2020.07.30,

Քննադատ

Ժամանակը՝ ժամանակակիցներով, բայց դասականների կողքին

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հայկական ժամանակակից գրականության մասին խոսքն ու կռիվը մեդիայում հիշեցնում են տեղեկատվական տարափ ու մի քիչ էլ՝ սարսափ, որտեղ ամեն մեկն իր ներդրումն ունի՝ մասնակցում է քննարկումներին, դատափետում ու ինքնահաստատվում է, քաղաքականացնում ու մանիպուլացնում է կրթության նոր չափորոշիչների փաթեթը:

Եվ այստեղ ամենակարևորը նույնիսկ փաթեթը չէ, որը միգուցե պետք է ավելի հստակեցվի ու լրամշակվի, այլ հասարակության վերաբերմունքը ժամանակակից լինելու փաստին:

Ընդունված է դպրոցը համարել թանգարան-պանթեոն, որտեղ մուտք գործելու համար (որպես դասագրքեր, պլան, քննարկման նյութ, դասասենյակի պատի նկար) պետք է դառնաս արձան, կանգնես պատվանդանին ու արժանանաս կիլոմետրերով ձգվող ձոների: Այսինքն, լինես մահացած, բայց անմահ: Եվ ինչը ոչ պակաս կարևոր է՝ զուրկ փոփոխվելու հնարավորությունից: Դպրոցական ցուցակներում նրանք են, ովքեր չեն փոխվում:

Իսկ ժամանակակից լինելը ենթադրում է, որ հեղինակը կենդանի է, դեռևս պատվանդան չվաստակած, հետևաբար՝ փոփոխվող, անհայտ ու անարժան: Բնականաբար, նրա մուտքը դասականների պանթեոն-դպրոց միանգամից կասկածի տակ է առնվում:

Իհարկե, ԿԳՄՍ նախարարության հանրակրթական նոր չափորոշիչների նախագիծը դեռևս քննարկման փուլում է, և որքան հասկանում ենք, դեռ այդպես կլինի մոտ մեկ տարի, որից հետո միայն կառաջանա պահանջ նոր դասագրքեր գրելու, ուսուցիչներին վերապատրաստելու և, ի վերջո, ազատականացնելու թե՛ աշակերտների ուսուցման մեթոդը, թե՛ ուսուցչի դերը, թե՛ քննադատական մտածողության ծիլերը:

Եվ այս ողջ պատմության մեջ, որը ակամայից ու երբեմն նաև ուղղորդված ալեկոծում է լրատվական դաշտն ու սոցիալական մեդիան, ժամանակակից հայ գրողները դարձան զոհ:

Նրանք իրենց համար հանգիստ գրում էին, առանց մեծ լսարանի ու մեծ սպասելիքների, խոհեմ, երբեմն էլ ըմբոստ ելույթներ ունենում, բայց բոլոր դեպքերում նրանք նյուսմեյքեր չէին (նրանց գրքերը հազվադեպ էին արժանանում գրախոսականների, իսկ գրախոսականները՝ լուրջ ալիքի):

Եթե ժամանակակից գրողը ուզում էր, որ իր մասին խոսեն, նա ստիպված գրում էր հոդվածներ, հրապարակախոսական նյութեր, այսինքն օգտագործում էր ժամանակակից մեդիա գործիքներ, որ լսելի լինի ու կարողանա փող վաստակել:

Հիմա նրանց վրա դրվեց բեռ բացատրելու, քննարկելու, բանավիճելու, թե ինչու են հայտնվել ոչ թե վաղանցիկ մեդիա դաշտում, այլ հավերժականը վավերացնող պանթեոն-դպրոցում:

Դա նրանց գործը չէ, բայց քանի որ իրենք են թիրախում, ստիպված մտնում են տհաճ մի դաշտ, որտեղ ցանկացած բացատրություն միանգամից ընկալվում է որպես արդարացում: Ու նաև դասականների շարքում հայտնվելու հերթում տեղ զբաղեցնելու անբարոյական ցանկության:

Ի վերջո, տեսնում ենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հանրային կապ պահպանելու ու հարցերին պատասխանելու առումով միշտ ուշանում է ու կարծես մի քանի քայլ հետ է: Մինչ մի կետը բացատրում է կամ խմբագրում, ի հայտ են գալիս մի քանի նոր խնդրահարույց կետեր, և բոլորն էլ մոտավորապես այսպիսի ձևակերպում ունեն՝ ո՞վ դարձան ժամանակակից գրողները, որոնց անարժան կերպով դնում ենք մեր վեհ մեծերի, հավերժ դասականների կողքին:

Այս վերջին օրերին ժամանակակից գրողներին դասավանդման հումք դարձնելու մեղադրանքները այսպիսին են՝ դրանով ջնջում են ազգային հիշողությունը, սա մեր ինքնության դեմ  է, դավաճանի ձեռագիր է, որը քանդում է ազգային դպրոցը…

Եթե մի կողմ դնենք այն մեդիա անդրադարձներն ու ելույթները, որոնք հստակ կերպով ցույց են տալիս էժանագին քաղաքական կոնյունկտուրա (ամեն ալիք լավ է, նոր իշխանություններին կշտամբելու համար) ու տեսնենք, թե ինչն է իրոք բարկացրել հայաստանցիներին, ապա բարկության առաջին ազդակը կկապվի այն մտքի հետ, որ ամեն ինչ որոշվում է առանց հանրային քննարկման:

Եվ միակ բանը, որը կարելի է անել, պայքարելն է: Այդ թվում նաև՝ ժամանակակից գրականության դեմ:

Որ կողմ նայենք, գրողները զոհ են: Հիմա հանրային ալիքը ուղղվել է նրանց դեմ, քանի որ պետական կառույցները լավ չեն ներկայացնում խնդրի էությունը, նախագծի իմաստն ու նոր դպրոցի տեսլականը, որտեղ վերլուծելն ու պանթեոն-դպրոցի գաղափարը կազմաքանդելը ամենակարևոր մեկնակետն է:

Ժամանակակից գրականությունը շատ տարբեր է, բայց մի բան հստակ է, այն խոսում է այսօրվա մասին: Խոսում է այնպես, ինչպես կարող է:

Իսկ մեր երեխաները արդեն չեն էլ պատկերացնում, որ գրականությունը ոչ թե «անցնելու» համար է (շաբլոն բառերով խոսելու կամ անգիր անելու), այլ կյանքը բացատրելու, ճգնաժամեր հաղթահարելու, երևակայելու և այլ կենսական պահանջներ բավարարելու միջոց է:

Օրինակ, միջոց մտորելու, թե չեղած բաները ոնց են կառուցվում, հնարածը ոնց է հյուսվում իրականությանը, և որքան կարևոր է գրականության մեջ տեսնել այսօրվա մարդուն՝ հնարածի ու փաստի արանքում, որտեղ ոչ փաստն է կարևոր, ոչ հորինվածքը:

Կարևոր է միայն այսօր դա կարդացող, երևակայող, վերլուծող ու մեկնաբանող անհատը:

Ժամանակակից գրականություն պետք է կարդալ, քանի որ այդպես կտեսնենք, թե ուր ենք գնում: Ոչ միայն ինչ ունենք անցյալում, այլ որտեղ ենք հայտնվելու ըստ գրողների նյարդային ու տեքստային վիբրացիաների: Այդ թվում նաև ոչ հարթեցված լեզվով, տեքստերով, հերոսներով ու սյուժեի կառուցվածքով:

Ընդունելով, որ ժամանակակիցը նաև (ու առաջին հերթին) պրովոկատիվ է, նյարդայնացնող, դուրս կանոններից, անծանոթ ու երբեմն վանող: Գեղեցիկը ընդհանրապես դուրս է ժամանակակից լինելու պարտադիր պահանջների ցանկից:

Ի վերջո, մեր ժամանակակիցներից շատերը մի օր դառնալու են դասական: Ու նրանց տեքստերով են ապագա սերունդները պատկերացում կազմելու մեր ժամանակի մասին:

Հիմա երբ յուրաքանչյուր մարդ գրող է, թեկուզ ստատուսագիր ու ստատուսների «մեկնաբանիչ», առավել կարևոր է տեսնել, որ ժամանակակից գրականությունը սոցցանցային ստատուսները չեն:

Որ կարելի է փոխառնել ցանցային լեզուն ու ֆրագմենտար կառուցվածքները, բայց գրականություն դառնալու համար անհրաժեշտ են ավելի նուրբ ու ճկուն հյուսվածքներ: Հենց այն վիբրացիաները, որոնք փոխանցում է մեր ժամանակակից հեղինակը, որն, իհարկե, միշտ տենչալու է ասել նոր խոսք:

Եվ պետք չէ մոռանալ, որ պանթեոն-դպրոցն ու կոյուղի դարձած սոցցանցերը հստակ կապված են իրար հետ:

Մի տեղ չի կարելի է թեքվել աջ կամ ձախ ու միայն խոսել պատվանդանակուռ գրողների մասին ընդհանուր բառերով, մյուս տեղում՝ կարելի է ամեն ինչ ու վերջին բառերով:

Մի տեղ պիտի լինի չէ՞, որտեղ արտահայտվում ենք՝ ծայրահեղորեն ցավեցնելով միմյանց ու չզսպելով իրար հարվածելու ցանկությունը (բանավեճը այդպես է ընկալվում՝ հաղթում է նա, ով ակտիվ է լեզվակռվում, այլ ոչ թե փորձում է ձևակերպել ընդհանուրը):

Դպրոցում դա չեն անում, մինչդեռ հենց այնտեղից է սկսում զարգանալ արտահայտվելու, կարծիք կազմելու հմտությունը: Եվ հաստատ դա չի կարող տեղի ունենալ առանց ժամանակակից լեզվի ու գրականության:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *