2012.10.11,

Քննադատ

Ֆուտբոլի ֆեդերացիան սահմանափակում է մեդիայի աշխատանքը

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իտալիա հանդիպումը, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 12-ին Երեւանում, Հայսատանում իսկական ֆուտբոլային բում է առաջացրել:

Այդ խաղի մասին հայրենի ԶԼՄ-ների շնորհիվ մենք գիտենք գրեթե ամեն ինչ. ով է դատելու խաղը, մոտավորապես ինչ կազմով են հանդես գալու մեր թիմն ու մեր մրցակիցը, ինչ կարծիքի են այդ խաղի մասին առանձին խաղացողները, որքան արժեն խաղի տոմսերը, ինչ վիճակում է մարզադաշտի խոտածածկը եւ ինչ են ուտելու իտալացի ֆուտբոլիստները, քանի որ իրենց հետ Հայաստան են բերել սեփական շեֆ-խոհարարին։

Լրատվամիջոցները երկրպագուներին հասցրել են տեղեկացնել նաեւ, թե երբ է նախընտրելի ներկայանալ խաղին (Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան, չգիտես ինչու, խորհուրդ է տալիս խաղից երկու ժամ առաջ): Հետաքրքրությունը մեծ է նաեւ այն պատճառով, որ երկարատեւ ընդմիջումից հետո վերջապես խաղը կայանալու է հայ ֆուտբոլասերների կողմից այդքան սիրված «Հրազդան» մարզադաշտում, որտեղ 70-ականներին իր փառավոր հաղթնակներն է կոփել «Արարատ»-ը:

Կայանալիք խաղի մասին մանրամասներն իմանում ենք ոչ միայն հեռուսաէկրաններից կամ թերթերից, այլեւ սոցիալական ցանցերից, մասնավորապես՝ Facebook-ից, որտեղ պարբերաբար հաղորդագրություններ է տարածում Armenian National Team էջը: Օրինակ՝ տեղեկացնում է, թե Սարգիս Հովսեփյանի հեռանալուց հետո ով է դարձել Հայաստանի թիմի ավագը, կամ լուր հայտնում այն մասին, որ Իտալիայի հավաքականը ժամանեց Հայաստան:

Սակայն ինչպես սովորաբար պատահում է, այս անգամ էլ «ֆուտբոլային հեքիաթը» անմասն չմնաց տհաճ անակնկալից` replik.am-ը տեղեկացնում է, որ Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան Sport De Facto ամսագրի եւ «Կենտրոն» հեռուստաընկերության հավատարմագրումը Հայաստան-Իտալիա խաղին մերժել է: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նաեւ «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական-լրատվական ծրագրերի տնօրեն Պետրոս Ղազարյանը. «Մեր խնդրանքին՝ պաշտոնապես հիմնավորել, թե ինչու, ՀՖՖ-ից պատասխանեցին՝ ըտենց ենք ուզում»:

Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց հեռուստաընկերությանը թույլ չեն տվել մասնակցել մեր հավաքականի ասուլիսին ու մարզադաշտում տեղի ունեցած բաց մարզումներին, ինչպես նաեւ չեն տեղեկացրել Միշել Պլատինիի ժամանման մասին։

Իր հերթին Sport De Facto-ն եւս ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրում է. «Այսօր իմացանք, որ մեր երկու լրագրողների համար այդ բազմահազարանոց ստադիոնում տեղ չկա, ՀՖՖ-ն մեզ հավատարմագրել մերժեց այն դեպքում, երբ Իտալիայի հավաքականը պաշտոնապես համաձայնել է տալ մեր ամսագրին Էքսկլյուզիվ հարցազրույցներ: Կբացատրեք` ինչ է սա, ՀՖՖ-ն ոչ մի կերպ չի բացատրում, ուղղակի մերժել են ու վերջ»:

Հայտնի դարձավ նաեւ, որ հավատարմագրումից զրկվել են նաեւ այլ լրատվամիջոցներ, որոնց թվում է xsport.am ինտերնետային կայքը եւ Հանրային ռադիոյի «Մարզական խաչմերուկ» հաղորդումը:

Ինչպես նշում է xsport.am կայքը՝ սեպտեմբերի 29-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տարածեց Հայաստանի ազգային հավաքական թիմերի մասնակցությամբ հանդիպումների ՀՖՖ-ի կողմից անցկացվող միջոցառումների ժամանակ ԶԼՄ-ների հավատարմագրման կարգը:

«Այնտեղ նշված էր, թե լրատվամիջոցների ներկայացուցիչները ինչ կարգով պետք է հավատարմագրվեն ֆուտբոլային հանդիպումներն ու միջոցառումները լուսաբանելու համար: Սակայն այդ 10 էջանոց փաստաթղթում, որը հաստատված էր ՀՖՖ առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի կողմից, աչք զարնեցին հետեւյալ երկու կետերը՝

4.3. Հավատարմագրի ինչպես տրամադրման, այնպես էլ մերժման վերջնական որոշումը պատկանում է բացառապես ՀՖՖ-ին:

4.4. ՀՖՖ-ն պարտավոր չէ բացատրություններ տալ հավատարմագրի ինչպես տրամադրման, այնպես էլ մերժման դեպքում:

Ո՞րն է խտրականության իմաստը: Կամ արդյո՞ք իրավունք ունեն որոշ լրատվամիջոցների զրկելու ազգային հավաքականի հանդիպումը լիարժեք լուաբանելու հնարավորությունից», – վրդովված նշում է հոդվածում xsport.am կայքի հիմնադիր, Հանրային ռադիոյի «Մարզական խաչմերուկ» հաղորդման հեղինակ եւ վարող Արամ Մանուկյանը:

Հետաքրքիր է, որ ՀՖՖ-ն ֆուտբոլային այս թեժ օրերին աշխատում է նվազեցնել իր շփումները մամուլի հետ։ ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դեռ հուլիս ամսին էր փակել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր պաշտոնական էջը եւ մինչ այսօր (Հայաստան-Իտալիա խաղի նախօրերին) այն չի վերաբացել։ ՀՖՖ նախագահը պարազաբանել էր, որ Ֆեյսբուքյան իր էջը բացել էր՝ ընդառաջ գնալով լրագրողների եւ ֆուտբոլասերների խնդրանքին, սակայն «մամուլում տպագրվող ստերի, վիրավորանքների եւ հերյուրանքների պատճառով» որոշել է փակել:

Ընդ որում՝ մինչ այդ էլ նա մերթ բացում, մերթ փակում էր իր ֆեյսբուքյան էջը։

Ընդհանրապես քննադատությունից կամ անձամբ լրագրողներրից վիրավորվելն ու նեղանալը փոքր-ինչ տարօրինակ է դիտվում: Դեռ ոչ ոք չի շահել մամուլին հայտարարած պատերազմից: Եվ ԶԼՄ-ների աշխատանքի խոչընդոտումը հաստատ չի նպաստի ՀՖՖ-ի վարկանիշի բարձրացմանը:

Հասկանալի է. որ Հայաստան-Իտալիա հանդիպումը մեծ հետաքրքրություն է առաջացրել լրատվամիջոցների շրջանում եւ դժվար է բոլորի համար տեղ հատկացնել մարզադաշտում, սակայն նշված լրատվամիջոցները միշտ էլ լուսաբանել են ֆուտբոլային կյանքը եւ ներկայումս նույնպես ցանկանում են կատարել իրենց աշխատանքը:

Մանավանդ, որ մեզ բոլորիս, իրոք, բացառիկ ֆուտբոլային իրադարձություն է սպասում:

Տիգրան Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *