Երբ թեման եռում է, աշխարհը և երկիրդ թաթախված են այդ խնդրի մեջ, կարո՞ղ ես չլինել դեպքի վայրում: Իմ տեսակի լրագրողի համար դա պարզապես պատիժ կլիներ: Ես չեմ կարող նման դեպքերում հանգիստ նստել խմբագրությունում և «անշառ» թեմաներ լուսաբանել:
Շատ ուրախ եմ, որ 5 -րդ ալիքի թիմը լավ է հասկանում իմ տեսակը և հենց ինձ է վստահում նման թեմաների լուսաբանումը: Անձամբ եղել եմ վարակի օջախներում և մոտիկից ներկայացրել իրավիճակը:
Գոյություն չունի որևէ հանգամանք, պատճառ, որ կարող է ինձ ստիպել դեպքի վայրում չլինել, դա ինձ համար մարտական դիրքը լքելու նման մի բան է: Միշտ, բոլոր դեպքերում նպատակս լսարանին ճշմարտությունն ասելն է:
Երբ դեռ կորոնավիրուսը հեռավոր Չինաստանի «սեփականությունն» էր, մեր հեռուստաալիքը հայաստանյան լրատվամիջոցներից առաջիններից էր, որ անընդհատ, ամենօրյա ռեժիմով, իր լսարանին պատմում էր մահաբեր այս վիրուսի մասին, բարձրաձայնում վտանգներն ու խնդիրները, սոցիալական հոլովակներ պատրաստում, թե ինչպես, օրինակ, պետք է ճիշտ լվանալ ձեռքերը:
Կառավարության կողմից բացթողումներ եղան հենց սկզբից: Նախ ինֆորմացիան շատ փակ էր, պաշտոնականից բացի դժվար էր Կորոնավիրուսի թեմայով ինֆորմացիա ստանալը: Արտակարգ դրություն մտցնելուն պես լրագրողների աշխատանքն անարդարացիորեն սահմանափակվեց:
Մնում էր բավարարվել պաշտոնական ինֆորմացիայով, որոնք էլ, ցավոք, հակասական էին, պաշտոնյաները ոչ միայն իրար էին հակասում, այլ հաճախ նաև իրենք իրենց:
Լրագրողի համար համարձակությունը, օպերատիվ աշխատանքը շատ կարևոր է, բայց այն երբեք պետք չէ լինի ինֆորմացիայի ճշգրտության հաշվին: Նույնիսկ ամենահետաքրքիր լրագրողական նյութը, եթե համակողմանիորեն չի ներկայացված, երկրորդ կարծիք չկա, միանշանակ ուժեղ լրագրողական նյութ կոչվել չի կարող:
Բայց, ցավոք, երկրորդ կարծիքին երկար սպասելուց հետո, երբեմն ստիպված ենք լինում ռեպորտաժ պատրաստել առանց դրա:
Չեմ կարծում, որ ընդդիմադիր լրատվամիջոցում եմ աշխատում: Ես հաղորդում եմ այն, ինչ կհաղորդեի, եթե աշխատեի ցանկացած այլ լրատվամիջոցում: Բացարձակ խնդիր չունեմ, թե մարդիկ կամ այլ լրատվամիջոցների իմ գործընկներներն ինչ են մտածում իմ լրագրողական նյութերի մասին:
Ցանկացած լրատվամիջոց կամ լրագրող և՛ համակիրներ ունի, և՛ քննադատներ: Ես իմ աշխատանքի մասին երկու կարծիք էլ լսում եմ ու երկու դեպքում էլ շատ հանգիստ եմ ընդունում: Այլ կերպ լինել չի կարող:
Հաճախ եմ մտածում, որ իմ տեսակով շատ շուտ կձանձրանայի ցանկացած այլ մասնագիտությունից, ամեն օր նույն բանն անելուց, բայց իմ մասնագիտությունը հենց այն եզակին է, որ ձանձրանալու առիթ չի տալիս, եթե, իհարկե, կոչումով մատնահարդար կամ վարորդ չես, որ հայտնվել ես այս ասպարեզում:
Երբ, դու դեպքի վայրում ես ու շուրջդ անընդհատ դեպքերը են զարգանում, դու այդ պահին պարզապես չես կարող գնահատել անվտանգության ռիսկերը: Ինչպես զինվորը մարտի դաշտում հաճախ չի կարողանում ճիշտ ժամանակին որոշում կայացնել և հանուն անվտանգության նահանջել, այնպես էլ լրագրողներս, որովհետև եթե անգամ առաջ ենք գնում, ապա կրկին հանուն անվտանգության:
Ի վերջո, ոչ մի զորահրամանատարի նահանջի որոշումը հեշտ չի տրվում: Մի քանի օր առաջ ԱԱԾ դիմաց լրագրողներին հրմշտեցին, դա տեղի ունեցավ վայրկյանների ընթացքում, ոստիկանները չէին զգուշացրել, որ հեռանանք դեպքի վայրից: Այդ դեպքում, եթե ես չնախաձեռնեի էլ, ապա իմ խմբագրությունից հաստատ կզանգեին ու կհորդորեին հեռու, ավելի անվտանգ տեղից լուսաբանել:
Բայց դա այդ դեպքը չէր, ոստիկանները անսպասելի սեղմեցին օղակը, ամեն ինչ շատ միանգամից էր ու անհասկանալի:
Նման դեպքերում որոշում կայացնելը հեշտ չէ լրագրողի համար, հատկապես երբ ուղիղ եթերում ես աշխատում և լսարանի առաջ կրկնակի պատասխանատու ես: Իրավիճակները կարող են տարբեր լինել և մի փորձված քայլը մյուս դեպքում անել չես կարող, որովհետև հերոսներդ են տարբեր, բախման կողմերը, թեմայի կարևորության աստիճանը և այլն:
Գայանե Բալայան, լրագրող, 5-րդ ալիք
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: