Սեպտեմբերի երկրորդ կեսի ապատեղեկատվությունների ամփոփման մեջ այս անգամ միայն անդրադարձել ենք սեպտեմբերի 27-ից սկսած պատերազմի ընթացքում և դրան նախորդող օրերին այս առիթով տարածված ապատեղեկատվություններին։
Ադրբեջանական քարոզչական պատերազմը սկսվել էր մինչև էսկալացիան
Տեղեկատվական պատերազմում ինչպես հուլիսյան էսկալացիայի, այնպես էլ սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմի ժամանակ, ադրբեջանական կողմը, ի թիվս այլնի, օգտագործում է սոցցանցային կեղծ ու կոտրված հաշիվներ։ Դրանք ստեղծել կամ ակտիվացվել էին վերջին շաբաթների ընթացքում։ Ապատեղեկատվություններ տարածող մեկ ցանցի մասին media.am-ն արդեն գրել է։
Սակայն, մինչև պատերազմը Ադրբեջանը արդեն սկսել էր տեղեկատվական գրոհը։ Օրինակ, սեպտեմբերի 24-ին տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը անդրադարձել էր Արցախի ԱԱԾ-ի անունից շրջանառվող կեղծ որոշմանը։
Իբրև Պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել էր Արցախի բնակչությանը պատրաստ լինել արտակարգ տարհանման։ Այս գրությունը ուղարկվել է մեսինջերներով։
Բանակցությունների մասին ադրբեջանական քարոզչությունը շահարկել է հայկական կայքը
Հեղափոխությունից հետո կարճ ժամանակ վարչապետի խորհրդական աշխատած Արսեն Խառատյանը սեպտեմբերի 24-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական քարոզչական haqqin.az-ի հրապարակմանը։ Դրանում պնդում էր արվել, իբրև Խառատյանը 2018-ին գաղտնի բանակցություններ է վարել ադրբեջանցիների հետ՝ խաղաություն տարածքների դիմաց ձևաչափով:
Խառատյանը հերքել էր այս լուրը և այն համարել «մտացածին»։ Այս ամենի հիման վրա 7or.am-ը հրապարակել էր նյութ, որը վերնագրված է․ «Բացահայտվել է Փաշինյան-Ալիև գաղտնի բանակցությունների «սղագրությունը»»։ Կայքը տեղադրել էր իրենց հորինած սղագրությունը՝ մեկնաբանելով՝ «Դատելով այս ամենից՝ կարելի է գրեթե 100–տոկոսանոց ճշգրտությամբ ներկայացնել Նիկոլի ու Իլհամի 2018թ․ տեղի ունեցած զրույցների մանրամասները։ Այն գրեթե այս տեսքը կարող է ունենալ։ Կրկնեմ, սա ենթադրություն է, բայց շատ ճշմարտանման ենթադրություն»։
Թբիլիսիում երկու օբյեկտ Ադրբեջանի դրոշի գույներով զարդարվել էր, բայց ավելի վաղ և այլ առիթով
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը սեպտեմբերի 30-ին պարզաբանել էր, որ Թբիլիսիի հեռուստաաշտարակը և Խաղաղության կամուրջն Ադրբեջանի դրոշի գույներով էին լուսավորվել այս տարվա մայիսի 28-ին` Ադրբեջանի ազգային տոնի օրը։ Իրականությանը չեն համապատասխանում տարածվող լուրերը, թե նման լուսավորմամաբ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ադրբեջանին։
Զոհվածների ցուցակում կանդանի անձի անուն էր հայտնվել
Սեպտեմբերի 29-ին պարզվեց, որ զոհվածների անունների պաշտոնական ցուցակում հրապարակվել էր կենդանի անձի անուն։ Մարկ Հովհաննիսյան անունով օգտատերը խոսել էր «զոհի» հետ և այս մասին գրել Ֆեյսբուքում։ Սխալը հաստատել է Պաշտպանության բանակը։
Ներկա և նախկին բարձրաստիճան զինվորականները անձամբ են հերքում իրենց զոհվելու մասին ադրբեջանական լուրերը
Ադրբեջանական և թուրքական մեդիայում սեպտեմբերի 28-ին կեղծ լուր տարածվեց, իբրև հայկական կողմից զոհվել է փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանը։ Այս լուրը հերքել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը անձամբ հանդիպել է փոխգնդապետին։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Լռենիկ Բաբայանն ասել է, որ հեգնանքով է ընդունել իր զոհվելու մասին լուրը։
Նույն կերպ իր մահվան լուրն անձամբ է հերքել Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը։
Պաշտոնական հերքումներ
Քարոզչական և լրատվական դաշտում շարունակվում են տարածվել ապատեղեկատվություններ։ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունների կեղծ բովանդակությունների հերքումներն է պարբերաբար հրապարահում հայկական կողմը։ Այս օրերին տարածված հերքումների մի մասը ներկայացնում ենք ստորև․
❌ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրել է, որ ադրբեջանական մամուլում տարածված լուրը, թե Արցախում բունկեր են ոչնչացրել, որտեղ բարձրաստիճան հայ զինվորականներ կային կեղծ է, լուսանկարն էլ՝ հին։
❌ Մարտակերտը շրջափակելու լուրը հերքել է Արցախի ՊԲ-ի ներկայացուցիչ Սուրեն Սարումյանը։
❌ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի տարածած տեղեկությունը, իբր ադրբեջանական բանակի հարվածների հետևանքով Մարտունիի զորամասը ամբողջությամբ շարքից հանվել է։
❌ Մարտերը սկսելու առաջին օրը հերքվել էր Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը, թե իբր ադրբեջանական բանակը գրավել է 6 բնակավայր։ Հայաստանի ՊՆ-ն այս լուրը որակվել էր «ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական տեղեկատվական սադրանք»:
❌ Նույն օրը հերքվել էր նույն կառույցի տարածած մեկ այլ լուր, իբրև ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է առել Վարդենիս-Մարտակերտ ավտոմայրուղին։
Այս օրերին քաղաքացիների շրջանում տարածվում են ապատեղեկատվություններ իբրև ռադիացիա է լինելու՝ տեխնիկական սարքերը պետք է անջատել։ Կամ սև մեքենայով մարդ է շրջում, սահմանի համար սնունդ հավաքում և դրանում թմրեցնող միջոցներ է լցնելու։
Ինչ բացահայտեց Media.am-ն այս օրերին
Մարտերի առաջին օրը media.am-ն ուսումնասիրել է լրատվական դաշտը ու պարզել, որ հայկական լրատվամիջոցները պաշտոնական և ճշտված տեղեկությունը հաղորդելիս օգտագործում են նաև հին լուսանկարներ։
Hraparak.am-ը հին նկարներ և չճշտված ծագման սքրինշոթեր էր հրապարակել, իբրև Ռուսաստանը մեծ քանակությամբ զենք է տեղափոխում Հայաստան։ Վերջին շաբաթներին նմանաբովանդակ չհաստատված լուրեր էր տարածում պաշտոնական Բաքուն։ Իսկ Eurasianet պարբերականը նշել է, որ նման կերպ Ադրբեջանը փորձում էր դիվանագիտական խոչընդոտներ ստեղծել Հայաստանին զենք մատակարարելու համար։
Նախագահ Արմեն Սարգսյանի միտքը սխալ էր թարգմանվել ու ներկայացվել նախագահի թվիթերյան պաշտոնական միկրոբլոգում։ Սարգսյանն իր անգլերեն ելույթում նշել էր, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է «կարմիր խաչով մեքենաներ»։ Հայերեն թարգմանության դեպքում միտքը ճիշտ էր փոխանցվել, իսկ ռուսերեն և անգլերեն տեքստերում ստացվել էր, որ Կարմիր խաչի (ԿԽՄԿ)-ի մեքենաներն են թիրախավորվել։ Թարգմանական սխալով թվիթերը ավելի ուշ հեռացվել են և խմբագրված տարբերակները հրապարակվել։ Սխալ թարգմանությամբ թվիթը տարածել էր նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։
Մենք նաև անդրադարձել ենք տարբեր աղբյուրներ հրապարակումներին, որոնք հաստատում են, որ Թուրքիան սիրիացի զինյալներ է ուղարկում Ադրբեջան։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: