2020.06.13,

Քննադատ

«Նացիոնալիստ – դաշնակ, մանր սեփականության տիպիկ արտահայտիչ»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Հունիսի  13-ը Ակսել Բակունցի ծննդյան օրն է (1899-1937):

«Մթնաձոր տանող ﬕակ արահետն առաջին ձյունի հետ փակվում է, ﬕնչև գարուն ոչ ﬕ մարդ ոտք չի դնում անտառներում »: Բակունցի «Մթնաձոր » պատմվածքի այս կտորը դպրոցում անգիր էին հանձնարարում:

«Մթնաձոր » ժողովածուն լույս տեսավ 1927 թ.-ին:  «Գրական շրջանակներում» այն  որոշակի լարվածությամբ ընդունվեց, քանի որ «Ակսելի ստեղծագործությունների մեջ  նորը, խորհրդային ելեմենտները, կոմունիստական կուսակցության , խորհրդային իշխանության, կոմսոմոլի կատարած սոցիալիստական քաղաքական աշխատանքը կամ բոլորովին չի երևում, կամ գծվում է անտեսանելիության չափ թույլ և ողորմելի » (Հ. Մկրտչյան, «Գրական դիրքերում », 1928, N 11-12):

«Երբ լույս տեսավ «Մթնաձորով, ես իսկապես սպասում էի, որ Պետհրատի գրախանութում այդ գրքից ոչ մի օրինակ չի մնա…
Անցան օրեր: Ծանոթիցս իմացա, որ ինը չի գնել «Մթնաձորը»: Գնացինք գրախանութ, ցույց տվի գիրքը, ուրախացավ, բայց չգնեց: Որոշեցի ինքս գնել և նվիրել նրան.
-Երևի շատ են գնում,-ասաց նա:
-Քանի՞ օրինակ եք սպառել,-դիմեցի գրախանութի կառավարչին:-Մի ամիս է լույս է տեսել, ընդամենը 3 օրինակ ենք ծախել, այս էլ հետը՝ չորս:
Հավանում էին Ակսելին, բայց չէին գնում» ( Մ. Մինասյան, ֆելիետոն Ակսել Բակունցի «Մթնաձորի մասին», «Գրական դիրքերում », 1927, N 1):

Ովքե՞ր կարող են սիրել Բակունցի գրականությունը, «քաղքենի ուսանողները, վարժապետները, անհատապաշտ ողորմելի պոետները, մի խոսքով՝ հեռանկար չունեցող հասարակությունը» (նույն տեղում):

«Մի ուրույն աշխարհ է Ակսելի «Մթնաձորը »: … «Մթնաձորը » կենդանի անդրադարձումն է մի այնպիսի սոցիալական միջավայրի, որը, ինչպես Մարքսն է ասում, մեզ հիշեցնում է մարդկային հասարակության մանկության  շրջանը: …Պետք է միայն զանազանել նրա առաջին գործերը վերջիններից: Առաջիններում նա տվել է միապետության ժամանակվա հին գյուղը, իսկ վերջիններում՝ խորհրդայինը: Առաջին պատմվածքներում դասակարգային մոտեցումներ չունի Ակսելը, դրա համար էլ սոցիալական պայքարի մասին խոսք չկա: Մինչդեռ վերջին  պատմվածքներում արդեն որոշ շոշափվում և պատկերվում է այն» ( Հ. Սուրխաթյան, «Կոմունիստ», Բաքու,  1928, N 99):

«Ակսելն ափսոսում է հնի քայքայումը և դա շատ բնորոշ կերպով արտահայտվում է նրա «Հին տունը» պատմվածքի մեջ, ուր այնքան շնորհալի կերպով ողբում է հին տան այայումը: …Ակսելը սիրում է նահապետական այդ օջախը և իդեալականացնում մանր սեփականությունը, և մեր գեղարվեստական գրականության մեջ …հանդես է գալիս որպես այդ մանր սեփականության տիպիկ արտահայտիչ («Գրական դիրքերում» 1928, N 11-12):

1927-28 թթ. Բակունցի ստեղծագործությունների կծու քննադատությունը 30-ականների սկզբին չարագուշակ  ոճ ընդունեց. «Դեռ շարունակվում է խմբային պայքարը կազմկոմիտեի ներսում Չարենց – Ակսելյան խմբակի և կազմկոմիտեի մյուս ընկերների միջև…ՀԿ/բ/Կ Կենտկոմի քարտուղարությունը, 1933 թ. օգոստոսի 20-ի որոշումով միանգամայն ճիշտ դիրքավորում տվեց խմբակային պայքարը վերացնելու և գրականության մեջ նկատվող գաղափարական խորթ տրամադրությունների դեմ պայքարելու հարցերին: Այդ որոշումը մատնանշեց, որ ընկ. Չարենցի և Ակսելի գլխավորած խմբակը նացիոնալիստական տենդեցներ է արտահայտում և ընկ. Ակսելի վրա, որպես կոմունիստի, պարտականություն դրեց անձամբ դուրս գալ մամուլում և ծավալուն կոնկրետ քննադատությամբ մերկացնել իր և իր խմբակի նացիոնալիստական սխալները» (Ն. Զարյան, «Գրական թերթ», 1933, № 7):

Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղար Աղասի Խանջյանի  սպանությունից հետո (1936, հուլիսի 9 ) օղակը ավելի սեղմվեց: Հայտնի է, որ Խանջյանը հատուկ վերաբերմունք ուներ Չարենցի, Բակունցի հանդեպ:

«Այժմ արդեն հասկանալի է, թե ինչու 1930 թվից հետո, երբ մեր երկրում հաղթանակում էր սոցիալիզմը և էլ ավելի էր ամրանում ժողովուրդների եղբայրությունը, իրար ետևից լույս տեսած նացիոնալիստական մի շարք գրքեր՝ Ա. Բակունցի «Սև ցելերի սերմնացանը», Մկրտիչ Արմենի «Երևանը », Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա »,  «Հրկիզված թղթեր», Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի», Գ. Վանանդեցու և ուրիշների «Հայ գրականության պատմությունը » և այլն: Այդ գրքում Բակունցի նացիոնալիստական տրոցկիստական խմբակը դնում էր Հայաստանի սահմանների հարցը և ատելություն էր հրահրում դեպի թյուրքերը  ( Ն.Զարյան, «Ընդդեմ նացիոնալիզմի և տրոցկիզմի, հանուն սոցիալիստական մեծ գրականության», «Գրական սերունդ», 1936 թ., 17,7):

«Հակահեղափոխականներ Բակունցներն ու Ալազանները, որոնք երկար ժամանակ իրենց ձեռքն էին վերցրել Հայաստանի խորհրդային գրականության ղեկը, ամեն կերպ ձգտում էին նացիոնալիստական ոգով այլասերել մեր գրական կադրերը, նրանց թվում նաև գրական երիտասարդությունը, որի ամենաանկայուն  ներկայացուցիչները հաճախ ընկնում էին նրանց ազդեցության տակ: Այժմ, երբ հակահեղափոխականների այդ ոհմակը մերկացված ու հեռացված է մեր գրականության զարգացման ճանապարհից, Հայաստանի խորհրդային գրողների առաջ ծառանում են մեծ և պատասխանատու խնդիրներ» («Գրական սերունդ», 1936, N 5-6):

«Այժմ է միայն պարզվում, թե ինչու էր նա այնքան համառությամբ պաշտպանում մինչ իր ոսկորների ծուծը նացիոնալիստ Աքսել Բակունցին: Այժմն է միայն պարզվում, թե ինչու Ա. Խանջյանն օգտագործում էր կուսակցական համագումարի ամբիոնը թմբակահարելու համար Աքսել Բակունցին՝ հիշատակելով նրա մի աննշան և ըստ էության նացիոնալիստական ակնարկն իբրև սոցիալիստական շինարարության արտացոլման օրինակ և արհամարում, մոռացության էր տալիս խորհրդային տաղանդավոր այն գրողներին, որոնց երկերը կարդացվում և սիրվում են սոցիալիզմ կառուցող մասսաների կողմից:  Այժմ արդեն միանգամային պարզ է, թե ինչու դավաճան Ա. Խանջյանի օրով գնալով ավելի ու ավելի սանձարձակ էր դառնում Բակունցի նասիոնալիստական խմբակը և խեղդվում էր բոլշևիկյան քննադատական խոսքը» («Գրական սերունդ», 1936 թ.,17, 7):

«Գրավելով Հայաստանի խորհրդային գրողների միության մեջ ղեկավար պոստեր և օգտվելով ՀԿ(բ)Կ կենտկոմի նախկին քարտուղար՝ դավաճան տրոցկիստ -նացիոնալիստ Խանջյանի ամեն տեսակի օժանդակությունից, տրոցկիստ Սիմոնյանի գլխավորությամբ՝ մի շարք նացիոնալիստ-տրոցկիստ հակահեղափոխականներ՝ Բակունցը, Թոթովենցը, Ալազանը, Վանանդեցին, Նորենցը և Մահարին, մեծ վնաս հասցրին հայկական խորհրդային գրականությանը ոչ միայն իրենց գրական գործերով, այլև կազմակերպչական միջոցառումներով:(…) Նացիոնալիստ-դաշնակ Բակունցը իր «Ծիրանի փող » պատմվածքում հակադրում է, այսպես կոչված, Թուրքահայաստանը ներկա Խորհրդային Հայաստանին, կոչ է անում վերադառնալ այդ երկիրը, քանի որ, նրա կարծիքով, միայն այնտեղ կարելի է գտնել աշխատանքային հանգիստ կյանք, առանց շղթաների և բռնության» (Գևորգ Աբով, «Գրական թերթ», 1937 թ.,մարտի 20):

1937 թ.ի հուլիսի 8-ին Բակունցին գնդակահարեցին:

Բակունցն ինքը բազմաթիվ հոդվածների հեղինակ է, հիմնականում՝ գյուղատնտեսական ուղղվածության, քանի որ մասնագիտությամբ գյուղատնտես էր. ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտը: Այդ և մամուլում լույս տեսած նրա մյուս հոդվածները Բակունցի  երկերի IV հատորում են:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *