Ուղիղ հինգ ամիս առաջ՝ մարտի 13-ին, համալսարանում էի: Հանձնեցի վերջին առաջադրանքս, ու էլ. փոստիս եկավ ահազանգը. Լոնդոնի համալսարանական քոլեջում գրանցվել էր կորոնավիրուսի առաջին դեպքը: Ավելի ուշ նոր ահազանգեր ստացա՝ համալսարանը փակվում է, անցնում ենք հեռավար կրթության: Պետք էր շտապ որոշում կայացնել․ կրթությունը շարունակել հեռավար՝ Լոնդոնում կամ հեռավար-հեռավոր՝ Հայաստանում: Մասնագիտական հետաքրքրությունը հաղթեց: Որոշեցի մնալ: Հաջորդած անորոշությունը տևեց հինգ ամիս: Ու չի էլ ավարտվել:
Կորոնավիրուսի շրջանը քիչ թե շատ դրական լույսով ներկայացնող միակ բառը երևի հետաքրքիրն է: Հետաքրքիր էր մնալ ու հետևել՝ ինչպես վիրուսը փոխեց կյանքը մեծ քաղաքում, ինչպես փոխվեց հենց ինքը՝ քաղաքը:
Խառը ժամանակները պայմանականորեն բաժանում եմ երկու մասի, դեռևս երկու: Առաջինը մարտի կես-ապրիլ-մայիս շրջանն էր, երբ Մեծ Բրիտանիայում վարակների թիվը հասնում էր օրական մինչև 6000-ի, իսկ մահացությունը՝ մինչև 1000-ի: Կառավարության հրամանով փակվեցինք տանն ու փորձեցինք հետևել մյուս ուղերձներին: Արդեն վաղ անցյալ թվացող այդ շրջանի ֆոպոտապատմությունը հասանելի է այստեղ` Կորոնավիրուսի լոնդոնյան արտեֆակտները:
Երկրորդ շրջանի սկիզբը, բացի համատեղ ուժերով կորը ճկելուց, նշանավորվեց նաև իմ՝ երկուսուկես ամիս դադարից հետո լոնդոնյան ստորգետնյա փոխադրամիջոցից օգտվելով, կենտրոնական Լոնդոնի փոխված ռիթմին ծանոթանալով: Հեռախոսումս սկսեցի հավաքել համաշխարհային վարակի արտեֆակտների երկրորդ փունջը:
Մինչև հունիս մետրոյի դատարկ կամ կիսադատարկ վագոններում սոցիալական հեռավորություն պահելը բարդ չէր: Բարդը սկսվեց, երբ սահմանափումները քիչ-քիչ վերացվեցին, մարդիկ վերադարձան աշխատանքի՝ շինարարություն, փոքր ու մեծ խանութներ, սրճարաններ ու փաբեր… Ու հանրային տրանսպորտից օգտվելը դարձավ անխուսափելի:
Տեղի ունեցավ դիմակ կրելու երևույթի հանդեպ անխուսափելի փոփոխություն: Համավարակի սկզբում Բրիտանիայի կառավարությունը՝ հիմվելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումների վրա, չէր խրախուսում դիմակ կրելը: Բայց արի ու տես, որ հունիսի կեսին այն դարձավ պարտադիր՝ նախ հանրային տրանսպորտում, ապա նաև փակ տարածքներում:
Այստեղ նորից պետք է հիշեմ բանից անտեղյակ լոնդոնցի Արտուշ պապին. կառավարության փոփոխվող ուղերձները շարունակում են զբաղեցնել մարդաբոյ, երկու մարդաբոյ, երեք մարդաբոյ գովազդային վահանակների մակերևույթներ: Սուպերմարկետում դեմքը ծածկելու պարտադրանքի մասին ինքս տեղեկացա այդպիսի վահանակից:
Թերևս նաև դիմակների շնորհիվ սուպերմարկետ մտնելուն այլևս չի նախորդում կես ժամանոց հերթը: Խիստ անհրաժեշտության դեպքում նույնիսկ հնարավոր է մեկ անվճար դիմակ ձեռք բերել, օրինակ, գնացքով միջքաղաքային ճամփորդությունից կամ թանգարան մտնելուց առաջ:
Սոցիալական հեռավորություն պահպանելը, ձեռքերը հաճախ լվանալը կամ ախտահանելը մնում են անփոփոխ հորդորներից: Վերջինի իրագործելիությունն ապահովելու նպատակով ամենուր հայտնվել են ձեռքերն ախտահանող հեղուկներ:
Ի դեպ, անձնական հիգիենայի պարագաների թալանը սահմանափակվեց միայն առաջին փուլով: Գներն էլ վերադարձան հին նորմալին. եթե համավարակի սկզբում մեկ բժշկական դիմակի համար մոտ մեկ ֆունտ էի վճարում, հիմա մեկ ֆունտով կարող եմ հինգ դիմակ գնել:
Հատուկ կանոնների պահպանմամբ հուլիսից վերաբացվելու թույլտվություն ստացան թանգարանները, ցուցահանդեսները, կինոթատրոնները, մարզասրահները: Այցելուները պետք է էլեկտրոնային ամրագրում կատարեն նույնիսկ անվճար ցուցադրությունների համար, իսկ կազմակերպիչները պարտավոր են զգալիորեն նվազեցնել տարածքում մարդկանց թիվը, ապահովել հեռավորության պահպանումն ու տարբեր ուղղություներով ելումուտը:
Համաշխարհային խառնաշփոթն անտարբեր չի թողել նաև ստեղծագործողներին: Երբ մի օր կորոնավիրուսային ուղերձների կարիքն այլևս չլինի, մոլորակը կմաքրվի վարակի արտեֆակտներից՝ կարծես ոչինչ էլ չի եղել: Բայց քաղաքների ծածուկ անկյուններում երկար դրոշմված կմնան 2020-ին մեր տեսածն ու ապրածը պատկերող գրաֆիտիները:
Թեև սահմանափակումների թուլացման արդյունքում հուլիսից վարակների թիվը նորից սկսել է աճել, բայց կյանքը վերադառնում է հնին՝ նոր նորմայի կանոններով: Միաժամանակ Ազգային առողջապահական համակարգի ու բուժաշխատողներին ուղղված շնորհակալական պաստառները փողոցներում շարունակում են ավելանալ:
Հինգ ամիս դադարից հետո համալսարանների մասնաշենքերը քիչ-քիչ բացվում են. վերադառնում ենք ուսանողական կյանքին:
Տեքստը և լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: