2012.07.12,

Տեսակետ

«Մեդիայի ազատության մակարդակը բարձրացնելու համար հարկավոր է բիզնեսի ազատականացում»

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Մարգարիտա Ախվլեդիանին Go Group մեդիա կազմակերպության հիմնադիրն է, որը համախմբում է պրոֆեսիոնալ եւ քաղաքացիական լրագրողներին՝ վավերագրելու իրական պատմությունները: Մարգարիտան աշխատել է որպես լրագրող, խմբագիր եւ պրոդյուսեր վրացական թերթերում, ռադիոյում եւ հեռուստատեսությունում: 2002 թվականին խմբագրել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի Կովկասյան լրատու պարբերականը եւ լրագրողների համար դասընթացներ անցկացրել ամբողջ Կովկասով:

Այնպիսի տպավորություն է, որ այս տարածաշրջանում խոսքի եւ մամուլի ազատության ամենաբարձր մակարդակը Վրաստանում է: Իսկապե՞ս դա այդպես է:

Եթե ես վրաստանյան մեդիաների վիճակը համեմատեմ կովկասյան եւ Ռուսաստանի մեդիաների վիճակի հետ, ապա, երեւի, կարելի է ասել, որ վրաստանյան մեդիաների վիճակը այնքան արագ եւ նպատակասլացորեն է վատանում, որ շուտով այն կհավասարվի այն վիճակին, որը տիրապետում է կովկասյան երկրների մեծ մասում: Դեռ վերջերս իսկապես կարելի էր ասել, որ Վրաստանում մեդիաները բացառիկ են այս ֆոնի վրա: Իսկ եթե վրաստանյան մեդիաները դիտարկենք զարգացած երկրների համեմատության մեջ, ապա մենք, իհարկե, սարսափելի վիճակում ենք գտնվում:

Վրաստանում չկա ազատ հեռուստաալիք: Երկու հեռուստաալիք ունենք, որոնք զբաղվում են ընդդիմադիր քարոզչությամբ, բայց քարոզչությունը քարոզչություն է: Մեդիան պետք է ազատ լինի քարոզչությունից: Եթե բոլոր ազգային ալիքները վերահսկվում են իշխանության կողմից (ընդ որում՝ նախագահի ապարատն ուղղակիորեն գրաքննում է, եւ երկու ընդդիմադիր հեռուստաալիքները նույնպես եւ նույնքան վերահսկվում են եւ նույնքան ակտիվ աշխատում են ընդդիմության համար իշխանությունների դեմ) ուրեմն կարելի է ասել, որ մեզ մոտ ազատ հեռուստատարածք պարզապես չկա: Ցավալի է, քանի որ հեռուստատեսությունը ամեն տեղ ազդում է մարդկանց 99 տոկոսի վրա: Եվ համապատասխանաբար Վրաստանում մարդիկ ստանում են բացառապես քարոզչական ինֆորմացիա՝ այս կամ այն անկյունից:

Oրենքի տեսանկյունից մենք պետական հեռուստաալիքներ չունենք, բայց նույնիսկ հանրային հեռուստաընկերությունը ամբողջությամբ վերահսկվում է:Այն ամբողջովին քարոզչական հեռուստաընկերություն է: Իսկ նորաբաց «ՊԻԿ» հեռուստաընկերությունը նույնիսկ ավելի վատն է, քանի որ նրա գերխնդիրը ոչ միայն կառավարության եւ նախագահի տեսակետը քարոզելն է, այլեւ քարոզը Ռուսաստանի դեմ: Այս ամենից հետո հեռուստացույց դիտելն ավելի է դժվարանում:

Երբ մենք նայում ենք Վրաստանի տպագիր մեդիաներին, իրավիճակն ավելի լավ է, բայց մեր օրերում նույնիսկ ողջ աշխարհում մարդիկ չեն սիրում թերթ կարդալ: Տպագիր մամուլը շատ բարդ վիճակում է գոյատեւում: Վրաստանում երբեմն, երբ թերթը կամ ամսագիրն ունի մոտ 1000 ընթերցող, իրեն հաղթանակած է համարում: Կան թերթեր, հատկապես շրջանային, որոնք ազատ են եւ փորձում են անկախ լինել, «հսկող շուն» լինել կառավարության եւ ընդիմության համար, բայց նրանց տպաքանակը փոքր է, իսկ ընթերցողները՝ քիչ, այնպես որ այս դեպքում չենք կարող խոսել ազդեցության մասին: Շատ լավ է, որ մենք դեռեւս ունենք անկախ մեդիա, բայց, ցավոք, այն ազդեցիկ չէ:

Աշխարհում ամենուրեք թերթերը մեռնում են, որովհետեւ շուկան փոքր է, իսկ հեռուստատեսությունը ամենուրեք գրավել է

«Մեզ մոտ ազատ հեռուստատարածք պարզապես չկա: Վրաստանում մարդիկ ստանում են բացառապես քարոզչական ինֆորմացիա՝ այս կամ այն անկյունից»

այն: Կարծում եմ՝ նույնիսկ անհնար է, որ լավ թերթեր ունենալ՝ առանց բիզնեսի, միջազգային հիմնադրամների կամ կառավարության ֆինանսական աջակցության: Բայց դա շատ կարեւոր է: Վերջին 2-3 տարիների ընթացքում շատ թերթեր փորձում են զարգացնել իրենց վեբ կայքերը, որոնք երբեմն տպագիր տարբերակից ավելի հայտնի են դառնում:

Երբեմն, երբ տպագիր մեդիան եւ նրա օնլայն տարբերակը համախմբում են ուժերը, կարողանում են գոյատեւել: Մենք ունենք թերթեր, որոնց տպաքանակը 10 000 կամ 20 000 օրինակ է, բայց դրանք պարզապես թերթեր են, որոնք գրում են հասարակության բարեկեցության հետ չառնչվող թեմաների մասին: Նրանք գրում են գեղեցկության մրցույթների կամ նման բաների մասին, ավելի նման են բամբասանքներ հրապարակողների:

Շրջաններում տպագիր մեդիան ավելի անկախ է՝ բացառությամբ, իհարկե, հեռուստատեսության: Շրջաններում ռադիո բավական շատ են լսում եւ այն բավական զարգացած է:

Օնլայն մեդիան այսօր, ես կասեի, թարմ շունչ է: Մի քանի կայքեր կան, որոնք ընթերցվող են, օրական մի քանի հազար այցելու ունեն, անկախ են, պրոֆեսիոնալ, բայց օնլայն: Այս կայքերը հիմնականում հասանելի են Թբիլիսիում, գուցե Քութաիսիում, նաեւ Բաթումիում, որովհետեւ ինտերնետը շրջաններում շատ տարածված չէ, բացի այդ՝ օնլայն նորություններ կարդալու ավանդույթ չկա: Սովորաբար, անգամ եթե շրջանների բնակիչները Ինտերնետ հասանելիություն ունեն, այն օգտագործում են Օդնոկլասնիկի, Ֆեյսբուք եւ Սքայփ մտնելու կամ օնլայն խաղեր խաղալու համար: Կարելի է ասել, որ մեդիա ինդուստրիայի այս սեգմենտը լավ վիճակում է, բայց նույնպես ազդեցիկ չէ: Սակայն Ինտերնետը արագ է զարգանում:

Մեզ մոտ ոչ թե խոսքի, այլ մամուլի ազատությունն է գնալով նվազում: Վրաստանը կրկին ունիկալ է այս առումով. այն, որ ես խոսում եմ Ձեզ հետ այս բարդ խնդիրների մասին եւ այս հարցազրույցը հրապարակվելու է, նշանակում է, որ խոսքի ազատություն գոյություն ունի Վրաստանում, եւ այն, իհարկե, գոյություն ունի: Մենք ունենք երկու ընդդիմադիր հեռուստաալիք, որտեղ մարդիկ շատ կեղտոտ բաներ են ասում կառավարության հասցեին, սա նշանակում է, որ մենք ունեք խոսքի, բայց ոչ մեդիայի ազատություն: Որովհետեւ հետվարդյան հեղափոխության կառավարությունը շատ լավ գիտի, թե որքան ազդեցիկ է մեդիան, որովհետեւ այս կառավարությունը մեդիան օգտագործելով եկավ իշխանության: Եվ ես չգիտեմ հաղթողը Միխեիլ Սաակաշվիլի՞ն, Նինո Բուրջանաձե՞ն, Ժվանիա՞ն էր, թե՞ Ռուսթավի 2-ը: Մեծ հարց է, թե ով արեց հեղափոխությունը: Նրանք շատ լավ գիտեն, թե որքան ազդեցիկ է մեդիան, դրա համար էլ վերահսկում են: Վրաստանն այս առումով նույնպես ունիկալ է. սովորաբար խոսքի եւ մեդիայի ազատությունը միասին են լինում, եւ եթե խոսքի ազատություն չկա, չկա նաեւ մեդիայի ազատություն: Բայց ոչ, մենք չենք զգում խոսքի ազատության պակաս, բայց նույնը չի կարելի ասել մեդիայի ազատության մասին:

Ընդդիմադիր մեդիաները ի՞նչ խոչընդոտների են հանդիպում. ճնշումների ենթարկվու՞մ են իշխանությունների կողմից:

Այո: Մի քանի սկանդալ կա «Մաեստրո» հեռուստաընկերության շուրջ. դա պարզապես դետեկտիվ պատմություն էր: Երբեմն սարքավորումներն են գողանում, երբեմն թույլ չեն տալիս հեռարձակման արտոնագիր ստանալ: Բայց դժվար է ասել, որ ամեն անգամ պատճառը նրանց ընդդիմադիր լինելն է, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի բացակայությունը:

«Գովազդը մեդիաներին լռեցնելու շատ կարեւոր գործիք է: Իշխանությունները հենց այս գործիքն են կիրառում»

Թվում է, թե շատ սկանդալներ կան այս հեռուստաալիքի շուրջ, բայց միգուցե այս սկանդալների պատճառն այն է, որ հեռուստաալիքը պարզապես ուզում է իրեն փիառ անել: Երբեմն ես նման տպավորություն եմ ստանում:

Ես կասեի՝ խնդիրը դարձյալ կապված է շուկայի՝ գովազդի հետ: Օրինակ՝ Transparency International-ը վերջերս հետազոտեց «Լիբերալի» եւ «Տաբուլա» ամսագրերը, քանի որ այս ամսագրերը միեւնույն նիշան ունեն՝ քաղաքական եւ տնտեսական լավ ամսագրեր են, որոնք կարեւոր են հասարակության համար: «Տաբուլա»-ի տնօրեններն անմիջականորեն կապված են իշխանությունների հետ (ամսագիրը պատկանում է պետական ականավոր գործիչներից մեկի կնոջը), իսկ «Լիբերալի»-ն պատկանում է բացարձակապես անկախ խմբի: «Լիբերալի»-ն չունի որեւէ գովազդ, թերթը տարբեր ձեռնարկատերերի է դիմում գումար հատկացնելու խնդրանքով, սակայն մերժվում է: Իսկ «Տաբուլա»-ն շատ գովազդ ունի, ամսագրի մի կեսը լցված է հոդվածներով, մյուս կեսը՝ գովազդով: Transparency International-ը հրապարակեց իր հետազոտության արդյունքները, «Տաբուլա»-ն փորձեց դատի տալ, բայց չկարողացավ վիճարկել ապացույցները, քանի որ հետազոտությունը կատարվել էր պրոֆեսիոնալ կերպով՝ արձանագրված էին միայն փաստերը: Գովազդը մեդիաներին լռեցնելու շատ կարեւոր գործիք է: Եվ իշխանությունները հենց այս գործիքն են կիրառում:

Մենք հետաքննող լրագրողների բազմաթիվ օրինակներ ունենք, ովքեր հրապարակում են իրենց հետաքննության արդյունքները, իսկ խմագրությունն ամեն օր նախագահի ապարատից մեկնաբանություններ է ստանում՝ թելադրելով, թե թերթն ինչ պետք է գրի: Հեռուստատեսությամբ հնչող յուրաքանչյուր բառ վերահսկվում է: Դրանք ապացուցող մի շարք հետաքննություններ են կատարվել անկախ լագրողների կողմից: Սակայն դա չի օգնում հաղթահարել ստեղծված իրավիճակը: Հեռուստատեսությամբ բազմաթիվ արգելված թեմաներ կան: Սակայն նման արգելքներ չկան այլ լրատվամիջոցներում: Եթե հասանելիությունդ չի գերազանցում 10 000 մարդը, ապա ազատ ես: Եթե հասանելի ես ավելի, քան 10 000-ին, ազատությունդ սահմանափակ է:

Հայաստանում պատգամավորները հաճախ դատի են տալիս ընդդիմադիր մեդիաներին: Ձեզ մոտ կիրառվու՞մ է նման պրակտիկա:

Ես կասեի՝ մեզ մոտ ավելի խելացի են վարվում: Նրանք փորձում են ոչ մի դեպքում չներգրավվել նման դատական գործերում: Վրաստանում ամեն ինչ ավելի հեշտ է, այնպես, ինչպես ասացվածքում՝ «Շները հաչում են, քարավանը շարունակում է իր

«Քանի դեռ բիսնեսը Վրաստանում ազատ չէ, մենք չենք ունենա ազատ մեդիա: Անհնար է ազգային մասշտաբով պրոֆեսիոնալ մեդիա զարգացնել առանց իրական գումար ներդնելու եւ գումար վաստակելու»

ճանապարհը»: Դու կարող ես հաչել որքան ուզում ես, քանի դեռ ազդեցությանդ շառավղում 3 000-10 000 մարդ է: Ազատություն է: Շարունակիր:

Որք՞ան արդյունավետ է օգտագործվում սոցիալական մեդիան որպես այլընտրանքային մեդիա:

Ես փորձագետ չեմ, բայց կասեմ՝ հիմնվելով իմ սեփական փորձի վրա: Այսօր Ֆեյսբուքը ամենահայտնի հարթակն է. 50 տոկոսն այն օգտագործում է ընկերների հետ շփվելու, մյուս 50 տոկոսը՝ կարծիքներ եւ տեսակետներ փոխանակելու համար: Վերջին տարբերակը գնալով ավելի է մեծանում. Ֆեյսբուքն օգտագործվում է քաղաքակիրթ, հասարակական կարեւոր կարծիքներ փոխանակելու համար: Այն նորություններ տարածելու լավագույն միջոցն է, եթեպատրաստվում եք հետազոտություն իրականացնել, ֆլեշ մոբ կամ թրեյնինգ կազմակերպել կամ պարզապես ասել, օրինակ, որ քաղաքական գործչի ասածն անհեթեթություն էր: Այսպիսովայդ ամենն ասելու լավագույն միջոցը ոչ թե մեդիան է, այլ Ֆեյսբուքը: Բոլորն այժմ օգտագործում են այն, եւ յուրաքնաչյուր մեդիա իր ներկայությունն ունի Ֆեյսբուքում: Նույնիսկ ինքս երբեմն բիզնեսիս համար ֆեյսբուքն ավելի շատ եմ օգտագործում, քան էլ. փոստս:

Ուսանողներիս հետ կապը հենց Ֆեյսբուքի միջոցով եմ պահպանում. բոլոր հաղորդակցությունները, անգամ իրենց հանձնարարված տնային առաջադրանքները նրանք տեղադրում են ուսանողների համար ստեղծված փակ էջում:

Զարգացած են նաեւ բլոգները. մենք ունենք առնվազն 2 մեծ պորտալ, որտեղ շատ-շատ բլոգներ են հավաքված՝ մեծ մասամբ վրացերենով: Ինձ դուր չի գալիս, որ մեր սոցիալական մեդիան դեռեւս բաց չի կարողանում խոսել հակամարտությունների, էթնիկական հարցերի մասին, օրինակ՝ Վրաստանում հայերի եւ ադրբեջանցիների կամ վրացիների եւ աբխազների փոխհարաբերությունների մասին: Ես չեմ տեսնում հանգիստ եւ լուրջ քննարկում աբխազավրացական խնդրի շուրջ, վրացական բլոգոսֆերայում հիմնականում հայհոյանքներ են: Ինձ դա դուր չի գալիս ոչ միայն որովհետեւ մենք՝ վրացիներս կողքից գեղեցիկ չենք դիտվում, այլ որովհետեւ դա ոչ մի օգուտ չի տալիս, միայն ավելի է բարդացնում իրավիճակը: Սա ոչ թե բանավիճելու կուլտուրայի պակաս է, այլ բանավիճելու ցանկության բացակայություն:

Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ մեդիայի ազատության մակարդակը բարձրացնելու համար:

Նախ եւ առաջ հարկավոր է բիզնեսի ազատականացում: Այսօր միայն փոքր բիզնեսն է ազատ, մնացածը մենաշնորհված է, այս դաշտը ազատ չէ: Եւ քանի դեռ բիսնեսը Վրաստանում ազատ չէ, մենք չենք ունենա ազատ մեդիա: Դրանք ուղղակիորեն փոխկապակցված են: Մեդիայի մասին օրենքը շատ լավն է: Թեեւ ոչ շատ, բայց պրոֆեսիոնալ, լավ լրագրողներ ունենք, ովքեր ցանկանում են ազատ լինել, ովքեր ատում են ճնշման տակ գտնվել: Մենք ունենք մարդիկ, ովքեր կարող են շատ լավ աշխատել լրատվական դաշտում, ունենք լավ կրթություն, լավ օրենքներ եւ բազմաթիվ իրավունքներ մեդիայի համար: Միայն փող չունենք: Անհնար է ազգային մասշտաբով պրոֆեսիոնալ մեդիա զարգացնել առանց իրական գումար ներդնելու եւ գումար վաստակելու: Որքա՞ն կարելի է ապավինել միջազգային հիմնադրամների կողմից տրամադրված գումարներին: Դա անհնար է:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *