«Ամպոտ ետմիջօրէ մը, ինչպես որ սովորական է տեսնել Բարիզ: Այսօր չորրորդ անգամն է, որ կը ծանուցուի, թէ իտալո-յունական վէճը հարթուած ըլլալով, թրքական դաշնագրին ստորագրումը տեղի պիտի ունենայ Սէւրի ազգային յախճապակիի գործարանը, Nolletի սրահին մէջ: Կեսօրը չանցած՝ Հայ հանրապետութեան Պատուիրակութեան կը հանդիպինք տեղւոյն վրայ՝ իմանալու թէ այսօր իրո՞ք պիտի ստորագրուի: Քիչ ետքը կը երեւայ Պ. Ահարոնեան , որ գոհունակութեան ժպիտով մը մեր հարցումներուն կը պատասխանէ: Անիկա ձեռքին մէջ ունի ինքնահոս մը՝ ոսկի գրչածայրով, զոր Մանչեսթըրի հայերը նուիրած են և դաշնագիրը ստորագրելեն ետք Հայաստանի թանգարանին մէջ պիտի պահուի» («Ժողովրդի ձայն», 1920, օգոստոսի 12-25):
Փարիզի Սևր արվարձանում, 1920թ. օգոստոսի 10-ին, ստորագրվեց խաղաղության պայմանագիրը։
Պայմանագիրը մի կողմից ստորագրեցին Բրիտանական կայսրությունը, Ֆրանսիան, Իտալիան և Ճապոնիան, ինչպես նաև «Փոքր դաշնակիցները»՝ Հայաստանը, Բելգիան, Հունաստանը, Հեջազը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սերբա-Խորվաթա-Սլովենական պետությունը և Չեխոսլովակիան։ Հայաստանի ներկայացուցիչը , որը ոսկե գրչածայրով իր ստորագրությունը դրեց պայմանագրի տակ, Հայաստանի Առաջին հանրապետության խորհրդարանի նախագահ, Փարիզի հաշտության խորհրդաժողովում Հայաստանի Հանրապետության ղեկավար Ավետիս Ահարոնյանն էր:
Թուրքիան ներկայացնում էին սենատորներ Հաադի փաշան, Ռիզա Թեւֆիկ բեյը և Բեռնում Թուրքիայի արտակարգ դեսպան և լիազոր մինիստր Ռեշադ Խալիոս բեյը։
«Թուրքիոյ պարտադրուած Հաշտութեան դաշնագրին ստորագրութեան առթիւ անակնկալ դէպք մը պատահած է և և թուրք պատուիրակներուն վերջին օրերու արուած առարկութեանց վրայ , Ազգային պատուիրակությեան նախագահ Պողոս Նուպար չէ ստորագրած դաշնագիրը («Արևելյան մամուլ», Իզմիր, 1920, օգոստոսի 18):
Ըստ թերթի՝ նրա ստորագրությունը Դաշնակից պետությունների ներկայացուցիչները հարմար չեն գտել՝ անհանգստանալով, թե նրա ստորագրությունը կարող է Դաշնագրի կատարման ձգձգման պատճառ դառնալ:
Թերթը անհանգստություն էր հայտնել՝ նկատելով, թե Պողոս Նուբար փաշայի՝ պայմանագրի տակ ստորագրություն չդնելը հայկական պատվիրակության մեջ եղած տարաձայնությունների պատճառով էր.
«Այս բոլոր անպատեհութիւններն առաջ կուգան պատուիրակութեան երկուութենէն, որով անծանոթին մեջ կ՜ խարխափենք՝ առանց կազմ ու պատրաստ ըլլալու վաղուան անակնկալներուն: Մեր ներկայ յուսալքիչ ուղղութիւնը , որ այսպիսի կենսական փափուկ վայրկեանի մը առջև իսկ, կարելի չըլլար յարդարել շատ տխուր նախազգացումներու տեղի կուտայ ապագայի մասին: Պ. Ահարոնեան պէտք է մէրժեր ստորագրել դաշնագիրը և պնդել, թե Պողոս Նուպար ՝ իբրև ներկայացուցիչ Թրքահայոց դատին, հարկ էր, որ իր հետ միասին ստորագրեր» (նույն տեղում):
«Օգոստոսի 10-ը պատմական թվական պիտի մնա աշխարհի և հատկապես Արևելքի պատմության մեջ: Թուրքիան, երկար տատնումներից ու դավերից հետո, ստիպված եղավ ստորագրել հաշտության դաշնագիրը: …Թուրքիան անդամահատված է՝ Արաբիա, Պաղեստին, Սիրիա, Հայաստան, Քուրդստան, Իզմիրի շրջանը հանված է նրա տիրապետությունից, իսկ Պոլիսն ու նեղուցները՝ նրա ազդեցությունից:
Այդ փաստաթուղթը պատմական է և նրանով, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից էլ ստորագրված է դաշնագիրը՝ Թուրքիայի մահվան դատավճիռը: …Որքան էլ, սակայն, ստորագրելու վայրկյանը լինի նշանակալից և պատմական և որքան էլ մենք՝ հենված դաշնագրի կետերի վրա, եզրակացություններ հանենք, այնուամենայնիվ, կարևոր և անհրաժեշտ է սպասել և տեսնել դաշնագրի շուտափույթ իրագործումը (ընդգծումը թերթինն է- Լ.Ա.): Առանց այդ ակտի՝ դաշնագրությունը թղթի կտոր է և անարժեք» («Յառաջ», 1920, օգոստոսի 19 ):
Սևրի հաշտության պայմանագրի ստորագրումը ոգևորությամբ ընդունեց նաև Էջմիածինը.
«Միացեալ, ազատ, անկախ Հայաստանի պաշտոնական ճանաչումը եւրոպական պետութիւնների կողմից օգոստոսի 10-ին, նոր կենցաղի դուռ բաց արաւ ինչպէս հայ ժողովրդի, այնպէս և հայ եկեղեցու համար: Հայ եկեղեցին ևս իւր հարազատ զավակներուն նման, օտարների լծի տակ մնալով, շատ օտարամուտ կողմեր ունեցաւ իւր մէջ՝ քաղաքական ճնշումների պատճառով: Օտար պետութիւնները՝ թէ՜ Ռուսաստանը և թէ՜ Տաճկաստանը հայ եկեղեցու զարգացման առաջ այլ և այլ խոչընդոտներ էին յարուցանում, աշխատում էին ազգայինը նրանից հանել, նրա ոյժը թուլացնել, որովհետև գիտէին, որ հայ եկեղեցին է ժողովրդի միության կեդրոնը, նրա ազգային ինքնօրենութեան պահապանն ու ազդակը: …Այդ դրսի ճնշումն այժմ վերացել է, և ինչպէս ժողովուրդն այժմ աշխատում է օտարի վնասակար ազդեցութիւնից ազատագրուել, ստեղծել իր ինքնուրույն ազգային կեանքն ու մշակոյթը, նոյն կարիքն ունի և եկեղեցին («Էջմիածին», 1920, սեպտեմբերի 8):
Պայմանագիրը ստորագրված էր: Ըստ այդմ՝ Թուրքիան ճանաչում էր Հայաստանը՝ որպես Ազատ և անկախ պետություն՝ 160 000 քկմ տարածքով: Հայաստանին էին միանալու Էրզրումը, Տրապիզոնը, Վանի և Բիթլիսի վիլայեթները, որոնց վերջնական սահմանները գծելու էր ԱՄՆ-ը: Դրանից հետո Թուրքիան պիտի հրաժարվեր Հայաստանին անցած տարածքների նկատմամաբ իր բոլոր իրավունքներից:
Հայկական պատվիրակությունը՝ տեղի հայ համայնքի, լրագրողների հետ նշում էր ուրախ այդ առիթը.
«Քիչ ետք հայ պատուիրակութեան շէնքն ենք, ուր ամէն մարդ զուարթ ու գոհ սրտով կը մասնակցի հայկական ուրախութեանց: Շնորհաւորութեան ներկայանալով Պ. Ահարոնեանին, կը մաղթեմ, որ այս ստորագրումը հիմը դառնայ նորանոր հաջողութեանց, մինչև որ ամբողջական Հայաստանը կազմուի ազատ և անկախ: Խոսքս մասնավոելով Կիլիկիոյ հարցին՝ կ՜անդրադառնամ , խնդրելով, որ Հայ հանրապետութիւնը՝ այս անգամ իբր ճանչցուած կառաւարութիւն, ամեն ինչ ընէ մարտնչող կիլիկեցիներուն օգնութեան հասնելու: Հ.Հ. ներկայացուցիչ Պրն, Ահարոնեան ցոյց կուտայ նաև իր կնիքը, զոր գործածէց Սեւրի մէջ, իր անուան մենատառը ներկայացնող երկու՝ իրարու շնորհալիորեն ագուցուած Ա-եր և զետեղուած տփիկի մէջ: Այս նշանագիրն ալ գրիչն հետ մէկտեղ պիտի լուսանկարուի և Հայաստանի թանգարանին յանձնուի» («Ժողովրդի ձայն», 1920, օգոստոսի 12-25):
Ոչ միայն Սևրի պայամանագիրը ստորագրած ոսկեծայր գրիչն ու այն կնքած կնիքը, այնպես էլ պայմանագիրը՝ Հայաստանի մասով, մնաց որպես թանգարանային նմուշ:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: