2012.07.27,

Նյուսրում

168 ժամ ինտերնետում

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

«168 ժամ» թերթը սեպտեմբերից իր ընթերցողներին կներկայանա նոր ձեւաչափով: Շաբաթական երեք անգամ տպագրվող պարբերականը կդառնա օրաթերթ, իսկ վերափոխված 168.am կայքը կաշխատի ամենօրյա ռեժիմով, նոր, համալրված տեխնիկայով, աշխատակազմով եւ բովանդակությամբ:

«Մեդիա դաշտն այսօր չի կարող անտեսել այն լայն հնարավորությունները, որ տալիս է համացանացը: Մենք էլ փորձելու ենք օգտվել դրանցից եւ բավարարել մեր ընթերցողների պահանջները»,- ասում է «168 ժամ»-ի խմբագիր Սաթիկ Սեյրանյանը:

Խմբագրի խոսքերով՝ կայքում չեն կրկնվելու տպագիր տարբերակում հրապարակված հոդվածները, գերիշխելու են հեղինակային նյութերն ու տեսանյութերը, սակայն, ի տարբերություն այլ կայքերի, 168.am-ը շեշտը դնելու է ոչ թե օպերատիվության եւ քանակի, այլ որակի վրա:

«Մեր խնդիրը ընթերցողներին որակապես լավ նյութեր մատուցելն է»,- ասում է նա:

Արտաքին փոփոխություններից բացի՝ կայքն ունի նաեւ բովանդակային հավելում՝ նոր խորագրեր եւ ոլորտային անդրադարձներ:

««168 ժամ»-ն ավելացրել է գիտական լրագրողի հաստիք, որն անդրադառնալու է գիտության ոլորտի խնդիրներին, համաշխարհային գիտական նորություններին, մեր գիտնականների հաջողություններին թե՛ Հայաստանում, թե՛ դրսում: Անդրադառնալու ենք նաեւ տնտեսության ոլորտին առնչվող խնդիրներին. Made in Armenia (պատրաստված է Հայաստանում) խորագրի տակ ներկայացնելու ենք, թե ինչ է արտադրվում, պատրաստվում Հայաստանում եւ ինչ է արտահանվում դրսի շուկա»,- ասում է Սաթիկ Սեյրանյանը:

«168 ժամ»-ի ավանդական դարձած սոցիալական պատմությունները կայքում կտեղադրվեն ոչ միայն տեքստի, այլեւ տեսանյութի տեսքով:

«Բացի այս՝ մենք կունենանք նաեւ երկու հաղորդում՝ ներառյալ «168 ժամ» ՍՊԸ-ին պատկանող «Պրեսսինգ» քաղական վերլուծական ակումբի քննարկումների վիդեոտարբերակը»,- ասում է նա:

Մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը գտնում է, որ մեդիայի նման ձեւափոխումները անխուսափելի են եւ անհրաժեշտ:

«Հայաստանյան մամուլը վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ ձեւափոխում վերապրեց, ինչը բերեց նոր լրատվամիջոցների ձեւավորման, որոնք չունեն հստակ ուղղություն եւ պարունակում են ինչպես տպագիր մամուլի, այնպես էլ օնլայն հարթակի եւ հեռուստատեսության տարրեր»,- ասում է նա։

Մեդիա փորձագետի խոսքերով՝ այն լրատվամիջոցները, որոնք ժամանակին նման անցում չեն կատարում, կորցնում են իրենց դիրքը մեդիա դաշտում։

«Մյուս կողմից՝ ցանցային գործիքները թույլ են տալիս շատ արագ, նույնիսկ զրոյական դիրքից ակտիվ գործոն դառնալ տեղեկատվական դաշտում»,- ասում է նա:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *