներն այս բարդագույն վիճակից ելք կգտնեն: Դժվար է, բայց ոչ անհնարին:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: