2020.06.29,

Քննադատ

Privacy. Շեղեմ ձեզ ուղտերից ու սուզանավերից

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վաղուց գրել էի, որ Հայաստանում անձնական տվյալների հետ կապված վերևից՝ ներքև, աջից՝ ձախ խնդիրներ կան։ Եվ այդ խնդիրներն այնքան լուրջ ու խորքային են, որ մեր լեզվում նույնիսկ չկա privacy բառի համարժեքը, որը պետք չի լինի ներկայացնել երկար-բարակ իրավաբանական նախադասություններով։ 

Ու կասեք, որ անընդհատ այս թեմայով է գրում ու խոսում հեղինակը։ Բայց ախր ես ինչպե՞ս անընդհատ չգրեմ, ախր ես ինչպե՞ս նստեմ ու լռեմ, եթե իրավիճակը գնալով վատթարանում է, իսկ հետաքրքրվողների ու մտահոգների թիվը գրեթե չի աճում։ 

Եկեք մի հատ էլ նորից նայենք, թե ինչ է կատարվում մեր հանրապետությունում։ 

Օրինակ, հունիս ամսին։ Հիանալի եղանակ, արտակարգ դրություն, որի ծայրը չի երևում, բնականաբար, արդեն կյանքի անբաժան մասը դարձած համաճարակ։ Իսկ հիմա, տեսնենք, թե ինչ է կատարվում անձնական տվյալների հարցում։ 

Հունիսի 2-ին Ֆեյսբուքում հրապարակվում են կորոնավիրուսից մահացածների անձնական տվյալները։

Հունիսի 11-ին ադրբեջանական հաքերային խումբը հրապարակում է կորոնավիրուսով վարակվածների և կոնտակտավորների անձնական տվյալները՝ հասցե, ծննդյան տարեթիվ, անձնագրի համար, բջջային հեռախոսահամար։ 

Հունիսի 24-ին, 25-ին, 26-ին ադրբեջանական հաքերային խումբը շարունակում է հրապարակել նմանատիպ տվյալներ:

Փաստացի, հունիսի ընթացքում միայն բաց տեսքով հայտնվում է ավելին քան հինգ հազար հայաստանցու և Հայաստանի հյուրերի (ցանկերում կային նաև նրանք) անձնական տվյալները։ Խախտվում է թե՛ բժշկական գաղտնիքը, թե՛ անձնական տվյալների պաշտպանության օրենքը։ 

Ի՞նչ է կատարվում դրանից հետո։ Պետական մարմինները տալի՞ս են բացատրություններ։ Միայն ուժայինները, որոնք փորձում են բացահայտել արտահոսքերը։ Բայց արդեն եղած արտահոսքերը։ 

Խոսք էլ չկա, որ հարկավոր է գտնել ներսում առկա խնդիրները, որպեսզի արտահոսքերը կանխվեն։ 

Երկու շաբաթվա ընթացքում տարբեր տեսակի տվյալների հրապարակումը կարող է վկայել այն բանի մասին, որ ընդամենը մեկ արտահոսք չի եղել։ 

Ավելին՝ մեծ է հնարավորությունը, որ նման դեպքերը կշարունակվեն։ Քանի որ, ամենայն հավանականությամբ, ցուցակները շատ, իսկ ավելի հավանական է, շատ-շատ մարդկանց ձեռքում են, որոնց մեծամասնությունը տեղյակ էլ չէ տարրական անվտանգության կանոնների մասին։

Կարելի է կռահել, որ տվյալները դեռ շարունակելու են ուրախացնել ադրբեջանական հաքերներին, քանի որ թեման իրավապահներից բացի ոչ մեկին լուրջ չի հետաքրքրում։ Պետական կառույցները լուռ են։ 

Իսկ հասարակությունը գերադասում է քննարկել ուղտերին՝ խոհանոցներում կամ սուզանավը՝ լեռներում։ 

Իսկ հիմա եկեք վերանանք ուղտերից, «բնիկ» երևանցիներից և պատկերացնենք մի բան։ Հայաստանն արդեն իսկ գտնվում է էլեկտրոնային առողջապահության ներդրման ճանապարհին։ Շուտով դա արդեն իրականություն կլինի:

Եվ երբ ինտերնետում բաց կհայտնվեն մարդկանց վերաբերյալ բժշկական տվյալները, բոլորը տեղյակ կլինեն, թե այս կամ այն մարդու մոտ մարմնի որ հատվածում ինչ չափսի ու գույնի կոշտուկ կամ բշտիկ կա։ 

Սա, անշուշտ, ավելի կուրախացնի ադրբեջանական հաքերներին և նրանց ֆանատներին։ 

Իսկ ամենը սկսվում է արդեն այսօր: Սկսվում է մեր անտարբերությունից այս հարցերի շուրջ: 

Հարցերի, որոնց վերաբերյալ մենք մինչև հիմա բառ չենք հորինել և պետք է կամ երկար-բարակ ասենք, որ խոսում ենք անձնական տվյալների պաշտպանությունից, կամ օգտագործենք օտարածին «պրիվատություն» բառը, որը շատերի մոտ այլ իմաստ ու հիշողություններ է առաջացնում։ 

Վերջում, արդեն մամուլի տեսանկյունից հարկ է նշել, որ առաջին արտահոսքի դեպքում շատ լրատվականներ հավեսով հրապարակեցին ցուցակները։ Հետագայում, կարծես թե, մարդկանց տվյալները չհանրայնացրեցին։ 

Հուսանք, որ դա ոչ միայն այն պատճառով էր, որ ցանկերը խմբագրերի ձեռքը չէին ընկել։ 

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *