Արցախում ընթացող պատերազմը տեղացի շատ լրագրողների համար կյանքի ու մահվան սահմանագծին աշխատելու փորձառություն էր: Պատերազմի առաջին օրերին նրանք շտապեցին Արցախ՝ չպատկերացնելով այն իրականությունը, որին բախվելու են օրեր շարունակ՝ անընդհատ հրթիռակոծվող բնակավայրեր, անվտանգության բազմաթիվ խնդիրներ, հոգեկան և ֆիզիկական պատրաստվածության հարցեր։
Մարտական գործողություններ լուսաբանող մեր գործընկերները թեև հուզվել են, ունեցել վախի զգացողություն, սակայն աշխատել են մինչև այն պահը, երբ արդեն անհնար է դարձել ապաստարաններից դուրս գալ և նկարահանումներ անել:
Արթուր Հակոբյան, Կենտրոն հեռուստաընկերություն
Կենտրոն հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը Արցախում աշխատել է պատերազմի առաջին օրերին։ Անկեղծորեն պատմում է, որ սկզբում վախի զգացողություն կար, որը հետագայում վերածվեց ադրենալինի։
Մարտունի քաղաքում նկարահանումների ժամանակ մեզ համապատասխան ծանուցումներ տվեցին, որ կարողանանք շատ արագ հավաքել ավերված տների և շինությունների կադրեր, մարդկանց հետ անվտանգ տարածքներում կազմակերպել զրույցներ և այլն:
Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չէր, նախ պետք է լրագրողներով ցրված աշխատեինք, որպեսզի կուտակումներ չլինեին: Հետո այդ ամբողջ ընթացքում շատ դժվար էր կենտրոնանալ արագ աշխատելու վրա, որովհետև մեր գլխավերևում անընդհատ թշնամու անօդաչու սարքերն էին պտտվում:
Լրագրողական խմբով Մարտունի քաղաքում էինք: Ավարտել էինք նկարահանումները, բայց դեռ չէինք շարժվում, պետք է բոլորն ավարտեին, որ գնայինք Ստեփանակերտ: Քանի որ մենք առանձին մեքենայով էինք, բացի դրանից լարվածությունը մեծ էր, որոշեցինք րոպե առաջ հեռանալ Մարտունի քաղաքից, որտեղ իրավիճակը շատ պայթյունավտանգ էր:
Քաղաքից արդեն դուրս էինք գալիս, երբ անասելի ուժեղ ձայներ լսեցինք: Ոչինչ չէինք հասկանում, մեզ թվում էր, մ․որ պայթյունը մեր կողքին է, կապ չկար, միակ մխիթարանքը մառախուղն էր, որը կարող էր փրկել հաջորդ հռթիռակոծությունից։
Երբ արդեն մոտ էինք Ստեփանակերտին և կապ կար, բոլորը զանգում էին իմանալու, թե որտեղ ենք և արդյոք Մարտունիում աշխատող լրագրողների հետ մենք էլ չենք տուժել: Այդ օրը, ինչպես գիտեք, լուրջ վիրավորում էին ստացել մեր ֆրանսիացի գործընկերները և տեղացի լրագրողներ։
Սա առաջին, բայց վերջին նման դեպքը չէր, երբ ստիպված էինք կիսատ թողնել նկարահանումները, փախչել պատերի տակով և թաքնվել ամենամոտ ապաստարանում։ Նման պահերին ինքնապաշտպանական ռեֆլեքսները սկսում են աշխատել, բայց կարևոր է նաև իմանալ անվտանգության հիմնական կանոնները և պատրաստ լինել աշխատելու մարտական գործողությունների հենց կիզակետում։
Բոլոր այն պահերին, երբ վախը գլուխ էր բարձրացնում, մտովի տեղափոխվում էի 18-19 տարեկան զինվորների մոտ՝ առաջնագիծ: Բայց եթե անկեղծ, այս պատերազմում առաջնագիծ չկա․ թիրախում են նաև բնակավայրերն ու խաղաղ բնակչությունը:
Մեր նկարահանող խումբը բոլոր որոշումները կայացնում էր համատեղ: Թեև հյուրանոցում էինք մնում, բայց վերջին գիշերներն այնտեղ քնել չէինք կարող, ապաստարան չկար: Մեզ տեղեկատվական կենտրոնում բացատրեցին, որ անվտանգ չէ քաղաքում նկարահանելը, ինչպես նաև Ստեփանակերտից հեռանալը:
Մեծ արկեր էին պայթում ավելի հաճախ ու ամեն անգամ ֆիզիկապես ավելի մոտենում քեզ։
Դժվար որոշման առջև էինք կանգնած՝ մնալ, թե վերադառնալ։ Մեր շատ գործընկերներ այդ օրը վերադարձան Երևան կամ որոշեցին աշխատանքը շարունակել Գորիսից։
Որոշեցինք մենք էլ վերադառնալ: Նոր էինք դուրս եկել Ստեփանակերտից, երբ իմացանք, որ կասետային հարված է եղել մեր ապաստարանի կողքի շենքին:
Անձամբ ես նորից կուզեի վերադառնալ Արցախ, բայց խմբագրությունը դեռ նման որոշում չունի։
Մերի Մարտիրոսյան, Factor TV
Մերի Մատիրոսյանը եղել է Մարտունի քաղաքում հակառակորդի անօդաչու թռչող սարքի կողմից թիրախավորված լրագրողների խմբում։
Մարտունիում մի ընտանիքի դաժան պատմություն նկարահանելուց հետո լրագրողական խմբերով վերադառնում էինք, երբ նկատեցինք ԱԹՍ-ն: Մեզ հետ ոստիկան կար, որը հորդորեց արագ իջնել այդ տարածքից:
Բոլորս զրահաբաճկոններով էին, որի վրա կար Press տարբերանշանը, բայց պարզ էր, որ լրագրողներս հատուկ թիրախավորված էինք։
Սկզբում բոլորս մի տեղ էինք կենտրոնացած, իրավիճակից ելնելով սկսեցինք տարբեր ուղղություններով ցրվել։
Հետո անվտանգության աշխատակիցը հորդորեց արագ հավաքվել և հետ վերադառնալ, որովհետև պարզ չէր, թե հաջորդ պահին ինչ կարող է մեզ պատահել, քանի որ արդեն ուշադրության կենտրոնում էինք։
Տեղում պատերազմ լուսաբանելու իմ առաջին փորձն էր սա։ Ոչ այնքան վախ, որքան անհանգստություն կար, որ երկարատև ու չափազանց ծանր պատերազմի հետ գործ ունենք։
Երբ երեկոյան Ստեփանակերտում տագնապի ազդանշան էր տրվում՝ մի պահ անհանգստություն էր առաջանում, բայց անմիջապես հիշում էի, որ հենց այդ պահին մեր քաջ ու բարձր մարտական ոգի ունեցող զինվորները հազար անգամ ավելի ծանր վիճակում են ու դեմ առ դեմ կռվում են ահաբեկիչների հետ, շատ դեպքերում էլ փորձում չդառնալ ԱԹՍ-ների զոհ և նույն պահին անհանգստությունս անցնում էր։
Լուսաբանելու ընթացքում խոսեցի ընտանիքի անդամին կորցրած մարդու հետ, նկարահանեցինք թշնամու հրետակոծությունից փլուզված տներ… Զարհուրելի տեսարաններ էին։ Բայց, միևնույն է, մարդիկ այնտեղ ուժեղ են ու լավատես։
Փորձել եմ որևէ դեպքում խուճապի չմատնվել՝ հասկանալով, որ իմ տեսանյութերը դիտողներին կփոխանցեն լարվածություն և տագնապ։
Ուզում էի ներկայացնել թշնամու վայրագությունները՝ միաժամանակ ցույց տալով, որ մարդիկ հուսահատված չեն, շարունակում են ապրել։
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: