2020.07.02,

Նյուսրում

Զեկույց․ ամենաշատը եվրոպական արժեքները վարկաբեկում են տպագիր լրատվամիջոցները

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Լրատվամիջոցներում եվրոպական թեմատիկան լուսաբանվում է հիմնականում չեզոք կամ դրական: Բացասական նյութերը կազմում են Եվրոպային և եվրոպացիներին վերաբերող հրապարակումների ընդհանուր թվի ընդամենը 0,6% – ը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը իրականացված հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ների մոնիտորինգ արդյունքներով պարզվել է, որ Եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումներ ամենից շատ արձանագրվել են տպագիր լրատվամիջոցներում։

ԽԱՊԿ-ն ավելի վաղ հրապարակվել էր առաջին փուլի՝ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ն անցկացված մոնիտորինգի արդյունքներով միջանկյալ զեկույցը։

Վերջերս ԽԱՊԿ-ն հրապարակել է մոնիտորինգի ամբողջ ժամանակաշրջանի արդյունքները։

Դիտարկվել է 13 լրատվամիջոց՝  5 հեռուստաընկերություն (այդ թվում՝ մեկը ռուսական «РТР-Планета»-ն, որը վերգետնյա եթերային հեռարձակմամբ ընդգրկում է Հայաստանի ամբողջ տարածքը), 3 համապետական թերթ և 5 առցանց լրատվամիջոց։

Դրանք տարբեր քաղաքական ուժերի հետ ասոցացվող լրատվամիջոցներ են․ հեռուստաընկերություններից՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը, ռուսական «РТР-Планета»-ն, «5-րդ ալիք»-ը, «Երկիր մեդիա»-ն և «Կենտրոն»-ը։

Թերթերից «Հայկական ժամանակ»-ը, «Իրավունք»-ն ու «Հրապարակ»-ը, առցանց լրատվամիջոցներից՝ «Tert.am»-ը, «1-in.am»-ը, «24news.am-ը», «News.am»-ը և «Sputnik-Armenia»-ն:

Դիտարկման ընթացքում ուսումնասիրվել են լրատվամիջոցներում տեղ գտած մանիպուլյացիաները (փաստերի նենգափոխում, խեղաթյուրում,  կողմնակալ մեկնաբանություն, գոյություն չունեցող աղբյուրներին հղումներ և այլն), ազգային, քաղաքական, սոցիալական, կրոնական, ռասսայական և այլ խմբերի նկատմամբ ատելության խոսքի  և բացասական կարծրատիպերի օգտագործումը։

Ընդահնուր առմամբ դիտարկվել է 208 975 նյութ, որից շուրջ 23%-ն է Եվրոպական թեմատիկայով։

Ովքեր են եվրոպական արժեքները վարկաբեկողները

Պարզվում է եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումներն ամենաշատը տպագիր լրատվամիջոցներում է՝ քարոզչական նյութերի 53,5%-ը, իսկ հեռուստաալիքներում և առցանց լրատվամիջոցներում համապատասխանաբար՝ 31,2% և 46 15,3%:

Հակաեվրոպական ուղղվածությամբ նյութերի թվով առաջատարը թերթերից՝ «Իրավունք»-ն է, հեռուստաալիքներից՝ «РТР-Планета»-ն, առցանց լրատվամիջոցներից՝ «News.am»-ը:

խոսք մոնիտորինգ

Եվրոպական արժեքների նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորող նյութերից մոտ 74 տոկոսի հեղինակը «Իրավունք»-ն է։ Ոչ մի այլ լրատվամիջոցում չեն արձանագրվել այդ թեմայով այնքան կարծրատիպեր և մանիպուլյացիաներ, որքան «Իրավունքում»: Ընդ որում՝ լրագրողների հեղինակմամբ:

«РТР-Планета»-ի նյութերում եվրոպական արժեքները վարկաբեկող նյութերն ավելին են, քան հայկական 4 ալիքների տվյալները միասին վերցրած։

Քարոզչական հնարքներ

Մոնիտորինգը պարզել է նաև, որ «օգտագործված քարոզչական հնարքներից առավել տարածված է իրադարձությունների և երևույթների աչառու, կանխակալ մեկնաբանությունը»: Այն առավել հաճախ օգտագործում են լրագրողները (46%), փորձագետները/հասարակական գործիչները (31%) և քաղաքական գործիչները (12%):

Տեղեկատվական մանիպուլյացիաների՝ տարածվածությամբ երկրորդ հնարքը փաստերի խեղաթյուրումն է: Այդ երկուսից ավելի քիչ օգտագործվում է անանուն (ենթադրաբար՝ գոյություն չունեցող) աղբյուրներին հղումը, ատելության արտահայտությունների և բացասական կարծրատիպերի տարածումը:

խոսք եվրոպական մոնիտորինգ

Եթե քարոզչության տարբեր մեթոդներին դիմելու քանակով լրագրողները ամենաշատն են տպագիր հրատարակություններում (կողմնակալ մեկնաբանությունների, փաստերի խեղաթյուրման, բացասական կարծրատիպերի 74%-ը), ապա հեռուստաընկերությունների եթերում նրանք ավելի քան 2 անգամ զիջում են փորձագետներին/հասարակական գործիչներին։

Առցանց լրատվամիջոցներում լրագրողներին 2 անգամ գերազանցել են ոչ միայն փորձագետները / հասարակական գործիչները, այլև քաղաքական գործիչները, իսկ պաշտոնատար անձինք՝ 1,5 անգամ:

Ինչ առիթներ կային մանիպուլյացիաների համար

Մոնիտորինգի առաջին փուլում եվրոպական արժեքները վարկաբեկող հրապարակումների առիթ էր հիմնականում Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիայի հնարավոր վավերացումը։

Երկրորդ փուլում թեման համավարակն էր: Նույնիսկ Եվրամիության երկրների ձեռնարկած հարկադրված միջոցները (մասնավորապես՝ սահմանների փակումը) որոշ լրատվամիջոցներ ներկայացրին իբրև եվրոպական արժեքներից հրաժարում և ԵՄ փլուզում:

Կորոնավիրուսի թեման հակաերվրոպական համատեքստում ամենից շատ օգտագործել է ռուսական «РТР-Планета» հեռուստաընկերությունը:

Մարտի 22-ին «Մեծ լուրեր» («Большие вести») ծրագրի վարող Դմիտրի Կիսելյովը, ոչ առանց չարախնդության ասաց. «…Փլուզվեց Շենգենյան գոտին… Իրենց սահմանների նկատմամբ հսկողություն են հաստատել Գերմանիան,  Շվեյցարիան,Ավստրիան, Հունգարիան. Չեխիան, Դանիան, Լիտվան: Այսինքն՝ ազատ տեղաշարժման Շենգենյան գոտին 26 երկրներում արդեն չկա: Փաստորեն սա եվրոպական գաղափարի կործանումն է… Համերաշխության, փոխօգնության, ընդհանուր արժեքների, մարդու իրավունքների և հումանիզմի մասին բառերի այդ ամբողջ կեղծ զարդանախշը ասես քամուց քշված լինի»:

Մեկ շաբաթ հետո՝ մարտի 29-ին նույն հաղորդավարը իր ծրագրում շարունակեց. «Շենգենն այս շաբաթ դարձավ 25 տարեկան: Սակայն այդ հոբելյանն ավելի նման է հուղարկավորության՝ առանց սահմանային ուղեփակոցների, միասնական Եվրոպայի երազանքի ցավոտ հրաժեշտի…»:

Անահիտ Դանիելյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *