2020.09.24,

Քննադատ

Անկախության օրը աշխատանքի մասին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայաստանի Հանրապետության անկախությանը օրը, որը տոնեցինք համավարակի ու ինֆորմացիոն լարվածության պայմաններում, եթերի թագուհին դարձավ աշխատանքի գաղափարը: 

Սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև 2050-ը Հայաստանի վերափոխման ռազմավարությունը՝  մեգանպատակներով, իսկ կառավարությունը պարգևատրեց «Մեր ժամանակի հերոսներին»՝ հանձնելով մրցանակներ այն մարդկանց, որոնք փոքր բիզնես են հիմնել ու հասել տնտեսական հաջողությունների և բարոյական բավարարվածության:

Նիկոլ Փաշինյանը ձևակերպեց չորս կարևոր արժեք՝ պետականություն, կրթություն, անհատ, աշխատանք:

Նա մի քանի անգամ ասաց, որ կրթության և աշխատանքի միջև խորքային կապ է տեսնում: Ու կրթությունը ուղիղ կերպով կապված է ապագայի տնտեսության հետ:

Այսինքն, կրթության կոնցեպտը սովորելն է, որ հետագայում լավ աշխատանք գտնես:

«Աշխատանքը միակ գործիքն է, որը թույլ է տալիս իրացնել կուտակված ստեղծարար ներուժը»,- այսպես բացատրեց նա:

Այդ նույն տրամաբանությամբ էլ կառուցված է «Մեր ժամանակի հերոսը» նախագիծը, որն արդեն երկրորդ տարին է գտնում է մարդկանց, որոնք անհատական ներդրում ունեն տնտեսության մեջ՝ առանց պետության մասնակցության:

Այսինքն, նրանք հաջողել են որևէ բնագավառում (մեղվապահ են, ոսկերիչ, ռոբոտ կամ խաղալիք են նախագծում, բացում ձիաբուծարան, խխունջների ֆերմա և այլն) ու հետո պետությունը նրանց նկատում է ու մրցանակներ տալիս բեմից՝ ուղիղ եթերում, բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքից ու երաժշտական կատարումների արանքում:

Այդ մարդիկ անհատական քայլ են անում, «իրացնում ստեղծագործական ներուժը» (վարչապետի ձևակերպմամբ) և դրանով իսկ օգուտ տալիս պետությանը՝ զարգացնելով ձեռնարկատիրությունն ու հարկ վճարելով:

«Մեր ժամանակի հերոսը» բիզնեսին միտված նախագիծ է, որը գտնում է շատ լավ մարդկանց ու ցույց տալիս հասարակությանը (իհարկե, չմոռանալով նաև բժիշկներին ու զինվորներին, որոնց գործը բիզնեսից անդին է): Գտնում է մարդկանց, որոնք աշխատում են:

Եթե որոշենք չնկատել, որ այս մրցանակաբաշխության հեռարձակումը լի էր տարբեր տեսակի աշխատանքային խոտանով (ձայնը տեղ չէր հասնում, խոսքերը չունեին ռեգլամենտ ու ծիսակարգ, պատկերն էր թերի, սցենարը իմիջիալյոց էր կառուցված), այլ խոսենք զուտ աշխատանքի գաղափարի մեծարման մասին, ապա չենք կարող անտեսել, որ աշխատանքը միակ գործիքը չէ կուտակված ստեղծագործական ներուժը իրացնելու համար:

Լավագույն գործիքը արվեստն է, որի ստեղծումը կամ դրա կոդերի վերծանումը անհատական երջանկության, հանրային հանգստության ու պետության ճկունության մասին է փաստում:

Արվեստը դառնում է մշակույթ՝ տարրալուծվելով կենցաղում ու հետագայում նաև մարդկային հարաբերություններում: Եվ արվեստը անկախության հետ կապված է ուղղակիորեն՝  հաճախ շրջանցելով աշխատանքի գործոնը:

Արվեստի մասին մինչև 2050-ը ներկայացված ծրագրում ոչինչ չկա (ի տարբերություն, օրինակ, սպորտի ու առողջ ապրելակերպի): Արվեստի մարդիկ չեն դառնում նաև ներկայի հերոսներ: Թերևս պատճառն այն է, որ արվեստը չի տեղավորվում աշխատանքի (տնտեսության) կոնցեպտի մեջ, և դրա ներգործությունը չափելի չէ:

Ինչպես, օրինակ, չափելի է գործարարների համար գրավիչ Հայաստան ունենալու իղձը: Անգամ գիտելիքահենք Հայաստանի մասին խոսելիս, վարչապետը նկատի է առնում միայն բիզնեսը, ապրանքաշրջանառությունը, իսկ արվեստը տեղադրում կրթության մեջ, որպես  տարր:

Արվեստը, ինչպես նաև կրթությունը ինքնաբավ բան է՝ անջատ տնտեսությունից: Ապագայի մարդը, որը ազատ է, անկախ է նաև աշխատանքից (եթե այդպես է ուզում): 

Մարդը միայն տնտեսություն զարգացնող ու հարկ վճարող գործիք չէ: Ի վերջո, սովորում ես ոչ միայն բիզնես դնելու համար, այլ սովորում ես, քանի որ այդպես քեզ լիարժեք ես զգում: Արվեստը լիարժեքության բանալին է, առանց որևէ գործնական նպատակների:

Եվ, ի վերջո, արվեստն է միակ օղակը, որը ցանկացած մեծ իրադարձության ժամանակ անվերապահորեն ընդունվում է որպես քո մասին պատմող խտացված տեքստ:

Որը ստեղծվում է նաև այսօր, այլ ոչ թե միայն դարերի միջից է մեզ աչքով անում:

Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Մեր հայրենիք» վիզուալ պատումների շարքը, որն իր լակոնիկ ու քչախոս ոճով տարբերվում էր շատ հեռուստածրագրերից, ուներ նաև այս հուշումը՝ արվեստը փոքր տեղերում է, արանքներում, ճեղքերում, օրինակ, բանաստեղծական մի քանի տողում, մեղեդու պտույտում, պարային շարժման մեջ, կադրերի դասավորությունում:

Աշխատանքը այդ նշանները գտնելն է: Եվ դա տնտեսական օգուտից անդին աշխատանք է:

Իսկ պետականության գաղափարն է դա նկատելը նաև:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *