Հունիսին արտասահմանյան մամուլը և քաղաքական գործիչները արձագանքում էին իրադարձություններով լի հայաստանյան քաղաքական կյանքին։ Այս արձագանքներում քիչ չէին կեղծ կամ մանիպուլյատիվ թեզերը․ կառավարությունը հայտարարվեց Ամերիկայի ու Իսրայելի դրածո, «հակառուսական» զարգացումները աչք ծակեցին, իսկ կենսաբանական լաբորատորիաները ևս մեկ անգամ դարձան քաղաքական քարոզչության զոհ։
Գագիկ Ծառուկյանի գործի շուրջ մանիպուլյատիվ պնդումներ միջազգային անդրադարձում
Հունիսի գլխավոր նորություններից մեկը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի հարուցումը և նրան պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելն էր։
Այս իրադարձությունները լուսաբանվեցին միջազգային մամուլում և մեկնաբանվեցին եվրոպական և ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից։
Այդպես, հունիսի 17-ին Եվրոպական պահպանողական կուսակցությունների դաշինքի (դրա անդամ է նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը) ղեկավար Դոնալդ Տուսկը Հայաստանի իշխանություններին կոչ արեց «զերծ մնալ ընդդիմության վրա ճնշում գործադրելուց»։
Տուսկին պատասխանեց Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ Հայաստանին 30 տարի խրախուսել են պայքարել կոռուպցիայի դեմ, իսկ հիմա ասում են՝ մի ճնշեք ընդդիմությանը։ «30 տարվա կոռուպցիոներները հիմա ընդդիմություն են», – ասաց Փաշինյանը։
Նույն օրը Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպեց ԲՀԿ պատգամավորների հետ, իսկ հանդիպման հաջորդ օրը ռուսական իշխող «Единая Россия» կուսակցությունը մտահոգություն հայտնեց Ծառուկյանի հետապնդման վերաբերյալ։ «Единая Россия»-ն և ԲՀԿ-ն 2008-ին ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր։
Ռուսական մամուլի անդրադաձից առավել ուշագրավ էր պետական «Россия-1» հեռուստաալիքի հայտնի հողորդավար Վլադիմիր Սոլովյովի քննարկումը, որը «Соловьёв LIVE» յութուբյան ալիքում շուրջ 195,000 դիտում ունի։
Սոլովյովը, որը հայտնի է որպես Կրեմլի քարոզչությունը տարածող լրագրող, ուշագրավ դիտարկումներ էր անում Հայաստանի մասին։ Այդպես, նա իր հյուր՝ ԲՀԿ-ական ու ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանից հետաքրքիրվեց․ «Մեծ մարդիկ եք, լուրջ, Հոկտեմբերյան հեղափոխության պատմությունը չե՞ք հիշում։ Բոլորին, որոնք բոլշևիկների կողքին էին, բոլշևիկները հետո վերացրեցին»։
Սոլովյովի մեկ այլ հյուր՝ պատմաբան Արմեն Գասպարյանը հայտարարեց, թե Փաշինյանի ղեկավարած «Ելք» դաշինքի անվանումը նշանակում էր «դուրս գալ Ռուսաստանի հետ բոլոր պայմանագրերից, պետք չի ոչ մի ռազմավարական համագործակցություն»։ Թե որտեղից էր Գասպարյանը վերցրել անվանման այդպիսի մեկնաբանություն հայտնի չէ, քանի որ ո՛չ «Ելքի» հայտարարությունների, ո՛չ էլ դաշինքի ծրագրի մեջ անվանման նման իմաստի մասին չի խոսվում։
Իսկ քաղաքական մեկնաբան, Verelq․am-ի հոդվածագիր Հայկ Խալաթյանն էլ «Соловьёв LIVE»-ի եթերում մտահոգություն հայտնեց, որ կառավարության գործողությունների հետևանքով Հայաստանում ներդրումները կարող են նվազել։
Հայաստանի ներկան մտահոգիչ է տարբեր քաղաքական գործիչների համար
Հեղափոխությունից հետո տարբեր քաղաքական գործիչներ մտահոգվում են Հայաստանի տխուր ներկայով և գորշ ապագայով, մամուլն էլ տարածում է նրանց հին ու նոր մտահոգությունները։
Օրինակ, սունկ կայքերը հունիսին հիշեցին ռուս պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու հին հայտարարությունը այն մասին, թե հեղափոխություններից հետո ավելի վատ է լինում, քան դրանցից առաջ, դրա համար էլ «հայերը դեռ կզղջան, որ Փաշինյանին իշխանության են բերել»։
Հայաստանում տիրող իրավիճակով խիստ անհանգստացած էր նաև ծայրահեղ պահպանողական «Ադեկվադ» խմբի ղեկավար Արթուր Դանիելյանը, որը վստահ էր, որ Արևմուտքը, Իսրայելը և բողոքական աղանդները հովանավորել են Փաշինյանի իրականացրած հեղաշրջումը, դրա համար էլ Փաշինյանը այժմ «ռուսաֆոբ» է, թուրքամետ և պաշտպանում է նույնասեռականությունը։
Verelq.am-ին տված Դանիելյանի այս հարցազրույցը վերատպեց ռուսական Eadaily.com-ը (Verelq-ի երեք լրագրողներ՝ Արշալույս Մղդեսյանը, Հայկ Խալաթյանը և Լիա Խոջոյանը, թղթակցել կամ թղթակցում են նաև EADaily-ին)։
Ռուսական քարոզչական թեզը՝ Հայաստանում քաղաքական գործիք
EADaily ռուսական կայքը, որի սեփականատերերից մեկը հայ է, և որը հաճախ է տարածում Կրեմլի տեսակետներին համապատասխանող լրատվություն, հունիսին երկու հարցազրույց հրապարակեց ՍԱՊԾ նախկին պետ Գրիգոր Գրիգորյանի հետ։
EADaily-ին Գրիգորյանի հետ մի քանի անգամ զրուցել էր նաև մարտին։ Այս հարցազրույցներում Գրիգորյանը տարածում է համավարակի մասին տարատեսակ դավադրության տեսություններ և հատկապես հաճախ է կրկնում կենսաբանական լաբորատորիաների մասին ռուսական քարոզչական պատումը։
Կեղծ և մանիպուլյատիվ պնդումներ պարունակող այս պատումը հնչեցնում են ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաները, շահարկում է ադրբեջանական քարոզչությունը, և օգտագործում են հայաստանյան տարբեր քաղաքական խմբեր։ Այս պնդումները բազմիցս հերքվել են։ Մասնավորապես․
❌Լաբորատորիաներում չի մշակվում կենսաբանական զենք։
❌Դրանք չեն վերահսկվում արտաքին ուժերի կողմից, այլ գտնվում են ՀՀ Առողջապահության նախարարության ենթակայության տակ։
Չնայած այս պնդումների արդեն հերքված լինելուն, EADaily-ին տված իր հերթական հարցազրույցում Գրիգոր Գրիգորյանը հայտարարեց, թե Հայաստանը կենսաբանական անվտանգությունը փոխանցել է արտաքին՝ ԱՄՆ կառավարման։
Նա պնդեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (հայտնի «ամերիկյան բիոլաբորատորիան») ԱՄՆ բանակի նախագիծ է, որը ստեղծվել է պատերազմի ժամանակ ԱՄՆ կարիքները սպասարկելու համար, բայց արդեն հիմա ինչ-որ վտանգավոր հետազոտություններ է անցկացնում Հայաստանում։
Գրիգոր Գրիգորյանը ուրոլոգ Գևորգ Գրիգորյանի եղբայրն է։ Վերջինս մայիսին հայտնվել էր միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում՝ ԱՄՆ դեսպանատնից դրամաշնորհ ստանալու ու Covid-19-ի մասին կեղծ լուրեր տարածող կայք հիմնելու պատճառով։
Ինչու՞ Փաշինյանը չեղարկեց այցը Մոսկվա
Հունիսի 19-ին հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու համար։ Այս լուրը շահարկումների առարկա դարձավ թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում։
«Հրապարակ» թերթը գրեց, թե Փաշինյանը Մոսկվա չի գնացել, քանի որ ռուսական կողմը կասկածներ ուներ նրա վարակված ու լավացած լինելու մեջ և պահանջել էր նոր թեստ հանձնել։
Այս պնդումը մեջբերեց «168 ժամը»՝ ավելացնելով ևս երկու վարկած․ 1) Փաշինյան-Պուտին հանդիպման մասին համաձայնություն ձեռք չի բերվել, 2) ռուսական կողմն է չեղարկել այցը։
Երկու պարբերականներն էլ հղում էին տալիս կամ մամուլին, կամ անանուն աղբյուրներին։ Սա, սակայն, չխանգարեց պրոկրեմլյան քաղաքական գործիչ Սերգեյ Կուրղինյանի հիմնած rossaprimavera.ru կայքին մեջբերել «Հրապարակի» վարկածը։ Կուրղինյանի կայքը նաև հարցրեց ռուսաստանյան փորձագետ Մինա Խաչատրյանի կարծիքը, որը համոզված էր, որ այցի չեղարկման մասին «որոշումը կայացրել է ընդունող կողմը՝ շառ ու փորձանքից հեռու»։
Հակառուսական տրամադրություններ Հայաստանում
YerevanToday-ը գրեց, թե Արգիշտի Քյարամյանը ստացել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը «անտիռուս ֆիգուր» լինելու շնորհիվ և ենթադրեց, որ «Քյարամյանի հետագա գործունեության մասին կանխատեսումները չեն բխում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շահերից»։
Հակառուսականության մեկ այլ դրսևորում էր նկատել rossaprimavera.ru կայքը։ Կայքի հոդվածը նվիրված էր հայաստանյան Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի իրականացրած մեդիայի մշտադիտարկմանը։
Հետազոտությունը իրականացվել էր Նիդերլանդների կառավարության տրամադրած ֆինանսավորմամբ։ Այս փաստը հաշվի առնելով, կայքը մանիպուլյատիվ վերնագիր էր դրել․ «Եվրոպական կոմիտեն Հայաստանին խորհուրդ է տվել ռուսական հետուստատեսության եթերը սահմանափակել»։
❌ Rossaprimavera.ru-ն շրջանցել էր այն փաստը, որ զեկույցում խորհուրդ է տրվում քարոզչություն իրականացնող ոչ միայն ռուսական, այլև այլ արտասահմանյան ալիքները տեղափոխել կաբելային տիրույթ (էջ 22)։
❌«Եվրոպական կոմիտե» անվանմամբ կառույց գոյություն չունի, իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հայաստանյան կառույց է։
Rossaprimavera.ru-ի հոդվածը վերատպեց ռուս-հայկական «Լազարյան ակումբի» կայքը։
Քոչարյանին ներկայացված բոլոր մեղադրանքների չեղարկումը՝ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների գրավական
«Լազարյան ակումբը» հունիսին անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատմանը։ Ակումբի՝ դատարանի որոշումը ողջունող հայտարարությունը մեջբերում է ռուսական պետական Regnum գործակալությունը։
Իսկ ռուս քաղաքական մեկնաբան Իգոր Կորոտչենկոն Քոչարյանի ազատման մեջ լարված քաղաքական պայքարի նոր շրջան տեսավ։ «Москва-Баку» ռուսալեզու պարբերականին տված հարցազրույցում Կորոտչենկոն Փաշինյանին անվանեց «զավթիչ», որը միայն ձև էր անում, որ ժողովրդավարության կողմնակից է։ Փորձագետը նաև Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների ձեռքբերման գրավական տեսավ Քոչարյանին ներկայացված բոլոր մեղադրանքների չեղարկումը։
Իգոր Կորոտչենկոն անաչառ փորձագետ չէ․ նա աչքի է ընկնում խիստ արտահայտված պրոկրեմլյան դիրքորոշմամբ։
Հայկական մամուլը հաճախ է մեջբերում Կորոտչենկոյին, որը երբեմն մանիպուլյատիվ կամ կեղծ պնդումներ է անում։ Օրինակ, «168 ժամ»-ին տված իր վերջին ամենաթարմ հարցազրույցում Կորոտչենկոն պնդում էր, որ ռուսական բիզնեսը Հայաստանում ճնշումների է ենթարկվում, իսկ ՀՀ կառավարությունը թույլ չի տալիս ռուս մասնագետների մուտքը «Պենտագոնի ֆինանսավորմամբ» լաբորատորիաներ։
Կարինե Ղազարյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: