Նախորդ հրապարակման մեջ խոսեցինք այն մասին, որ մեր լրագրողներն առաջին հերթին մեր գրողներին ու արվեստագետներին են մտավորական համարում, և հիմնականում դա է պատճառը, որ մեր լրագրողները հիմնականում գրողներից ու արվեստագետներից են հարցազրույցներ վերցնում:
և ընդհանրապես` մեր լրագրողների համար հարցազրույցի ժանրը չափազանց ձեռնտու ու չափազանց նախընտրելի է` մանավանդ նյութական ու ֆինանսական առումով, որովհետև դեռևս խորհրդային ժամանակներից սկսած` հարցազրույց վարող լրագրողը հարցազրույցի համար աշխատավարձ կամ հոնորար ստանում է, իսկ հարցազրույց տված կլիենտը` ոչ։
Աշխատանքի ծանրության առումով էլ է հարցազրույցի ժանրը լրագրողական մյուս ժանրերից ակնհայտորեն թեթև։ և ասելիքի ու ընթեռնելիության տեսանկյունից էլ է հարցազրույցի ժանրը միանգամայն ձեռնտու, որովհետև լրագրողին հարցազրույց տվող քաղաքական գործիչը կամ մտավորականը եթե հարցազրույց է տալիս, ուրեմն` մտքի մեջ կուտակված ահագին ասելիք ունի, և ինչքան էլ էդ ասելիքն անհետաքրքիր լինի, այնուամենայնիվ, ընթերցողի համար նորություն է։
Եվ եթե նույնիսկ քաղաքական գործիչ կամ մտավորական կլիենտի ասելիքն իրենից առանձնապես լուրջ բան չի ներկայացնում, վերստին նորություն կլինի` թեկուզև անլրջության առումով ու իմաստով։ և եթե, ի վերջո, քաղաքական գործիչ կամ մտավորական կլիենտի ասելիքն իրենից ոչինչ չներկայացնի էլ, էլի հարցազրույց վարողի համար մեծ դժբախտություն չի, որովհետև էս դեպքում էլ ասելիքի սնանկության ողջ պատասխանատվությունն ընկնում է կլիենտի վրա, մինչդեռ լրագրողը որևէ պատասխանատվություն չի կրում։
Ավելին. եթե կլիենտը չափից ավելի է դատարկաբանում և ընդամենը մի հարցազրույցի սահմաններում չափից ավելի է հիմարություններ դուրս տալիս, էս դեպքերում արդեն բոլորը գովում ու շնորհավորում են հարցազրույցը վարած լրագրողին` կլիենտի հոգու ու մտքի ողջ դատարկությունը բացահայտելու ու ի դերև հանելու համար։
Եվ եթե պատգամավոր, քաղաքական գործիչ կամ մտավորական կլիենտը ա-երով ու փոքր-ինչ խոսակցական լեզվով է արտահայտվում, դա արդեն իսկական տոն է տվյալ լրագրողի համար, որն իր կլիենտի ա-երն ավելացնելով և նրա խոսակցականը ժարգոնի աստիճանի հասցնելով` տպավորություն է ապահովում ու ստեղծում, որ կլիենտը համարյա թե փողոցային մի արարած է։
Ասածս էս լրագրողները հիմնականում մեր էն լրագրողներն են, որոնք մշտապես կուրծք են ծեծում թե` մեր հեռուստասերիալները փչացնում են մեր ոսկեղենիկ լեզուն, բայց իրենք իրենց հերթին իրենցից կախված ամեն ինչ անում են, որպեսզի փողոցային խոսքը ներթափանցի մամուլ, ընդ որում` պատգամավորի կամ «մտավորականի» միջոցով, առանց դույզն-ինչ ենթադրելու, որ էս դեպքը սերիալների դեպքից անհամեմատ վտանգավոր է, քանի որ էս դեպքում ոչ թե վիրտուալ ինչ-որ հանցագործ է փողոցային լեզվով խոսում ու արտահայտվում, այլ` քաղաքական գործիչը, ժողովրդի ընտրյալ պատգամավորն ու «մտավորականը»։
Եվ մտավորական բառը չակերտների մեջ ենք առնում, որովհետև մտավորականը մեր ու մեր լրագրողի կարծիքով է մտավորական, մինչդեռ ընտրյալ պատգամավորն ու քաղաքական գործիչն իրականում են ընտրյալ պատգամավոր ու քաղաքական գործիչ։
Այլ հարց է` ինչպես և ինչ ճանապարհներով են պատգամավոր ու քաղաքական գործիչ դարձել, և այլ հարց է, որ մեր ունեցածն էդ ու էդքանն է, և այլ հարց է, որ մեր լրագրողները հատկապես սրանցից են նախընտրում հարցազրույց վերցնել, ինչպես նաև` սրանց կյանքի մանրամասներին անդրադառնալ։
Էս ասածս հատկապես մեր կայքերում հանդես եկող լրագրողներին է վերաբերում, և էս բաներն ասելով` ես ոչ թե որևէ մեկին մեղադրում եմ, այլ ընդամենը փաստն եմ արձանագրում։ և փաստն այն է, որ մանավանդ մեր լրատվական կայքերի հաճախորդները նախընտրում են ոչ թե լրագրողական վերլուծությունները, այլ մե մեծահարուստների կյանքի ու կենցաղի ամենայն մանրամասները:
Բայց էս վերջին ասածս հարցազրույցի ժանրի հետ որևէ կապ չունի, չնայած, եթե մի քիչ խորը մտածենք, կապ կգտնենք:
Հուսանք, որ ի վերջո, էս ամենից կհոգնեն ե՛ւ լրագրողները, ե՛ւ հաճախորդները: Հավասարապես, միաժամանակ ու սինքրոն:
Արմեն Շեկոյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: