2012.07.31,

Քննադատ

Ինչու են լուրերը միատեսակ

Լուրերը լինում են երկու տեսակ` «hard» եւ «soft»: «Hard» նորություն է, երբ ԱԺ-ն ընդունում է որեւէ օրենք, երբ քաղաքային ջրատարը վնասվում է, երբ Քիմ Քարդաշյանը տկլորվում է, ու երբ ինչ-որ կարեւոր մեկը մրցանակ է ստանում, հայտնագործություն անում:

Այսինքն՝ հատուկ շեշտում եմ, որ համոզվեմ` իրար ճիշտ ենք հասկանում, երբ Քիմ Քարդաշյանը տկլորվում է, սա իր տեսակով «hard» նորություն է, նորությունն այս սպասել չի կարող, մարդիկ պիտի անհապաղ իմանան, թե ինչ է տեղի ունեցել, ու եթե «տկլորվելու» մասին նորությունը ուշացնենք, այն արդեն կկորցնի իր հրատապությունը ու հաջորդ վարկյանին լրատվական արժեք այլեւս չի ունենա:

Գիտե՞ք ինչու Քարդաշյանից տկլորվելուց սկսեցի: Որովհետեւ երբ մի օր բոլորովին վերջերս լրագրողական դասընթացի էի պատրաստվում ու նորությունների երկու տեսակի աշխատանքային նյութեր էի փնտրում (հաջողված ու ոչ այնքան, որ ուսանողները վրան փոփոխություններ անեն), ոչ մի «soft» նորություն չգտա` Circle.am-ի լրատվական ցանկի առաջին երկու տասնյակը վերից վար փորփրելով:

Ու մտածեցի վերլուծել ու հասկանալ՝ արդյո՞ք մեր մեդիաներում հասկացված են մեդիաների հիմնական գործառույթները` տեղեկացնելու (hard news-ի տեսքով) եւ զբաղացնելու (soft news-ի տեսքով):

Դիտարկումներիս արդյունքը արձանագրելիս նշեմ, որ վերջիններիս հենքում ընկած են մի քանի խմբագիրների հետ զրույցները, մեդիաների ամենօրյա բովանդակության մեջ նորությունների ու թեմաների փորփրումն ու վերլուծությունը:

Այսպես, խմբագիրները մեծապես հավատացած են, որ հրապարակում են եւ՛ «hard», եւ՛ «soft» նորություններ` տարանջատելով վերջիններս ըստ նորությունների թեմաների: Ստացվում է՝ եթե լուրերի թեման քաղաքականություն է, տնտեսությունը կամ սոցիալական խնդիրները, սա «hard» է, եթե շոու բիզնես, արտասովոր պատմություններ կամ «բրիտանացի գիտնականներ», սա «soft» է:

Այլ կերպ ասած՝ թող ընթերցողները քաղաքականության մասին «տեղեկանան», իսկ Քարդաշյանի տկլորվելու նորությունով «զբաղվեն» սկզբունքով են ներկայացված տեղեկությունները:

Անձնապես ես, իհարկե, չեմ նեղվում այս չհասկացվածությունից, բայց խոսեմ տրամաբանական շղթայի արդյունքում ստեղծվող իրավիճակից: Երբ մեդիան խոսում է դեպքերից, զարգացումներից, որոնց անհապաղ հրապարակումը կարող է նպաստել խնդրների կարգավորմանը, սա հրաշալի է: Անգամ եթե չնպաստի էլ… այն, որ կարող է տեսականորեն իրավիճակը լավացնել, արդեն լավ է ու կարեւոր հանգամանք:

Բայց… մեդիան հասարակության հայելին է կամ, գուցե, մենք` մեդիա ոլորտում ներգրավված մարդիկս, ուզում ենք հավատալ այս պնդմանը:

Իսկ ինչի՞ է նման այն հասարակությունը, որտեղ խոսում են բացառապես կռիվ-ջարդ-ավտովթարից, քաղաքականությունից, ապա, որպես զբաղեցնող նյութեր, ներկայացնում տկլորվելու մասին լուրերը կամ, կներեք արտահայտությանս համար, «ձիսկի» շնորհանդեսները: Ես իմ… Դուք ասեք:

Հ.Գ. «Soft» նորությունն այն է, որը հրապարակելով ոչ նույն օրը, չես կորցնի նյութի լրատվական արժեքը, սակայն կարեւոր, հետաքրքիր եւ զբաղեցնող ինֆորմացիա կհաղորդես:

Օրինակ՝ եթե պարզվել է, որ երեկոյան զբոսանքները թաշկինակով ծածկված քիթ-բերանով կարող են նվազեցնել քաղաքային փոշու արդյունքում շնչուղիների հետ կապված ալերգիկ երեւույթները, եթե հայտնի է, որ, ասենք, լոբազգիներով սնունդը կարող է ավելացնել երջանկության հորմոնների արտադրությունը, կամ եթե ի հայտ են եկել նոր փաստեր այն մասին, որ ժամկետանց սնունդը միշտ չէ, որ վնասակար է, ապա այս մասին հասարակությունը պիտի իմանա, որովհետեւ սա կարեւոր է, հետաքրքիր:

Եթե կան հաջողակ պատմություններ, հաջողած փորձառություններ բիզնեսում, գիտությունում, այլուր, ապա այս մասին հասարակությունը պիտի իմանա, որովհետեւ սա հետաքրքիր է, մոտիվացնող, դրական  ու զբաղեցնող:

Շուշան Հարությունյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *