Հուլիսի երկրորդ կեսին հայ-ադրբեջանական սահմանային էսկալացիան տեղեկատվական պատերազմի նոր ալիք բերեց: Ազգային անվտանգության ծառայության մեկ հաղորդագրություն տարակուսանքի տեղիք էր տալիս, մյուսը՝ վրիպում էր։ Հին նկարը որպես նոր ներկայացվեց, իսկ լրատվամիջոցները դատեր պարտվեցին՝ զրպարտություն և կեղծ բովանդակություն հրապարակելու համար։
Իրական, բայց պաշտոնական լուրից առաջ հրապարակված բովանդակությունն ապատեղեկատվություն չէ
Հուլիսին սահմանին լարված իրավիճակի օրերին ԱԱԾ-ն տեսանյութ-հայտարարություն հրապարակեց։ Դրանում կոչ արեց հանրությանը և լրատվամիջոցներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից, խուսափել սադրանքներ ու չճշտված տեղեկություն տարածելուց։
ԱԱԾ-ն տեսաշարում տեղադրել էր «ապատեղեկատվությունների» օրինակներ։ Դրանում նույն հարթության վրա էր դրվել ադրբեջանական կայքերը, քարոզիչ-օգտատերերի գրառումներն ու Հայաստանում ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկի՝ hetq.am-ի «Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Այգեպար գյուղը» լուրը։
Ավելի ուշ՝ ի պատասխան հարցման, ԱԱԾ-ն պարզաբանեց, որ hetq.am-ը հրապարակել էր լուրն ավելի վաղ, քան դա հաստատել են պաշտոնական աղբյուրները և ուրեմն այն «ապատեղեկտվություն» է։
Ապատեղեկատվությունը տերմին է, որը նշանակում է սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։
«Լուրերը, փաստերը նման ժամանակագրային մեթոդաբանությամբ ստուգելը և առավել ևս պաշտոնական նամակում նման բացատրություն տեղադրելը վկայում է այն մասին, որ ԱԱԾ-ի վրա դրված է նուրբ նյարդաբանական վիրաբուժական ֆունկցիա, որն այն կատարում է կացնով ու մուրճով», – այս թեմայի media.am-ի անդրադարձում գրեց Նունե Հախվերդյանը:
ԱԱԾ վրիպում․ հրապարակված համարներով սոցհարցումը ադրբեջանական հատուկ ծառայություններից չէր
Հուլիսի 24-ի հաղորդագրությամբ ԱԱԾ-ն տեղեկացրեց, որ Ադրբեջանի հատուկ ծառայություններն օգտագործում են հայկական հեռախոսահամարներ և իբրև անկախ հետազոտություններ անցկացնելու համար հետախուզական բնույթի տեղեկություն են փորձում ստանալ զինված ուժերում տիրող իրավիճակի վերաբերյալ։
ԱԱԾ-ն նաև հրապարակել էր նման զանգեր կատարած երկու հեռախոսահամար՝ 094 և 093 կոդերով, որոնք պատկանում են Վիվա-ՄՏՍ-ին։
Օպերատորը նույն օրն արձագանքեց ու տեղեկացրեց, որ ԱԱԾ նշած համարները տրամադրվել են իրավաբանական անձի` մասնագիտական սոցիոլոգիական հարցումներ իրականացնելու նպատակով, «իսկ սերվերային ու ցանցային համակարգերը չեն ենթարկվել հաքերային որևիցե հարձակման, չեն վնասվել ու շարունակում են անխափան գործել»:
Վիվա-ՄՏՍ-ի հաղորդագրությամբ ստացվում է, որ ԱԱԾ-ն վրիպել է։
Այս պահին ԱԱԾ կայքում հասանելի հաղորդագրության տեքստից հեռախոսահամարները հեռացված են։
Տեղեկատվական պատերազմ․ sms-ներ
Հուլիսին տեղեկատվական պատերազմի դաշտում բացի պետական և լրատվական կայքերի DDoS հարձակումներից, քարոզչությունից և ապատեղեկատվությունից այլ մեթոդի էլ դիմեց Ադրբեջանը։
Հուլիսի 17-ին Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ նույն օրը վաղ առավոտից ադրբեջանական կողմը Հայաստանի ՊՆ-ի անունից կեղծ հաղորդագրություններ է ուղարկել, իբրև իրավիճակը սահմանին լարված է և հայկական կողմը կորուստներ ունի։
Բագրատ Սրբազանն «Անվախ» դիրքում չէր նկարվել
«Անվախ» դիրքը վերցնելու լուրերը թեև ՊՆ-ն պաշտոնապես չէր մեկնաբանում, սակայն, լուրը տարածվում էր ու ռազմական փորձագետները մեկնաբանում էին դրա ռազմավարական նշանակությունը։ Իսկ մեդիա դաշտում «գտան» դիրքում Տավուշի թեմի առաջնորդ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի լուսանկարը։
Այս լուրը հասավ ԱրմՆյուզ հ/ը։ «Օրախնդիր» հաղորդման հեղինակն ասաց, թե «ազդեցիկ լուսանկար է», «նոր նվաճված դիրքերից մեկում» է և «հեռվում երևում էին ադրբեջանական բնակավայրերը, մենք իշխող դիրք ունեինք (տեսանյութում 2։16-րդ րոպեից)։
Բագրատ Սրբազանի ֆեյսբուքյան լուսանկարները մի քանի րոպե թերթելիս կարելի է տեսնել, որ նկարը ոչ միայն հին է, այլև հրապարակվել է մի քանի անգամ, որոնցից առաջինը 2017-ի ապրիլի 26-ին։ Լուրի ապատեղեկատվություն լինելու մասին նաև եպիսկոպոսը գրառում կատարեց։
«Անվախ» դիրքը․ hraparak.am vs Սեյրան Օհանյան
Այս դիրքը մեկ այլ խոսակցության առիթ դարձավ։ Հուլիսի 23-ին Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը գրառում կատարեց՝ hrapark.am-ի խմբագրիր Արմինե Օհանյանից պահանջելով «հերքել, ապա նաև հեռացնել իրականությանը չհամապատասխանող, զրպարտանք պարունակող նյութը»։
Պահանջի առիթը «Այդ դիրքերը, որ վերցրել ենք, մերն էին» նյութն էր, որում գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցի անունից գրված էր․ «էս դիրքերը, երբ ես կառուցում էի բանակ, էս դիրքերը մեր դիրքերն էին։ Երբ Սեյրան Օհանյանը պաշտպանության նախարար էր, նրա ժամանակ էդ դիրքերը թուրքը վերցրեց»։
Սեյրան Օհանյաննը իր գրառման մեջ տեղեկացրեց, որ խոսել է Տեր-Գրիգորյանցի հետ և վերջին ասել է թե նման հայտարարություն չի արել։ Կայքը տեղադրեց հարցազրույցից մեջբերված դրվագը, որտեղ գեներալ-լեյտենանտն, իսկապես, նման միտք էր արտահայտում։
Politik.am-ին հոդվածը 1մլն դրամ արժեցավ
Հուլիսի 31-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրեց, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել է իր հայցն ընդդեմ Politik.am կայքի։ Իսկ ինքը խոստման համաձայն ամբողջ դրամական փոխհատուցումը` 1 մլն դրամ «ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը»:
Կայքը 2018-ի աշնանը գրել էր, թե Կառավարության իրենց աղբյուրի փոխանցմամբ փոխվարչապետ Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամին աշխատավայրում մարիխուանա է օգտագործել։ Դրա մասին իմացել է վարչապետը, բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել։ «Տեղեկատվությունը ստուգելու համար մենք նաև հարցում ենք ուղարկել փոխվարչապետ Ավինյանի գրասենյակ և հույս ունենք ստանալ պատասխան», – գրել էր կայքը։
Այս հրապարակումն այլևս հասանելի չէ, բայց դրա վերատպումները կան այլ կայքերում:
Ի պատասխան Ավինյանի գրառման, politik.am-ի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին տեղեկացրեց․ «Իրենք փորձում են այս հանգամանքն օգտագործել, որպեսզի ճնշեն լրատվամիջոցներին ֆինանսապես, ցույց տալու համար, որ իրենք կպատժվեն, եթե նման հրապարակումներ անեն» (տեսանյութում 10:06-րդ րոպեից)։ Մուրազին տեղեկացրեց, թե այս միտքը նրան ուղիղ ասել է Ավինյանի թիմակիցը, իսկ ինքը պահել է իր խոստումը և իր միջոցներից 1 լումա անգամ չի վճարել Ավինյանին։
Միջնադարի գրականությունը դպրոցական ծրագրում է
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հերքեց իրենց կողմից «ծառն արմատից կտրելու» մեղադրանքները։ Նախարարության ընդդիմախոսները երկու հիմնական մեղադրանք էին հնչեցնում․
ա․ միջնադարյան հայ գրականությունը դուրս է մնացել դպրոցական ծրագրից, փոխարենը ժամանակակից և համաշխարհային գրողների գործեր են ներառված
բ․ առարկայի անունից հանված է հայ բառը
Փոխնախարարը Azatutyun.am-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ընթացքում բոլորին առաջարկեց ծանոթանալու նախարարություն էջում տեղադրված գրականության ցանկին, համոզվելու համար, որ «Նարեկացին, Խորենացին և մյուս դասականներն ունեն իրենց տեղը գրականության ծրագրում և որևէ կերպ դուրս չեն մնացել»:
Անդրեասյանը անդրադարձավ գրականություն առարկայի անունից հայ բառը հանելուն։ Հիշեցրեց, որ «գործող առարկայական ծրագրում մենք արդեն իսկ ունենք այդ «Գրականություն» առարկան»։ Նաև ասաց, որ ընդդիմախոս են հենց այն մարդիկ, ովքեր այդ դասագրքի հեղինակ են: «Մնում է միայն զարմանալ՝ ինչպե՞ս դասագրքի հեղինակները չգիտեն, թե ինչպես էր կոչվում այն առարկան, որի համար դասագիրք են գրել», – ասաց նա:
Հերքման պահանջներ
? Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը հայց ներկայացրեց ընդդեմ Նարեկ Սամսոնյանի։ Հայցի առարկան վերջինիս ֆեյսբուքյան գրառումն էր, թե Նիկոլ Փաշինյանը դստեր համար ամսական 3 հազար դոլարի սև խավիար է գնում։
Շուշան Փաշինյանը պահանջում է, որպեսզի Սամսոնյանը հերքի զրպարտություն համարվող տեղեկությունները և 2 միլիոն դրամ փոխհատուցի՝ իր պատվին ու արժանապատվության պատճառված վնասի դիմաց:
Այս տարվա մարտին դատարանը վարույթ չէր ընդունել Շուշան Փաշինյանի նույնաբովանդակ հայցը, քանի որ չէին պահպանվել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածի դրույթները։ Դրանք վերաբերում են հայցադիմումին ներկայացվող պահանջներին և կցվող փաստաթղթերին։
Հերքումներ
❌ Պաշտոնական Վրաստանը հերքեց մամուլում տարածված լուրը, թե այս երկրի տարածքով Ռուսաստանից ու Սերբիայից ականանետեր են առաքվել Հայաստան։
❌ Արդբեջանական քարոզչական haqqin.az-ը տեղադրեց 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանի զինվորական համազգեստով լուսանկարն ու գրեց, թե իբր վերջինս զոհվել է Տավուշի սահմանային հատվածում։ Այս լուրը մեկնաբանություներում հերքեց «զոհված» ներկայացվող երիտասարդը։
❌ News.am-ը հրապարակումից 4 տարի անց հերքում հրապարկեց։ Կայքը մեկ կարճ պարբերությամբ տեղեկացրեց, որ 2016-ի մարտի 18-ին հրապարակված լուրում Գևորգ Կարապետի Մկրտչյանի վերաբերյալ ներկայացված է զրպարտչական տեղեկատվության։
❌ ԱԻՆ-ից հերքեցին լուրերը, թե Տավուշի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները բնակչությանը տարհանման կոչեր են անում։
Արշալույս Բարսեղյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: